Երևի չկա մեկը (առավել ևս ստեղծագործող մարդ), որ չի սիրում, երբեմն անգամ պարզապես պահանջ զգում, ժամանակ առ ժամանակ առանձնանալ, ինքն իր հետ մնալ, դե, մերօրյա խոսքով ասած, ինքնամեկուսանալ: Դրանից երբեք վնաս չկա, իսկ օգուտ միշտ էլ հնարավոր է քաղել: Մեկ անգամ չէ, որ անձնական փորձով դրանում համոզվել եմ ու վստահ եմ, որ գրչընկերներս` նույնպես: Եթե անգամ կոնկրետ ստեղծագործական ծրագիր, նոր հղացումներ չունես, ու Մուսան էլ կարծես մոռացել է ճանապարհդ, միայնության մեջ մտքերիդ հետ տալով-առնելով, քո ու օրերիդ մասին որոշ ժամանակ «փիքր անելով»` աստիճանաբար ստեղծագործական վիճակի ես գալիս, ու որտեղից որտեղ, Մուսան էլ հիշում է քո մասին…
Բայց դե, եթե որևէ բան պարտադրված է, իհարկե, դրա օգտակարության մասին հազիվ թե հիշես. անխուսափելիորեն դժգոհություն է համակում քեզ, մեջդ բողոք ու ընդվզում արթնանում: Այնպես որ, տանը մնալու` թագավարակով պայմանավորված այնքան անսպասելի, տհաճ պարտադրանքը ես էլ շատերի հետ այդպես ընդունեցի: Դժգոհությանը գումարվեց անխուսափելի տագնապն ու անհանգստությունը, որ աշխարհի` կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ ամենօրյա լրատվության և, իհարկե, առաջին հերթին մեզանում վիրուսի «վարքագծի» մասին ոչ մխիթարական տեղեկությունների ներգործությամբ գնալով աճում էր…
Ծանր, ճնշող մտածումներով, կասկածով ու անորոշությամբ լի դժվարին մի շաբաթ մնաց ետևում. ինչքան էլ իրար հորդորում ու հուսադրում էինք, թե կարանտինի մեջ ժամանակը ընթերցանությամբ ու լավ ֆիլմեր դիտելով կլցնենք, դեռ որ չէր ստացվում: Այդ օրերին, կյանքումս առաջին անգամ, սկսել էի մտածել, հասկանալ, թե ի՛նչ կարևոր է մարդ արարածի համար ընկեր-ծանոթներին հանդիպելիս ողջույնի սովորական ձեռքսեղմումը, հարազատների հետ ջերմորեն ողջագուրվելը, ի՛նչ լավ բան է մտերիմների հետ հանդիպելն ու դեսից-դենից զրուցելը, սրճելն ու մի-մի բաժակ խմելը, որքա՛ն հաճելի ու անհրաժեշտ է երբեմն, թեկուզ մենակ, քո սիրած վայրերում զբոսնելը… Ծանր տարա, երբ եկավ Ջուլյանիկին` անուշիկ իմ թոռնիկին, այցելելու օրը (մենք հանդիպման մեր օրերն ունենք), ու պարզվեց… տանը պիտի մնամ, Ռայկոմից Մասիվ հասնելու իրավունք չունեմ: Իսկ սիրելի քրոջս ծննդյան օրը հեռախոսով շնորհավորելուց հետո, ինքս ինձ հետ երկար տալով-առնելով` ի վերջո որոշեցի, որ` չէ՛, անկախ ամեն ինչից, մեղք է ընդամենը երկու-երեք կանգառ հեռու գտնվող իր տանը այդ օրով նրան մենակ թողնելը… Այսպես, երբ կյանքումս առաջին անգամ տեսած կարանտինի մեջ անվերապահորեն համոզվել էի, որ դաժան, բայց և հանճարեղ մեկն է եղել նա, ով մարդկության ճանապարհի` չգիտեմ որ հատվածում մտածել, առաջարկել է հանցագործների համար պատժամիջոց սահմանել ազատազրկումը, համացանցում մի հրապարակում ընկավ աչքովս, որը նախ շատ հետաքրքրեց, իսկ հետո պարզապես եկավ ինձ կողմնորոշելու` ինչպես հնարավորինս հեշտ ու նաև օգտակար տանել ինքնամեկուսացումը: Պարզվեց, որ գիտական մի շարք նշանավոր հայտնագործություններ, գրականության, արվեստի նշանավոր գործեր ինքնամեկուսացման արդյունք են: Օրինակ, Շեքսպիրը «Լիր արքան» ու «Մակբեթը» գրել է 17-րդ դարասկզբին, երբ բուբոնային ժանտախտի պատճառով լոնդոնյան բոլոր թատրոնները փակվել էին: Իսկ Բոկաչչոն վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը` «Դեկամերոնը», ստեղծել է 1348-ին, երբ անձամբ ինքն էլ տուժել էր բռնկված ժանտախտից: Հիվանդության սկզբում փախել է Ֆլորենցիայից ու թաքնվելով Տոսկանայի ծայրամասում` ստեղծել իր նշանավոր գիրքը: Պուշկինի հանրահայտ Բոլդինյան աշունը` բանաստեղծի ստեղծագործական կյանքի ամենաարգասավոր շրջանը ևս ստիպողական ինքնամեկուսացման հետևանք է. 1830-ի աշնանը, Ռուսաստանում բռնկված խոլերայի համաճարակի պատճառով, մեծ բանաստեղծն ստիպված է եղել ինքնամեկուսանալ, և Բոլդինոյի կալվածքում անցկացրած երեք ամիսները գլուխգործոցներ են պարգևել ռուս և համաշխարհային գրականությանը («Եվգենի Օնեգին», «Բելկինի վիպակներ», «Փոքր ողբերգություններ», «Տնակ Կոլոմնայում», մոտ 35 բանաստեղծություն): Հոդվածում տպավորիչ օրինակներ էին բերված գիտության, կերպարվեստի ու այլ ոլորտների վերաբերյալ նաև, բայց էլ չշարունակեմ, կարծում եմ` ասվածից գուշակեցիք, թե խոսքս ո՛ւր եմ տանում: Այո՛, հնարավորինս արագ կենտրոնանալ ու գրասեղանի առաջ «նստեցնել» ինձ, իհարկե, առանց մեծերի հետ «ոտք գցելու» անգամ ամենահեռավոր հույսի ու հավակնության, բայց արդեն քանի օր իմ մեջ իրար խառնված անորոշությունն ու ձանձրույթը, տագնապն ու լարվածությունը ցրելու նրանց մեթոդի արդյունավետության վրա լիովին վստահ: Մի պահ անկեղծորեն նախանձեցի արձակագիր ընկերներիս. Ջեկ Լոնդոնը իզուր չի ասել. «Մուսան հատկապես բանաստեղծներին է պետք, արձակագիրը պիտի, դագանակն առած, ընկնի ներշնչանքի ետևից»: Այո՛, երևի արձակ կարելի է և ամեն օր, տարբեր ժամերի ու որոշ դադարներով գրել, ժանրի ներկայացուցիչներն ասում են, որ ներշնչանքն ընթացքում, վաղ թե ուշ, հայտնվում է: Բայց ամեն օր բանաստեղծություն գրել, իհարկե, հնարավոր չէ. այստեղ շատ կարևոր է ներշնչանքի հանկարծակի բռնկումը: Որևէ ազդակ, խթան, շարժառիթ է պետք, որոշակի տրամադրություն ու հոգեվիճակ, որն, ինչպես ասում են, «մեջդ մի բան շարժի»: Չգիտեմ, ինձ մոտ որ այդպես է: Հիշեցի Աննա Ախմատովայի բանաստեղծությունը, որը ժամանակին թարգմանել եմ.
Հարկավո՛ր չէ բնավ ինձ զորք ներբողական,
Պե՛տք չեն երազային հղացումներ թովիչ.
Բանաստեղծության մեջ, ըստ իս, պիտի միայն
Հանկարծ ու անպատեհ կատարվի ամեն ինչ:
Ու… միտքս պայծառացավ մեկեն. իսկ գուցե եկե՞լ է ժամանակը, որ վերջապես իրականացնեմ ռուս հրաշալի բանաստեղծուհուց` սիրո անզուգական երգչից, հայերեն ամփոփ մի ժողովածու պատրաստելու իմ վաղեմի ցանկությունը: Բանաստեղծուհի, որ շատ հոգեհարազատ է ինձ, ով առանձնահատուկ սեր է տածել Հայաստանի ու հայ պոեզիայի հանդեպ, Չարենց ու Վարուժան, Իսահակյան ու Տերյան թարգմանել… Տարբեր առիթներով, ըստ տրամադրության, նրանից որոշ գործեր թարգմանել եմ, բայց հիմա երևի տեղն ու ժամանակն է կենտրոնանալ ու ամբողջովին նրան «հայերեն խոսեցնելու» գործին տրվել, որքան էլ դա շատ դժվարին, խիստ պատասխանատու խնդիր է: Հենց ինքն է իր բանաստեղծությունների մասին գրել` «Դուք աշխարհի ոչ մի լեզվով չթարգմանվող»: Բայց, միևնույն է, այդ հրաշալի բանաստեղծությունները պիտի հնարավորինս հայացնել…
Այս ամենն, իհարկե, չէի գրի, եթե փորձս անհաջողության մատնված լիներ: Չէ՛, բարեբախտաբար, թեև` նախ դժվարությամբ, բայց հետո մի տեսակ կարոտով, վերադարձա Ախմատովայի պոետական աշխարհ ու այնպես հաճույքով անցա հատկապես վերջին տարիներին ինձ առավել ձգող թարգմանական աշխատանքին, որ գրեթե չզգացի` կարանտինի մնացյալ օրերն ինչպես անցան: Անցած մոտ երկու ամսվա ընթացքում կարողացա անել, երևի, շատ ավելին, քան սովորական պայմաններում կհասցնեի հազիվ մեկ տարում: Հիմա իմ պատկերացրած ժողովածուն գրեթե պատրաստ է, բայց այդ «գրեթեն» շատ բան է նշանակում. բնավորությանս համաձայն` դեռ էլի ու էլի պիտի անցնեմ յուրաքանչյուր բանաստեղծության վրայով, հղկեմ ու շտկեմ այնքան, մինչև հերթական ընթերցման ժամանակ թվա, որ դրանք հենց հայերեն են գրված: Առհասարակ, և՛ հաճելի, և՛ տանջալի մի ընթացք է թարգմանական աշխատանքը (հատկապես պոեզիայի), ավելի ճիշտ` բերկրալի տանջանք, որի ժամանակ կարծես նորից ու կրկին սիրահարվում ես հայոց լեզվին, թերևս, ավելի շատ զգում, գնահատում նրա ճկունությունն ու հարստությունը, քան սեփական բանաստեղծությունները գրելիս: Շնորհակալ եմ, իհարկե, «Գրական թերթին», որ այս ընթացքում ընդարձակ մի շարք տպագրեց նոր թարգմանություններից, Սիլվա Յուզբաշյանին, որ իր հրաշալի մատուցմամբ մի փունջ ներկայացրեց Հանրային ռադիոյի «Պոեզիա» ծրագրում, և, անշուշտ, ֆեյսբուքյան իմ այն ընկերներին, որոնք ջերմորեն արձագանքեցին այդ հրապարակումներին: Ես համոզվեցի, որ գրքին արդեն սպասողներ կան: Իսկ արտակարգ դրությունն ահա էլի մեկ ամսով երկարաձգեցին, բայց մխիթարական բան կա. մայիսի 18-ից տրանսպորտն արդեն կսկսի աշխատել, ու կյանքն, անշուշտ, որոշակիորեն կաշխուժանա…
Հիմա ի՛նչ, իմ դիրքերից շնորհակալությո՞ւն հայտնեմ ողջ աշխարհն իրար խառնած թագավարակին: Չհայտնելն ազնիվ չի լինի երևի, բայց և իսկույնևեթ ողջ հոգով մաղթում եմ, որ այդ անիծյալը հնարավորինս շուտ հեռանա, հանգիստ թողնի մեզ, ու բոլորս վերադառնանք բնականոն կյանք, որ ամենօրյա լուրերն այլևս չսկսվեն չարաբաստիկ թվերի հրապարակումով, փողոցներում ու խանութներում չտեսնենք դիմակավոր, ուրվականներ հիշեցնող մարդկանց, որ, ի վերջո, ազատ ու անկաշկանդ բարևենք ու ժպտանք իրարու, առաջվա պես ողջագուրվել, գրկախառնվել, համբուրվել կարողանանք…
Ե՞րբ կգա երանելի այդ օրը: Տարբեր գուշակություններ են անում. մինչև աշուն… մեկ տարի հետո… անգամ` հինգ տարի անց… Ասում են նաև, որ այդ ամենը չափազանցված է ու ինչ-որ մութ ուժերի դավադիր ծրագրի մասն է կազմում, թեև, ըստ իս, դժվար է հավատալ, որ ամբողջ աշխարհը, խոշոր տերություններն` իրենց ղեկավարներով հանդերձ, կարող են կամովի, այդպես համերաշխորեն ինչ-որ խաբեության տրվել կամ նենգ դավադրություն հանդուրժել իրենց հանդեպ: Չէ՛, ավելի կասկածելին, երևի, հենց այդ լուրերի տարածումն է: Դա շատ վտանգավոր է նաև, որովհետև մարդիկ, կարծես թե, կորցնում են զգոնությունն ու անլուրջ վերաբերվում վտանգին, ինչպես հարկն է` չեն պահպանում արտակարգ դրությամբ սահմանված կանոնները:
Հուսանք ու հավատանք, որ ճիշտ դուրս կգա առաջին գուշակությունը (բայց առանց զգոնությունը կորցնելու), ու մեր այս կորսված, հարամված գարնան փոխարեն մի հրաշալի, ոսկեղեն աշուն կկարողանանք վայելել: ԱՄԵՆ: