Թաթուլ Բոլորչյան

Թաթուլ-Բոլորչյան1Մեկ տարի առաջ
մեզնից հեռացավ
Թաթուլ Բոլորչյանը

***
Ի՞նչ եմ ուզում
Մամռած քարից,
Մամռած գրի լռությունից
Ի՞նչ եմ ուզում…
Նոսրանում է անտառն էլի
Մերկ ծառերի`
Մենակությունն է երևում,
Խաշամի տեղ`
Լքված օրվա
Մենությունն է քամին տանում…
Ծերանում են աղբյուրները,
Ծովի ակունքն է խլանում,
Արքայական ծովերի մեջ
Լուսնի հեքիաթն է մահանում…
Իմ տառապած
«Երգի երկիր»
Դու երկնապաշտ,
Դու բարեպաշտ,
Աղոթքաշատ երկիր.
Ե՞րբ ես նորից քեզ գտնելու,
Ե՞րբ են ձյուներն հալվելու,
Ե՞րբ է արևն ակոսներից
Հողի գաղտնիքն հանելու…
Ես հոգնեցի ինձ մանրելուց,
Քար ու ավազ մաղելուց,
Խոշորն` անցավ,
Մանրը` մնաց,
Էլ մանրելու
Հալ չունեմ…

***
Ծովից բերած
Մի հիշատակ,
Մի խեցի կա իմ դարակում,
Մի անանուն,
Անհաս կարոտ,
Աղմկում է ականջիս մեջ…
Խոր հատակում` ծնված խեցի
Ալեկոծված, օծված խեցի,
Աղմկում է ականջիս մեջ…
Մի մատնաչափ այս խեցու մեջ`
Աշխարհի չափ աղաղակ կա,
Խաչված ջրի
Չարչարանք կա,
Նահատակված
Պատարագ կա…
Շնորհ արա` դիր ականջիդ`
Ծովի անվերջ տառապանք կա,
Ալիքների հառաչանք կա,
Հորդ գետերի աղաչանք կա
Այս խեցու մեջ…
Սկիզբ ու վերջ`
Այս մի փոքրիկ խեցու մեջ է,
Անընդմիջում,
Աղմկում է իմ ականջում,
Ո՛չ քուն ունի,
Ո՛չ դադարում …

***
Ես ապրում եմ
Քարերի հետ,
Ջրերի հետ եմ ապրում,
Քարի ներսում
Դեռ լռում եմ,
Ջրի դրսում` ծարավում…
Երկնքի մեջ,
Երկնքից դուրս եմ ապրում
Ներս ու դրսի միջև նստած
Ապաշխարանք եմ անում…
Եվ դեռ ապրում,
Ձայնի նման,
Ձայների պես թափառում,
Իմանալով, որ աշխարհում
Ձայները չեն մահանում…
Ես ապրում եմ,
Ես մեռնում եմ
Եվ դեռ հառնում եմ նորից,
Հառաչանքս,
Աղաչանքս
Էն մեծ ծովին եմ խառնում…
***
Արարում եմ`
Ծաղիկների մանկությունը,
Թիթեռների`
Անմեղությունն եմ արարում,
Մեղուների քաղցրությունը…
Իջնող մթի մեղմությունը,
Ելնող աստղի
Թարմությունը,
Մայրամուտի ծանրությունը…
Լեռան հասակն եմ արարում`
Չի երևում խորությունը,
Անդունդների կորությունը,
Տևողության
Զորությունը…
Արարելով, վերծանելով
Գնում եմ ես,
Հեռանալով, մերձենալով,
Փնտրում եմ ես,
Չեմ լրանում` կորցնելով,
Գտածով չեմ
Ամբողջանում…

***
Ցավը էլի
Քարին մնաց,
Քարափներում մնաց,
Սառցե լեռան դեմքի վրա
Ցավի կնճիռ դառավ…
Փրփուր դառավ ու ճերմակեց,
Ցավի ջրվեժ դառավ,
Վերքի խորունկ
Անդունդներում
Փշուր-փշուր եղավ…
Ընկավ հազար
Առվի բերան
Թաց ու չորից ելավ,
Խորթ ու պղտոր ջրերի մեջ
Էլի ծարավ մնաց…
Ինչպե՞ս անեմ, որ երկիրն իմ
Ցավագարից վանեմ,
Դառնամ ցավի
Վավերագիր
Եվ վկայող լինեմ…

***
Եվ հիմա էլ`
Մի անսովոր
Եղանակի հետ եմ խաղում.
Աշնանացած ջրերի մեջ
Սիրահարված եմ երևում,
Ավազանում մաքրագրված
Սրբագրված եմ երևում,
Բարդիների պարանոցին`
Ծածկագրված եմ երևում,
Կաղնու հզոր արմատի տակ`
Գաղտնագրված եմ երևում
Ընձյուղներում դեռ նորատունկ
Սղագրված եմ երևում…
Այսպես գաղտնի ու գրավոր
Գնում եմ դեռ`
Ինքս ինձ հետ
Եվ առանց ինձ…
Մի տեղ դառնում եմ վերջակետ,
Մյուս տեղում` մի բազմակետ,
Մեկ էլ տեսար հաջորդ էջում
Փակագծի մեջ եմ մնում`
Էլի ինձ հետ,
Եվ առանց ինձ…

One thought on “Թաթուլ Բոլորչյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.