ԲԱՆԱԿԸ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Այս թեման ցավոտ ու ծանր թեմա է, և, անկեղծ ասած, ձեռքս չէր գնում հազար անգամ իմ հոդվածներում անդրադարձած մեր ինքնապաշտպանության խարիսխը կրկին թափահարել…
Նախ ցավակցում եմ անժամանակ հեռացած տղաների ծնողներին, խորին ափսոսանք հայտնում տարվա առաջին ամսին, խաղաղ պայմաններում զոհված զինվորների լուսաբացները մարելու կապակցությամբ… Ինչո՞ւ, ինչպե՞ս… Հինգ զինվոր պակասեց, հինգ երիտասարդ անտեղի լքեցին ապրելու և պայքարելու առաջնագիծը: Ամեն հետևանք իր պատճառն ունի… Նշանակում է՝ բարձիթողի վիճակում է բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը: Նշանակում է՝ բարոյալքված է հասարակությունը, ընտանիքը, ամուր չէ դպրոցների մանկավարժական հոգատարությունն ու երկրի քաղաքացի նախապատրաստելու բարձր գիտակցությունը…
Մի հասարակություն, որի շաղախը կեղծիքն ու կողոպուտն է, որի հավատը ոտնատակ է արված, որի դաշտում վխտում են 360 հազար աղանդավորներ… Մի հասարակություն, որի փողոցների երևացող հատվածները լղոզված են թմրամադեղերի վաճառքի գովազդներով, հասարակություն, որի կազինոներն ու վիվառոները խաղարկությունների կեղծ պատրանքների տակ դատարկում են ընտանիքի տղամարդու գրպանները` նրան մղելով ընչազրկության, ամուսնալուծության, նույնիսկ հասցնելով ինքնասպանության, մի հասարակություն, ուր արժեզրկվել է Հայրենիքի՝ բարձրագույն արժեք լինելու հանգամանքը, երկիրը վերածվել է լոկ ապրելու տարածքի և հողազավթումների միջոցի, ոչ թե ազգային կենսատարածքի… Ահա այս և բազում հոգեբանական ազդեցություններով «սնված» հայորդին և՛ թմրադեղերը իր հետ զորամաս կտանի, և՛ արատավոր բարքերը: Տարիներ առաջ, երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պարկեշտ ընկերոջը դաժանորեն սպանեցին ծառայակիցները, ես բաց նամակով հանդես եկա «Գրական թերթում», այո՛, դաժան քննադատությամբ. որոշ ժամանակ դադարեցին «դեմբելական» տգիտությունն ու սադիզմը, և ինձ թվաց, որ էլ երբեք չի կրկնվելու, ավաղ, հետո քանի՜ նման դեպքեր եղան, և այն զարհուրելի ավարտին հասցվեց մեկ տարի առաջ Ազատ գյուղում 14 զինվորների ողջակիզման սահմռկեցուցիչ իրողությամբ, որը մինչև օրս չի բացահայտվում: Մի՞թե սա էլ էր հասարակ «ուչաստկովի»-ի գործ: Որտե՞ղ որոնել հասարակության բարոյականությունը, ահա և ձեզ օրենք ու իրավագիտություն` այս բարոյալքված հասարակության զավակը, եթե պարկեշտ ընտանիքի զավակ չէ, ի՞նչ բարքեր է տանելու իր հետ, ինչպե՞ս է հայրենիք պաշտպանելու, նա գիտե՞ արդյոք՝ ինչ ասել է ՀԱՅՐԵՆԻՔ… Չզլանանք ասել, որ գնում է Հայրենիք պաշտպանելու նաև կիսագրագետ հրամանատարի ենթակայության ներքո, որը ոչ մի բառ չի կարդացել Բաղրամյանի, Արկադի Տեր Թադևոսյանի, Դալիբալթայանի, Մոնթեի, Վազգենի, Ազգալդյանի ու մյուսների մարդկային որակների ու ռազմական հմտությունների մասին: Մի ժամանակ, թեկուզ ձևի համար, ստեղծվել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը կից Հանրային խորհուրդ, որի անդամները հաճախ այցելում էին զորամասեր, ի դեպ, մի քանի անգամ ես էլ եմ մասնակցել, և գրեթե ստուգողական ու խորհրդատվական այդ աշխատանքները բավականին սթափ էին պահում թե՛ զինվորին, թե՛ հրամանատարին: Մենք շատ բան տանուլ տվեցինք, այսօր կանգնած ենք անկանխատեսելի փորձությունների առաջ, և մեզնից յուրաքանչյուրը պետք է սթափ գիտակցի, որ սերնդի հանդեպ հոգատարությունն ու ճիշտ դաստիարակությունը մեր ապահով ազգային անվտանգությունն է, մեր վաղվա օրը: Մոռանալով՝ ոչինչ ձեռք չենք բերի, կորցնելով` կդատարկվենք, կկորցնենք մեր միակ հույսը` Հայոց պետականությունը: Սա մեր հայրենիքն է, և ո՛չ ռուսը, ո՛չ թուրքն ու օղուզը, ո՛չ ամերիկացին մեր երկիրը չեն կարող պահել, երկրի ու պետության տերը մենք ենք, իսկ վաղն այն սերունդը պետք է երկիր պահի, որն իր դպրոցից, բուհից, հրամանատարից սովորել է Հայրենիքի պաշտպանության զարկերակին պահել իր զորեղ ու անդավաճան ձեռքը: Այստեղ է, որ պետք է դիմել նաև հայոց մայրերին` որտե՞ղ եք թերացել, հայո՛ց մայրեր, ինչո՞ւ են սնկի նման աճում արատավոր բարքերը: Երիցս ճիշտ էր Գարեգին Նժդեհը, երբ պատգամում էր. «Մայրերի ափերի մեջ պետք է որոնել ազգերի ճակատագիրը»: Խոնարհվելով առյուծածին մայրերի առաջ՝ կոչ եմ անում աչալուրջ լինել ձեր ուստրերի ու դուստրերի դաստիարակության նկատմամբ, որպեսզի ձեր թանկ մայրական աչքերից արցունքներ չհոսեն: Առողջ է հասարակությունը՝ առողջ է բանակը: Շտկենք մեզ՝ մեր ներսը մաքրելով ու կարգավորելով, մենք շատ անելիքներ ունենք, հատկապես՝ ձեռքերը լվացած մտավորականությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։