ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՏՈՀՄԻԿ ԱՍԱՑՈՂԸ
Պատանի տարիքից մինչև հիմա Արտաշեսի դեմքին մի բրածո տխրություն կա, որ չի պատմվի և չեմ առնչում միայն Սասունից ելնելու հետ, ավելի ընդերքային է, նրա դեմքն էլ ձորերի ու ժայռերի ստվերներ ունի, Մարութա սարի առասպելներով է հերկած, նաև տոհմիկ բառ ու բանի շղթան է զնգզնգում, երբ հանկարծ պոռթկում է գրական առիթով: Նա չի խոսում խուլ ու ուշադրություն լարելու կամքով, ասում է իր խոսքը գրչակից ընկերների գրքերի մասին, ապա գրում է, ապա էլի խոսում դասական գրողների ու նկարիչների մասին, ևս գրում էսսեներ ու չի հոգնում ուրիշի գիրը իրենը համարելու բարձր, խոհական, ազնվական վարքից: Ի ծնե է: Նա Մուշեղ Գալշոյանի կեցվածքի կայծերն ունի և սիրելի է նրա տուրքը գրողական համակեցության դժվար ու քմահաճ ընթացքում: Նա չի սպասում, որ գրեն իր ստեղծածի մասին, կարծես չի կարևորում իր բանաստեղծությունը, նա իր դերն է խաղում բացճակատ ու դիպուկ: Երկար վերարկուն հագած՝ մերթ Սարոյանի արձանին է նման, մերթ Միքայել Նալբանդյանի արձանացումն է շնչավորում, և երբեք չես ասի, որ խաղ է, դերասանություն: Հավատում ես նրա կերպարի մաքրությանը, նրա գրի բարձրությանը, նրա հայերենի արմատական, ձայնավոր ու բաղաձայն թրծվածքներին: Չի վախենում պարզ ու բարդ լինելուց, վախենում է աշխարհի մշակութային դաշտից հեռու, անհասցե կայանելուց: Նրա գրվածքներից ընթերցանության վայելքի ծփանք ես զգում: Կարդում է և ապրում գրի մոգական ամպը, անձրևում է ու բաշխվում:
Սիրելի Արտաշ, դու Ղազարյան լինես թե Արամ, մեկ է, դու ինքդ ես, ինքնատիպ, անկրկնելի և բազմանուն՝ բոլոր տաղանդավոր ընկերների համաձուլմամբ:
Պահպանիր քեզ, դու և քո գրիչը Կաթնաղբյուրի գռի մեջ եք կնքվել, ապրեցնող եք:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
Խոնարհումի լույս և մոմեր առկայծ,
Եվ ահագնացող խավարի քրքիջ:
Որերորդ անգամ մեր ներսի արքան
Դավադրաբար խոցվում է կրկին:
Եվ նոր Գալստյան հույսն ի՞նչ է հուշում,
Երբ տակնուվրա խեղվել է կյանքը:
Դո՛ղն է սրբազան աճյունափոշու
Չափում կեցության լայնքն ու երկայնքը:
Դո՛ւ, իմ Հայրենի՛ք, իմ հանճարագե՛ղ,
Եվ առասպելը ոգեղեն հացի…
Ակնկալվում էր և չճառագեց,
Պիտի սպասես մեր հաջորդ այցին:
***
Սեղմված օդում թռչունն է մրսում,
Թափառիկ հուշը ո՞ւր կծվարի:
Ցո՛լա, Հայտնության շիկակարմիր սյուն,
Եվ թող վեր հառնի բուրգը ցավերի:
Անցյալ օրերի կծվահամ գինին,
Եվ աղն ու հացը սփռոցին խավոտ:
Թող սարդը իր նոր ոստայնը հինի
Եվ նույն ոստայնում քուն մտնի ահով:
Եվ խայտաճամուկ դիմակների ցուցք,
Եվ յագոների շարասյունը պիրկ:
Դեպի վար սահող միտքը կարգալույծ,
Եվ տիրակալի հայացքը ժպիրհ:
***
Ինչ-որ տող: Ինչ-որ բառեր գունաթափ,
Ապա երկդիմի և երկթի արար:
Ոնց նսեմացվեց Սերը ձյունաթագ,
Եվ մեծ երազը քշվեց թիարան:
Եվ աղոտացող քո դեմքը: Եղյա՛մ:
Եվ հրաժեշտը լուռ ու աննկատ:
Անվավեր օրեր: Սակարկո՛ւմ: Չեղյա՛լ:
Հանգրվանի հույս ու հեռանկար:
Քո վերջին ուղին, քո վերջին հասցեն
Թող ճշտեն ճայերն Ատլանտականի:
Հուսա, թե բախտը` ամենահաս ձեռք,
Չի թողնի, որ հաղթ Ատլետը քնի:
***
Երգեհոնահար Տիգրան Բունիաթյանին
Օրեր անկրա՛կ, սառցապատ եթե՛ր,
Լույսը ոգեղեն առկայծում է հույլ:
Ոգու երկնքում թևածում են դեռ
Հրեշտակները անսահման տխուր:
Ճակատագիրը ասում է` Պահի՛ր
Վերջին կայծերը և վերջին հուրը,
Քե՜զ է վիճակված, դու միշտ վե՛ր նայիր,
Եվ ցոլալու է մաքրամաքուրը:
Երգեհոնն իբրև պատկերն Անհունի,
Եվ ձույլ մատների երկնակարկառ ճիգ:
Անուն պարգևել և անանունին,
Եվ չթողնել, որ Անթեղը սառչի:
***
Ճախրելու ի՜նչ մղում և խոյանքի ի՜նչ թև,
Մենամարտել հանուն ատնահարված պատվի:
Ժամանակի դեմքը սարսռեցնող ինչպես
Մարմինն անշնչացած, շունչը փչած կատվի:
Անանձնական մի կյա՛նք, անձնավորված օրե՛ր,
Եվ կտավին հեղվող Որդանը արնագույն:
Հոգեպահուստ իբրև ոսկեհատիկ ցորեն,
Վատնվե՛լ է, տեղում որո՛մն է դառնաբույր:
Մենք մեր ներքին ձայնին ականջալուր չեղանք,
Եվ արդ բաբելական ժխորն է մեզ բանտել:
Առևանգված երկի՛ր և անանո՛ւն տեղանք,
Եվ մենք ոտնատակի հողը կորցրած` Անթեյ:
Արտագաղթ
Պրկված նյա՛րդ, հեծաննե՛ր մաշված,
Եվ լքյալ դռան ճռռացող ծխնի:
Եվ ազգակործան, դիվային հաշվարկ,
Եվ հոգիներում ահագնացող նինջ:
Վերստին կորուստ ու մահ են գուժում
Լեռան գագաթի խաչերը ցցված…
Ոչ մեկին պետք չէ՛, ոչ ոք չի՛ հիշում,
Թե ում արյունն է հողում ներծծված:
Նոր ոլորան ու նոր շրջապտույտ,
Մեզ ո՞ւր է տանում մոգությունն այս սև:
Կյանքի արմատն է մեր շուրջը փտում,
Ոմանք փորձում են կլլածը մարսել:
***
Հազար տարի հետո որոնելու են քեզ,
Հազար տարի հետո կարձագանքեն կանչիդ,
Պիտի բոցավառվեն կարոտները այն կեզ,
Եվ պիտի հուրհրան երազները այն ջինջ:
Փրփուրներից սերված հեզահմա մի վիթ
Քնքշանվա՛ղ, վերջին քո էջերին հակված:
Եվ աղավնին կիջնի Անդրաշխարհի քիվին,
Աչքերի մեջ պահած երկրային բոց ու կայծ:
Եվ գտնելու են քեզ հազար տարի հետո,
Վերծանելով խոսքիդ ակունքը անմեկին:
Եվ նա, ով քեզ խոցեց իր հմայքի նետով,
Այնժամ պիտի քո հին վերքերը ամոքի:
***
Դեկտեմբեր անձյուն, և հին քայլերգն է
Արձագանքվում խուլ արվարձաններից:
Եվ հրեշտակաց ոսկեփայլ երթն է
Ոլորվում ինչպես մաշված ձայներիզ:
Հիմա որտե՞ղ ես, հանգրվանում ո՞ր,
Խաժ աչուկներդ դեռ առաջվա պես
Ցրում են իրենց դյութանքն ահավոր,
Թե` դարձել խոնարհ ու դարձել են հեզ:
Պատռել մենության բոժոժը գուցե,
Մեծ թռիչքի ես ինքդ քեզ տանում…
Կորչեն կապա՛նքը, կա՛պը, հանգո՛ւյցը,
Եվ դու անսահման ազա՛տ ես, խանում:
***
Խենթության քամի՛ն: Ճռճռան պատե՛ր,
Հերքված վարկած, պահեր անեթե:
Եվ հանդիպումը այնքան անպատեհ,
Եվ հրաժեշտը այնքան անհեթեթ:
Հեռու բառերից, ժխորից հեռու,
Եվ հանգրվանել աննյութ տարածքում:
Լեռան ընդերքում լավան էր եռում,
Հետո գիշերը` թևատարած կույր:
Եվ ի՞նչ են հուշում դեղնած գրերը,
Ի՞նչ են ցուցանում էջերը ժուժկալ.
Խաչվողի կյանքը մինչ խաչ կրելը,
Շփացած դևեր և սրբեր գուժկան:
***
«Շտապ օգնության» շտապ կա՛նչ, գիշե՛ր,
Հոգեվարում է ինչ-որ մեկն էլի…
Ճանապարհային խճողված նիշեր,
Ի՞նչ են մտորում դրախտ մեկնելիս…
Դրախտ թե դժոխք, միևնույնը չէ՞,
Եթե սառչել են ջի՛ղ, նյա՛րդ ու քո՛ւնք,
Երբ չկան սրտի զարկերը հնչեղ,
Եթե չեն այրվում այտերը թաքուն:
Նույն մութ հյուղակը և նույն խուղը ցուրտ,
Եվ ինչ-որ մեկի հայացքը մարող:
Ինչ-որ քայլարշավ, առաջխաղացում,
Որ չի եզերվում հաղթակամարով:
Սելենե *
Գիշերնե՛ր, գիշերնե՛ր ու մակո՛ւյկ,
Սարսուռներ ու սահքդ, Սելենե:
Ո՞ւր կորավ երազը իմ մաքուր,
Որտե՞ղ են իմ կորած սերերը:
Դիցուհի՞, պարզապես հրաշք կին,
Մարմնիդ նուրբ հյուսվածքը, Սելենե:
Դյութվել եմ քո անանց հմայքից,
Փույթ չէ՛, թե ծնողքդ հելե՛ն են:
Ամենուր քո մարմնի ցոլանքը,
Եվ դուռը քո սրտի գո՛ց է դեռ…
Դու` հեռվո՛ւմ, ծնկածա՛լ ու անքե՛ն,
Կտեսնե՞մ քեզ կրկին, գուցե թե:
* – հունական դիցաբանության մեջ լույսի,
լուսնի աստվածուհին
Թվելյաց երգ
Ձեզանից մեկը պիտի զարմանա,
Ձեզանից մեկը պիտի զարմացնի:
Ձեզանից մեկը պիտի կասկածի,
Ձեզանից մեկը պիտի հավատա:
Ձեզանից մեկը պիտի փող փչի,
Ձեզանից մեկը պիտի համրանա:
Ձեզանից մեկը պիտի վեր ելնի,
Ձեզանից մեկը պիտի վար իջնի:
Ձեզանից մեկը պիտի սակարկի,
Ձեզանից մեկը պիտի վճարի:
Ձեզանից մեկը պիտի մոտենա,
Ձեզանից մեկը պիտի հեռանա:
Ձեզանից մեկը պիտի զանց առնի,
Ձեզանից մեկը պիտի հատուցի:
Ձեզանից մեկը պիտի ծարավի,
Ձեզանից մեկը պիտի հագենա…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ձեզանից մեկը, ձեզանից մեկը…