Ինձ հոգեհարազատ է թատերգության ժանրերի ամբողջ ծիածանն իր բոլոր գույների թավ և թափանցիկ փողփողումներով և տարահունար հյուսվածք-կառուցվածքներով: Առաջին իսկ առնչման պահից ամեն կարգի սահմանափակումներն անտեսելով, ես ակամայից սուզվում եմ նրանց ոգեղենում և երևակայությամբ հառնած կերպարների, բեմավիճակների ու դիպաշարի մտապատկերների տեսաժապավենը ինձ գերում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ ամենը արթմնի կամ երազում չեմ ոգեկոչել, բեմադրել:
Դերարարի շքեղ տաղանդի հրայրքով պայծառացված անմիջական ներգործության պոետիկ այս հրաշքը, զգայականն ու խոհականը խտացնելով ու շիկացնելով, պայթեցնում և ճոխ ու շռայլ ցոլացումներով հրավառվող բեմարվեստի ադամանդաշար թագն է արդյունավորում՝ բազմախորհուրդ դադարը, բեմարվեստի այն բարձրակետը, երբ հանդիսականը ակամա օտարվում է իր անշուք առօրյայից, երբ քար կտրած դահլիճի օդն անգամ անլուր-անմռունչ դողում-սարսռում ու պատումի գաղտնագիր ասելիքը աղոթքի պես շշնջում է յուրաքանչյուրի ներաշխարհին, այնտեղ տրոփող սրտին և հոգեմաքրում:
***
Բանաստեղծականությունը այն անդիմադրելի հմայքն ու մոգն է, որը բեմում ծավալվող թատերագրի անզարդ առաջադրվող հանգամանքներն անգամ երկրի ձգողական ուժից պոկում-ազատագրում է և ճոխ հմայք ու խորքային որակ շնորհում: Պոետականությունը ստեղծագործ ոգուն, բեմարվեստի պատումներին սերտաճած այն բաղադրիչն է, որը տարիների աշխատանքային ոչ այնքան նպաստավոր պայմանների առիթով շերտավորված մեղանչումներից ձեռբազատում և դրախտի արարչագործ անապական խորհուրդն է վերադարձնում:
* * *
Թատերական արվեստի սրբագործող ուժն ու կախարդանքը միայն այն դեպքում է արարչագործում, հոգևոր, գիտակցական ու ենթագիտակցական ներաշխարհ թափանցում, նրա մտածողության բարոյական որակն ու կենսաբեր ակունքը ազնըվացնում, երբ նորին սրբազնություն պոետականությունը երաշխավորված է:
* * *
Պոետականությունը այն աստվածարար քերթությունն է, որն ի զորու է բեմական պատումին ստեղծագործական բարձր ճշմարտության տարածք տրամադրել, բառում թաքնված աշխարհը (Հ.Թումանյան) բացել, գտնված ու կառուցված ռեժիսորական հունարին ու նրա ամբողջականությանը նրբաճաշակ երաժշտին վայել դիպուկ ու անշփոթ ռիթմ, տեմպ, ոգի հաղորդել, ձայնին ու նրա հնչերանգներին՝ համակող հմայք, դերարարներին՝ տաղանդի խիզախությանը վայել խորախորհուրդ՝ դադար, հանդիսականին՝ խռովահույզ ու հոգեպարար ալիքների ծփանք: Մինչդեռ այսօր նա վտարանդի է, նժդեհ: Ահա թե որն է մեր մեծ մասամբ խեղված կենսակերպի, հանդիսականի թատրոնից օտարվելու, ընթերցողին պոեզիային, գրքին անընտել ու անգամ խորթ դառնալու, ազգային թատրոնի դիմագիծը կորցնելու ու փոխելու տեղիքն ու պատճառը դառնալու: Պոեզիան բոլոր ժամանակներում եղել է բոլոր արվեստների մոլեռանդ երկրպագության կրոնը, ամենահզոր թովչանքն ու դյութանքը:
Արդար կլիներ, եթե այսօրվա բոլոր թատերական գործիչները կորցրածի ու չարվածի ու նաև մեղանչելով արվածի համար ծնրադիր ապաշխարեն Մելպոմեն աստվածուհու Մայր տաճարի առջև:
* * *
Թատրոնը բեմարվեստի ու պոետականության փոխներթափանցման, սերտաճման արդյունքն է՝ վեհի ու ազնիվի հավիտենապես հուսալի պահապանը, հրաշք մանուկը, որն աշխարհ գալու աստեղային պահին իր ճիչով խոհեմ ու իմաստավորված ապրելու խրատն ու հավերժությունն է ազդարարել:
Սակայն, ցավոք, բանաստեղծականության արժեքն ու դերը հաճախ է թերագնահատվում, երբեմն էլ, պարզապես անտեսվում, որի արդյունքով բեմական պատումը կորցնում է իր համակողականությունն ապահովագրող մեռոնն ու մյութոսը:
Տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրների թատրոններում դիտած ներկայացումների պոետականությունը չի եղել որ չափաբաժնից ավելին լինի, մինչդեռ թերացած կամ երբեմն էլ բացակայող՝ որքան ասես: Այս առիթով հաճախ եմ մտածել և ինքնայրումով գերված ոգորման մղվել, բացատրել, որ դրանով իսկ մենք ոտնահարում ենք բեմարվեստի հարատևման հզորագույն առհավատչյան, հետո էլ զարմանում, թե դիտասրահներն ի՞նչու են դատարկ, որ դա նույնն է, ինչ բարետեսությունն ու հմայքը կորցրած տարեց տիկնոջը հարգելու փոխարեն գեղեցկության մրցույթին ներկայացնել: Այսքանից հետո ո՞վ իրավունք կունենա բողոքելու, թե ինչո՞ւ բեմարվեստի ստեղծագործությունները՝ ներկայացումն ու բեմական կերպարը, գեղանկարչի ու քանդակագործի կտավին ու քանդակին, գրողի ու կոմպոզիտորի վեպին ու պոեմին հավասար ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ չեն համարվում: Սակայն և հասկացել, որ այս, ցավոք, համարյա հավիտենականացված անարդարության պատճառը պետք է մեր մեջ փնտրենք՝ պարզելու համար, թե դա ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ ու քանի՞ տեսակ մասնագիտական մեղանչումների, պատճառ-պարագաների խեղաթյուրման, անձնամոլության ախտի խաչմերման արդյունք է: Համոզվենք ու եզրակացության գանք:
* * *
Այս պահին մտածելով, սկսում եմ հիշել, որ բեմադրություն գոյավորելու ընթացքում ես միշտ շտապում եմ նախ բոլոր դերակատարների վարպետության որակը հնարավորինս բարձրացնել, ստեղծագործելու պատրաստականությունն աշխուժացնել՝ վստահ լինելու համար, որ իմ առաջադրած խնդիրները կկատարեն և, ընդհանուր մակարդակն ապահովագրելով, պոետականության անհրաժեշտ հագեցումն էլ տեղը բերել: Եվ եթե ինձ հաջողվում է ցանկացած մակարդակին հասցնել ու կայունացնել, ներկայացումն ինձ համար դառնում է բոլոր արվեստագետների ստեղծագործություններին համարժեք բեմական պատում:
* * *
Ներկայացման խոսքի հայեցի ոգին, նրա անապականը պետք է մատուցվի որպես ճոխ հանդես, ներաշխարհ թափանցող ու այնտեղ բնավորվող հավիտենական հմայք, անդուլ հպարտություն ու զորեղ մղումով դահլիճ առաքվող վայելք: Հիշենք՝ յուրաքանչյուր բառ շնչավոր էակ է՝ նրբազգաց ու խոցվող:
* * *
Տեմպո-ռիթմը տրոփող սրտի ու նրանում անթեղված խռովքի ու հույզերի բախումներ են՝ մերթ ցասումնալից ու խելահեղ, մոլեգին ու աղերսալից, գետի զուլալ ու վճիտ ջրերի պես հարահոս, նրա ստորջրյա թափանցիկ բնապատկերի պես արբեցնող: Խոսքի, ասելիքի հնչերանգային կառույցը՝ հստակ ու մայրենիի ոգուն հոգեհարազատ, ավարտուն:
Թռիչքայնությամբ ու անհրաժեշտ դըրվածքով ապահովված ձայները բեմական կերպարների մտքերն ու հույզերը, ներքին ապրումների կուտակումը, դերի հետագիծն ու խնդիրը բացահայտում և դիպուկ ու անշփոթ դահլիճ է առաքում:
Անդիմադրելի է հայեցի, մտավոր ու հոգևոր կշռույթը կլանած ձայնելևէջների արբեցնող մեղեդայնությունն ու արտահայտչականությունը, սահուն, ճկուն ու նըրբին անցումները և այս ամենի արդյունքով ակամա հառնող մտապատկերների ճոխությունը: Ասված է՝ լեզուն հոգեկերտվածքն ու արյունն է ազգի, հավիտենապես տրոփող կենդանի մարմինը, զարկերակը, բառը՝ մեր ոգեղենի բանալին: Նրա ազնիվ, նրբին ու առնական շեշտադրումները, հնչերանգների հարուստ փողփողումը, ենթաշերտերի անընդգրկելի առատությունը բեմական այն շռայլ պարգևներն են, որոնք արտիստի արժանավայել տիրապետման դեպքում փայլում են որպես կատարելության շնորհանդես:
Եվ ահա այստեղ է, որ ես շտապում էի նաև ավելացնել, որ թատրոնը հայրենանվեր հավատքի խորան է, հոգևոր և ոգեղեն արժանիքների ամբիոն-թրծարան, որի հնչեղ ձայնի խրոխտ, առնացի հնչերանգներն անգամ կոչ են անում, հորդորում վերջնականապես ու հրամայաբար ազատագրվել զոհի կարգավիճակի զգացումից ու բարդույթից և, փոխարենը, մեզ վայել արժանապատվությամբ հայ դատի արդար պահանջատիրությամբ տոգորվել:
* * *
Եթե հանճարեղ Կ. Ստանիսլավսկին բեմարվեստում վերապրումի ու ցուցադրումի դպրոցներն իրարից չզատեր, չպարզաբաներ ու աներկբայորեն չապացուցեր առաջինի անվերապահ առավելությունը, ապա կարելի էր չկասկածել, որ թատերական գործիչները, հանուն վերապրումի դպրոցի գերակայման, քարոզարշավ կկազմակերպեին, համարելով այն ոչ միայն իրենց արվեստի, այլ նաև երիտասարդ արվեստագետների ջինջ ու անապական հոգիներին հավատ ու կամք ներարկելու, բնավորություն կազմավորելու և ի վերջո արվեստագետ կայացնելու միակ ճշմարիտ ուղղությունն ու մեթոդը, կանաչ արահետը: Չպետք է մոռանալ, որ դաստիարակման ամենաանվրեպ ու արգասաբեր ընթացքը հոգևոր խառնարանով է անցնում:
Ի մասնավորի հիշեմ, որ ինստիտուտում աշխատելու բոլոր տարիներին ինձ հատուկ բավականություն է պատճառել ուսման երկրորդ կիսամյակից սկսած այս կամ այն ուսումնա-բեմադրական աշխատանքներում տեղ գտած կեղծի, գռեհիկի, անհունարի ու անզարդի, անգամ քիչ թե շատ անհավանականության նկատմամբ ուսանողի անվերապահորեն ժխտողական վերաբերմունքը: Եվ դա բնական է՝ չէ՞ որ մինչ այդ նա հասցրել է հասկանալ, որ իր ինքնաճանաչման ու ինքնագտնման անվերջանելի հայտնությունների ուղին վերապրումի դպրոցով է անցել, ապա միայն բաղձալին ճանաչելու և այն իրականացնելու վազքաթափը ձեռք բերել: Այսպես, շատ շուտով պարզվում ու համոզմունք է դառնում, որ արվեստագետ-դերարար և արվեստագետ-բեմադրիչ դաստիարակելու այնքան սպասված ու օրախնդիր դարձած թատերական-մանկավարժական ԳԻՏՈՒԹՅԱՆ հիմնադրման ու կատարելության համար ամենախոստումնալի հենակետն ու ելակետը, ծավալուն գործունեությանը նպաստող անկաշկանդ դաշտը բեմարվեստի վերապրումի ուղղությունն է ու նրա էությամբ ու ոգեղենով պայմանավորված մեթոդական համակարգը: Վերջին պարագայի կարևորությունը գերագնահատելն անգամ անհնար է: Եթե կուրսում ստեղծագործական մթնոլորտ չստեղծվի և յուրաքանչյուր պարապմունք բեմարվեստի ստեղծագործական ընթացքի հետ անմիջական առնչման ու մասնակցության առիթով ուսանողը նրա վայելքը չըմբոշխնի, համընդհանուր հիասթափությունն ու արվեստագետ կայացնելու հույսն ու հավատը ապարդյուն կդառնան:
