Անցնող տարին որոշ առումներով նշանակալից եմ համարում. տարեմուտին լույս տեսավ ինձ համար կարևոր «Խոսք ու զրույց» գիրքս, որի ավելի քան 400 էջերում ես ներկա եմ թե՛ որպես լրագրող՝ մշակույթի ճանաչված գործիչների հետ անցկացրած հարցազրույցներով, մի շարք հոդվածներով, թե՛ որպես բանաստեղծ, գրի մարդ՝ տարբեր առիթներով մամուլին տված ի՛մ իսկ հարցազրույցներով: Գրքի գլխավոր թեման հոգևոր, մշակութային կյանքն է, նրա մերօրյա դրսևորումներն ու հիմնախնդիրները: Իսկ մայիսին լույս տեսավ Աննա Ախմատովայի «Տարվա հինգերորդ իմ եղանակը» խորագրով հայերեն ծավալուն հատորը՝ իմ թարգմանությամբ ու ընդարձակ առաջաբանով: Համաշխարհային ճանաչման ռուս դասականը մեզանում առաջին անգամ տպագրվեց նման ընդգրկումով, իր ամենակարևոր ստեղծագործություններով… Եթե հաշվի առնեմ, որ տարվա ընթացքում իմ բանաստեղծություններով ներկա եմ եղել «Էդիտ Պրինտ» հրատարակչության՝ հատկապես դպրոցների համար տպագրած հայ ժամանակակից պոեզիայի քրեստոմատիայում, ՀԳՄ նախաձեռնությամբ հրատարակված մի քանի գրքերում, ապա պիտի որ իմ զուտ բանաստեղծական հրապարակումներից ևս դժգոհելու իրավունք չունենամ… Ինչ վերաբերում է եկող տարվա «կանխորոշմանը», նրանից էլ որոշ սպասելիքներ ունեմ: Բոլորովին վերջերս ավարտուն տեսքի բերեցի Բուլատ Օկուջավայի «Կիթառով բանաստեղծը. 100 բանաստեղծություն» խորագրով ժողովածուն, որի տպագրությունը արդեն նախատեսված է եկող տարվա կեսերին՝ հայերեն և ռուսերեն զուգադրությամբ: 2023-ին տպագրվելու է նաև ռուս ժամանակակից պոեզիայի ծավալուն մի անթոլոգիա՝ 35 բանաստեղծների մասնակցությամբ: Մասնակիցներից յոթի ստեղծագործությունների թարգմանությունը վստահված է ինձ, որոնց վրա և հիմա աշխատում եմ ամենայն պատասխանատվությամբ: Մի հրապարակման ևս հուզմունքով եմ սպասելու. Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ տպագրության է պատրաստվել «Հայ զինվորը» խորագրով ժողովածուն, ուր տեղ են գտել այդ թեմայով իմ ստեղծագործություններից ևս: Ի դեպ, գրքում կտպագրվի նաև սիրված երգահան Էդգար Գյանջումյանի հետ համատեղ մեր «Քեզ չենք դնի բացակա» երգը՝ նվիրված արցախյան 44 – օրյա պատերազմում ընկած հերոսների անմահ հիշատակին: Քանի որ խոսեցի երգից, ասեմ, որ տարվա ընթացքում էլի մի քանի նոր երգ է ծնվել իմ խոսքերով, հիմնականում քրոջս՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ. վերջերս նրա երգերի՝ Փարիզում թողարկված հայերեն-ֆրանսերեն «Սա է կյանքը» ալբոմում հինգ երգերը իմ խոսքերով են: Այնպես որ, 2023-ն էլ ստեղծագործական առումով խոստումներ ունի: Հուսանք և մաղթենք, որ դրանք կիրականանան, որ կլինեն նաև հաճելի անակնկալներ՝ թե՛ ինձ համար, թե՛ գրչընկերներիս: Եվ իհարկե՝ հատկապես մեր երկրի՛ ու ժողովրդի՛ համար: Բարի՛, հաճելի՛ անակնկալներ: Բայց թող ամենից առաջ խաղաղ երկինք լինի, լինեն անառիկ սահմաններ, առողջ, ստեղծարար մթնոլորտ, թող քաղաքականություն կոչվածից վեր, ոչ լոզունգների ու կոչերի մակարդակով, այլ իսկակա՛ն, իրակա՛ն միասնություն լինի ու հավատարմություն, նվիրում ազգային մեր նպատակներին ու երազանքին:
Խմբագրի դիտանկյուն
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150
Իրավունքներ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:Գործընկերներ
Կապ մեզ հետ
Երևան, Բաղրամյան 3
grakantert@gmail.com
Խմբագրի դիտանկյուն
-
Շնորհավոր 2023 թվական
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150
Իրավունքներ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:Գործընկերներ
Կապ մեզ հետ
Երևան, Բաղրամյան 3
grakantert@gmail.com