Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Արմենուհի ՍիսյանՀրանտ Մաթևոսյանն ասում է. «Իրականությունը չէ գրականության օբյեկտը, այլ ինքը՝ գրողն է: Օբյեկտն ընկալող սուբյեկտի մասին է հարցը: Աստծո հայացքի ներքո այլ երկիր է առաջանում, սատանայի հայացքի ներքո` մեկ այլ բան»: Այսօր ընթացիկ իրողություն են քաղաքիս անհամար pub-երը, գիշերային ակումբները, ընտրակաշառքը, hամասեռամոլների հանդեպ աճող հետաքրքրությունը: Բայց սա իմ իրականությունը չէ. ես տեսնում եմ այդ ամենը, զննում, ներառում եմ իմ մեջ, ֆիլտրում հեղինակի դիտակետով ու տեղավորում իմ իրականությունը այդ իրողության մեջ: Եվ յուրաքանչյուրը՝ Աստծու կամ սատանայի՝ իր ներսում ձևավորած իրականության չափով է մասնակից իր ժամանակին: Բայց և յուրաքանչյուրն ազատ է իր իրականության ընտրության մեջ. եթե Աստված ու սատանան պայքարի մեջ են, ինչո՞ւ ինքդ էլ չպայքարես հանուն քո տարածքի: «Աստված պայքարի մեջ է սատանայի հետ, և մարդու սիրտն է ռազմադաշտը» (Դոստոևսկի): Յուրաքանչյուրը թող արդարացնի իր գոյությունը սեփական չափաբաժնով` ժամանակի իր տարածքում: Միախառնի՛ր քո իրականությունը ժամանակիդ մեջ, հաշտ չե՞ս նրա հետ, ներմուծի՛ր քոնը, ընդվզի՛ր, թե հարկ է, գրո՞ղ ես` ասա քո խոսքը, իրավագե՞տ ես` օրենքներին զարկ տուր, նկարիչ կամ երաժի՞շտ ես` քո նախընտրածն ասպարեզ հանիր` արվեստի քո պատկերաընկալմամբ: Անընդունելի են ինձ համար չոր ժխտողներն ու սոսկ քարկոծողները: Դժգոհելով ու փնթփնթալով` միայն ամրապնդում ենք կուտակված չարիքը, նույնանալով մեր տատուպապերի հավաքական դժգոհությանը. «Է՜հ, բա մենք էսպես էի՞նք, մեր ժամանա՛կ»… Ամենևին պարտադիր չէ, որ բոլորը կոչված լինեն հեղափոխականորեն վերաքանդելու մեր հասարակության ախտածին երևույթները: Դուրդ չի՞ գալիս ժամանակիդ հասարակությունը, դու նրա կրողն ես, նրա մի մասնիկը, նվիրաբերիր նրան քո տեսակը, միախառնիր կյանքի քո տեսլականը, որոնցով ստեղծել ես քո տարածքը ժամանակի տիրույթում, հայտնաբերիր ու մեջտեղ հանիր այն լավը, որ ստվերված էր հասարակությունից, մի՛ լռիր, դրվատի՛ր այլոց լավ մտքերն ու գործերը, ու դրանց լույսը կներհոսի այդ հասարակության մեջ: Ի վերջո, ստեղծագործողը կոչված է ժամանակի օվկիանոսին նվիրաբերել իրեն` որպես մի կաթիլ, ու միախառնել նրան կյանքի իր տեսիլքը, իր գեղագիտությունը, որոնցով ստեղծել է իր կղզին` ժամանակի տիրույթում, և որը ոչ մի ստեղծագործողի համար հենց այնպես, առանց տքնանքի չի կառուցվում, հետևապես, արժևորված նվեր է: Մենք բոլորս այսօր նավարկում ենք նույն ժամանակի մեջ: Ու փոխանակ ամեն մեղք գցելու ժամանակի վրա, փորձենք մեր թիերին հաղորդած լիցքերի չափով ուղղորդել մեր ժամանակի ընթացքը` յուրաքանչյուրս մեր թևերում ամփոփված զորության չափով: Ես հաշտ եմ իմ իրականության հետ, բայց ո՛չ այն իրողությունների, որոնց մատուցում է ինձ իմ ժամանակը, ու որոնց չեմ կարող շրջանցել կամ անցնել դրանց միջով առանց ցավի: Իսկ այդ ցավածին ախտօջախները ամոքել բարձրագոչ, դատարկ կոչերով` իմ տարածքը չէ: Կեղծ տարածքներում իմ իրականությունը չի կարող շնչել: Կեղծիքն էլ երկար կյանք չունի, հենց ժամանակն էլ նրան շատ շուտ վեր կհանի: Բայց դա բնավ չի նշանակում աչք փակել դրանց դեմ: Յուրաքանչյուրը թող ունենա իր տարածքը իր ժամանակի մեջ ու թող զբաղվի իր տարածքը մաքրելով, ինչպես ուսուցանում է Էքզյուպերին՝ փոքրիկ իշխանի շուրթերով. «Առավոտյան հենց որ արթնանաս ու քեզ կարգի բերես, պետք է անպայման կարգի բերես նաև քո մոլորակը: Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց ամենևին դժվար չէ…»:
Ցավոք, այսօր էքսցենտրիզմի, ծայրահեղության ժամանակն է: Դիտարժան ու մոդայիկ է այն, ինչ անբարո է ու տարօրինակ, զարմանահարույց է ու դրսից ներմուծված (կարևոր չէ, որ դրսում արդեն անցել է դրա ժամանակը): Ես չեմ վախենում այսօր ոչ մոդայիկ լինելուց, որովհետև հոգուս տարածքները նեղանում են պրիմիտիվացված, էժան արվեստից, վերից վար գռեհկաբանություն-բանաստեղծությունից, բթացնող, քառակուսի ռիթմերից, որովհետև վախենում եմ հոգեխախտ այն դեմքերից, ովքեր ոչ թե բնության անոմալիայի արդյունքում են սեռախախտ (ինչը կարող եմ հասկանալ), այլ այլասերության հանդեպ բուռն հետաքրքրության ու ժամանակակից երևալու բարդույթի, որովհետև անհույս սիրահարված եմ բնությանն ու երկնքին, սրտիս տրոփը կարող եմ զգալ ծառ ու ծաղկի թրթիռի մեջ, որովհետև կարող եմ մարդուն տեսնել գույների միջով… Ես այսօր կարող եմ հաշտ ապրել իմ ժամանակի հետ` անհատի իմ իրականությունը ներմուծելով նրա մեջ, քանի որ ունեմ յուրաքանչյուր պահը ճանաչողություն դարձնելու երկրային ճանապարհ, հետևաբար, նաև ասելիք այդ ճանապարհին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։