Իմ սերունդը մի օր, իր ավագների հետ, անկախության համար պայքարի ելավ ու կորուստների գնով ձեռք բերեց Անկախություն: Պայքարի սկզբում ես ճիշտ և ճիշտ իմ Անկախ Երկրի ներկա տարիքին էի, այսօր՝ այդ թվերի հայելային անդրադարձով՝ 52-ում, ուրեմն՝ մի տեսակ հրաշագործ հայելի անվանեմ անկախության տարիներն ինձ համար, ուր ամեն բան հստակորեն տեսիլվում է՝ դրվագ առ դրվագ պատմելով մեր մասին, օրերի սրընթաց գլխապտույտի հետ վերստին ապրեցնելու համար մեծ ցնցումներից հետո բաղձալի անկախությանը հասնելու մեր անչափելի բերկրանքը՝ թող որ համեմված Արցախյան առաջին պատերազմի վառոդի ու անլույս օրերի կերոսինի հոտով…, թարմացնելու՝ սեփական ճակատագրի տերն ու պատասխանատուն զգալու մեր՝ դեռևս թանկ ինքնավստահությունը, պատերազմը հաղթածի պատիվը՝ գնդակահարված հոկտեմբեր 27-ի դավադիր փամփուշտներով…, հիշեցնելու՝ մեր վերաշտկման ամեն նոր ճիգը՝ նորից ու նորից երկրից արտագաղթող մեր դառնացած եղբայրների ու քույրերի շտապող հրմշտոցով…, վերադարձնելու մեր ամենազոր հավատը՝ մեր սրտերի մեջ փայփայված և ո՛չ այլուրեք, մեր հայրերի տաճարների երեր սյուներին նեցուկ դառնալու փոխարեն՝ Աստծուն զարմացնելու համար տաճարաշեն ու տնաքանդ դարձած մեր արծաթավորի անկասելի թափը կանխելու…, վերստին ճանաչելու համար մեր կամքն ու համառությունը՝ մեր Երկրի վտանգված հոգևոր հարստությանը, մշակույթին, արվեստին, գիտությանը, էկոլոգիային պահապան դառնալու արժանահիշատակ գործերով և՝ համադրելու ավերմունքի ախորժակն ընչաքաղց իշխանավորի՝ անհաղորդ չքավորության կամ հենց իր ձեռքով լլկվածի զրկանքներին…, համեմատելու մեր զավակների վստահ ու համարձակ քայլերը՝ մեր և մեր նախորդների ջանքից առավել, և վաղվա հույսի բողբոջներով սերմնավորելու մեր դժվար երթը…, վերապրելու համար սեփական երկրում վտարվածի ցավը և այդ ցավի բթացումը է՛լ առավել ցավի՝ մարտիմեկյան գիշերվա վերքերի կսկիծով ցավազրկելու…, զգալու մեր Երկրի ուժն ու ձգողականությունը՝ անգամ ցավակենտրոն՝ հարյուրամյա հիշատակի օրերին և հարյուրմեկերորդը «Ավրորա» մրցանակաբաշխության նոր արշալույսի առագաստով, գլուխը բարձր դիմավորելու…, Նարեկացու բարբառի տերը լինելու չափով աղոթելու՝ դառնալու համար տերը Տիեզերական նոր Վարդապետի, Պապին հյուրընկալելու մեր Երկրում՝ լիզելով արդեն անդարմանելի վերքերը Արցախյան երկրորդ պատերազմի…, քսանամյա հերոսների հիշատակի առաջ ամոթահար՝ տագնապելու մեր երկրում արծարծվող դավադիր ծրագրերից…, և նոր մարտիմեկյան գիշերում խոշտանգվելով՝ Սարի թաղում, մեր ազգային Էպոսի նոր ճյուղը գրառելու համար, փողոցներից ու բակերից…, փնտրելու համար մեր նոր վերելքի լույսը, խավարը ճեղքելու՝ դեռ ամեն կողմից կեղծիք գտանելու, բայց Հայրենի հողի սիրով ու՝ հավատով, Սեր մտանելու… Հաց բաժանող ունենալ՝ ահա թե ինչ կա հայելուս մեջ… Իսկ մեր 25 տարվա ընթացքը տիեզերքում՝ պարույրի մեկ կարևոր շրջափուլ է, ավելի կոնկրետ՝ կենդանակերպի երկու շրջադարձ և նորի սկիզբ,- պարույրը պետք է վերև ընթանա՝ Արդարություն, Գթասրտություն, Խաղաղություն և Սեր գտանելու. առաջարկվող մյուս տարբերակները մեզ համար չեն:
Կարդալ նաեւ․․․

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ՆԱՐԵԿԸ, ԳԱՐՈՒՆԸ, ԹՌՉՆԱԿԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ…
Ինքնամեկուսացված եմ: Առավոտ վաղ բացում եմ լուսամուտը, և ներս…

Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ
Ինչքան էլ տարին վատ լինի, ափսոսում ես, որ մի…

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՆԱՅՈՂ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑՎԵԼՈՒ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Թուրքիան հունիսի 7-ի ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, այլևս նախկինը չի…