Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / Շեքսպիրի կերպարը հայ թատրոնում

Բախտիար Հովակիմյան - 1

Հայ և համաշխարհային դրամատուրգիայում, բնականաբար` նաև թատրոնում, որպես գործող անձեր, դուրս են բերված պատմական կոնկրետ դեմքերի կերպարներ (հասարակական, քաղաքական, ռազմական, հեղափոխական, հոգևոր, գրականության և արվեստի գործիչներ), որոնք հանդիսանում են բեմական ստեղծագործության շարժիչ ուժը:
Այդ երևույթի երկրորդ տեսակն էլ այն է, որ երբեմն թատերական գործիչները, հետապնդելով հատուկ գաղափարներ, առանձին պիեսների բեմադրություններում, սովորական գործող մեկ կամ մի քանի անձերի ներկայացնում են այս կամ այն հանրահայտ գործչի դիմապատկերով (իսկ հիմա որոշ դեպքերում հակառակն է արվում):
Հեռու չգնանք: 1908-ի Օսմանյան սահմանադրության տարին դեռ չլրացած (իբրև թե ազատություն էին տվել ազգային փոքրամասնություններին)՝ թուրքական բարբարոսները 1909-ին կազմակերպեցին Ադանայի հայերի կոտորածը: Ի նշան բողոքի` Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության դերասանական խումբը ներկայացրել է Ալ. Սումբատով-Յուժինի «Դավաճանություն» պիեսը, որտեղ բռնակալ Սուլեյման բեկի դերակատար Արշակ Հարությունյանը հանդես է եկել հայերի դահիճ Աբդուլ Համիդի նմանողությամբ:
Մի այլ օրինակ: Հայոց կամավորականների շրջանում, 1914-ի դեկտեմբերի 4-ին Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախումբը Նիկիտինների թատրոն-կրկեսում, Արմեն Արմենյանի բեմադրությամբ ներկայացրել է Ավ. Ահարոնյանի «Արցունքի հովիտը» պիեսը: Ի հիշատակ հայ ազատագրական շարժման հերոսների` գլխավոր գործող անձանց դերակատարները` Հովհաննես Զարիֆյանը Ասլանին ներկայացրել է Քրիստափոր Միքայելյանի դիմապատկերով, Արմեն Արմենյանը` Ասլանի ընկեր Սուրենին` Սիմոն Զավարյանի, իսկ Վահրամ Փափազյանը` Բաբկենին պատկերել է Նիկոլ Դումանի նմանողությամբ:
Իբրև շարունակություն այսպիսի մտահղացումների, բեմական կյանքում ասպարեզ է եկել նաև երրորդ ձևը: Այս նորաստեղծ գործող անձը եղել է հարյուրավոր կերպարներ ստեղծած Մեծն Շեքսպիրը: Մեզ հայտնի չէ` ուրիշ ժողովուրդների թատրոնի պատմության մեջ եղե՞լ են նման երևույթներ, թե՞ ոչ, բայց որ հայ թատերական գործիչները Շեքսպիրի պիեսների թարգմանությունների ու բեմադրությունների մեծ ավանդ ունեն, մեծ հարգանքով են անդրադարձել դեպի նրա անձը, չեղած տեղից կերպար են դարձրել ու բեմ բարձրացրել, դա մեր ժողովրդի տուրքն է:
Շեքսպիրի կերպարն առաջին անգամ բեմ հանելու պատմությունը կապված է Թբիլիսիի հայկական թատրոնի վաստակաշատ դերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Հարություն (Արտեմ) Բերոյանի անվան հետ: Շեքսպիրյան պիեսների բեմադրություններում մի շարք առաջնակարգ դերեր խաղացած Բերոյանը, միաժամանակ լինելով լավ դիմահարդար, 1920-ի նոյեմբերի 18-ին, Թիֆլիսի թատրոնի «Համլետ» ներկայացման մեջ, Լաերտի իր սովորական դերում, այդ օրը հանդես է եկել Շեքսպիրի դիմապատկերով:
Այս տեսակետից ոչ պակաս հետաքրքրական է նաև ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի նորամուծությունը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» կատակերգության բեմադրությունը նա նվիրել է պիեսի առաջին բեմադրող Վարդան Աճեմյանի հիշատակին: Հետևելով Աճեմյանի հնարամտությունների սկզբունքին` Ղազանչյանը փորձել է Ծաղրածուին խոսեցնել Աճեմյանի պատկերով, մեծ տիկնիկի միջոցով: Չի ստացվել: Միտքը պայծառացել է: Նա Ծաղրածուին (Ավո Խալաթյան) դուրս է բերել ձեռքին Շեքսպիրի նմանողությամբ (մեծ գլխով, փոքր մարմնով) մի միավորի, որը ներկայացնում է Շեքսպիրին Ծաղրածուի դերում: Շեքսպիրը խոսում է իր անունից և օրգանապես այնպես է շաղկապվում բեմադրության ընդհանուր գործողության հետ, ասես այդպես էլ գրվել է հեղինակի կողմից:
Երևույթը շատ հետաքրքիր է, հաճելի տպավորություն է թողնում հանդիսատեսի վրա և գրավում նրա համակրանքը:
Իրոք որ, չեղած տեղից Շեքսպիրի կերպարը բեմ հանելը գեղագիտական մեծ բովանդակություն ունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։