«Հաղթական մայիս»

34069152_1677528982302057_5870526450255265792_nՄայիսի 24-ին «Հաղթական մայիս» պոեզիայի փառատոնի շրջանակում ՀԳՄ պատվիրակությունը՝ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ապարանի Զարզանդ Դարյանի անվան քաղաքային գրադարանում: Պատվիրակության կազմում, ի թիվս նախորդ օրվա մասնակիցների, ընդգրկվել էին նաև Վրեժ Սարուխանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Դավիթ Ավետիսյանը, Անահիտ Արփենը, Ռազմիկ Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ստեփան Միքայելյանը, Հակոբ Մուշը, Արտավազդ Նազարյանը և ուրիշներ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հետ համատեղ:
«Մազից կախված ճակատագիր մի ժողովրդի, որի ապագան որոշեցին հայտնի երեք ճակատամարտերը. այս հաղթանակների ծնունդն էր Առաջին Հանրապետությունը»,- իր խոսքում նշեց Էդ. Միլիտոնյանը՝ շեշտելով, որ Արցախյան պատերազմի ոգին թրծվել է հենց այս ճակատամարտերում:
Վրեժ Սարուխանյանը խոսեց այն հզոր էներգիայի, արժանապատվության, հզոր լիցքի մասին, որ դարեր շարունակ ունեցել է Ապարանի ժողովուրդը և ամենավճռորոշ պահին կանգնել է ոտքի: «Այդ երեք ճակատամարտերը այն հիմքն էին, որի վրա ստեղծվեց հայոց Առաջին Հանրապետությունը»,- նշեց նա:
Դավիթ Ավետիսյանը պատմեց իր ընտանիքի համար տոհմա­կան մասունք դարձած «կաղամբի դանակի» մասին, որով իր Գևորգ պապը մասնակցել էր Բաշ Ապարանում մղվող ճակա­տա­մար­տին:
«Եթե ապարանցիները չփակեին թշնամու ճանապարհը, ի՞նչ կկատարվեր Հայաստանի հետ: Փակելով թշնամու ճանապարհը՝ ելք բացեցիք, որ Հայաստանն ապրի ու զարգանա»,- դիմելով հանդիսատեսին՝ ասաց Կորյուն Առաքելյանը:
Ներկա բանաստեղծները մեկ անգամ ևս արժևորեցին մայիսյան հաղթանակների պատմական նշանակությունը և կարդացին իրենց բանաստեղծություններից: Հանդիպումը վարում էր Արևշատ Ավագյանը:
***
Մայիսի 25-ին «Հաղթական մայիս» պոեզիայի փառատոնի շրջանակում ՀԳՄ պատվիրակությունը հյուրընկալվեց Վանաձորի մարզային գրադարանում: Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր ՀԳՄ-ի, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու գրական մասնաճյուղի նախաձեռնությամբ:
«Այս միջոցառման նպատակն է, որ երիտասարդները, հատկապես երեխաները, լսեն, իմանան ու գնահատեն պատմական ճակատամարտերի կարևորությունը»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը և ընդ­գծեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը չէր շարունակվի, եթե 1918 թ. այդ բախտորոշ ճակատամարտերը չլինեին:
«Քառասուն տարի շարունակ հայերի կյանքը մղձավանջի էր նման, դռնեդուռ ընկած աշխարհի հզորներից աղերսում էին կյանքի, գույքի, պատվի տարրական ապահովություն, բայց դրա արդյունքում ստացան ցեղասպանություն»,- իր ելույթում նշեց փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, փաստելով, որ հայ ժողովուրդը թշնամու դեմ ծառացավ ու հաղթանակեց հմուտ ղեկավարության շնորհիվ:
Ալիս Հովհաննիսյանը, խոստովանելով, որ քանի որ ինքը բանաստեղծ չէ և եկել է գեղեցիկ պոեզիա վայելելու և ունկնդրելու բանաստեղծների կողմից հնչող հպարտության խոսքերը, վստահեցրեց, որ իսկապես հպարտանալու ամիս է մայիսը: Ապա ներկայացնելով իր «Րաֆֆու ոտնահետքերով» գիրքը, որը նվիրեց գրադարանին, Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարի հիմքը դրել է Րաֆֆին:
Գոռ Հարությունյանը, նշելով, որ բանաստեղծների համար պատմագիտությունը հետաքրքիր է իր գեղարվեստականությամբ, վստահեցրեց, որ մայիսյան հաղթանակներն սկսվում են Ավարայրից, որին հաջորդում են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը: «Փառահեղ հաղթանակ այն օրերի համար, որը դարձավ որպես հետագա լինելիության երաշխիք»,- ամփոփեց նա:
Ելույթ ունեցան և բանաստեղծություններ կարդացին նաև Մանվել Միկոյանը, Վահագն Մուղնեցյանը, Հռիփսիմէն, Կորյուն Առաքելյանը, Նանեն, Ագնեսը, Հերմինե Նավասարդյանը, Սաթենիկ Ղազարյանը, Անահիտ Արփենը, Զավեն Պետրոսյանը և ուրիշներ: Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց ՀՀ վաս­տա­կավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը: Ցերեկույթը վարում էր դերասան Ջիվան Սարգսյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։