Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի հարցում համբերատար կլինի մինչև որոշակի պահը: Սակայն, ըստ երևույթին, համբերություն կոչվածը թուրքերի մոտ արտահայտվում է ձախողությունների տենդով՝ ստիպելով նորանոր արկածախնդրությունների դիմել: Թեև Մյունխենում և Ժնևում Սիրիայի աջակցության խմբի կողմից Սիրիայում հրադադարի ու լարվածության թուլացման հարցի քննարկման մասնակիցներին, ներառյալ Թուրքիան, առաջարկվել էր գործել հիմնականում այդ ուղղությամբ, Թուրքիան շարունակում է շրջանցել խաղի ընդունված կանոնները՝ ենթարկվելով միայն իրեն հասկանալի և իր շահը հետապնդող տրամաբանությանը: Փետրվարի սկզբից թուրքական հեռահար հրետանին սկսեց գնդակոծել Սիրիայի տարածքը, մասնավորապես հարվածներ հասցնելով քրդերին, ովքեր Սիրիայի հյուսիսում կառավարական զորքերի հետ պայքար են մղում իսլամիստների դեմ: Անկարայի հիստերիան սրվեց, երբ քրդական ուժերին հաջողվեց գրոհայիններին դուրս քշել Հալեպի շրջանում գտնվող` թուրք-սիրիական սահմանից 8կմ հեռավորության վրա տեղակայված Ազաս քաղաքից ու Միննեխի օդանավակայանը ազատագրել: Ինչպես նշում է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը, «Թուրքիան վախենում է, որ Սիրիայի քրդերը թուրքական սահմանին ինքնավարություն կստեղծեն, իրենց օրինակով ոգեշնչելով նաև Թուրքիայի քրդերին»: Սակայն, ըստ վարչապետ Դավութօղլիի. «Մենք թույլ չենք տա, որ Ազասն ընկնի: Քրդական ժողովրդավարական միություն կուսակցությունը չի հասնի Եփրատի արևմտյան ափ և Աֆրինից արևելք: Մենք հետքայլ չենք անելու»: Դավութօղլիի կարծիքով՝ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած քայլ ձեռնարկել՝ իր անվտանգությունն ապահովելու համար»: Անկարան ոչ միայն մտադիր չէ դադարեցնել ռմբակոծությունները, այլև ցամաքային ներխուժման ծրագրեր է մշակում, միաժամանակ գիտակցելով, որ այդ դեպքում հակամարտության մեջ կմտնի քուրդ զինյալներին աջակցող Ռուսաստանի հետ, բարկացնելով նաև ԱՄՆ-ին, որը քրդերին ընկալում է որպես ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջոց: Թուրքիան ստիպված է դաշնակիցներ փնտրել, կոչ անելով Սիրիայում ցամաքային գործողություններ սկսել, զուգահեռ քարոզարշավ մղելով ոչ միայն Ռուսաստանի, այլև մտերիմ դաշնակից ԱՄՆ-ի դեմ: Բացառված չէ, որ փակուղում հայտնված թուրք նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հակառակ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, սեփական ռազմարշավ սկսի տարածաշրջանում, ինչն անպայմանորեն կհանգեցնի սիրիական հակամարտության աղետալի ընդլայնմանը: Թեև, ավելի վաղ, թուրքական Sabah-ը ռազմական աղբյուրների հղումով գրել էր, որ Թուրքիան չի պատրաստվում Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել, իրականում Անկարան վաղուց է այդ գործողություններն սկսել՝ համակողմանիորեն աջակցելով իսլամիստներին և ռմբահարելով քրդական հենակետերը: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Guardian-ը, առնվազն 500 գրոհայիններ Թուրքիայի տարածքով հատել են Բաբ էս Սալամ անցագրային կետն ու շարժվել դեպի սիրիական Ազաս քաղաք: Բրիտանական պարբերականը հայտնում է, որ ավելի վաղ 350 զինյալներ թուրք-սիրիական հատվածը հատել են Ատմե անցակետի մոտակայքում: Գրոհայինների հիմնական նպատակը քրդերի դեմ պայքարում ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելն է: Ակնհայտ է, որ քրդական հարցն իր օրակարգից վերացնելու մարմաջը Թուրքիային կարող է էլ ավելի անհավանական արկածախնդրությունների մղել: Գոնե այսօր այդ պայքարի հոգեբանությամբ է պայմանավորված թուրքական քաղաքականության ողջ բովանդակությունը: Սակայն հակամարտության պարագայում բումերանգի հատկանիշները շարունակում են կենսական լինել, ինչի վկայությունը Թուրքիայում իրականացված ահաբեկչություններն են, մասնավորապես՝ Անկարայի ահաբեկչությունը, որ 28 մարդու կյանք խլեց: Զարմանալիորեն հրթիռային արագությամբ պարզվեց մահապարտի ինքնությունը: Ահաբեկիչը եղել է Սիրիայի քաղաքացի Սալիհ Նեջարը` քրդաբնակ Հասաք բնակավայրից: Նրա ինքնությունը բացահայտվել է մարմնի մնացորդների ու մատնահետքի միջոցով: Մատնահետքը վերցրել էին ահաբեկչի սիրիացի փախստականների հետ Թուրքիա մտնելու ժամանակ: Իսկ գուցե փախստականների հետ չէ, այլ ահաբեկիչների Թուրքիա մտնելու պահին, չէ՞ որ Թուրքիայում իսլամիստներն ավելի ազատ են տեղաշարժվում, քան փախստականները: Կասկածելի է նաև ոստիկանության այդօրինակ օպերատիվությունը ինքն իրեն պայթեցրած մահապարտի պարագայում: Քրդերը փորձում են հերքել, թե իրենք են եղել Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների հետևում, հայտարարել, որ Անկարայի պայթյունը նման է նախկինում ԻՊ խմբավորման կողմից իրականացված գործողություններին, թեև ըստ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի, քրդական «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, ինչը դեռևս կասկածելի է, քանի որ երկրի իշխանություններն ուշացնում են այս հայտարարությանն արձագանքել: Անկախ հետագա իրադարձություններից, անքննարկելի է, որ թուրքերի հոգեբանության պրոյեկիցիայում այսուհետ ամեն ոք, նույնիսկ այլմոլորակայինները, քրդեր են թվալու, որոնցից պետք է զգուշանալ և որոնց պետք է ոչնչացնել: Թուրքերի համար գոնե այս պահին ու մոտ ապագայում այլ իրականություն չի նշմարվում:
Կարդալ նաեւ․․․
ԻՆՉՈ՞Ի ՀՈՒՍԵՅՆԸ, ՄՈՒԲԱՐԱՔԸ, ԱՍԱԴԸ ԵՎ ՈՉ՝ ԱԼԻԵՎԸ… / Սամվել ԿՈՍՅԱՆ
Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել հակահայկական և ռազմատենչ հայտարարություններով,…
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Գերմանիան, Եվրամիությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը միանգամից արձագանքեցին ադրբեջանական իշխանությունների կողմից իրավապաշտպան…
Մուղամ սիրելը արյան կանչ է Արմենուհի ՍԻՍՅԱՆ
Էլ ինչո՞ւ պետք է օտարը գիտենա, թե որն է քո…