Աշխարհի թատերաբեմին ժողովուրդների ու երկրների երազելի, սրբազան և դժվար, պատասխանատու ընտրության գոյավիճակը անկախությունն է։
Երբ անկախացավ մեր Հայաստանի Հանրապետությունը, ոմանց թվաց, թե դա բացարձակ, ամենքից և ամեն ինչից ձերբազատված երկիր է լինելու։ Արցախյան պատերազմ, սոցիալական ու տնտեսական ծանր իրողություն, հաղթանակներ, պարտություններ, դիվանագիտական վերուվարումներ, բարեկամի ու թշնամու միջև գլխապտույտ արագությամբ անօդաչու սարքերի դասընթացներ… Եվ նորից կրկնվող բանաձև՝ չկան հավերժական բարեկամներ և թշնամիներ, այլ նրանց ու քո շահերի բախում և համընկնում։ Մեր հանդեպ դա ենք փաստում։
Առաջին հերթին՝ անվտանգային զրահ, խոհեմ դիվանագիտություն, պատմական փորձի քննության նորագույն, ամեն օր հոլովվող իրականության համատեքստում։ Եվ տեսանք նաև՝ մեծ, հզոր երկրներն էլ բացարձակ անկախ չեն, իրենց շրջապատում են երկրներ – զրահներով, և ամեն ոչ հզոր երկիր փնտրում է ռազմաքաղաքական ամուր գոտիներ, միավորումներ։
Տեսանք նաև, որ ամեն քաղաքացի և ազգակից, ուր էլ որ լինի, իր աղյուսն է դնելու իր հայրենիքի ամրոցի պատին։ Մեր երկրի անկախությունը նաև Սփյուռքի պատվարն է, Արցախի թիկունքն է, մեր բոլորիս ուժեղ և կարևոր անհատ զգալու էներգիա մատուցող միջուկային կայանն է։
Մեր դեռ երիտասարդ անկախությունը բոլորիս հոգածության նպատակ-զավակն է. մեր անհաղթահարելի սերը, կամքը, հավատը, սխալները ճանաչելու և ուղղելու վճռականությունը կգտնեն ճշմարիտ ուղին։
Մենք այդ ուժը ժառանգել ենք պատմությունից, տեր լինենք ներկային ու ապագային։