2022 թվականն այնքան էլ բարի և ուրախ զգացողություններ չի թողել հոգուս մեջ, դժբախտաբար։ Մեր երկրի լարված ու անհանգստություններով լի իրավիճակը, մեր ոխերիմ հարևանների պարբերական հարձակումները և սահմանների խախտումները, առավել ևս՝ ներխուժումը մեր ինքնիշխան երկրի տարածք, մեր բազմաթիվ զինվորների, այդ թվում և կանանց նահատակությունը, Արցախի շրջափակումը, գազազրկումն ու Հայաստանի հետ միա՛կ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, և էլի շատ հոգի բզկտող ողբերգական իրողությունների դեմ կարծես խամրում են այն մեծ կամ փոքր ուրախ իրադարձությունները, որպիսիք, իհարկե, եղել են անցնող տարվա ընթացքում։ Այդպիսի իրադարձություններից են թոռնուհուս ընդունվելը Երևանի պետական համալսարան, իմ մանկական՝ «Գրեթե իրական հեքիաթներ» գրքիս հրատարակումը, գրական գործունեությանս նվիրված մի քանի գեղեցիկ կազմակերպված միջոցառումները, ավագ դստերս և երկու թոռներիս հետ Անգլիա այցելելը և այլն, սակայն, մեծ հաշվով, տարին լեցուն է եղել տագնապներով ու անհանգստություններով։
Ի՞նչ սպասելիքներ ունեմ նոր՝ 2023 թվականից. սպասելիքներ չեն, ավելի շուտ՝ երազում և աղոթում եմ, որ եկող տարում թշնամին վերջնականապես ետ քաշվի մեր սահմաններից, ու կայուն խաղաղություն տիրի մեր երկրում, որ Արցախը կարողանա ազատվել Ադրբեջանի ճիրաններից, որ ոչ մի զինվոր չզոհվի, որ իմ ընտանիքն ու հարազատները առողջ ու երջանիկ լինեն, որ մենք բոլորս ազատագրվենք տագնապներից ու գիշերները հանգիստ քնենք, առավոտները պայծառ տրամադրությամբ արթնանանք ու նվիրվենք մեր առօրյա աշխատանքին…