ՀԳՄ վարչությունը  շնորհավորում է  գրականագետ ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է  շնորհավորանքին

***

Հրաշալի զգացողություն է, երբ պատրաստ ես վաղեմի ընկերոջդ հոբելյանին քո սրտի խոսքն ասելու, հատկապես, երբ գիտես, որ այն լինելու է ճշմարիտ, սեթևեթանքից հեռու, անաչառ: Սուրենի հետ իմ ծանոթությունն սկսվել է 21-րդ դարասկզբից: Թեև բնույթով հեռու եմ միանգամից անկաշկանդ հաղորդակցվելու ունակությունից, բայց սա այդ դեպքերից չէր: Միանգամից վստահություն ներշնչող նրա կերպարը գնահատելով՝ չէի սխալվել: Ժամանակի ընթացքում պետք է հասկանայի, որ նա լրջագույն գիտնական է: Նաև հիանալի կազմակերպիչ, սիրված դասախոս, հետաքրքիր զրուցակից (իհարկե, «հետաքրքիրն» այն խոսքը չէ), որի հետ հանդիպումից հետո անկարելի է, որ մի նոր բան իմացած չլինես գրականության, աշխարհի ստեղծագործող հայերի, պարզապես մարդու մասին:

Սփյուռքահայ գրականության գնահատման, դասակարգման, արժևորման ասպարեզում Սուրեն Դանիելյանի գործունեությունն անգնահատելի է: Որպեսզի կարելի լիներ «Մայր գրականության» «միջուկը տրոհել», հարկ էր խորքերից իմանալ «միջուկը»: Սուրեն Դանիելյանն իր բանասիրական ուսումնասիրությունների հիմքում դնում է մեր գրականության արևելահայ և արևմտահայ, հայաստանյան և սփյուռքյան հատվածների ամբողջություն լինելու հատկանիշը: Կարևորում է շարունակականությունը, ինչպես հայ գրականության վաղնջական պատմության, այնպես էլ համեմատաբար նոր ժամանակներում, նաև նորագույն ժամանակներում կրած փոփոխությունների, զարգացման առանձնահատկությունների առումով: «Իսկապէս հակասութիւնն ակնբախ է. ստեղծուել է գեղեցիկ, հզօր, համաշխարհային բարձր խօսքին համարժէք գրական աշխարհ, բայց եւ միեւնոյն ժամանակ՝ տիրական է թւում զարգացման անհեռանկարայնութիւնը, կորստեան առարկայաշունչ տագնապը»: Խորտակված և լեգենդացած Տիտանի՞կ է սփյուռքահայ գրականությունը, թե՞ նոր թռիչքների է պատրաստվում:

Տագնապի այս ազդանշանը հնչեցնելով՝ Ս. Դանիելյանը շեշտը դարձյալ դնում է շարունակականության վրա: Իսկ «Մայր միջուկը» տրոհելով՝ չի վախենում պայթյունից («Միջուկի տրոհումը», Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, Ա հատոր, 2011 թ.): Ուզում է դասակարգված տեսնել մեր ազգային գրականության արևելահայ և արևմտահայ հատվածները՝ ըստ բովանդակային ընդգրկումների, միտումների, նպատակների: Մի բան, որով հարյուրամյակներ շարունակ բարեխղճորեն զբաղվել է մեր բանասիրությունը, բայց և միշտ էլ անչափ կարևոր են վերարժևորումները, մի բան, որ Ս. Դանիելյանն անում է ինչպես իր ծավալուն աշխատություններում, այնպես էլ այս կամ այն սփյուռքահայ գրողին, այս կամ այն գործը քննելու ընթացքում: Խոսելով Հ. Օշականի «Մաթիկ Մելիքխանեան» վեպի մասին՝ գրում է. «Նա (Օշականը) ուրախ է, որ մրցակցութեան առողջ հովեր կան երկու աշխարհներում, աշխատում է բնական խնդալից վերաբերմունքից ձերբազատուել, երբ իբրեւ գիտնական է չափ կարգում իր մօտեցումներին («Զուգակշիռ արեւելահայ եւ արեւմտահայ գրականութեանց», «Արեւելահայ բանասիրութիւնը եւ Էջմիածին: Գարեգին Կաթողիկոս Յովսէփեան»), թէեւ վերջինս կոչում է փորձագրութիւն, եւ ընդհակառակը, զգացումներին, նախասիրութիւններին ազատ յորձանք է տալիս, երբ դիմում է նրանց գեղարուեստական նախահիմքերին («Մաթիկ Մելիքխանեան»)»:

Դեռևս անցյալ դարի վերջերից Ս. Դանիելյանը, ձեռնամուխ լինելով սփյուռքահայ գրականության զարգացումներին հետևելու գործին, հանդես է եկել որպես նորարար: Վերլուծել ու վեր է հանել խնդիրներ, որոնք կա՛մ տաբու են եղել, կա՛մ անտեսվել են:

Այսպես, նա ազնվորեն ու անկաշկանդ համեմատական քննության է առնում Թումանյանին ու Դուրյանին, մատնանշում Թումանյանի՝ որոշ առումով կողմնակալությունը՝ հօգուտ արևելահայ բանաստեղծության: Կարևորում է հանճարեղ պատանու դերը՝ արևմտահայ նոր գրականության մեջ հիմնարար, ժամանակագրորեն առաջինը նոր գրականության պատմության ուղեծրում: Բոլորովին նոր մոտեցում է ցուցաբերում Դուրյանի նշանավոր գործերին՝ դրանց սաղմերը տնտղելով նրա ոչ այնքան ուժեղ, նույնիսկ թույլ քերթվածներում:

Անդրադառնալով Վարուժանի և նրա հետևորդների հեթանոսականության և հեթանոսամետության առաջացման պատճառներին՝ Ս. Դանիելյանը եզրահանգում է. «Հայ նոր գրականութեան հանգոյցներում հեթանոսական դարաշրջանի հերոսական յատկանիշների արտացոլումը ձեռք է բերում պայքարի, ուժի, ազատութեան եւ գեղեցիկի պաշտամունքի խորհրդանիշ»: «Բնական ընկալումներով ազատ, ինքնիշխան, «հեթանոս» լինելու տենչը բխում է նոր ժամանակի անկեանք, թշուառ էութիւնից» («Արեւմտահայ գրականութիւն. Տիտանի՞կ, թէ՞ շարունակականութիւն», 2014 թ.): Այս թեման Ս. Դանիելյանին զբաղեցրել է շատ վաղուց, դեռ անցյալ դարի 80-ականներից:

Ուշադիր ընթերցողի և հատկապես բանասիրությամբ լրջորեն զբաղվող ուսանողի համար Ս. Դանիելյանի աշխատությունները կարող են ուսումնական ձեռնարկի դեր կատարել: Այս միտումը կա նրա բոլոր ծավալուն աշխատանքներում:

Ս. Դանիելյանը այն գրականագետն է, որ խորությամբ ուսումնասիրած լինելով նախորդներին, ժամանակին նկատած լինելով նրանց առավելություններն ու բացերը, հատկապես իր վերջին աշխատություններում հավասարակշիռ ու ծանրակշիռ իր մոտեցումների մեջ ազատ է ու անկաշկանդ: Դրսևորում է ինքնատիպ լայնախոհություն: Իսկ սա արդեն ժամանակի հետ քայլող 20-րդ և 21-րդ դարեցու ամենաարժեքավոր հատկանիշն է, որ թույլ է տալիս գրական, գրականագիտական մութ մնացած կամ կեղծված երևույթները նոր լույսի տակ դիտարկել: Եվ այս հարցում 21-րդ դարը նրան տվել է անաչառ լինելու հատկանիշը, իսկ նախորդը՝ 20-րդը, դրա իրավունքը: Այս առումով նա իր ազնիվ մղումների ու դիտարկումների տարերքի մեջ է:

Արևելահայ և արևմտահայ գրականությունների միջև այս կամ այն ժամանակահատվածում խրված սեպերը վերացնելու միտումով՝ հետաքրքիր են մեսրոպյան ուղղագրությունը կիրառական դարձնելու նրա փորձերը:

Սփյուռքի գրական հասարակությունը շատ բարձր է գնահատում Ս. Դանիելյանի անխոնջ գործունեությունը: Մեր տարբեր գաղթօջախներից վերապատրաստման եկած ուսուցիչները երանությամբ են հիշում այն ժամանակները, երբ նախարարության նախաձեռնությամբ ամեն տարի այցելում էին մայր Հայրենիք, և ամրապնդվում էին կապերը: Ցավոք, այս հույժ կարևոր երևույթը վերացել կամ ննջում է վերջին տասնամյակներում:

Շնորհավորում եմ ծնունդդ, սիրելի՛ հոբելյար, մաղթում եմ քեզ նորանոր բարձունքներ և ուրախ կյանք մեր ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ:

Ալիս  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

ՀԱՄԱՌՕՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ, ԿԱՄ ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Բարեբախտութիւն։ Թերեւս այսպէս կը բնութագրեն իրենց հանդիպումը Սուրէն Դանիէլեանի հետ շատերը, յատկապէս երիտասարդները, որոնց ճանապարհին, թէկուզ եւ շատ կարճ ժամանակի համար ուղեկից է եղել նա՝ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի (1974-ից առ այսօր) եւ Ս. Էջմիածնի Գէորգեան ճեմարանի (1993-2001) դասախօսը։

Հիմա արդէն հեռաւոր 2004 թուականն էր, երբ Սուրէն Դանիէլեանի ուսանողը դարձայ։ Առարկան՝ «Սփիւռքահայ գրականութիւնե, ուսանողի համար անճանաչ ու դեռեւս աննուաճ աշխարհ։ Իսկ այդ նորին ու անճանաչին տանող ճանապարհը հեշտ չէր։ Հիմա ասում եմ շնորհակալութիւն ուսանողական կեանքիս մէջ առաջին «անբաւարարե գնահատականի համար։ Ես ու ինձ նման շատերը պիտի որ հասկանան, թէ իրականում ինչ յուշումներ ու ուղղորդումներ ունէին Դանիէլեանի անբաւարարները։ Կարճ ասած՝ գրականութիւնն ըստ էութեան սովորելու ճանապարհին էինք։ Յետոյ Դանիէլեանի հետ մեծ ու փոքր քննարկումները պիտի դառնային գրականութիւն կոչուող երեւոյթը չափակշռելու սկզբունքներ. ի հա՛րկէ, գրականութիւնն ընկալելու շատ կերպեր կան, բայց նրանք, ովքեր սովորել են Դանիէլեանից, գիտեն նրա հետ ընթերցելու հաճոյքը։ Եւ ամենակարեւորը՝ նա սովորեցնում է, հետագիծ թողնում՝ առանց, սակայն, «շահառուիե ինքնութիւնը վնասելու։

Թերեւս անխուսափ ու կենսական ճշմարտութիւն է սերունդների բախումը։ Բայց այդ բախումը առանձնապէս զգալի չէ Դանիէլեանի հետ յարաբերութիւններում. նրա երկխօսութիւնը երիտասարդների հետ միշտ շահեկան է, վկայ՝ նրա ղեկավարութեամբ թեկնածուական աշխատանքներ պաշտպանած տասնեակ մասնագէտները։ Պահանջկոտ է իր ու շրջապատի նկատմամբ, ինչը անկարեւոր չէ ղեկավարի աշխատանքում։

Հայրենասիրութիւնից շատ չի խօսում։ Փոխարէնը տասնեակ տարիներ նուիրումով փորձում է պաշտպան կանգնել արեւմտահայ դասական ու Սփիւռքի գրամշակութային արժէքներին՝ սաների մէջ տեւականօրէն ջամբելով այդ արժէքների գիտակցութիւնը, եւ սա լուռ, առանց աւելորդ ծնծղաների։ Հենց այդ հանգամանքն է կարեւորում Սփիւռքի մտաւորականութիւնը նրան գնահատելիս։ Այդ մասին վկայում են նրա մենագրութիւնները՝ «Հեթանոսական» գրական շարժման պատմութիւնից» (Եր., 1988), «Ամերիկահայ վիպագիրներ» (Եր., 1990), «Սփիւռքահայ վէպը. ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը» (Անթիլիաս, 1992), «Ներաշխարհի գեղարուեստական քննութիւն. Ռոպէր Հատտէճեան» (Իսթանպուլ, 1996), «Բանաստեղծութեան ազատագրումը. Զարեհ Խրախունի» (Ս. Էջմիածին, 1999), «Միջուկի տրոհումը. սփիւռքահայ գրականութեան պատմութիւն», Ներածութիւն, Գիրք Ա. (Եր., 2011), «Արեւմտահայ գրականութիւն. Տիտանի՞կ, թէ՞ շարունակականութիւն» (Եր., 2014), «Սփիւռքահայ գրականութեան նուաճումները եւ զարգացման միտումները (1920-1960-ական թթ.)» (Եր., 2015):

Խիստ է ու արդար։ Ու այդ խստութիւնն ու արդարամտութիւնն է, որ հայ գրականութեան վաղուայ մասնագէտի, առ հասարակ բանասէր մանկավարժի համար պատասխանատուութեան չափանիշ պիտի լինի: Երբեմն ըմբոստ է թւում, ինչը, սակայն, արդարամտութեան նրա ըմբռնումի արտայայտութիւնն է եւ ապացոյցն այն բանի, որ հեռու է պատեհապաշտութիւնից։

Այսօր էլ Սուրէն Դանիէլեանը գրասեղանի առջեւ է. օրերս լոյս կը տեսնի «իրաւ» գրողին՝ Յակոբ Օշականին նուիրուած աւելի քան 600 էջի վրայ ծաւալուող մենագրութիւնը։ Սպասման մէջ ուրիշ յանձնառութիւններ են։

Սուրէն Դանիէլեանը 75 տարեկան է եւ ներկայանում է 50 տարիների գիտական ու մանկավարժական ծանրակշիռ վաստակով, իսկ այդ վաստակի ճանապարհը հեշտերից չի եղել եւ արժանի է խորին յարգանքի։

Այսօր էլ նա անհանգիստ մարդու ու մտաւորականի, աշխատասիրութեան օրինակ է։ Մնում է, որ նորերս գիտակցենք այդ օրինակի կարեւորութիւնը։

Շնորհաւոր յոբելեա՛նդ, սիրելի՛ ՈՒՍՈՒՑԻՉ:

Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

«ՉԱՐԻ ԾԱՂԻԿՆԵՐԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ

 

Սուրեն ԴԱՆԻԷԼԵԱՆ

Եւրոպական նոր բանաստեղծութեան ակունքներում կանգնած 19-րդ դարակէսի հսկաներից Շառլ Բոդլէրի եւ հայ գրական ընթացքների միջեւ ընդհանրութիւնները մէկից աւելին են եւ հետաքրքրութիւնների շահագրգիռ աշխարհ են բերում Տէրեանից մինչեւ Օշական, Թէքէեանից մինչեւ Չօպանեան եւ շատ ուրիշներ: Սա, ըստ էութեան, «Չարի ծաղիկներ»ից մինչեւ «Գողգոթայի…» եւ «Մահուան ծաղիկներ» ընկած ճանապարհն է, որ անցել է հայ բանաստեղծութիւնը՝ աւանդոյթից արդիականութիւն ուղեգծով: Ֆրանսիացի աշխարհահռչակ բանաստեղծը, արձակ քերթուածների, սոնէտների, սփլինների ժանրային կառոյցի հմուտ վարպետը «Չարի ծաղիկներ»ը լոյս տեսցրեց միայն 1857-ին։ Բանաստեղծի գիւտով՝ թէեւ «չար», բայց Վ. Տէրեանի բնութագրումով՝ «հիւանդագին ծաղիկների» ժողովածուն ձօնուած էր Թէոֆիլ Գօթիէին՝ Շ. Բոդլէրի գնահատումով՝ «ֆրանսիական գրականութեան անզուգական հրաշագործին»։ Աւելացնենք «թէեւների» շարքը, երբ սկիզբը անամպ էր թւում. Բոդլէրի երախայրիքը թէեւ ջերմ յանձնարարականով պաշտպանել էր Վիկտոր Հիւգօն, այն սպասուած դերը չէր խաղացել. աւելին՝ երգչի «հրաշափառ» մուտքի դիմաց ժողովածուն ունեցաւ «չարագուշակ» ստեղծագործական պատմութիւն։

Բանն այն է, որ նոր-նոր հրատարակուած քերթողագիրքը առաջին իսկ տարին դատափետուել եւ արգելանքի տակ էր դրուել։ Հաւաքել էին լոյս տեսած հնարաւոր բոլոր օրինակները, եւ հեղինակն ու հրատարակիչներն ընկել էին անվերջանալի տուգանքների տակ։ Անակնկալը դրանով չէր սպառուել. չորս տարի անց, 1861-ին, քառասնամեայ բանաստեղծը յանդգնեց երկրորդ անգամ վերահրատարակել այն՝ նոյն խորագրով, յաւելումներով եւ ճարահատեալ կրճատումներով։ Դա էլ չփոխեց, սակայն, իրերի վիճակը։ Բոդլէր բանաստեղծը մնաց պաշտօնական մամլիչի տակ, շարունակեցին դիտել նրան «անբարոյ», ընկալել իբրեւ ընդոստ տիպար։

Շ. Բոդլէրի հայամուտի դարպասները երկփեղկ էին, այսինքն՝ խորքի մէջ ունէին նաեւ արեւմտահայերէնի շնորհիւ բացուած գողտրիկ դռներ։ Այստեղ արեւելահայ եւ արեւմտահայ թարգմանական մրցակցութիւնը շատ աւելի սրուած էր։

Շ. Բոդլէրի արուեստի յատկանիշների առաջին արձագանգները ժամանակին տուել է Թէօֆիլ Գօթիէն՝ բանաստեղծին նուիրուած նշանաւոր առաջաբանում, որից իր տպաւորութիւնները Արտաշէս Յարութիւնեանը ամբողջացնել փորձել էր 1899-ին Եղիա Տէմիրճիպաշեանի մասին գիրթ ոճով գրուած դիմաստուերում՝ որպէս «Արուեստի համար» գաղափարի հանգանակ[1]։ Այդպիսին նա ճանաչել էր Ե. Տէմիրճիպաշեանին «ամչըցող ես-ի մէջ» եւ 1902-ին, խօսքը գրեթէ աննշան խմբագրումով կրկնել իզմիրեան «Արեւելեան մամուլ»ում։ Հարկ է որպէս իմաստային նոր վերաբերմունքի արտայայտութիւն դիտել Արտ. Յարութիւնեանի՝ Շ. Բոդլէրի նշանաւոր գրքի խորագրի թարգմանական ընկալումը՝ «Ցաւի ծաղիկներ», ինչը մօտեցնում է վարուժանեան գութի արժէքին, համապրումին։ Բոդլէրեան հայկական շքեղ մուտքը ապահովեց Վահան Թէքէեանը, որի առայսօր չգերազանցուած թարգմանութիւնները տեղ գտան նրա մահից հինգ տարի յետոյ լոյս տեսած ժողովածուում։ Ուշագրաւ է, որ Հենրիկ Բախչինեանը, դասդասելով բոդլէրեան արեւմտահայ եւ արեւելահայ թարգմանութիւնները, համադրելով եւ հայ ընթերցողին գեղարուեստական ընկալման նոր կողմնորոշումի բերելով, յիշելով Արշակ Չօպանեանին, ապա Ալփասլանին, Արտաշէս Յարութիւնեանին, Ալեքսանդր Ծատուրեանին[2], իրատեսօրէն նկատել է Վ. Թէքէեանի անվիճելի դերակատարութիւնը՝ յայտարարելով նրա բարձր նշաձողը. «Բոդլէրը գտաւ իր ամենամեծ թարգմանչին՝ ի դէմս Վ. Թէքէեանի։ Վերջինս «Չարի ծաղիկներ»ից կատարել է մի քանի տասնեակ թարգմանութիւններ, որոնք ժողովուած եւ հրատարակուած են նրա «Ամբողջական երկեր»ի V հատորում (Կահիրէ, 1950)»[3]։ Չմոռանանք նաեւ բանաստեղծական այն երկխօսութիւնը, որ վարել է Վ. Թէքէեանը Շ. Բոդլէրի առիթով («Տաղ առ Պոտլէռ»):

Այժմ Շ. Բոդլէրից անցած ստեղծագործական մի քանի դիմորոշ հարցադրումներ, որոնք կարեւորւում են հայկական ընկալումներում։ Փորձենք, նախ, բնութագրել, թէ ով էր նրա փոքրիկ արձակ պօէմների շարքը բացող «Օտարականը» ենթախորագրի քնարական հաւաքական հերոսը։ Որքան էլ տարօրինակ է՝ հայերիս այնքան հոգեհարազատ, կեանքի ճամբաբաժիններում ազգային հէքեաթներից մեզ ծիկրակած իմաստուն «անցուոր ախպէրը», նա, որը, լքուած էր մարդկանցից, միայնակ, չգիտէր՝ «հայրենիքն ինչ է»։ Նա, որ պատրաստ էր պաշտելու գեղեցիկը, եթէ «աստուածային եւ անմահ լինէր»[4]։ «Տարօրինակ օտարականը» սիրում էր միայն «ամպերը», այսինքն՝ եթերայինը կամ աննիւթը։ Նա աւելի շուտ եւրոպական ճամբէքը մաշած ռուբէնսեւակեան տրուբադուրն էր, եւ նրան միայն Փարիզ-Բրիւսէլ ճանապարհներին փնտռելն անիմաստ կը լինէր։ Մահուան առեղծուածի գեղագիտական նշանակութիւնը շահագրգռել եւ միաւորել է իրարից տարածութեամբ եւ ժամանակով հեռու ֆրանսիացի եւ արեւմտահայ հեղինակներին։ «Արուեստագէտների մահը» հնչեակը Շ. Բոդլէրի՝ 19-րդ դարի հարցադրումի առաջին խորհրդանշաններից էր։ Ծրագրային քերթուածում աւելի սրուել է արուեստագէտների հոգեբանական կամկար, անզօր տրուածութիւնը ժամանակի թելադրանքին, ինչի հետեւանքով նրանք այլեւս արդարամտութեան դրօշակիր ըմբոստները չեն, քանի որ յանձնել են հոգիները դարի «զաւակների «հնարամիտ դաւերին»՝

…Մինչեւ որ գայ, յայտնուի այն մեծ Կերտուածքը, որին//Տեսնելու իղձը ահեղ ոռնոցով է լցնում մեզ[5]։

Ի՞նչ էր լինելու յետոյ. երբեմնի «կերտողները», այժմ «անիծուած», «անարգանքից հեծեծելով», «ընթանալով գլխիկոր՝ կուրծք ու ճակատ ծեծելով»[6], շարժւում են մթին յոյսով, թէ Մահը փրկութեան լոյս է բերելու Իւպիտերին սնած Կապիտոլի տաճարին, որը արեւի իր լոյսերն էր յեղում յաւերժական քաղաքում։ Ի դէպ, իր նախնական գրչափորձերում բոդլէրեան ծաղիկների լաւագոյն մեկնիչներից Դանիէլ Վարուժանը Ալիշանի յիշատակին գրում է «Բանաստեղծին մահը» քերթուածը, ուր վաստակի բեռից խոնջացած քերթողը, անհաշտ մահուան գաղափարին,

Դեռ կը տենչա՜յ, բարձին տակէն կը հանէ//Գիրք մը, եւ այն կիյնա՜յ ձեռքէն…//Ձիւն գըլուխը ա՜լ ձիւն բարձին կը դընէ,//Կը հաւատայ եւ կը յուսա՜յ, կը մեռնի՜…[7]։

Շ. Բոդլէրի «Մահեր» ենթաշարքի երկրորդ բանաստեղծութիւնը, մեր կարծիքով, դիպուկ է խորագրել Ա. Չօպանեանը՝ «Խեղճերուն մահը», քան թարգմանական քննական բնագրի մէջ է՝ «Աղքատների մահը»։ Բառիմաստային ենթակայական ընկալումի մասին է խօսքը, ուր «խեղճ» բառը հոգեւին, հոգեբանական տարողութիւն ունի աւելի, քան ընկերային խորքային «ծանրութիւն» պահպանած «աղքատները»։ Ընդ որում՝ հայ թարգմանիչը քաջ գիտի «աղքատի» գործառական տարընթերցումները, երբ մահը շտկում է «մահիճն աղքատ ու մերկ մարդոց» եւ դառնում «քսակն աղքատին»[8]։ Մինչդեռ բանաստեղծը թանձրացնում է մահուան ստուերը, զօրացնում նրա ազդեցութեան շրջանակը, հասցնում մեզ առաւել ընտանի տէրեանական տրտմագին հոգեվիճակի՝ Բոդլէրից եկող մելամաղձին, դէպի սփլինների ենթաժանրային կարգ, եւ աւելի վեր՝ դէպի եղերերգ, մինչեւ մահերգ, մինչեւ ռէքվիէմ.

Մա՜հն է, որ կը սփոփէ, աւա՛ղ, ու կ’ապրեցնէ.//Նըպատա՜կն է կեանքին, ու միակ յոյսն է որ//Մեզ իքսիրի մը պէս կը ցնցէ, կարբեցնէ,//Ու մինչեւ իրիկուն քալելու սիրտ կու տայ։//Փոթորիկին, ձիւնին ու եղեամին մէջէն՝//Լո՜յսն է որ կը շողայ հորիզոնին վրայ սեւ,//Ուղեգրքին յիշած պանդո՜կն է անուանի…//Ուր պիտի կշտանանք ու հանգչինք ու քնանանք։//Հրեշտա՜կ մըն է որ մատներուն մէջ մագնիս՝//Ունի քունն ու շընորհն անճառ երազներուն…[9]։

Ճիշդ եւ ճիշդ Յովհ. Թումանեանի պէս, որ 1920-ի Նոյեմբերին յայտարարում էր՝

Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,//Երբ, ա՜խ, արդէն անբոյժ զարկուած, դէպի մահն եմ ես հակւում[10]։

Դ. Վարուժանի աղերսները Շ. Բոդլէրի հետ ձգւում են անցեալ դարի 900-ական թթ. սկզբից մինչեւ «Գողգոթայի ծաղիկներ» շարք։ Եւ դա տեսական ամբողջական ըմբռնում է, որը կարելի է դիտարկել բանաստեղծի համար իբրեւ գութի ելք, եթէ կ’ուզէք՝ կենտրոնական մայրուղի, որի ճանապարհին «…Սիրոյ զգացման պոռթկումէ մը զոյգ մը սեւ արտօսր կիյնան աչքէս եւ մէջս, գութը նախ գրասեղանին առջեւ իր թռիչը կառնու»[11]։ Այս տողերը գրուել են հեռաւոր 1902-ին։ «Ծաղիկների…» բնութագրումի նոր սահմանումը հայ բանաստեղծը տալիս է իբրեւ գեղագիտական հայեացք։ «Չարի» դիմաց այլեւս բովանդակ «գութն» է, մեր ժողովրդի բարոյական բարձր ցուցիչը, որը դառնում է կենտրոնական ծրագիր նրա ողջ ստեղծագործական գործունէութեան մէջ։

