«Գրական թերթի» հարցազրույցը հայ գրի և մշակույթի նվիրյալ Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊԶՏԻԿԵԱՆԻ հետ
Գ.Թ. – Բեյրութում ծնված, Վենետիկում, Հռոմում, Փարիզում ակադեմիական կրթություն ստացած, այժմ Փարիզում ապրող հայի` Ձեր հոգևոր հայրենիքը ո՞րն է, և ի՞նչ է Ձեզ համար Հոգևոր հայրենիքը:
Հ.Պ.- Նման նիւթական հայրենիքին որ սկզբունքով քաղաքացիին պէտք է ապահովէ մարդկային իրաւունքները խղճի ազատութիւն, նիւթական ապահովութիւն և որ է կարգին, հոգեւոր հայրենիքը իւրաքանչիւր անձի ստացած իմացական, հոգեւոր, զգացական հարստութիւնն է որ կը կրէ իր մէջ անկախաբար իր գտնուած տարածքէն կամ երկրամասէն որ բնականաբար ուղիղ կապ ունին իր արմատներուն հետ թէ՛ մարդկային և թէ՛ մշակութային:
Գ.Թ. – Արվեստագետ Հ. Յարություն Պզտիկեանի մեջ ո՞վ է գերակշռում` գեղանկարի՞չը, մշակութաբա՞նը, հրապարակախո՞սը, գեղարվեստական խոսքի գիտա՞կը…
Հ.Պ.- Մէկ խօսքով կարելի է ըսել «Մխիթարեան գաղափարախօսութիւնը» որ խտացումն է մեր միջնադարեան վանականութեան ըմբռնումին ուր աղօթքի կողքին վանականը եղած է գիտնական, արուեստագէտ, ծաղկող, բանաստեղծ, պատմագէտ, իրաւագէտ, քաղաքագէտ, Առաջնորդ և այլն. Մխիթարի մեծութիւնը կը կայանայ այս ամէնը ըմբռնած ըլլալուն և գործադրելուն մէջ:
Գ.Թ. – Տարվա մեջ մեկ կամ երկու ամիս եք լինում Երևանում, բայց այնքան ճշգրիտ եք տեղեկացված. աչքի «սրությունն» այնպիսին է, ասես ամեն օր ապրում եք մեր կողքին, մեր հոգսերով: Ոչ սև ակնոց եք կրում, ոչ էլ վարդագույն ակնոցի ետևում եք թաքնվում… Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:
Հ.Պ.- Կարծեմ երբ չունիս նիւթական-ընտանեկան հոգեր եւ կեանքդ նուիրած ես Մարդկութեան և Ազգի ծառայութեանը, չես կրնար դաւաճանել քու սկզբունքներուդ և ստացած դաստիարակութեանդ և ամենեւին կարիք չես զգար ակնոցներ կրել կամ անոնց գոյնը փոխել: Պատեհապաշտութենէ աւելի ստորնացուցիչ արարք չկայ մարդ արարածին համար:
Գ.Թ. – Այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսն է կրում: Ամսից ավելի է` Երևանում եք, անվանը արժանի զգացողություններ ունեցա՞ք:
Հ.Պ.- Հակառակ որ գրեթէ բնաւ չհեռացայ մայրաքաղաքէն ինչպէս սովոր էի – միայն տեղ մը նշեցի միջակ գրութիւն մը ուր յիշուէր Երեւանի «Գիրքի մայրաքաղաք» ըլլալը: Գիրքեր տեսայ միայն Vernissage-ի տարածքին, միշդ նոյները:
Գ.Թ. – Հայաստանի ամեն օրով ապրող ու նրա ամենափոքրիկ ուրախությունով ուրախացող Հայր Հարությունը ի՞նչը կուզենար «հիմքից փոխված» տեսնել, որը կարող է դառնալ շրջադարձային մեր երկրի իրապես զարգացման ու առաջընթացի համար:
Հ.Պ.- Կարծեմ չկայ գիտակից անձ մը որ այս հարցին պատասխանը տուած չըլլայ: Իմ մեծ ցաւս այն է որ վերի յարկեր գտնուողները մեզմէ լաւ գիտեն թէ ինչպէս կրնան «հիմքից փոխել». նիւթական շահերու այնպիսի բախումներ կան որ յուսահատական կը դարձնեն ամէն լաւատեսութիւն:
