Գրողը կարող է ժամանակը իմաստավորել կամ իմաստազրկել, իր ժամանակը համաժամանակ դարձնել կամ՝ ներկայում անցյալ դառնալ: Կյանքը գեղեցիկ է ու կարճ` տխրելու համար: Եթե Ուայլդը համարում էր, որ բանաստեղծները Սերը սպանեցին իրենց գրքերում, ապա այսօր էլ Ցավի մասին այնքան չափից շատ խոսվեց, որ դարձել է անգամ վանող… Թվում է՝ Ս. Բեքեթի հայտնի հերոս քրեփների և աբսուրդ դրամայի ամենավառ ժամանակն է…
Ո՞նց գրողը չուրախանա, երբ նկատում է, որ հետիոտնը արդեն անցման գծերով էլ է փողոցը հատում, «կենսաթոշակային ֆոնդի» գոնե կեսը վերադարձվում է, քաղաքապետերն արդեն թատրոնն ու ներկայացումն իրարից տարբերում են, կոշկակարն արդեն կոշիկի վրա էլ է կենտրոնանում, քան՝ երկրի նախագահի փոխարեն ինչ անելու, կոչում-մեդալը երբեմն տրվում է ոչ միայն, որ «մեր լավ ախպոր ախպերն ա», այլ, որ «քիչ մը» վաստակ ունի պարոնը և այլն: Այո՛, սատիրայի համար նպաստավոր են մեր օրերը, որքան էլ ոմանք դառնան «տարվա լավագույն թշնամի»:
Գրողը ո՞նց չհիանար, որ հատկապես 18-37 տարեկաններ խմբվել էին Գրողների միության առջև. ոչ թե ընթերցանությունը քաղքենիաբար որպես «նորաձևություն» ընկալելուց ու վեպեր կարդալու անհամբերությունից դռներն էին ջարդում, այլ քաղաքացիական հասարակություն ձևավորվելու մշակույթ էին ստեղծում…
Դրական տեղաշարժեր կան՝ չնայած այն անպատվաբեր արտագաղթին, որից կառավարությունը, մեղմ ասած, պետք է գիշերն ամոթահար աչք չփակեր:
Հետաքրքրվում են գրականությամբ: Հանդիսականը հինգ հազար դրամ կարող է վճարել, որպեսզի ժամուկես, խոսքի վարպետների կենդանի կատարմամբ, պոեզիա ունկնդրի: Սկսում է ձևավորվել գնահատման կուլտուրա: Մինչդեռ չենք կարող չտխրել սիրո պակասի հետևանքով մարդու չարացածության համար: Իմ հեքիաթ-պիեսներից մեկում այսպիսի տող կա. «Գիտե՞ս, աշխարհում չկան չար մարդիկ. կան բարի և սիրո պակաս ունեցող մարդիկ»: Սիրո պակասը աշխարհամարդու թաքուցյալ ցավն է այսօր, և նկատելի է ամենուր…
Բավական է մտնել սոցիալական կայքեր և մի քանի զավեշտալի եզրահանգում կարելի է անել. երբեմնի «մտավորականը» դառնում է Դոն-Կիխոտ, սկսում «պայքարել», ասենք, կառավարության ներկայացուցիչների դեմ, մեկ էլ, ինչ-որ մեդալ է «բաշխվում» նրան հումանիտար օգնության պես, ու հանկարծ նա «բարիանում է», սկսում նկատել այդ նույն կառավարության դրական կողմերը: Զգում ես, որ սիրո պակասի հետ նաև որոշ «վաստակաշատներ» արդեն 5-6-7-րդ տասնամյակի շեմին տառապում են չկայացածության բարդույթով կամ մոռանում, որ սոցիալական կայքն այնքան էլ հարմար վայր չէ ինքնահաստատման համար, իսկ քաղաքացիական ակտիվությունը չի նշանակում՝ որքան անտակտ ու նախահարձակ լինես, այնքան ավելի «խիզախ» ես… Եվ անկախ սեռից, նրանք դառնում են տարվա «միսս ֆեյսբուքները»՝ արժանանալով «վիրտուալ հայրենասիրության» անտես պարգևին: Չէ՞ որ նրանց «պոստմոդեռնիստական» գրառումներն ավելի շատ են կարդում, քան, օրինակ, Կոստան Զարյանի երկերը: Եվ ստեղծվում է «Նոր մտավորականի» տկարազարդ մի տեսակ, մեկ-երկու սրամիտ-ճշմարիտ խոսքով ստեղծելով արևածաղիկ չրթող «ազնվական տիկնանց» վիրտուալ սալոն՝ «վեհ» բամբասանքի հավաքատեղի՝ մեր ժամանակի մեջ ավելացնելով խամրած-դեղին մի նոր գուներանգ… (Եթե զգացողությունս գույնով արտահայտեմ):
Նոր դրսևորումներ ու մոտեցումներ կան հայ երիտասարդների հարաբերություններում, 21-րդ դարի հայի ու մարդու մեջ, ինչը չի կարող հաշվի չառնվել կերպարի հոգեգծերն ստեղծելիս… Մարդիկ շտապում են, բայց՝ ո՞ւր… Կյանքը բազմաշերտ է, առինքնող-ցավոտ: Առանց այդ հակասությունների չի կարող ստեղծվել ճշմարիտ արվեստ…