Նոնա Պողոսյան

Ձեր հետգրության մեջ մի օր,
ես գիտեմ,
Դուք կավելացնեք ուշացած մի բառ,
Ու բոլորից թաքուն,
աննկատ մի տեղ
Կխոստովանեք,
Որ սիրել եք ինձ, որ շա՜տ եք սիրել…

 

Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը։ ՀԳՄ վարչությունը ցավակցում է գրողի ընտանիքին, հարազատներին, ընթերցողներին…

 

***
Հայ գրականությունն իր դարավոր պատմության մեջ հարուստ է բանաստեղծուհիների անուններով: Այսօր գրում են շատերը, ինչպես Ավետարանն է ասում. «Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»: Նոնա Պողոսյանը ընտրվել է, որովհետև նրա անցած ուղին բոլորովին նման չէ ուրիշների անցած ճանապարհին: Նա զինվորական կոչում ունի՝ ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է ու մասնագիտությամբ էլ՝ կիբեռնետիկ: Սակայն նրա մասնագիտական աճը տեղափոխվել է ուրիշ բնագավառներ. Մոսկվայում հմտացել է ռուսերենի ու գերմաներենի մեջ, հանգամանք, որը կարևոր է՝ ապահովելու գրողի աշխարհայացքի լայնացումը ուրիշ լեզուներով՝ այլ մշակույթներին մոտիկից ծանոթանալու համար: Նրա գրական լուրջ դրսևորումները լիովին կապվում են Հայաստանի նորանկախ հանրապետության և Արցախյան ազատամարտի ու ղարաբաղյան պրոբլեմի հետ, վերջինս՝ որպես դամոկլյան սուր կախվել է հայ ժողովրդի գլխին՝ խանգարելով անկախ հանրապետության բնականոն առաջընթացը: Բանաստեղծուհին հրատարակել է 6 ժողովածու՝ «Ձյունե աղոթք» (1992), «Միջօրեի ոտնաձայներ» (2006), «Անսրբագիր ներկայություն» (2010), «Ապրելու կանխավարկած» (2014), «Ժամկետանց լռություն», «Պատերազմական տարածքներ» (2017): Նոնա Պողոսյանը կին է, նաև զինվոր: Արդյոք Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» դյուցազներգության վերջերգ դարձած փափկասուն հայ տիկնա՞նց ազգանվեր ոգին է նրա հոգեկան աշխարհում, թե՞ հայ ֆիդայիների կողքին կանգնած Սոսե մայրիկի,- սա որոշակի որակ է նրա պոեզիայում: Նրա քնարերգությունը ներկայացնում է հայ կնոջ մարտական ոգին, երբ խնդիրը կապված է հայրենի հողի պաշտպանության հետ: Իմ խորին համոզմամբ, եթե որևէ ազգի կանայք անձնվեր են հայրենիքի շահերի խնդրում, ապա այդ ազգն ունի հարատևելու երաշխիքներ: Երեխային՝ տղա թե աղջիկ, հիմնականում դաստիարակում է մայրը, իսկ եթե մայրը հայրենասեր է, ապա անհնար է, որ որդին ու դուստրը հայրենասեր չլինեն: Նոնա Պողոսյանի պոեզիան հայրենասեր կնոջ պոեզիա է:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
14.12.2018

***
Այն, ինչի մասին խոսում է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը, լսելով լսել է պետք: Այսինքն՝ ասվածը մոտեցնել իրեն և ներսով անցկացնել է պետք: Բանաստեղծական խոսքով արարված իր միտքը հասկանալի դառնալու, բանաստեղծություն կոչված Աստվածային պարգևն արժևորելու համար այս տարբերակը, այս հնարավորությունն է առաջարկում Նոնա Պողոսյանը:
…Գալիս եմ.//Իմ միջով:// Գուցե նաև ձեր:// Ինչ որ ցանել եմ, այն էլ կհնձեք…
Ահա ապրումի պարզ ու անպաճույճ ներկայացում, որը, սակայն, ծնվել է կյանքում իր ետևից մաքուր ոտնահետքեր թողնելու խոհի հետ զուգահեռվելու ընթացքում: Այն ընթացքում, երբ ցավ-կրակի միջից զտվում, հանվում է մաքուր ոսկին` մաքուր ոտնահետքը:
Գնում եմ.
Իմ միջով:// Գիտեմ՝ նաև ձեր://Ճամփիս քարեր են ու լույսի խրձեր:
Մարդկության ուղին է այսպիսին՝ լի թե՛ քարերով, թե՛ լույսի խրձերով: Բանաստեղծուհու կյանքն էլ դրանից դուրս չէ: Այսինքն՝ նրա կյանքում էլ լավը զուգահեռվում է վատի հետ, չարը՝ բարու, հարթը՝ խորդուբորդի, լույսը՝ մութի, հեշտը՝ դժվարի, և այսպես շարունակ: Այսպես էլ անցնում է բանաստեղծուհին իր կյանքի ճանապարհը՝ աշխատելով իր բառի օգնությամբ պարզեցնել, հեշտացնել մարդկանց՝ իրար միջով անցնելու, ասել է թե` մերձավորին սիրելու գոյաձևը:

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
19.05.2017

***
Բանաստեղծության դյութանքը տիրում է ընթերցողին Նոնա Պողոսյանի գրքի էջերից, և բանաստեղծություն առ բանաստեղծություն ընթերցումը դառնում է ոչ միայն ինքնասույզ հայեցում իրականությունից դուրս գեղեցկության աշխարհում մենավորելու պատրանքով, այլև մտքի տոնական վերադարձ ճանաչելիի սահմաններում սեփական ուղիների խորհուրդը ապրելու նվիրումին:
Պատասխանատվություն և սեր, խոնարհում իդեալի առջև՝ բանաստեղծական ես-ի ներհատուկ հատկանիշներ, որոնք՝ որպես ես-ի գոյության կերպը որոշող կենսաուժ, պայմանավորում են նրա գործուն, բայց և ներարժեք ներկայությունը իրականության և իդեալայինի միջև: Նոնան տիեզերական հարցեր չի քննարկում, ընդհակառակը, խոսում է իր մասին, և բանաստեղծական կառույցի առանցքը ես-ն է, որն անգամ որոշակի անձնական-կենսագրական ուրվագիծ է արտացոլում:

Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
12.03.2017

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։