ՀԱՎԱՏ
Գիտեինք՝ թշնամին դաժան է,
Կեղծ է, նենգ է, արնախում,
Գիտեինք՝ մահագույժ ձեռքը
Միշտ արյան մեջ է թաթախում:
Այսօր էլ չի փոխվել, նույնն է,
Համիդ է՝ արյունի ծարավ,
Թալեաթ է, Էնվեր է, Ջեմալ է,
Իլհամ է՝ Էրդողանին ծառա:
Խլել են ուզում մեր հողը՝
Արցախը, Սյունիքը լեռնապար,
Մեր հողը տարածք չէ հասարակ,
Մեր տունն է, մեր լեզուն պաշտողը:
Մաշտոցյան Ամարաս մեր վանքն է,
Գանձասար սրբազան վանահայր,
Տաթևի շարական-օրհնանքն է,
Մեր հոգու կանթեղն է հուսավառ:
Մեր հողը լեգենդ է, առասպել,
Սասնաբառ էպոսն է մեր կյանքի,
Մեր հողը նահապետ մեր Հայկն է,
Պսակն է Վարդանանց սխրանքի:
Մեր հողը նահատակ Բեկորն է,
Ավոն է՝ Արցախով առլեցուն,
Ապրիլյան տղերքի գրոհն է,
Տավուշյան մարտերի հուր-լեզուն:
Մեր հողում ամեն ծառ հայ պապ է,
Հայ հայր է, հայ եղբայր ու որդի,
Թոռներին փայփայող հայ տատ է,
Մեր սիրտն է, նժդեհված մեր ոգին:
Ոռնում են՝ մի խելառ Էրդողան,
Մի Իլհամ՝ Խաչքարի թշնամի,
Մեր առջև ծնկաչոք կդողան,
Հեռու չէ պահն այդ արժանի:
Մեր երթը և՛ հին է, և՛ նոր է,
Արմատներ ունենք մեր հողում,
Թշնամին արմատներ չունի,
Ահա թե ինչո՛ւ է դողում:
Ազգովի ելել ենք մարտի,
Մեր ոգուն պարտություն չկա,
Թշնամին մեր ձեռքով կջարդվի,
Բռունցքված մեր կամքը վկա:
20.10.2020