* * *
Ինձ շատ են դուր գալիս նորամուտ արվեստի մտածողության արտածումները: Եվ ես հաճույքով եմ ընդունում հատկապես, երբ դրանք բեմարվեստի իմ համոզմունքներին և ընմռնումներին միագումարվելով, ոչ միայն չեն խոտորում նրանց հավանականությունն ու բանաստեղծականության չափաբաժինը, մարդու աննկատ մնացած հոգևոր շերտերն ու գրգիռները հայտածելու ունակությունը, բեմական ներքին ու արտաքին գործողությունների ազնիվ ընթացքը, այլ, ընդհակառակը, ճոխացնում:
* * *
Ոչ միայն հույզն ու միտքը անհրաժեշտորեն պետք է զուգորդված ու սերտաճած լինեն, այլև թատերգության ռիթմն ու էպիկական շունչը, դերարարական ու բեմադրական արվեստի պայմանականության և ռեալ կյանքի նրբին համադրությունը, մատուցման ձևի խոսուն թատերայնությունը: Այս առիթով, թեկուզ թռուցիկ, հիշենք նաև, որ յուրաքանչյուր ապագա ներկայացման բեմական տարածքային (նաև ծավալային) լուծումը, նրա գաղափարական հագեցվածությունը, խոհ ու հույզի շարժումն ու սկզբնավորումը, գաղափարական, զգացմունքային պրկումներն ու նրանց զսպանակված ուժը պետք է դառնան յուրաքանչյուր թատրոնի ու նրա թատերախմբի ստեղծագործական դիմագիծը վկայող այցետոմսը:
Անգամ կենցաղային, անզարդ բովանդակություն ունեցող պիեսը բեմադրելիս եթե անհրաժեշտորեն գտնեք նրա գեղեցիկը և պոեզիայի համակողականությամբ համեմելով, առաջադրվող հանգամանքներին ներհյուսեք՝ կհամոզվեք, որ նվազագույնս հաճելի բեմադրության վայելքն անխուսափելի կդառնա:
* * *
Բեմարվեստը, շնորհիվ բեմի ու դահլիճի անմիջական փոխներգործության, այս ըստ էության քանքարաթաքույց հրաշքի ու նրանով էլ պայմանավորված խոհերի ու հույզերի փոխներգործման, մարդկային լավագույն արժանիքների սերմանման, հանդիսականի խառնվածքի հոգևոր ու մտավոր խորքերը թափանցելու ու մարդուն իր մարդեղենով հարստացնելու առաքելության, հոգու և ոգու գործունեության տարածքի անսահմանափակության առումով պատրաստ է բոլոր արվեստների հետ մրցել, չզիջել և անգամ հաղթել:
* * *
Կար ժամանակ, երբ երազում էի ստեղծել մի թատրոն, որի ստեղծագործական անձնակազմի բոլոր ամդամները ռեժիսորներ պետք է լինեին: Գաղափարը հրապուրիչ էր ու սևեռուն նպատակ էր դարձել ոչ միայն այն պատճառով, որ նման պարագայում անհամեմատ ավելի հեշտ կլիներ բեմարվեստի բոլոր բաղկացուցիչների փափագած որակն ու նրա անապական հմայքն ապահովել, այլև, ավելի քան կարևորելով ու պատշաճ բարձրակետին հասցնելով դերարարի արվեստը, հաստատել այն համոզմունքը, որ նրա վերանձնավորման արարողությունը բեմում բոլոր մյուս արվեստներին համարժեք սրբազնագործություն է, որ ԴԵՐԱՐԱՐԸ ԴԵՐ-ասան չէ, այլ այն արվեստագետը, որը հանդիսականին է հրամցնում մարդկային ամենավեհ ու վսեմ շնորհների՝ հոգևորի ու մտավորի մեկտեղման արդյունքով երկնած, աշխարհի արարման առաջին օրվա պես անաղարտ արգասիքը:
Սակայն ասված է, չէ՞, որ աշխարհում ոչ մի արտակարգ գաղափար կամ գործ անպատիժ չի մնում: