Այն մասին, թե ինչպես Հայաստանը դիմեց ՄԱԿ՝ միջուկային զենք ստեղծելու թույլտվություն ստանալու համար
N թվականին, երբ աշխարհը ճոճվում էր քաոսի և ներդաշնության միջև, իսկ Հայաստանը կանգնած էր հերթական օրհասական վտանգի առջև, ՄԱԿ-ը հայ ժողովրդի կողմից ստացավ մի կարճ տեղեկատվություն առ այն, որ Հայաստանն ստեղծել է միջուկային զենք և խնդրում է օրինականացնել այն: Հայտարարությանը կցված էր նաև այսպիսի մի նամակ-հիմնավորում.
«Մեծարգո պարոնայք
Քանի որ աշխարհում իշխում է ուժի իրավունքը, մենք ուժ ունենալու իրավունք ենք վերապահում մեզ և ստեղծել ենք միջուկային զենք, որն իր հզորությամբ գերազանցում է մինչ այս աշխարհում գոյություն ունեցող բոլոր զենքերին:
Այդ քայլին մեզ դրդեց այն թշնամի միջավայրը, որի մեջ ապրում ենք մենք, այն թշնամի միջավայրը, որը դավանում է ուժի իրավունքին և ձգտում է ֆիզիկապես բնաջնջել մեզ: Դրա վկայությունն է բոլոր ժամանակների պատմությունը:
Մենք խաղաղասեր ու ստեղծագործ ժողովուրդ ենք և մեր գոյության առաջին իսկ օրերից ստեղծել ու տարածել, քարոզել ու ներարկել ենք լույս ու բարություն և սկզբունքորեն մերժել ուժը: Մենք մարդկության այդ տեսակն ենք:
Բայց պատմական հանգամանքների բերումով մեր կողքին հայտնվեց մարդկության մի այլ տեսակ, որի դավանանքը ուժն էր ու բռնությունը: Իր վայրագ բնույթի շնորհիվ նա կարողացավ պարտության մատնել ժամանակի հզոր տերություններին անգամ, կարողացավ գրավել նաև մեր հայրենիքը, իսկ հետո նաև ոճիր գործելով ցեղասպանել մեզ և սփռել աշխարհով մեկ:
Բայց մենք չհանձնվեցինք. մենք մարդկության չհանձնվող տեսակն ենք, և հարատև կռիվ սկսվեց մեր միջև:
Դա տեսակների պայքար էր, բարի տեսակի պայքարը ընդդեմ չար տեսակի, հայրենապահի պայքարն ընդդեմ զավթիչի:
Բայց աշխարհը կույր և խուլ ու համր էր ոչ միայն այդ պայքարում մեր կորուստների, զոհողությունների ու ողբերգությունների հանդեպ, այլև հենց իրեն սպառնացող վտանգի՝ մարդու՝ փոխակերպուկի վերածվելու վտանգի հանդեպ:
Մենք ձգտում էինք մեր տառապանքով ու պայքարով արթնացնել մարդկության լեթարգված խիղճն ու բարոյականությունը, բանալ տեսանողության աչքը, բայց աշխարհը մեղկ էր, թույլ ու մորթապաշտ, իգաբարո և անհեռատես, և զորացավ մեր դեմ ելած չարի տեսակը, բորենու նման ընկավ մեզ վրա՝ որոշելով վերջնականապես բնաջնջել մեզ, խժռել ու հագուրդ տալ իր գազանային բնազդներին, իսկ հետո անցնել նաև մյուսներիդ ու բոլորիդ:
Եվ մենք տեսանք, որ մենակ ենք, ինչպես միշտ, մենակ ենք մեր գոյության, մեր տեսակի, մարդկության համար մղվող վերջին գոտեմարտում:
Եվ հենց տեսանք ու համոզվեցինք, որ մենակ ենք, տեսանք նաև փրկության ու հաղթանակի ուղին՝ միաբանության, ոգու և մտքի համախմբում և զենք, գերհզոր զենք ստեղծելու անհրաժեշտություն:
Այդժամ, այո՛, հենց այդ օրհասական ժամին ի հայտ եկավ համախմբվելու մեր հզոր բնազդը և անհնարին թվացողը իրականացնելու մեր մտավոր ու հոգևոր կարողությունն ու կամքը, մենք դարձանք մի միտք և մի մարմին, և մեր ստեղծագործական անչափելի ներուժը նվիրաբերեցինք հզորագույն զենք ստեղծելու նպատակին:
Գիտեինք, որ կարող ենք անել դա և արեցինք:
Գիտե՞ք, թե ինչի շնորհիվ կարողացանք անել դա: Վտանգը բացեց մեր տեսողությունը, սրեց միտքը, կոփեց բնավորությունը: Մենք միավորեցինք յուրաքանչյուրիս ջանքը և վերածեցինք մեկ համընդհանուր ջանքի, մեկ համընդհանուր, մշտական նվիրումի: Մեզ առաջնորդում էր մի պարզ գիտակցում, որ մեկը կարող է ապրել միայն, եթե ապրենք բոլորս, և մեկը կարող է փրկվել միայն բոլորի փրկությամբ: Եվ մեր պատկերացումներից վերացավ ես-ը, ու մնաց մենք-ը: Մենք հրաժարվեցինք անձնական կյանքի այն պատկերացումից, որ ունեք դուք: Մեր անձնական կյանքը մեր հայրենիքի փրկությունն էր և մեր արդար դատի հաղթանակը: Մեզ առաջնորդում էր սերը և հավատը, և մեզնից յուրաքանչյուրն իր տեղում, իր առօրյա աշխատանքով ու կյանքով զինվորագրվեց ու նվիրաբերվեց սուրբ գործին, և դա առօրյայի մեջ երանության երանգ ներարկեց, և մենք երջանիկ էինք այդպես ապրելով։ Մեզնից յուրաքանչյուրը կաթիլ էր, որը ժայռ է ծակում: Գյուղացին իր տեղում, մտավորականն իր տեղում, զինվորականն իր տեղում, ծերունին ու մանուկն իր տեղում, իշխանավորն ու ընդդիմադիրն իր տեղում, ակադեմիկոսն ու թումոյի սանն իր տեղում։ Յուրաքանչյուրն իր տեղում, և բոլորը՝ նույն տեղում: Մենք գաղափարի մարտիկներ էինք. յուրաքանչյուրս և բոլորս:
Անշուշտ կռահում եք, որ այդ ճանապարհին մենք ստեղծել ենք գերհզոր, ներդաշնակ ու ժամացույցի նման անթերի աշխատող ինքնաբավ տնտեսություն, գերժամանակակից գիտություն և արհեստական բանականության ու նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված հզոր ռազմարդյունաբերություն ու բանակ. հիմա խելքի ու ոգու գոտեմարտ է, կռիվ, որտեղ մեր մի զինվորն իր տրամադրության տակ եղած տեխնոլոգիաներով, գերարդիական զենքերով ու անպարտ ոգու շնորհիվ կարող է հաղթել թշնամու հարյուր և հազարավոր զինվորներին։ Դարեր շարունակ նրանց առավելություն բերող թվային գերազանցությունը ի չիք է դարձել հիմա, հօդս է ցնդել:
Հիմա ժամանակն է ի ցույց հանել և գործի դնել մեր ուժը: Ժամանակն է փրկել մեզ և մարդկությանը:
Մենք ունենք զենքեր, որոնց մասին դուք պատկերացում իսկ չունեք, պատկերացնել իսկ չեք կարող, թե ինչ տեսակի ու բնույթի են դրանք, և ինչ ուժ են մեր ձեռքին. մենք կարող ենք հաղթել ու ոչնչացնել ցանկացած թշնամու, ունենք հզորություններ, որոնք անհասանելի են ձեր երևակայությանն իսկ:
Իսկ միջուկային զենք ունենալու թույլտվության համար դիմում ենք սոսկ օրինապահությունից դրդված և հարգելով միջազգային հանրությանը: Եվ այդ իրավունքը խնդրելով՝ տեղեկացնում ենք, որ հիմա՝ այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, այդ զենքն արդեն պատրաստ է, իսկ մենք պատրաստ ենք այն կիրառելու: Մենք դրա բարոյական իրավունքն ունենք լիուլի: Քանզի այն վտանգը, ինչի մասին ասացինք, ահագնացել և ուզում է խժռել մեզ. ոչ միայն մեզ, այլև ձեզ ու բոլորիդ: Սթափվեք, և քանզի այնքան խորագետ չեք, որ միանաք մեզ, ապա գոնե այնքան էգոիստ եղեք, ինչպիսին եք միշտ, որ տեսնեք ձեզ սպառնացող վտանգն ու փրկությունը: Մենք ոչնչացնելու ենք մեզ ոչնչացնելն իր կյանքի իմաստն ու նպատակը դարձրած մեր թշնամուն, վերականգնելու ենք պատմական արդարությունը և դրանով իսկ ծառայություն ենք մատուցելու նաև համայն մարդկությանն ու տիեզերքին:
Օն, հառա՛ջ:
Հայ ժողովուրդ, N թվական
Հ. Գ. Այս պահին, երբ դուք ընթերցում եք մեր դիմումը, սկսվում է մեր միջուկային զենքի առաջին և ցուցադրական կիրառումը, որին կարող եք հետևել անձամբ կամ հեռահաղորդակցության ցանկացած միջոցով:
Նույնը»: