Ընթերցելով և վերընթերցելով այս գիրքը, նորից համոզվեցի, թե ինչպիսի ծանր ժամանակներում ենք ապրում մենք, և մարդը բարոյական ինչպիսի հզոր ուժի տեր պիտի լինի՝ դիմագրավելու համար դիվականության ամենօրյա և ահագնացող գրոհներին: Արդեն հոգնել ենք ԶԼՄ-ներից և առօրյայից ամեն օր մեզ մատուցվող աղետների և մղձավանջների թունաբաժնից՝ գուցե աննկատ բթանալով, և այդ ամենին դույզն-ինչ ազդելու անկարողությունից դառնալով անտարբեր: Ստիպվա՛ծ, այլապես կխենթանաս: Եթե անտարբերությունն արդեն խենթացման սկիզբը չէ:
Բանաստեղծական այս ժողովածուն, սակայն, երկու հարյուրից ավելի իր էջերի վրա կյանքի ողբերգական ոչ մի մանրամասն չի ներկայացնում, և սակայն դրանով իսկ ցնցում, արթնացնում է մեզ, ստիպում ուշադիր լսել տառապանքի ձայնը: Հերթական անգամ ականատեսն ենք դառնում արվեստի հրաշագործ ազդեցության. իրականության ողբերգականությունը բանաստեղծի տաղանդով մատուցված շատ հաճախ ավելի ազդեցիկ է, քան կյանքի հավաստի մանրամասները: Մանավանդ երբ ստեղծագործական տաղանդին ավելանում է բարոյական տաղանդը:
Ինչպե՞ս պիտի հակազդի այս աղետներին այն բանաստեղծը, որը հրաժարվում է հոգին սատանային ծախել, արդյոք Բառը բավակա՞ն է համարժեք դիմադրություն ցուցաբերելու: «Դարձ՝ դեպի Դարձ» պոեմին Գ. Գալստյանը որպես բնաբան դրել է անժամանակ կյանքից հեռացած, ազնվական բանաստեղծ Վահան Վարդանյանի տողերը՝ ասես որպես ելք մղձավանջից.
…Դարձ՝ դեպի ոչինչ, դեպի աննյութ սկիզբ, / անգո բերկրություն, / Քան ապրել այստեղ, տաժանքում այս խուլ…
Բանաստեղծն այս կերպ բոյկոտում է քաոսացվող իրականությունը, գուցե հոգու խորքում փայփայելով թաքուն մի հույս՝ նոր կերպարանքով վերադառնալ մաքրված աշխարհ: Բայց, հավանաբար, բնաբանի խորհուրդը գործում է լոկ որպես բանալի այդ պոեմը ճիշտ ընթերցելու համար: Բանաստեղծուհին հեռանալու մտադրություն չունի, նա մնում է հոգով ու մարմնով այստեղ: Բայց ինչպե՞ս.
Կարկուտի պահին քաղած մի՞րգ լինել, / Թե՞ ծառի վրա նոր բացված ծաղիկ… / Հասած մի՞րգ լինել ծառերի վրա / Ու թող պատահի՝ ի՛նչ կպատահի…
Հանձնառու բանաստեղծի մշտական տագնապը. ի՞նչ անել, ինչպիսի՞ն լինել աղետի պահին: Մանավանդ երբ կյանքի բոլոր պահերն են աղետ: «Թող պատահի»-ն գուցե ընկալվի որպես ֆաթալիստական հաշտվողականություն սպասվելիք արհավիրքների հետ, սակայն երբ նայում ես գրքի ամբողջության մեջ, ապա հասկացվում է շատ որոշակի՝ պատրաստակամություն դիմադրելու բոլոր անակնկալներին: Եվ իրոք, հերոսական այս վճիռն ազդարարվում է առանց պաթոսի (ինչպես լինում է հաճախ), առանց բարձրագոչ շեշտերի: Քանի որ բանաստեղծը հանդիսատես չունի, որովհետև չի ուզում, որովհետև նա հաշվետու է ամենամեծ՝ սեփական, անխաթար մնացած խղճի դատաստանին: Բայց հանկարծ մի պահ թվում է, նա էլ չդիմանալով դաժան փորձությանը, փրկության ելք է որոնում.
Ես թևեր կառնեմ, կճախրեմ հեռու՝ / Անեզերք հոգուս հայրենիքն… / Էնտե՜ղ. / Չգա՛ք, խնդրում եմ, իմ հետքից զոռով,/ Չփորձեք նորից իմ հոգին բանտել…
Վերացում գարշ իրականությունից, փրկության հույս «հոգու հայրենիքում», ակնթարթի մեջ հայտնված տենչանք, որ ուժ է տալիս մնալու և դիմադրելու: Անգամ հզոր կամքի և աննկուն ոգու տեր Սուրբ Շուշանիկը, անագորույն փորձության պահին աղաչեց Տիրոջը. «Այլևս չեմ դիմանում… Մինչև ե՞րբ պիտի փորձության ենթարկես… Կամ գոնե աղավնու թևեր տուր ինձ, որպեսզի հեռանամ, դադար առնեմ անապատում…»:
Հեռանա՜լ, բայց ոչ թե աշխարհից և ընդմիշտ, այլ՝ դեպի անապատ: Բայց մի՞թե ժողովածուի «քնարական ԵՍը» անապատում չէ արդեն, ըստ որում՝ առանց հեռանալու, ոչ թե տարածական, այլ՝ բարոյական անապատում, ուր հայտնվում են բոլոր նրանք, ովքեր հրաժարվում են ընդունել իրականության գայլային օրենքները և ապրում բացարձակ մենության մեջ:
Նրանց մենությունը, սակայն, թուլության նշան չէ, ոչ էլ՝ դատապարտվածության: Նրան բացառիկ ուժ է տալիս այն փաստը, որ «Դու քեզնից բացի ուրիշը չունես»:
Հայտնի է, որ անաղարտ հոգիները ոհմակ չեն կազմում, նրանք ձգտում են աստվածավայել մենության մեջ ապրել: Բացի այդ, բարոյական անկումը մեծ մասամբ լինում է խմբովին, նույնիսկ զանգվածային, մինչդեռ փրկությունը զուտ անհատական ջանքով է կատարվելու, որովհետև մարդը նախևառաջ իր խղճին է հաշվետու, եթե խիղճ ունի, և եթե ունի, ապա չի կարող ինքն իրեն խաբել, քանի որ արթուն խիղճը շարունակ նրան պիտի դրդի կատարելության, միշտ պիտի ավելին պահանջի և երբեք չի բավարարվելու. «Ամեն մեկը իր աշխարհն է փրկում», – գրում է բանաստեղծուհին և շարունակում.
Եզակինե՛րը՝ / իրենց աշխարհի / փրկությամբ՝ ամբո՜ղջ / Աշխարհն են փրկում…
«Եզակիության» բացահայտ զգացում, առավել ևս՝ ցուցադրություն չի նկատվում Գ. Գալստյանի ժողովածուի մեջ, բայց սեփական աշխարհի փրկության մշտական ձգտում կա, որը նրան, կամա թե ակամա, մոտեցնում է դրան: Բայց չէ՞ որ, երբ համընդհանուր ավերից վասն փրկության ոչ թե մեկուսանում, այլ ավերին դիմադրում է զորավոր խոսքով բանաստեղծը, չվարանենք ընդգծելու՝ բանաստեղծուհին, ապա այդ արարքն՝ իր ստեղծագործական խիզախությամբ, դառնում է եզակի, ինչպես եզակի է բանաստեղծական ամեն մի վավերական տողը: Չէ՞ որ
…պիտի մեկը լինի՛ անպայման, / որ վկայելով կապույտի մասին՝ / երկնքի՜ց խոսի…
Ընդգծեցինք, որ հեղինակը բանաստեղծուհի է: Ակամայից ցանկություն է առաջանում համեմատել նրան մեկ այլ բանաստեղծուհու՝ լյուքսեմբուրգցի Անիզ Կոլցի հետ, որի ժողովածուներից երեքն առիթ ունեցանք թարգմանելու հայերեն: Նա ևս հայ բանաստեղծուհու պես մենավոր և քաջարի մարտնչող է, նրա պես անաղմուկ, բայց աննկուն: Ա. Կոլցի մասին այսպես էինք գրել երեք տարի առաջ լույս տեսած նրա ժողովածուի վերջաբանում. «Նրա պոեզիան զարմացնում է հեղինակի սթափ և անհողդողդ հայացքով: Նա չի վախենում շիտակ ու անթարթ նայել կյանքի ամենաողբերգական պահերին, գոյի խնդիրները ներկայանում են նրա տողերում իրենց մերկությամբ, զերծ պատրանքներից, միամիտ հույսերից: Նրա բանաստեղծություններում մարդը դատապարտված մի հյուլե է, միաժամանակ հզոր իր կարճատև կյանքով այս աշխարհի երեսին»:
«Սթափ և անհողդողդ հայացքը» տեսնում ենք նաև Գ. Գալստյանի բանաստեղծություններում, գոյի խնդիրները, մարդու ողբերգականության տագնապը նույնպես նրա ստեղծագործական մտահոգությունների շարքում են, բայց մի տարբերությամբ. այս ամենը նա դնում է բարոյական որոշակի համատեքստի, օրվա, առօրյայի հրամայականի մեջ: Նշենք ևս մի տարբերություն. Ա. Կոլցի մասին գրել էինք, որ այդ պայքարում «նա մենակ է և շատ հաճախ առանց Աստծո օգնության»: «Առանց», որովհետև ինքն է հրաժարվում, որովհետև նրա պոեզիան համակված է աթեիստական որոշակի տրամադրություններով, մինչդեռ Գ. Գալստյանի ամբողջ հույսն Ամենաբարձրյալն է. «Դու՝ Քո անվրդով Մեծազորությամբ // Արա ինձ անպարտ»,- աղերսում է նա:
Այս անսասան հավատը Արարչի «Մեծազորության» հանդեպ նրա պոեզիան համակում է մշտական ձգտումով դեպի կատարյալը և բացարձակը, և ոչ միայն կրոնական, այլև բոլոր, մանավանդ գեղագիտական իմաստով: Մեր արդի՝ հիմնականում ցեխակոլոլ ու գետնաքարշ պոեզիայում (մեղա՜, որ բառն օգտագործեցի այս դեպքում) հատուկենտ են հեղինակները, որոնց տողերում վսեմի մշտական պահանջը լեզվական այսպիսի անաղարտության է հանգեցնում: Եվ հատկապես նշենք, որ սա ոճավորում չէ, պսևդոդասականություն չէ, այլ՝ կյանքի մեջ մշտապես ներկա, բայց շարունակ երկինք ձգտող պոետի հոգեվիճակի վավերական արտահայտությունը: «Մենք թևեր ունենք»,- ասվում է գրքում: Իսկ թևեր ունեցողը ոչ միայն հողեղենի, այլև Աստծո հայացքով է նայում աշխարհին, «տեսանող հայացքով», ինչպես ինքն է ասում: Բացի այդ, «թևեր ունեցողը», կամա թե ակամա, ստանձնում է մի դժվարին առաքելություն, ինչը նա որակում է որպես «խաչելությունը գրչի»: Թո՛ղ լինի այդպես, ի վերջո, Խաչելությունն իր մեջ Հարության, ուստիև խորհուրդն ունի Նոր Կյանքի, որի անսասան հավատն ենք տեսնում այս հրաշալի ժողովածուի յուրաքանչյուր էջին: