Փետրվարի 9-ին ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ընդունեց Իրանի մշակույթի նախարարի խորհրդական, «Նիավարան» մշակութային պալատի տնօրեն, բանաստեղծ Սեյեդ Աբաս Սաջադիին և մշակույթի պալատի ստեղծագործական բաժնի ղեկավար, բանաստեղծ Մոհամմադ Սալմանիին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԳՄ տնօրեն Ղուկաս Սիրունյանը, ՀԳՄ թարգմանական բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, արձակի բաժանմունքի ղեկավար, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, բանաստեղծ Սամվել Կոսյանը, ՀԳՄ միջազգային կապերի բաժնի պատասխանատու, բանաստեղծ Հերմինե Նավասարդյանը, ՀԳՄ մշակույթի բաժնի պատասխանատու, թարգմանիչ Կարինե Մեսրոպյանը:
Ողջունելով հյուրերին՝ Պ. Դեմիրճյանը նշեց, որ «Հայ-իրանական գրական կապերը բազմադարյա պատմություն ունեն, հայ դասականներ Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Ե. Չարենցը և ուրիշներ, մեծ դեր են ունեցել այդ բարեկամության զարգացման գործում: Վերջին տարիներին մեր բարեկամությունն ամրապնդվել է նոր թարգմանական գրքերի հրատարակությամբ, փոխադարձ այցելություններով»: Սեյեդ Աբաս Սաջադին պատմեց «Նիավարան» մշակութային պալատի գործունեության մասին և ընդգծեց, որ իրենց նպատակն է ավելի խորացնել գրական-մշակութային կապերը հարևան- բարեկամ երկրների հետ, և այս այցը հիմնականում ճանաչողական նշանակություն ունի: Այնուհետև ներկաներին նվիրեց Իրանում տպագրված մի շարք գրքեր, որոնց թվում` Ահմադ Նուրիզադեի թարգմանած և կազմած «100 հայկական տարվա պոեզիա» ժողովածուն, որտեղ տպագրված են հայ դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: Մոհամմադ Սալմանին ներկայացրեց «Նիավարանի պոեզիայի առաջին փառատոնի բանաստեղծությունների ընտրանի» ժողովածուն:
Հայկական կողմից եղան մի շարք առաջարկություններ: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին համաձայնագիր նախապատրաստել` ՀԳՄ և «Նիավարան» մշակութային պալատի միջև համագործակցության մասին: