Նորեկ  ԳԱՍՊԱՐՅԱՆ/ԱՂԵՏ

ԵՐԿԻՐ բերող ճանապարհը գալիս, դեմ է առնում թուրքին:

ԵՐԿՐԻՑ տանող ճանապարհը գնում, դեմ է առնում թուրքին: Փակ է: Բաց դուռ չկա: Ո՛չ առաջ, ո՛չ ետ: Ո՛չ  եկող, ո՛չ  գնացող: Ժամանակը կանգ է առել, լճացել, հոտում է: Թուրքը քրքջում է, ծաղրում, ոտնահարում է: Նորությո՞ւն է: Զարմանո՞ւմ եք: Հայրս, օրինակի համար, նման դեպքերում ուշունց էր տալիս, ջիգարով, պինդ, բաց, դատարկ տեղ չթողնելով: Խորհուրդ եմ տալիս: Ճիշտ է, ինձ մոտ համարյա չի ստացվում, բայց գոնե ժամանակավոր օգնում է:

Չկա: Չասեմ՝ ինչ: Մոռացել ենք նայել մարդկանց աչքերին: Ձեռքի տոպրակն անընդհատ մղվում է առաջին պլան: Եվ հարցերը՝ ի՞նչ, որտեղի՞ց, ե՞րբ: Հերթերը երկա՞ր են… Եվ ամենաօգտագործվող ու ժամանակակից բառերը՝ ճանապարհ, բանկոմատ, սմետան, մածուն, պոմիդոր, շաքարավազ, ձեթ, հաց, Կարմիր խաչ… Մի՞թե տխուր չէ: Ուշունց տվեք: Ուղարկեք տարբեր ուղղություններով: Հասցեն գերազանց գիտեք: Հաստատ, երկուսից մեկը տեղ է հասնելու: Դեռ զոհերից ու վիրավորներից չեմ խոսում: Եվ դա՝ առանց հրադադարը վտանգի տակ դնելու: Մեր խաղաղապահ ընկերներն էլ մտահոգվելու  կամ անհանգստանալու կարիք չեն ունենա: Ինչպես ընդունված է ասել՝ խաղաղ բնակիչ, խաղաղ ուշունց: Թեպետ, շատ հնարավոր է, դրանց լրատվամիջոցները աղաղակեն աշխարհով մեկ, որ, օրինակի համար, ստեփանակերտցի վարպետ Մանվելը ինչ-որ աննկարագրելի, անտեսանելի, մահաբեր, զանգվածային ոչնչացման զենք է օգտագործել: Այդ զենքն էլ միայն մարդուն է վնասում՝ ոչ մի հետք չթողնելով շրջակա միջավայրի, կատուների, շների, առնետների, մի խոսքով՝ ամբողջ կենդանական աշխարհի վրա:

Պատկերացնում եք, չէ՞, միանգամից մի քանի հազար ուշունց տարբեր ուղղություններից՝ շենքերից, բակերից, փողոցներից, դատարկ խանութներից  ու շուկաներից, օրը մի քանի անգամ, առանց ընդմիջումների…  Թաքցնելու բան չկա, դրա փորձն ունենք ու, բնականաբար, լավ էլ  մարզավիճակում  ենք:  Նույնիսկ կարող ենք մտածել դրա հավաքական գլուխգործոցների արարման մասին:

Էն մյուս աշխարհը, ինչքան էլ փորձի փակել աչքերը, գերազանց գիտի, որ ես այստեղ եմ ծնվել, և իմ երկրի անունը Արցախի Հանրապետություն է, որ հայրս էլ է ծնվել այստեղ, պապս էլ, հորս պապն էլ, պապիս պապն էլ… Աշոտ, Մարտիրոս, Առաքել… Պետրոս…  Իսահակ…

Հայրս տուն է շինել, պապս կոլխոզ է ղեկավարել, պապիս հայրը Ամարասի հովիտն է զարդարել թթենիներով… Պահել-պաշտել ենք ԵՐԿԻՐԸ: Այստեղ ես գիտեմ ամեն քարի, թփի, աղբյուրի ու ծառի տեղը, անուն առ անուն ճանաչում եմ բոլորին, լսում եմ ամենահեռավոր գյուղում ծնվածի ճիչը, զգում եմ յուրաքանչյուրի ցավն ու ուրախությունը, ամեն վանքում աղոթել եմ, ամեն ամրոցում հանդիպել եմ նախնիներիս, Տիգրանակերտում ու Հանդաբերդում զորացել եմ, Ծար և Լև գյուղերում՝ մաքրվել, Ծիծեռնավանքում՝ իմաստնացել, Դիզափայտում՝ հանդիպել ինքս ինձ… Գոմշասարում՝ հաղթել…

Սա իմ ԵՐԿԻՐՆ է… Մի քանի հազար տարեկան, ինձ շնորհվածը… Տերն ինձ արարել է այստեղ և՝ ապրիր, ասել է, ինչ չեմ հասցրել անել, դա  արա՝  հանձնարարել է, ինչ մոռացել եմ,  ստեղծիր՝ պատվիրել է…

Եվ ես եմ այստեղ որոշում կայացնող, ընտրություն կատարողը, ոչ մեկը՝ իմ փոխարեն, ոչ մեկը՝ առանց ինձ: Խորհուրդ չեմ տալիս անտեսել ինքնորոշման իմ իրավունքը, կասկածի տակ դնել ապրելու ցանկությունս…

Չասեք՝ էլի իրականն ու անիրականը խառնեց իրար, ազատություն տվեց զգացմունքներին, գնաց, մոլորվեց անցյալի թավուտներում, կորցրեց ինքնատիրապետումը: Ես գիտեմ՝ ինչ եմ ասում և ինչու եմ ասում: Եվ, ամենակարևորը՝ երբ եմ ասում:

ԵՐԿԻՐ  բերող  միակ ճանապարհը գալիս, դեմ է առնում թուրքին…

Հերթեր… վիրավորանք… հրմշտվող արժանապատվություն… խորհուրդներ հեռուներից, դիմանալու, դիմադրելու կոչեր, նաև՝ բաժանարար գծեր… Սիրիր մերձավորիդ… Ո՞վ է հետևում պատվիրաններին:

Ճանապարհը գնում, դեմ է առնում ատելությանը…

Սպիտակասև մառախուղ է, քաշաթուխպ… լցված փողոցներն ու հրապարակները, բակերն ու տները, տաճարների ու վանքերի վրա… Երևացողը  միայն  ու  միայն  ԽԱՉՆ  է…

Հայր մե՜ր…  Ոչ միայն…

Երբեմնի թոնրահացաբույր մեր շեներում ծիծաղը պակասել է: Անահիտ տատս, ով երբեք պարապ բառ չէր օգտագործում, փափուկ ժպտում է՝ լա՜վ է լինելու…

Նեմեցի ֆրոնտում մնացած Ռուբեն պապս՝ հանկարծ չհանձնվես…

Համարյա հարյուր տարի իր ներկայությամբ  կյանքը գեղեցկացրած Իսահակ դային՝ մեռնելը կա ու կա, ապրել է պետք…

Եվ գյուղի ամենաուշունցատուն՝ Երվանդ ամին՝ քո ուշունցը դու պիտի տաս… պատկերացնո՞ւմ ես քո փոխարեն մեկ ուրիշը ուշունց տա…  օրինակի համար, ասի՝ Երվանդը քո…  Չե՞ն ասի, բա Երվանդին  ի՞նչ  է  եղել,  կարողա՞  մեռել  է…

Հիմա միասի՞ն ենք: Կողք կողքի: Իրար հետ: Նույն գաղափարի իշխանության ու հրամանի տակ:

Իսկ թուրքը շարունակում է առևանգել մեզ: Պատկերացնո՞ւմ եք, հենց Կարմիր խաչից…

Ճանապարհիդ հետ չխորհրդակցեցիր՝ տեղ չես հասնելու…

Մենք մերժել էինք ԵՐԿՐԻՑ հրաժարվելու և սպանվելու հրամանը…

Հիմա էլ…

Հաղթողը պարտվողի հետ չի բանակցում… Նա դրա կարիքը չունի: Բանակցի որ՝ ի՞նչ… Պայմանավորվենք՝ ե՞րբ ենք կանգնելու գնդակահարության պատի տակ: Ուրիշ բան հնարավո՞ր է, բանականությանը գոնե մի քիչ մոտ:

Երբ սովետական Ստեփանակերտում, 67-ին, սովետական ժողովուրդը  դժոխքի ծոցն ուղարկեց 8-ամյա Նելսոնին հոշոտողներին,  Շուշիի մեր թուրք հարևանը, ով երբեք գոնե ձևական  չէր  պատասխանում  մեր  բարևին,  ծեծեց  մեր  տան դուռը.-

-Ուստա՛ Աբո, բան չկա, ուղղակի եկել եմ ասեմ, եկել եմ ասեմ, որ մենք, որ մենք եղբայրներ ենք, բարեկամներ, հարևաններ…

Եվ դրա գնալուց հետո հիշում եմ հորս ծիծաղը.

-Շանտղան շալվարը լըցալա, տեռալ պարիկամ… հի՞նչ կասիս, տու ըսեցիր, յիսել քեզ հըվըտեցե…

Հիսունվեց տարի է անցել, և ես միայն հիմա եմ հասկանում, որ թուրքը եկել էր բանակցելու… ինքը, մեր բակում, մեր տարածքում: Եկել էր հանձնվելու…

Դուք դեռ զարմանո՞ւմ եք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։