ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Շատերն են համակարծիք, որ Թուրքիայի վերջին շրջանի գործողություններն ավելի սադրանքի ժանրից են՝ պայմանավորված Սիրիայի նկատմամբ թուրքական նկրտումների ճգնաժամով: Բրիտանական «The Spectator» ամսագրի թղթակից Ջոն Բաթլերի կարծիքով, Թուրքիան ավելի ու ավելի է նմանվում խելացնոր պետության: Էրդողանի կառավարման տարիներին ներքին խնդիրներին ավելացել են հարևանների հետ հարաբերությունների առավել լուրջ հակասությունները, որի կուլմինացիան Ռուսաստանն է: Իրավիճակը բարդ է նրանով, որ քրդերի դեմ պատերազմն ու երկրում իրականացվող ահաբեկչություններն Էրդողանը բացատրում է ոչ թե սեփական սխալներով, ինչը, բրիտանական պարբերականի կարծիքով, Թուրքիային աստիճանական էրոզիայի է տանում, այլ արտաքին ու ներքին թշնամիներով: Թուրքական քարոզչամեքենան փորձում է նորանոր թշնամիներ հայտնաբերել, իսկ Սիրիային առնչվող ծրագրերի ձախողումը ստիպում է Թուրքիային սադրանքների իր ռազմավարությանը դիմել, փորձելով այդ կերպ պղտոր ջրում ձուկ բռնելու իր արդեն մաշված քաղաքականությունը վերհիշել: Հենց այս տրամաբանության ծիրում պիտի դիտարկել նրա կողմից ռուսական ինքնաթիռի ռմբահարումն ու տրամաբանությանն անհարիր հետագա գործողությունները, թեև Թուրքիային, ինչ-ինչ հանգամանքների բերումով, հաջողվեց, «…որ ՆԱՏՕ-ն առաջին պլան դուրս գա և հայտարարություն տարածի, համաձայն որի՝ թուրքական օդային տարածքի յուրաքանչյուր խախտում ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտում է»: Թուրքերի համար մխիթարություն էր հակամարտությունը մասնակիորեն ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման դաշտ տեղափոխելը, բայց ոչ փրկություն: Անկարայի համար շարունակում են բարդ մնալ կարևորագույն` քրդերի, նեոօսմանիզմի գաղափարների իրականացման ու տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության գոտու ընդլայնման խնդիրները: Թուրքիան ծանր ընտրության առջև է. կա՛մ անմիջականորեն ներքաշվել սիրիական գործողությունների մեջ, կա՛մ հրաժարվել արտոնյալի կարգավիճակի հավակնություններից, ինչի համար թուրքական քաղաքական վերնախավը ֆինանսական, ռազմական և նյութական ահռելի միջոցներ է ծախսել: Էրդողանի մեծապետական և արկածախնդիր ինքնության համար, անշուշտ, նախընտրելին առաջին տարբերակն է: Թեև Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ԱՄՆ զորքերի խմբի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը թուրքական զորքերի մասնակցությանը համաձայնություն չի տվել, այդուհանդերձ, ըստ թուրքական Todays Zaman թերթի, «թուրքական զորքերն սկսել են իրենց տեղաշարժը դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ, մասնավորապես՝ Ազազա մարզի ուղղությամբ, որտեղ սիրիական թուրքմեններն են: ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել և հայտարարում է, որ հիմքեր ունի կասկածելու, թե Թուրքիան ինտենսիվորեն նախապատրաստվում է ներխուժել Սիրիայի ինքնիշխան պետություն: Առայժմ Թուրքիան ժխտում է մեղադրանքները, միաժամանակ մեղադրելով Ռուսաստանին, իբր Մոսկվան նման գործողություններով փորձում է շեղել ուշադրությունը «Սիրիայում իր հանցավոր գործունեությունից»: Էրդողանի մեկնությունն ավելի խիստ է. «Ռուսաստանն ասում է, որ իրենց Սիրիա է կանչել երկրի կառավարությունը: Սակայն Սիրիայի ներկայիս կառավարությունը լեգիտիմ չէ: Ինչպե՞ս եղավ, որ նրանք ներխուժեցին Վրաստան: Ներխուժեցիք, քանի որ ձեզ կանչե՞լ էին: Ի՞նչ էր պետք ձեզ Վրաստանից: Ուկրաինա ինչո՞ւ ներխուժեցիք: Ասում են, որ Սիրիայում պայքարում են ԻՊ-ի դեմ: Ո՛չ, նրանք ռմբակոծում են չափավոր ընդդիմությանը, ինչպես նաև մեր թուրքմեն ազգակիցներին»: Ասվածի տրամաբանության մեջ է Դավութօղլիի հայտարարությունը, որ «եթե Ռուսաստանը չի կարողանում Սիրիայի տարածքում ամբողջությամբ վերացնել ԻՊ ահաբեկչական խմբավորմանը, ապա թող թույլ տա Թուրքիային դա անել»: Ասել կուզի, Թուրքիան իսկապես ծրագրել է Սիրիա ներխուժել, և առայժմ նրան այդ քայլից հետ պահող միակ ուժը Ռուսաստանն է, ինչով էլ պայմանավորված է թուրքերի չարությունն ու անհանդուրժողականությունը: Մի բան հստակ է, որ քանի դեռ սիրիական հարցն առկախված է, ռուս-թուրքական հակամարտությունը նույնպես շարունակվելու է և, հնարավոր է, ավելի տխեղծ դրսևորումներով, ինչի հետևանքներն անկանխատեսելի են…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։