Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / Քովիդ-քրոնիկոն

Կորոնավիրուսը կամ, ինչպես Պերճուհի Ավետյանն է ասում, թագաժահրը մեր ուղեղների և կենցաղի մեջ թափանցեց, երբ մենք, բանից անտեղյակ, համբերանքով սպասում էինք գարնան բացվելուն: Ուզում էր անպայման գարնան հետ մուտք գործել մեր երկիրը, որ լույսի պայծառանալու հետ իր «գեղեցկությունն» է՛լ ավելի երևա: Այնքան էլ գեղեցիկ է սրան դուրս բերել այս վիրուսագետ-ժահրագետ դիզայները` ոնց որ փոքրիկ ոզնու ամեն մի փշին մեկական նռան հատիկ հագցնի: Երևի, որ երեխաները չվախենան: Մեծ երեխաներս էլ չվախենանք: Գարնան առաջ գալու հետ` առաջ է գնում նաև տորնադո-կորոնան: Դեռ չի հաջողվում հասկանալ նրա բուն մտքինը, որ գուցե լեզու գտնենք իրար մեջ… Բայց դե, մի օր էլ արդեն սկսեցինք մտածել… ի վերջո մտածող արարածներ ենք: Առաջին բանը, որ անցավ իմ մտքով, իսկ հաջորդ օրը կարդացի Արմենուհի Դեմիրճյանի ֆեյսբուքյան էջում, սա էր. «Ի՜նչ հիանալի առիթ տրվեց մարդկությանը` մի պահ կանգ առնելու իր հևիհև վազքից»: Այս միտքը նույն ժամանակ սկսել էր շատերի մտքով անցնել: Դեռ չէր երևացել կորոնայի իսկական դեմքն ամբողջությամբ: Կարծում էինք` ըհը՛, Չինաստանի կեսը գնաց: Բայց Չինաստանը մնաց իր հաշվեկշռում, Իսպանիան առաջ անցավ, Իտալիան նրանից ետ չմնաց, ու գնա՜ց, գնաց կորոնան… Եկավ, հասավ Հայաստան: Չինաստանում աշխատող ազգականուհուս դեռ չէր հաջողվել ինքնաթիռ նստել, վերադառնալ իր տունը` ինքնամեկուսանալ: Հաջողվեց, 14 օրը անցավ, նրան հանդիպեցի երթուղայինում, գրկախառնվեցինք… դեռ կարելի էր գրկախառնվել: Ասաց, որ սպասում է` էս ամեն ինչն անցնի, որ էլի գնա Չինաստան, քանի որ պայմանագիրը ուժի մեջ է:
Ի՜նչ հիանալի առիթ` տանը նստելու, գիրք կարդալու, խելքդ ամենատարբեր տեղերից գլուխդ հավաքելու: Զավակներդ տանն են` թոռներիդ հետ, ապահով: Խեղճ երեխեքին չենք վազվզեցնում դպրոց, դպրոցից` սպորտի, սպորտից հոգնած-ջարդված` տուն, հետո էլ դասերը` էդ տանջված հալին… Զավակդ զանգում է դրսից. «Մա՛մ, ի՞նչ է պետք, բերեմ»: «Ամեն ինչ բերել ես, բալե՛ս, մի շիշ գարեջուր բեր»: «Գարեջո՞ւր, մի շի՞շ»: «Հա՛, մի շիշ, ես հո ալկագոլիկ չե՞մ»: Այդ օրը զարմանալիորեն ցերեկով քնել էի, երևի մռայլ եղանակի ու մռայլ կորոնավիրուսային կանխատեսումների պատճառով: Կխմեի մի բաժակ գարեջուր, կարծեմ` ինչ-որ ֆիլմում էի այդ օրը տեսել ախորժակով գարեջուր խմողներին, ու կքնեի հանգիստ խղճով:
Հետո զարգացան ահարկու լուրերը, հազարավորներ, արդեն մահեր… Պարետային իրավիճակի պատճառով սովի մատնված ընտանիքներ… Ի՞նչ անեմ, գարեջուրը ի՞նչ կանի, ո՞նց կհանգստացնի: Բա հարուստ չլինեի՞, գոնե իմ իմացած չքավորներին մի բանով օգնեի: Առավոտյան այս էի աղոթում ու մտածում, երբ զանգը տվին: Այդ ժամին ոչ մեկի չէի սպասում: Մի տղա էր, որ ավտոմեքենայից տոպրակներով ինչ-որ բաներ էր կրում դեպի մեր տուն: «Պատվեր եք տվել»: Սուսուփուս ներս քարշ տվեցի այդ ծանր տոպրակները, որոնց մեջ կուշտ կյանքով ապրելու համար ի՜նչ ասես կար… Արթնացրի տղայիս. «Գոնե կարո՞ղ էիր ինձ հետ խորհրդակցել, մինչև էսքան բան պատվիրելդ»: «Մա՛մ, ի՞նչ պատվեր, ոչ մի բան երեկ չեմ պատվիրել»: Կարո՞ղ է սխալ հասցեով են բերել. «Շո՛ւտ արա, զանգիր SAS, ասա՛, որ մենք ոչինչ չենք պատվիրել: Լավ է, դեռ ոչ մի բան չեմ տեղավորել սառնարանում»: Պարզեցինք, որ դպրոցական դասընկերս է Ամերիկայից էս բոլորը պատվիրել` մեզ կորոնայից մխիթարելու համար: Անմիջապես մասերի բաժանեցի` իմ իմացած չքավորների քանակով… Էլ ի՞նչ ես ուզում` ցանկություններդ մեկը մյուսի ետևից կատարվում են, հիմա նստի՛ր, գիրք կարդա: Հերի՛ք է գրես, մի քիչ էլ կարդա՛:
Ու հիշեցի, թե ինչպես է պետք կարդալ գիրքը: Շատ հին ժամանակներից եկած վերհուշ էր կարծես, երբ երեխա էի ու հարձակվում էի բոլոր գրքերի վրա, կուլ էի տալիս, ներծծում էի և ոչ թե կարդում: Անդրադարձա, թե որքան վա՜տ է աշխատում իմ և ամբողջ մարդկության ընթերցելու ապարատը: Հասկացա, որ ինչպես ես եմ կարդում ինձ դուր եկող գրողների գործերը, այդպես էլ իրենք` իմը: Ու վիրավորվեցի և՛ նրանց, և՛ իմ փոխարեն: Ախր, գրելիս հարյուր անգամ շտկում ես, բառն ես փոխում, ստորակետը, շեշտը, մտքերդ ես դասավորում, որ ոչ միայն քեզ, այլև ուրիշներին առնեն իրենց շրջապտույտի մեջ, բայց ժամանակի սրընթաց հոսքը չի սպասելու, մինչև դու, հասկանալուց բացի, նաև ըմբոշխնես կարդացածդ: Կա՛մ պիտի հասկանաս, կա՛մ ըմբոշխնես, կա՛մ էլ կիսատ-պռատ եզրակացնես` լավ է գրել իմ սիրելի էսինչը… Տես, է՞, էս ի՜նչ գյուտեր է արել, շնորհանդեսին խոսք ես ասելու` պարկեշտություն ունեցի՛ր` մի կարգին, մի հոգո՛վ կարդա, գիտես, թե ի՜նչ լավ մտածող է: Նաև քեզ նկատի ունենալով է գրել` որպես պոտենցիալ ընթերցողի…
Ու մի օր էլ սկսեցի ինքս ինձ համոզել, որ արդեն վարակվել ու ետևում եմ թողել կորոնավիրուսը: Նույնիսկ մտածեցի, որ ինձ հաջողվում է նրա հետ պահմտոցի խաղալ: Լսում եմ ամենատարբեր կարծիքներ, հաղորդումներ, դեղամիջոցներ են փնտրում… Երբ կոկորդս սկսել էր քերծվել, ինչպես լինում է գրիպի նախաշեմին, խմեցի իմ մշտական անտիբիոտիկը, մեղր կերա, կոճապղպեղ ու սխտոր ծամեցի, բամբակի վրա սպիրտ լցրի, խորը շնչեցի… Դե բայց, ինչպես մեր վարչապետն է ասում` չվախենալ, բայց զգուշանալ: Մաքրել դռների բռնակները և ամեն ինչ, ինչը որ հնարավոր է մաքրել ժավելով ու սպիրտով…
Մի օր էլ, երբ իրագործել էի օրվա բոլոր ծրագրերս, խորը շունչ քաշեցի ու ինքս ինձ հարցրի. «Էլի կա՞ մի բան, որ ուզում ես, ասա՛»: Դե, ասացի, իհարկե, էնքան բան կա, որ ուզում եմ` Արցախի հարցը, սահմանամերձ գյուղերը, մեր դատական համակարգի վիճակը, Ազգային ժողովի տուրուդմփոցը… կորոնավիրուսը, Իտալիան, Մեծ Բրիտանիան, դեռ լավ է, որ գոնե Չինաստանը հաղթահարեց պատուհասը: Դե, Սիրիայի, Արցախի չդադարող պատերազմը, ազգականուհիս, որ սայլակի վրա է… Հազիվ էի ազգականուհուս սայլակի անհարմարության մասին սրտաբաց պատմել Հրանուշիս` գյումրեցի, երբեք չընկճվող այս հերոսական ընկերոջս, նա ոչ միայն մի նոր սայլակ ճարեց, այլև հնար գտավ, ուղարկեց Երևան` մինչ ես մտմտում էի, թե ո՞նց ենք դա տեղափոխելու այս շրջափակվածության պայմաններում: «Գոնե այդ նորը քեզ պահեիր, քո՛նը ուղարկեիր»,- չիմանալով ոնց թաքցնել հույզերս` ասացի նրան: «Ո՞նց,- եղավ պատասխանը,- բայց չէ՞ որ դա ի՛նձ համար չեմ ճարել»:
Պարտեզումս նոր տեսակի թռչուններ են հայտնվում ամեն օր, ի՜նչ երգեր ասես` չեն երգում: Մի առավոտ կկու էր հայտնվել, սպասում եմ, թե ե՞րբ են սկյուռիկներ էլ հայտնվելու, տատրակներն արդեն մեզնից չեն հեռանում:
Լա՛վ, ասա՛, էլ ի՞նչ ես ուզում անձամբ քեզ համար:
Էլ ի՞նչ եմ ուզելու անձամբ ինձ համար: Ես հո «Ոսկե ձկնիկի» պառավը չե՞մ: Չէ՛, ինձ համար ոչինչ չեմ ուզում: Աշխարհի համար եմ ուզում միայն մի բան` ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ:
Իսկ ինձ ի՞նչ է եղել… Երբ հանկարծ կոկորդս սկսում է քերծվել, չեմ ալարում, վեր եմ կենում` գիշերվա որ ժամն էլ լինի, մեկ ճաշի գդալ օղի եմ կուլ տալիս, երբեմն մեկ թեյի գդալով էլ է անցնում, աղոթում եմ աշխարհի համար ու քնում…

One thought on “Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / Քովիդ-քրոնիկոն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։