«Ծաղիկներ…»ի շուրջ գրական-թեմատիկ հետաքրքրութիւնը հետապնդում էր Դ. Վարուժանին նաեւ Գենտի համալսարանական շրջանում։ Ուշագրաւ է, որ Մուրատ-Ռափայէլեան վարժարանի դասընկերոջը՝ Դ. Ճիզմէճեանին 1906-ի Փետրուարի 6-ի նամակում նշում է, որ իր խնդրած գրքերի ցանկում առաջին փնտռածը Պոտլէր եւ Հիւկօ էր, հեղինակներ, որոնց գործերը վաղուց գրադարաններում մերժում էին.
«…ու ինծի գրադարաններու փոշին ցոյց կու տան. կը ցաւիմ եւ կամչնամ քեզմէ խնդրել»[12]։ Մէկ տարի անց, սակայն, Ռ. Պազարճեանին Գենտից յղուած նամակում (22 Մայիս, 1907) յայտնում էր, որ 1906-1907-ի ձմեռը («ամբողջ ձմեռը») իւրացրել է այլեւս Շ. Բոդլէրի գրականութիւնը[13], ասել է թէ՝ «Ծաղիկներ…»ի փիլիսոփայութիւնը։ Աւելին՝ Ա. Չօպանեանին գրում է, թէ Շ. Բոդլէրը իրեն իբրեւ բանաստեղծ այլեւս շահագրգռում է նիւթի յախուռն ընդգրկումով. դեռ
1907-ի Նոյեմբերի 22-ի թուակիր նամակում նորէն Գենտից շարադրում է գրական իր խորը մենութեան, անգամ հայերից մեկուսի կեանքի «լռիկ-մնջիկ» վիճակները, որոնք յղացումի ներքին տեւական ժամանակ են խլում իրենից՝ «հայերէ ու կրնամ ըսել մարդերէ ալ հեռու-հեռու». «Կեանքին մէջ կը կրեմ, անկէ կը ձանձրանամ. ո՛չ մէկ ժամանակ Պոտլէրի տողերը ըմբռնած էի՝ քան հիմա»[14]։

Գրականագէտ Վ. Գաբրիէլեանը, մեր կարծիքով, Դ. Վարուժանի նամակների ծանօթագրութիւններում հապճեպօրէն նշում է, թէ «յայտնի չէ, թէ (Շ. Բոդլէրի – Ս.Դ.) ո՞ր տողերը նկատի ունի»[15]։ Ակնյայտ է ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծի ապրած խորը հիասթափութեան՝ «Ձանձրոյթի» երկուութիւնը ծրագրային ժողովածուն բացող «Ընթերցողին» քերթուածով, որը կարող է «իր մէն մի յօրանջով կուլ տալ աշխարհը համայն»։ Հարցադրման կառոյցի գրեթէ նոյնպիսի ծրագրային եղանակ՝ արուեստագէտ-ընթերցող-մուսա եռակողմ հանգոյցում, ի դէպ, կարելի է գտնել հայ բանաստեղծի «Մուսային» բանաստեղծութեան մէջ, ուր ի հարկին «միջամտում է» ֆրանսիացի երգչի «ճակատագրի» ընկերային բաղադրիչը.

Ձանձրո՜յթն է դա, որ անկամ արտասւում է անդադար//Եւ իր հուկան ծխելով, կառափնարան է տենչում,//Հրէշին այդ, ընթերցո՛ղ, դու էլ ես լաւ ճանաչում,//Իմ երեսպաշտ ընթերցո՛ղ, իմ նմանա՛կ, իմ եղբա՛յր[16]։

Ենթախորք կարդալու այդպիսի ցանկութիւնը, մեր համոզմամբ, բխում էր «Ծաղիկներ…»ի ազգային ակունքների ընկերային տառապանքի մեկնական ենթագիտակցութիւնից, որի մէջ միահիւսւում էր գեղեցիկը իբրեւ խորհուրդ, օտարի, բայց բացարձակ գեղեցիկի հետ չափման հնարաւորութիւն, այն, ինչ համապրումի եւ համամարդկայինի շաղախին է ենթարկւում։ Դեռ Մոտայի «ծովակին մէջ», ուր
«…կը ծիծաղէր բընութիւնն, աքասիաներն եզերքին / Կը ձիւնէին ծաղիկներ անդունդներուն վըրայ ծըռած»[17] գեղեցկութիւնն անտեսելով՝ յամառօրէն, մահուան խորհրդի մէջ էր սուզուել ուզում Եղիա Տէմիրճիպաշեանը՝ «մահ եւ ծաղիկ»։ Հինգ տարի առաջ փաստօրէն Յ. Օշականին «մահուան ծաղիկի» գրական ընդհանրական ծիրի մէջ, միասնական խորհրդի առումով նախապատրաստում է Դ. Վարուժանը։

1912-ին բանաստեղծի ապրած «գութը» շարունակական ներուժ ստացաւ, կլանում էր իր իսկ բառով՝ էութիւնը։ «Հեթանոս երգեր» ժողովածուի մէջ տեղ գտած «Մենաւոր» քերթուածը նա առանձնացրել էր «Գողգոթայի ծաղիկներ» շարքում պատկերային այն մտածողութեամբ, որ աւիւնն ու սէրն են իր էութեան ծաղիկները, որ «մարդիկներուն շըռայլօրէն տալէ վերջ»[18], բաշխելով, գտնում է «միշտ ծանծաղ», անգամ եթէ լքուած սիրահարն է այլեւս, անգամ եթէ հարկադրուած է «գըտնել Աստուած միշտ ըսփինքս / Ոչնչութիւնը պըճնող»[19], ճիշդ եւ ճիշդ դուրեանական յայտնի ընդվզումի՝ «տրտունջքի» հանգոյն, եւ ոչ առանց Շ. Բոդլէրի: 1916-ի աշնանը Բաքուի «Գործ»ի խմբագրութիւն՝ Ցոլակ Խանզադեանին ուղղուած նամակում երեսունը նոր լրացած Վ. Տէրեանը արդէն հաճոյքով դիմել էր Բոդլէրի շատ թարգմանութիւնների ու հիացումով յայտարարել, թէ հեղինակի
«…գրեթէ բոլոր պօէմներն եմ սքանչելի համարում»[20]։ Առնուազն երեք տասնեակ քերթուածներ ֆրանսերէնից թարգմանած արեւելահայ բանաստեղծը իրենից դժգոհ գրում էր. «Թէեւ պէտք է խոստովանեմ, որ դա բաւական դժուար գործ է եւ ոչ միայն իմ շատ համեստ ֆրանսագիտութեան (շատ մեղմ եմ արտայայտւում), այլեւ այն պատճառով, որ Բոդլէրը շատ նուրբ, գրեթէ աննկատելի ոճական գծեր ունի, որ հայերէն արտայայտելու կարողութիւն չէի զգում յաճախ, թէեւ հասկանում էի նրա ասածի էութիւնը»[21]։

Հպանցիկ նշենք, որ արեւելահայ բանաստեղծներից Շ. Բոդլէրին բարձր է գնահատել ոչ միայն Վ. Տէրեանը։ Սփիւռքահայ բանաստեղծ Յարութիւն Պէրպէրեանը 1977-ին Եղիշէ Չարենցի ծննդեան 80-ամեակի առթիւ «Բագին» ամսագրում ընդգծում է հայ բանաստեղծի՝ ռոմանտիկ Շ. Բոդլէրով հմայուած լինելու պարագան. «Աւելի ուշ (Ե. Չարենց – Ս.Դ.) կը ստանձնէ բանաստեղծ-տեսանողի կամ մարգարէի կերպարը (որ վիպապաշտներէն սկսեալ մինչեւ Ռէմպօ ու Պօտլէռ մասնաւոր հմայք մը ունեցած է[22]։ Դրանով թերեւս մենք հարկ է մատնացոյց անենք Ե. Չարենցի կապուածութիւնը դասական ռոմանտիկներին (եւ ոչ միայն դասական), իբրեւ բանաստեղծի ուղղութեանը ներյատուկ կենսական ջիղ, որ փորձել է թաքցնել ստեղծագործական «յեղափոխական» ներքին շերտերի տակ։ Այսպիսով, Շ. Բոդլէրն ու Ա. Ռեմբօն անուղղակի օգնում են հայ բանաստեղծին գրական դիմագծի համակրութեան դրսեւորման ճանապարհին։ Հայ գրական ընթացքներում բոդլէրեան յաջորդ հանգրուանը կապւում է Յակոբ Օշականի հետ, որի «Մահուան ծաղիկներ» շարքը ժանրային ու բովանդակային առընչութիւններ ունի ֆրանսիացի բանաստեղծի ըմբռնումի հետ: Յիրաւի, Շ. Բոդլէրի մասին Յ. Օշականը մատնանշում է հոգեկան նոր փորձառութիւնը, որով հարստանում է ֆրանսիացի հանճարի քերթողական յատկանիշը արդիականի շնչով, երբ առաջին գիծ է մղում «…ո՛չ եղկելի, իր նուաստութեանը համար բարձրանալ ամչցող եսի մը տագնապանքը, որուն այնքան լեղի, բայց այնքան համով վերլուծումները տուաւ Պօտլէռ – ո՛չ սէրը (Միւսէ), որ մեղք մըն է տղոց ներելի, ո՛չ իսկ փառքը՝ որուն կը վազենք երբեմն այնքան խենթութեամբ»[23]:

«Ոստան»ի մէջ լոյս տեսած «Մահուան ծաղիկներ»ի 13 արձակ քերթուածների առաջին գրական մուտքը ներկայացնում էր հեղինակ-հերոսի Եղեռնի շրջանի Պոլսի՝ «ահաւոր այդ քաղաքի մէջ» Յ. Օշականի՝ թուրքական հետապնդումներից փախստեայ, սեւաշուք առօրեան, «որպէս պատմական յիշատակարան»[24]։ Շարքի առաջին պատումը փոքր-ինչ վերացարկուած խորագիր ունի՝ «Ինչպէս կապրին մեռելները», որի վերնագրի ենթախորքը ազդակ է դարձել Վահրամ Մավեանին՝ Օշականից տասնամեակներ անց գրելու համահունչ տրամադրութեամբ փորձագրութիւնը՝ «Քաղաքը, որ կապրի իր մեռելներով»[25]։ «Ինչպէս կապրին մեռելները» զգայացունց խորագիրը «մահապարտ» ապրողների մասին է, առաւել իմաստալից՝ ապրելու օշականեան յամառութեան մասին։ Նրանք, ովքեր մահը վերապրում են քանիցս, բայց կառչում են կեանքին, սիրուն, եթէ պէտք է՝ տարփանքին։ Փորձագրութիւն է մեր առջեւ, ազգային լաւագոյն փորձագրութիւններից մէկը «Մահուան գալստեան» դէմ Յ. Օշականի՝ այս շարքով իւրատեսակ ընդվզումը Շ. Բոդլէրի՝ մահուանն ընդառաջ տրամադրութիւններին։ «Մահուան ծաղիկներ» շարքը Յ. Օշականը ներկայացնում է իբրեւ քերթուածի ընկալչութիւն, աւելի շուտ՝ հոգեւին երեւոյթները համադրող իր քնարական հերոսի մրցակցութիւնը 19-րդ դարի հայ բանաստեղծական փորձին: Նա «Յուսաբեր» ամսաթերթի 1947-ի համարներից մէկում «Մահուան ծաղիկներ» ընդհանրական խորագրի տակ, նախասիրութեանը հաւատարիմ, առաւ երկու կտոր՝ մէկ պատկեր եւ մէկ ընդարձակ բանաստեղծութիւն, որ ժանրի առումով անակնկալ էր։ Դա միայն տուրք չէր գրական երիտասարդական տարերքին կամ հաւատարմութիւն տարիների ապրած մահուան յաճախանքին։ Ինքն էլ վստահ չէր, թէ բանաստեղծական ժանրային ուշացած դիմադարձը իր համար ստեղծագործական բարձունք էր։ Բայց խորապէս գիտակցում էր, որ մօտենում է բոդլէրեան ընդվզումի սահմաններին։

Սրանք են, ըստ էութեան, «Չարի ծաղիկներ»ի հայկական ճանապարհի ընդհանրական ուրուագծերը, որոնք անցեալ դարասկզբից բանուկ են դարձրել բոդլէրեան բանաստեղծական ժառանգութեան «իւրացումները»:

 

[1]. Տե՛ս՝ «Մասիս» (կիսամսեայ հանդէս, Կ. Պոլիս, 1899, 48-րդ տարի, 31 Յուլիս, թիւ 15, էջ 474):

 

[2]. Տե՛ս՝ Շ. Բոդլէր, Չարի ծաղիկներ (թարգմ. ֆրանսերէնից՝ Հենրիկ Բախչինեանի, Եր., ԵՊՀ հրատ., 1990, էջ 9)։

 

[3]. Նոյն տեղում։

 

[4]. Նոյն տեղում, էջ 159։

 

[5]. Նոյն տեղում, էջ 136։

 

[6]. Նոյն տեղում։

 

[7]. Դ. Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու երեք հատորով, հ. 2, Եր., ԳԱ հրատ., 1986, էջ 262։

 

[8]. «Անահիտ» (հանդէս ամսեայ ազգային, գրական, գեղարուեստական, Փարիզ, 1905, Է. տարի, Յունուար, թիւ 1, էջ 13)։

 

[9]. Նոյն տեղում։

 

[10]. Յովհ. Թումանեան, Երկերի լիա­կատար ժողովածու տասը հատորով (վերա­խմբագրուած հրատ.), հ. 3 (քառեակներ, բալլադ­ներ, թարգմանութիւններ, Եր., ՀՀ ԳԱ հրատ., 1918, էջ 48)։- Ընդգծումը մերն է – Ս.Դ.։

 

[11]. Դ. Վարուժան, Երկերի լիակատար ժո­ղովածու երեք հատորով, հ. 3, Եր., ԳԱ հրատ., 1987, էջ 21։- Ընդգծումները՝ բնագրում – Ս.Դ.։

 

[12]. Նոյն տեղում, էջ 259։

 

[13]. Նոյն տեղում, էջ 337։

 

[14]. Նոյն տեղում, էջ 355։- Ընդգծումները մերն են – Ս.Դ.։

 

[15]. Նոյն տեղում, էջ 589։

 

[16]. Շ. Բոդլէր, Չարի ծաղիկներ, էջ 15։

 

[17]. Դ. Վարուժան, հ. 2, էջ 92։- Ընդգծումը մերն է – Ս.Դ.։

 

[18]. Նոյն տեղում, էջ 105։

 

[19]. Նոյն տեղում։- Ընդգծումները մերն են – Ս.Դ.։

 

[20]. Վ. Տէրեան, Երկերի ժողովածու չորս հատորով, հ. 4, Եր., «Սովետական գրող», 1979, էջ 294։- Ընդգծումը՝ բնագրում – Ս.Դ.։

 

[21]. Նոյն տեղում:

 

[22]. «Բագին» (ամսագիր գրականութեան եւ արուեստի, Պէյրութ, 1977, ԺԵ.-ԺԶ. տարի, թիւ 12, էջ 60)։ – Ընդգծումը մերն է – Ս.Դ.։

 

[23]. Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան (Արուեստագէտ սերունդ, Եօթներորդ հատոր, էջ 284)։- Ընդգծումները՝ բնագրում – Ս.Դ.։

 

[24]. «Ոստան» (կիսամսեայ պարբերագիր արուեստներու, գրականութեանց եւ գիտութեանց, Պոլիս, 1920, Գ. տարի, 1 Սեպտեմբեր, թիւ 19-20 (25-26), էջ 805)։

 

[25]. Տե՛ս՝ Վ. Մավեան, Ամբողջական երկեր, Անթիլիաս, 1993, էջ 156-160։

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։