Գ.Թ. – Հուլիսի քսանին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում Ձեր գեղանկարչական գործերի ցուցադրությունն էր: Հավաքվել էին Ձեզ և Ձեր արվեստը գնահատող մարդիկ: Տպավորիչ էր վարպետի` Հակոբ Հակոբյանի խոսքը, մասնավորապես` երկրի ղեկը խելացի մարդկանց (այդ թվում` և Ձեզ) հանձնելու նրա ցանկությունը: Դուք տեղում հրաժարվեցիք, բայց ընդհանրապես համաձայն ե՞ք Վարպետի կարծիքին:
Հ.Պ.- Ինչպէ՞ս համաձայն չըլլալ վարպետին մաքուր սրտէն բխած նման առաջարկին: Բնականաբար ես շատ հեռու եմ նման արկածախնդրութեան մէջ մտնելէ, գիտնալով իմ կարողութիւններուս սահմանը, սակայն վստահաբար շատ ուրիշներ կրնան մեծ ծառայութիւն մատուցանել Հայրենիքին իրենց գիտելիքներով և գիտարուեստական պատրաստութեամբ:
Գ.Թ. – Բնույթով անհանգիստ, միշտ մի նոր գաղափարով տոգորված` սա ձեր նկարագիրն է, վկան` այն նոր Գործը, որի իրականացումը տեսնում եք երեք տարի անց…
Հ.Պ.- «Անհանգիստ»-էն աւելի «գործունեայ» պիտի ըսէի: Գիտակից ըլլալով որ օժտուած եմ որոշ յատկութիւններով և տարիներու ընթացքին ուսումներով մշակած, ոճիրի հաւասար թերացում կը համարիմ «կեանքի ճամբեզրին պպզած» անցնող ժամերը հաշուելը ի մտի ունենալով միշտ Յիսուսի «տաղանդներու» առակը` «որում շատ տուաւ շատ պահանջի, որում սակաւ-սակաւ»:
Գ.Թ. – Ձեր գործերի ցուցադրության օրը պարգևատրվեցիք, շնորհավորում ենք: Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում կոչումներին, պարգևներին… հարցն ամփոփելու համար ավելացնեմ նաև` արվեստագետի` կուսակցական լինելուն:
Հ.Պ.- Սփիւռքի նախարարութիւնը անակնկալօրէն յարմար տեսաւ ծննդեանս 75-ամեակին առիթով պարգեւատրել զիս «Արշիլ Գորքի» շքանշանով: Մայրս ողջ ըլլար պիտի ըսէր «Արշիլ Գորքին ո՛ւր, դուն ուր»: Թէեւ անցեալին մետալներով (ոչ հայկական) յղփացուցած են զիս, բայց այս մէկը անսպասելի էր և յուզիչ` «հայրենական էր»:
Շատ անգամ բարեկամութիւններն ու ծանօթութիւնները աւելի մեծ դեր կը խաղան պարգեւատւութիւններու մէջ` քան արժանիքները:
Գ.Թ. – Ձեր ամեն այցին հետևում է նոր գիրք: Այս անգամ էլ սպասենք նոր գրքի, և ինչի՞ մասին կարող է լինել…
Հ.Պ.- Այս անգամ «երեք» գիրքի ծրագիրով եկած եմ որպէս գրական գործունէութեանս 60-ամեակի անձնական նուէր:
1) տարիներու ընթացքին գրական, պատմական, եկեղեցական նիւթեր շօշափող «հարցազրոյցներու» ծաղկաքաղ մը լոյս ընծայել,
2) նոյնպէս բազմաթիւ գիրքեր (հայ և օտար) գրախօսած ըլլալով ընտրանք մը տպարան յանձնել և
3) ամէնէն կարեւորը «Մխիթար Սեբաստացիին կեանքն ու գործունէութիւնը» ներկայացնել հանրութեան գծագրական տարբերակով (Bande dessinռ) օգնութեամբ վարպետ Տիգրան Մանկասարեանի: