Գյուղամեջ: Կենտրոնում` շրջիկ թատրոն` իր ողջ «շքեղությամբ»: Էլեկտրական սյանը մի կերպ ամրացված բարձրախոսից առույգ երաժշտություն է տարածվում` հրապարակ բերելով ահել-ջահելների, տան գործը թողած, մի քանի րոպեով տնից դուրս պրծած հարս ու աղջիկների, երաժշտությունից ոգևորված երեխաների…
ԿԻՆ – (մոտենում է` վեր քշտած թևքերն ընթացքում իջեցնելով): Էս ի՞նչ ա… ինչի՞ եք հավաքվել…
Ա ՋԱՀԵԼ – Թատրոն են խաղալու:
ԿԻՆ – Ի՛… փողոցում թատրոն կխաղա՞ն:
Բ ՋԱՀԵԼ – Բա էլ որտե՞ղ…
ԿԻՆ – Ոնց թե` որտեղ… ասենք, ինչ եք տեսել, որ ինչ պահանջեք: (Հուշերի գիրկն ընկած:) Մեր ժամանակ էր, որ ակումբ կար… որ Հրաչը էկավ…
Բ ՋԱՀԵԼ – Ո՞ր Հրաչը… Հրաչօ՞ն, Սիրուշոյի հե՞րը…
Ա ՋԱՀԵԼ – Բա չէ` գրող Հրաչօն, էն, որ Ահնիձորիցն է…
ԿԻՆ – Վիյյ, ձեր անգրագետ գլուխը չհողեն ձեր ուսուցիչները… Հրաչյա Ներսիսյանը, էն որ գետի ափին կանգնած նայում ու նայում էր… «Ինչու է աղմկում գետը» տեսել եք, չէ՞… (Ջահելները սսկված գլխով են անում:) Ուրեմս, ինքը որ էկավ, ակումբում ասեղ գցելու տեղ չկար:
Ա ՋԱՀԵԼ – Չէ մի չէ` ու Հրաչյա Ներսիսյան… Էն էլ աստծո կողմից մոռացված մեր գյուղում:
ԿԻՆ – Սովետի ժամանակ սաղն էլ հավասար էին, ու Սունդուկյանի դերասանները պլանով Հայաստանի բոլոր գյուղերում անխտիր թատրոն պիտի խաղային: Բա՞… Թե չէ գիտես` ձեր ռաբիսները…
Ջահելներ – (միաբերան): Լավ էլի, մորքուր, ի՞նչ ես կպել…
Հնամաշ վարագույրի ետևից դուրս է գալիս գունաթափ թատերական հագուստով ծերացած դերասանը:
ԴԵՐԱՍԱՆ – (կոկորդը ախորժակով մաքրելով, կեղծ պաթոսով): Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…
Բազմության միջից – Արա, է՞ս ով ա…
Էրեխեք, ձեններդ կտրեք…
Կարո՞ղ ա, էսի ցիռկի կլոուն ա…
ԴԵՐԱՍԱՆ – (շուրջը նայելով, փորձում է հայացքով սաստել): Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…
Ա ԾԵՐՈՒՆԻ – Էդ ո՞ր Կարոն է, Հանեսե՞նց… Էդ չի մեռե՞լ…
Բ ԾԵՐՈՒՆԻ – Կարոն մեռնի` դու ուրախանաս… Հրեն` տղեն ռուսաստաններում երկրորդ գործարանն է սարքել:
ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ԾԵՐԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Թող իր գեղում սարքեր, էլի…
Ա ԾԵՐՈՒՆԻ – Հազար գործարան էլ սարքեն, սոված Հանեսի թոռները չե՞ն: Մոռացե՞լ ես, մի աշխօրի համար կռիվ էր սարքում:
ԴԵՐԱՍԱՆ – (փորձում է շփոթմունքը ցույց չտալ): Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…
Ա ԱՂՋԻԿ Ա – (ընկերուհուն): Մարո ասաց, Դեմի Մուրին հիշեցի… ախպերս նոր ֆիլմի DVD-ն է բերել:
Բ ԱՂՋԻԿ – Էն թրիլլե՞րը…
Ա ԱՂՋԻԿ – Չէ, սիրահարական ա… ընենց մի տեղ կա… (Ոգևորված ինչ-որ բան է շշնջում ընկերուհու ականջին:)
Բ ԱՂՋԻԿ – Էդ հո ակրոբատ պիտի լինի…
ԴԵՐԱՍԱՆ – (մի փոքր հուսահատ): Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…
Երեխաները նոսր շարքերի մեջ վազելով` դիպչում են ինքնաշեն բեմին: Բեմը երերում է, դերասանը կորցնում է հավասարակշռությունը:
ԴԵՐԱՍԱՆ – (քիչ զայրացած): Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…
Ա ԾԵՐՈՒՆԻ – Այտա, ի՞նչ ես էդ երկու բառի վրա տոռմուզ տալիս, է՜…
Բ ԾԵՐՈՒՆԻ – Էդքան է իմացածը` էդքանն է ասում, ավելին իմանար` հմի իրան տելևիզորով կտենայիր, սերիալում:
Ա ՋԱՀԵԼ – (կնոջը): Հետո էլ ասում ես` Հրա՜չ… թատրո՜ն… էս չի՞ էղածը:
ԿԻՆ – (կռվարար թևերը կանթում է կողքերին): Սա ձե՜ր թատրոնն է, մեր թատրոնի վախտն անցե՜լ ա…
Հայտնվում է զայրացկոտ մեկը` գյուղապետն է:
ԳՅՈՒՂԱՊԵՏ – Էլի հավքվա՞ք… էս ինչ ժողովուրդ է… Դուք գործ-բան չունե՞ք…
(Մեծահասակները արագ ցրվում են: Պատանիներին.) Արա, էլի դասից փախե՞լ եք… էրկուսը չհաշվեմ` ստուց մաքրված ըլնեք: (Նրանք դժկամ հեռանում են:)
ԴԵՐԱՍԱՆ – (հուսահատ): Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…
ԳՅՈՒՂԱՊԵՏ – Ախպեր, սխալ վախտ ես էկել, թատրոնդ փակի, ստուց դավայ… Մյուս անգամ նախ կգաս գրասենյակ… (բազմանշանակ)… ինչ-որ պետք ա, կխոսանք, հետո կխաղաս, կուզես` Կարո, կուզես` Մարո: (Գնում է:)
ԴԵՐԱՍԱՆ – (մոլորված նայում է ամայացած հրապարակին, վարագույրից ներս): Հավաքվեք, էստեղ էլ գործը չկպավ…