Իմ անկախությունը / Սամվել ԿՈՍՅԱՆ

 

Մարդը պորտալարից անջատվելուց հետո, ի կամոք Արարչի, ստիպված է այլևս ինքնուրույն հաղթահարել նյութի և այլ արգելքների դիմադրությունը, և միջավայրի ու հասարակական հարաբերությունների ընձեռած հնարավորություններով է պայմանավորված, թե նրա համար ինքնուրույնությունը որքանով կենսակերպի և կենսագործունեության կվերածվի: Անկախությունը, ազատությունը և ինքնուրույնությունը հոգևոր այն ամրոցներն են, որոնց տիրանալը պայքար է ենթադրում: Մանկամտություն է մտածել, թե ինչ-որ մեկը կարող է նվիրել կամ վաճառքի հանել դրանք: Հայաստանի անկախության հանրաքվեի իրադարձությունների երանգները բազմաթիվ էին՝ ոգևորությունից մինչև կասկածամտություն: Մի քանի նյութ հրապարակեցի, կոչ անելով՝ ԱՅՈ ասել անկախությանը, որովհետև միայն ազատ հայրենիքում էր հնարավոր անկախությունը կատարյալ ու ամբողջական դարձնել: Հոգնել էի սովետների՝ ազգայինը սահմանափակելու, երևակայությունը սանձահարելու, օտար արժեքները պարտադրելու ոտնձգություններից: Այդ վիճակը նույնն էր, թե ճահճի միջով ցամաք որոնես: Մեզ համար փրկության ցամաքը անկախությունն էր: Այդ օրերին զրո-ի էր հավասար ոմանց հասարակական նշանակությունը, որոնք կեղծ ապահովության, նորի նկատմամբ թշնամանքին հլու՝ անկարող էին պատկերացնել իրենց «տիրոջից» հեռու կամ առանց տիրոջ: Անկախության հանրաքվեին ԱՅՈ ասելու կոչերը նրանց էր հասցեագրված: Զրոն ինքնին ոչինչ է, սակայն որևէ թվի կողքին հայտնվելով՝ թվին ամրություն է տալիս: Այսպես կոչված «տերերը» միշտ էլ իրենց ամենազոր են զգում և իրենց սադրանքներն ու ճնշումները նյութականացնում են հենց այդ զրոների միջոցով ու աջակցությամբ: Իմ անկախությունը իմ ինքնությունն ու հավատամքն է, ազգային իմ նկարագիրը, իմ անկախությունը միաժամանակ հայրենիքի նկատմամբ իմ պատասխանատվությունն է, նրա զինվորը լինելը, որպեսզի, անկախ իրավիճակներից, թիվը մենք լինենք, և ոչ մեկը՝ մեծ կամ հզոր, չփորձի մեզ այլ կարգավիճակ պարտադրել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։