Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ ՄԻ ՊԱՀ ՈՒ ԵՏ ՆԱՅԵՑ

ՐաֆֆիԻսկ մենք կարծում էինք, թե ժամանակը միշտ դեպի առա՞ջ է նայում: Եվ շտապո՞ւմ է ինչ-որ տեղ: Ահա նա որոշում է կանգնել մի պահ, ընդհատել իր հևիհև վազքը պատմության մեջ ու ետ նայել: Զարմանում է՝ ո՞ւր էր այսքան շտապում, երբ սերմնացանն անգամ իր գործի որոշ մասը ավարտելուց հետո մի պահ հայացքով ընդգրկում է իր վարած, ցանած ասպարեզն ու ճակատից սրբում քրտինքը…
Շատ բաների հետ ժամանակի աչքին դիպավ մի վիթխարի լեռ: «Ո՞վ էր սա,- հարցրեց ինքն իրեն,- և ինքն էլ պատասխանեց,- ի՞նչ ես անմիտ հարցեր տալիս, իհարկե Րաֆֆին է: Եվ այս լեռը, որ այլ լեռների նման հրաբխածին է, այնքան էլ տարիքն առած չէ, ընդամենը 180 տարեկան է»:
Այս տարի լրանում է մեր այս Վիթխարիի ծննդյան 180-ամյակը: Երբ նա ծնվեց իր ապահով, հարուստ, բարեկեցիկ ընտանիքում, ոչ ոքի մտքով չէր անցնում, թե նրան է վիճակված ապրել ոչ միայն իր, այլև անցած դարերի ծանրագույն ժամանակները, որ նա հանուն հայ գրականության ապրելու է սովալլուկ, հալածանքներուվ, անգամ մահվան սպառնալիքներով լի կյանքով: Եվ երբեք չի դադարելու մարտնչելուց: Ոչ մի ուժ չի կարողանալու գոնե մի ակնթարթ սասանել իր ժողովրդի հանդեպ ունեցած անվերապահ մեծ սերը: Մեծ ու անվերապահ սեր ունեն շատերը, բայց հազվագյուտներն են եզակիներից էլ մեծ այնքան, որ կարող են խոսքով ու գործով արտահայտել դա:
Րաֆֆին շատ հարցերում մարգարեացավ, այսինքն՝ առաջին անգամ տեսավ, առաջին անգամ գրեց, առաջին անգամ կանխազգաց, առաջին անգամ հարստացրեց, առաջին անգամ… Բազում ու բազում են Րաֆֆու կատարած գործերը, որ իրենից առաջ դեռ ոչ ոք չէր արել և իրենից հետո էլ դեռ ոչ ոք չի արել:
Րաֆֆին գիտեր, որ իր աննկուն կամքով, անքուն գիշերներին վտանգներով լի ճանապարհներով դեգերելիս, իր ժողովրդի հոգևոր մասունքները որոնելիս, դասդասելիս՝ իր համար փարոս են Աբովյանը՝ իր հանճարեղ գյուտով, թե՝ պետք է «խալխի» «խակ լեզվով» գրել, Նալբանդյանը՝ իր բերած լուսավոր գաղափարներով, Պատկանյանը՝ իր գույներով, կերպարներով ու պատկերներով: Գիտեր և առաջինն էր, որ գրեց մի հայերենով, որով դեռ չէր գրել և չէր խոսել ոչ մի հայ: Իր թե՛ գեղարվեստական, թե՛ հրապարակախոսական երկերում նա օգտագործեց հազարավոր բառեր, բառակապակցություններ, որ մինչև ինքը դեռ ոչ ոք չէր օգտագործել մեր գրավոր խոսքում: Նրա գրավոր հայերենը շատ տեղերում իր իսկ ստեղծածն է: Սա մի մեծ ուսումնասիրության առարկա է, բայց վստահաբար կարելի է ասել, որ այնքան դյուրությամբ, այնքան բնականորեն գործածած նրա գրավոր խոսքի մեջ հայտնվել են բազմաթիվ հայերեն բառեր, որոնք մինչև այդ չեն եղել և թեկուզ մեկ անգամ նրա կողմից գործածվելուց հետո այլևս դուրս չեն եկել մեր բառապաշարից:
1888 թվականին Րաֆֆու մահվան առիթով «Արձագանքում» տպագրված առաջնորդողում, որ վերագրվում է Շիրվանզադեին, ասվում է հետևյալը. «Րաֆֆին էր, որ առաջին անգամ վստահանալով նոր արարատյան գրականական մաքուր լեզվով գրեց մեծ վեպեր: Այսօր ընթերցող հասարակությունը գրեթե խոսում է նրա գրած և մշակած լեզվով, որ մի կողմից համընկնում է հայ հին լեզվին, մյուս կողմից` նորագույն եվրոպական համամարդկային պահանջներին»:
Բայց արի ու տես, որ 127 տարի առաջ ասված այս խոսքը կարելի է գրեթե առանց վերապահության ասել նաև գրական այն արևելահայերենի վերաբերյալ, որով այսօր գրում ենք մենք, որով շարունակում են խոսել բարեկիրթ հայ մարդիկ Հայաստանում, և որը մեր պետական լեզուն է:
Արդեն շատ է խոսվել Րաֆֆու ռոմանտի՞կ, թե՞ ռեալիստ լինելու մասին: Երկու տեսակետներն էլ տեղ-տեղ իրավացիորեն հաղթել են, տեղ-տեղ պարտվել, բայց այս երկուսը համադրող և երկուսին էլ պատշաճը մատուցող կարծիքն է ճշմարիտը: Րաֆֆին ռեալիստ էր և այն էլ՝ մեծագույն ռեալիստ, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ ազատական հայացքները ամենուրեք՝ թե՛ Պարսկաստանում, որտեղ անցել է նրա մանկությունը, պատանեկությունը, երիտասարդության որոշ շրջանը, թե՛ Թիֆլիսում, թե՛ Ագուլիսում, մշտական թիրախներ էին հայահալած իշխանությունների համար: Պարսկաստանում՝ Թավրիզում, աշխատելու տարիներին գտնվեցին «մի քանի խարդախ հայեր (սրանք միշտ գտնվել են, գտնվում են ու կգտնվեն- Ա. Հ.) ինձ մատնեցին կառավարությանը: Իմ՝ Պարսկաստանի մասին տպված գրվածքներից շատերը, նրանց ավելացնելով և այնպիսի գրվածքներ, որ բոլորովին իմ հեղինակությունը չէին, թարգմանելով ներկայացրին պարսից թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր իշխանությանը: Աշխատեցին ինձ մեղադրել կառավարության առջև որպես մահմեդական կրոնի հայհոյիչ»: Թավրիզի Մուշտեիդը մոտ մեկ շաբաթ պատսպարում է նրան իր տանը, ու գտնելով, որ սա «միայն մի քանի խարդախ հայերի ինտրիգա է», «գրգռված ամբոխի կատաղությունից զերծ պահելու համար» նրան խորհուրդ է տալիս միառժամանակ հեռանալ Պարսկաստանից:
«Ջալալեդդինի» դեպքերի գրեթե ժամանակակիցն էր, իսկ «Խենթում» նկարագրված դեպքերը՝ Բայազետի պաշտպանությունը և մնացյալը, կատարվում էին 1878 թվականին, երբ Րաֆֆին 43 տարեկան էր: Չմոռանանք, որ անձամբ հանդիպել է Սամսոն Տեր-Պողոսյանի՝ Վարդանի նախատիպի հետ: Եվ հենց այս օրերին էլ Վաղարշապատում ծանոթացել է բժիշկ Բագրատ Նավասարդյանի՝ վեպի մյուս հերոսի հետ: Իրեն պատկանող «Խենթը» վեպի օրինակի լուսանցքներում բժիշկն արել է գրառումներ: Երբ համաձայն է եղել Րաֆֆու հետ, գրել է. «Մարգարե Րաֆֆի», երբ չի համաձայնել, գրել է. «երբեք»: Իսկ ժամանակի մեր մյուս մեծ մտածողը՝ Պատկանյանը, Նախիջևանից Րաֆֆուն ուղղած իր ոգեշունչ նամակներից մեկում գրում է. «Դուք այն բանաստեղծներեն եք, որոնց մեջ մշտավառ կա հին մարգարեների աստվածաշունչ ոգին… ինչ խոսքս երկարացնեմ, դուք Մեսիա բանաստեղծներից եք, որին մենք ցարդ պտրում էինք և չէինք գտնում»: Մի՞թե զարմանալի չէ, որ անցյալ դարում, դեռ Րաֆֆու կենդանության օրոք («Խենթը» առաջին անգամ տպագրվել է 1881 թվականին), եղել են մարդիկ, որ նրան մարգարե, անգամ մեսիա են անվանել և ոչ թե «երազող-ռոմանտիկ» կամ Հայկունու նման՝ «հեքիաթասաց»: Բայց որտեղի՞ց գիտեին Պատկանյանը կամ բժիշկ Նավասարդյանը, որ Վարդանի երազը կամ «Կայծերի» ավարտական դրվագը հենց մարգարեություններ են, որ կան: Րաֆֆու ժամանակներում դեռ չկային այն դպրոցները, որոնց նմուշները նկարագրված են «Խենթ»-ում և «Կայծերում», չկային շա՛տ ու շատ բաներ, որոնց մասին միայն Րաֆֆու նման խենթը կարող էր երազել և Րաֆֆու նման պայծառատեսը կարող էր մարգարեանալ: Չէ՞ որ նրա մահվանից մոտ 30 տարի անց ունեցանք մի փոքրիկ պետություն՝ իր թեկուզև փխրուն, խախուտ պետականությամբ, ունեցանք դպրոցներ, համալսարան, գիտությունների ակադեմիա, գործարաններ և շատ ու շատ այլ բաներ, որոնք բառացիորեն թվարկված են Վարդանի երազում: Շատ էլ, թե հիմա արդեն գոհ չենք մեր ունեցածով, հիմա արդեն նոր երազներ տեսնելու ժամանակն է, գուցեև նոր մարգարեություններ լսելու ժամանա՞կն է եկել արդեն… Գուցե ժամանակը մի պահ ետ նայելուց հետո տեսնի բաներ, որ դեռ տեսնելո՞ւ է:
Վարդանի երազը ունի թվագրություն՝ իր ապրած ժամանակից 200 տարի հետո: Ովքեր ուզում են Րաֆֆու մարգարեությանը մի քիչ էլ հետևել, թող 1880-ին գումարեն 200: Եթե այդ հեռավոր օրը եթե ոչ Վարդանը, այլ մեզանից մեկնումեկը մտներ հայկական գյուղը, զգալու էր նույնը, ինչ Վարդանն զգում էր 200 տարի հետոյի Օ… գյուղում: «Վարդանը, դուրս գալուց հետո, այժմ նորից սկսեց զգալ իր նեղված դրությունը գյուղական ընտանիքի մեջ: Նա գտնում է իրան որպես մի բոլորովին վայրենի, որը ավելի քաղաքակրթված հասարակության մեջ տանջվում է, թե ինչո՞ւ ինքը անտաշ և անկիրթ մնաց, թե ինչո՞ւ ինքը չէր կարող այնպես խոսել, այնպես դատել և այնպես պահել իրան, որպես մյուսները: Այդ ի՞նչ հրաշք էր: Տանուտեր Խաչոյի տոհմը, անցնելով դարերի բովի միջից, զտվել, մաքրվել և կերպարանափոխվել էր, ստեղծելով մի նոր և ազնիվ սերունդ»: Իսկ մեր հրաշք լեզուն, որ այնքան հարստացավ Րաֆֆիով, և որ այսօր՝ իրենից 127 տարի անց, լիքն է արարատյան բարբառի անցանկալի տարրերով, այն ժամանակ այսպիսին է լինելու. «Մի բան, որ մնացել էր անփոփոխ, դա էր հայկական խոսքը՝ լեզուն: Բայց որքա՛ն մշակվել, որքա՛ն կոկվել էր այդ լեզուն, և որքա՛ն գեղեցիկ դարձվածքներով այժմ հնչում էր նա հայ մարդու բերանում»:
Այստեղ խոսք կա նաև քրդերի մասին, ու նաև նրանց ապագայի, այն քրդերի, որ ոչնչացրին Ալաշկերտի Օ.. գյուղը, որ կոտորեցին տանուտեր Խաչոյի ամբողջ ընտանիքը, բացի նրա որդիներից լուսակիր Հայրապետից, նրանից սերող Հովակիմ որդուց, որ դարձավ նոր գերդաստանի ու նոր կյանքի կրողը:
Րաֆֆին իր գրվածքներում բազում անգամներ անդրադարձել է թուրքերին ու Թուրքիային: Նա գիտեր, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան և, թե ինչ է սպասում հայերին մոտ ապագայում: Իր գրվածքներից մեկում կա մի պատմություն այն թուրքի մասին, որ հայի շինած կառույցից քար էր գողացել իր տան համար, բայց այդ քարը կպած էր մնացել նրա մեջքին: Այսօր՝ Րաֆֆու մահվանից 127 տարի անց և 1915 թվականից 100 տարի անց, մի՞թե չի կատարվել մարգարեությունը, և մի՞թե թուրքի կռնակին կպած չի մնացել այն քարը, որ նա փորձում է իրենը համարել: Եվ չէ՞ որ ժամանակը, որ ահա ետ է նայել, տեսնում է թուրքին էլ, նրա կռնակին փակած քարն էլ… Եվ թե ինչպես է թուրքը, այդ ծանրությունը շալակին, փորձում ուղիղ կեցվածք ընդունել:
Ինչ խոսք, Րաֆֆու համայնավարական հայացքներն ամենևին չեն համընկնում այսօրվա մեր շուկայական հարաբերություններին: Սա Րաֆֆո՞ւ առաջընթացն է, թե՞ մեր ետընթացը, հայտնի չէ, բայց ահա թե ինչ է ասում Վարդանի երազում հայտնված հյուրընկալը. «Մեր գյուղում ինչ գործարան որ տեսնելու լինեք, առանձին մարդու սեփականություն չէ,- գործարանները այստեղ պատկանում են գյուղական համայնքին, ամեն մի գյուղացի մասն ունի նրանց մեջ»: «Բայց մի բան, որ ավելի զարմացնում էր Վարդանին, այդ այն էր, որ բոլոր գյուղացի բանվորները, որտեղ և հանդիպում էին նրան, աչքի էին ընկնում իրանց համարձակությամբ, անձնավստահությամբ և այրական անվեհերությամբ: Կարծես դրանք սնվել և մեծացել էին կատարյալ ազատության մեջ, կարծես դրանք երբեք չէին կերել թուրքի ապտակը, կամ քրդի նիզակը մի անգամ գոնե չէր վախեցրել նրանց: Նա տեսնում էր, որ այդ աշխատող բազմությունը ընդունակ է հարկը պահանջած ժամանակ թողնել բահը և արորը և նրանց փոխարեն զենք կրել, և նույնպես հմուտ, նույնպես հաջողակ կերպով գործ ածել»:
Լավ է, որ Րաֆֆին չի տեսնում մեր այսօրվա վիզը ծուռ, անատամ, անիրավված գյուղացուն ու մեր դատարկված գյուղերը և չգիտի, որ սահմանամերձ գյուղերում ապրող տղամարդկանց օրենքով արգելվում է զենք պահելը (գուցեև տեսնո՞ւմ է երկնքից ու ցավից մխո՞ւմ է նրա հոգին):
Իսկ Տեր Թոդիկի դպրոցի «բարիքները» վայելած Րաֆֆին, ինչպե՞ս չասես՝ հանճարեղ երևակայությամբ ստեղծել է այն դպրոցների պատկերը, որոնք կային, որոնք պետք էին մեզ, բայց փոշիացան ու դեռ փոշիանում են՝ ո՛չ թուրքերի և ո՛չ էլ քրդերի կողմից:
Եթե հավատալու լինենք Թոմաս Էֆենդու՝ այդ հրեշավոր հայի հոգեփոխությանը, ապա նրանից, Միկիտան Սաքոյից մինչև մեր նորօրյա վաշխառուները և իրենց հայրենիքի շահը մոռացածները ահա այսպիսի ճանապարհ պետք է անցնեն. «Մի՞թե դու չես հավատում հոգեփոխության վարդապետությանը: Իմ թշվառ հոգին անցավ ամենաանմաքուր կենդանիների մարմնի միջից, մի քանի տասնյակ տարիներ գայլի մարմնի մեջ կեղեքում էի, հափշտակում էի, ապրում էի որսերով… մի քանի տասնյակ տարիներ հաչում էի, քծնվում էի, պտույտ էի գալիս այն մարդիկների շուրջը, որոնք ինձ հաց էին տալիս… մի քանի տասնյակ տարիներ օձի մարմնի մեջ ոլորվում էի, սողում էի գետնի վրա և պատահած ժամանակ խայթում էի… մի քանի տասնյակ տարիներ էշի մարմնի մեջ զռռում էի, ականջներս այնքան քաշեցին, որ գլխումս խելք չմնաց… վերջապես իմ թշվառ հոգին մտավ առյուծի մարմնի մեջ, այստեղ բավական մաքրվեցավ: Այդ շրջանը նա կատարեց 200 տարվա ընթացքում (չմոռանանք, որ Եսայու մարգարեությունը Մեսիայի գալստյան մասին կետ առ կետ կատարվեց միայն 700 տարի անց. Ա. Հ.): Եգիպտոսի մումիաները հազարավոր տարիներ մնում են պիրամիդաների տակ, անհամբերությամբ սպասելով հոգիների վերադարձին, բայց իմ հոգին ավելի շուտ կատարեց իր շրջանը»: Րաֆֆին բազմաթիվ էջեր ունի, որոնցում պախարակում է հայ կրոնավորներին, ինչպես առաքելական, այնպես էլ բողոքական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներին, բայց որ նվիրված հավատացյալ քրիստոնյա էր, ոչ մի կասկած չի կարող լինել: Երբ նա նկարագրում էր Վարդանի երազում երևացած եկեղեցում հնչող երաժշտությունը, դեռևս Եկմալյանն ու Կոմիտասը չէին ստեղծել մեր «Պատարագը»: «Բայց ի՛նչ գեղեցիկ երգ էր այդ, որին ներդաշնակում էին երգեհոնի անուշ հնչյունները, որքա՛ն քաղցր, որքա՛ն սքանչելի եղանակով թռչում էր նա հարյուրավոր մարդկանց բերանից: Վարդանին այնպես էր թվում, թե մարդերի ձայնը, միացած անթիվ սերովբեների մեղեդիների հետ, վերամբառնում էր դեպի Հավիտենականի աթոռը: Նա իր կյանքում առաջին անգամն էր լսում մի այսպիսի սրբազան երաժշտություն»:
Այս գեղեցիկ, լավատեսական մեղեդու ուղեկցությամբ էլ ժամանակը շարունակեց իր ճանապարհը՝ դեպի անհունը, ոչ թե դեպի ետ, այլ՝ բնական է՝ դեպի առաջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։