ԻՐԻԿՆԱՅԻՆ ՏԱՂԱՐԱՆ՝ ՈՍԿԵՇՈՂ ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԻ ՆՎԱԳՆԵՐՈՎ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Բաց նամակ բանաստեղծ,

արձակագիր

Ռաֆայել ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Թանկագի՛ն Ռաֆայել.

Դու ամեն անգամ ինձ զարմանք ես պատճառում գրական մեծ աշխարհ քո հերթական «այցելությամբ»։ Այս անգամ՝ «Իրիկնային տաղարան» բանաստեղծական շքեղաշուք ժողովածուով, հերթական, բայց եզակի մի գիրք, ինչ-որ առումով քո գրական դավանանքի, քո ստեղծագործական ճանապարհի ոգեղեն տարերքը թեմատիկ-բովանդակային առավել ներհուն խորհրդանիշերով ընթերցողներին ներկայացնելու բուռն ցանկությամբ։ Ես նախկինում էլ առիթ եմ ունեցել գնահատանքի խոսք ասելու քո այս կամ այն գրքի ծննդյան առիթով՝ ամեն մեկը երևույթ ժամանակակից հայ գրականության չափածո և արձակ տիրույթներում։ Իսկ բոլորը միասին՝ ամբողջության մեջ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ռաֆայել Սահակյան գրողի՝ մեր գրական կյանքում ավելի քան կեսդարյա լուսավոր ներկայության վերջին տասնամյակների ոգեղեն ապացույց։

Այս բարձրահունչ խոսքերը քո անձի և ստեղծագործության պարագայում արդարացված են և տեղին։ Չէ՞ որ քո ստեղծած գրականությունը, իրոք, և՛ հայրենախոս բովանդակությամբ, և՛ ժանրային բազմազանությամբ, և՛ մայրենիի շքեղաշուք հյուսվածքով առ այսօր արժանի գնահատանքի չի արժանացել մեր գրաքննադատության կողմից։ Եվ ո՞ւմ, եթե ոչ մեզ՝ գրաքննադատներիս և քո գրականությանը դեռևս անծանոթ ընթերցողներին են հասցեագրված այս խոսքերը.

Ինձ չփնտրեք//Անձրև օրերի արցունքների մեջ,//Կարոտիս հասցեն գտնելու համար//Կապույտ կանչերիս գրքերը բացեք,//Մի էջի չափով զրուցեք ինձ հետ,//Անցեք հուշերով իրիկունների,//Խղճի մորմոքով ինձ հետ մի՛ լացեք։

Առաջին՝ «Ինձ ու քեզ համար» գրքից մինչև «Իրիկնային տաղարան»։ Իսկ մեջտեղում «կապույտ կանչերի» մի ամբողջ գրապահարան, որի ամեն ցուցափեղկում քո աստվածաշնորհ տաղանդի մի վկայագիր է ներկայանում ընթերցողական սերունդներին։ Ի՜նչ մի էջ. հենց այդ չափով էլ զրուցում եմ քեզ հետ։ Հիմա էլ ի՜նչ իրիկնային, երբ քո քնարերգության նվագները, տաղարանի «անլռելի զանգակատնից» հնչող ղողանջներով պարուրում են մեր հոգին՝ «ոսկեշող լուսաբացից» մինչ մայրամուտ։ Ի՜նչ իրիկնային, երբ ի սկզբանե քո տողերը՝ ոչ մի բանաստեղծի չնմանակող քո ներհուն խոսքն ու խոհը, լեզվաոճական ինքնատիպ աշխարհը ընթերցողների առջև բացում են սիրո, կարոտի, հավատի մի անընդգրկելի եզերք, ուր մտնում ենք խանդաղատանքի զգացումներով, և այնտեղից դուրս գալն արդեն համարյա անհնարին է։ Եվ երիցս իրավացի է գրքի «Իրիկնահունչ տաղերի համանվագը» նախաբանի հեղինակ, բանաստեղծ Հակոբ Սրապյանը, երբ պատկերախոս նշում է, որ «Ռաֆայել Սահակյան հորդաբուխ բանաստեղծի հոգու բարձր լեռներից շարունակում են առաքվել պոեզիայի ականակիտ աղբյուրներ։ Ոգու սովի մեր ապրած ժամանակներում, երբ բարձր գրականության մարգարիտներն այլևս քչերի համար են մնում որպես այդպիսիք, հենց նմանների համար է հայ բառուբանի վաստակաբեռն մշակի հերթական «կալուկուտ արած» ժողովածուն՝ «Իրիկնային տաղարանը»… Նրա ոսկեղենիկ գրչի նոր շողարձակումը՝ միայն ու միայն նրա գրչին հասու մայրենիի շքեղ հրավառությամբ…»։ Քո խոսքն իր մոգական ուժով, քո բառաշխարհն իր գունագեղ, նորահնար պերճանքով ընթերցողների մեջ ժամանակի զգացողություն չեն թողնում, և նույն մոգական ուժը միշտ պահում է նրանց այդ աշխարհում։ Ահա ես էլ սթափվելով՝ իմ ընդհանուր դիտարկման ազդեցությունից՝ հայտնվում եմ քո արգասավոր գրական ճանապարհի ակունքներում, երբ մայրաքաղաքից հեռու ապրող մի տաղանդավոր երիտասարդ բանաստեղծ իր առաջին գրքերով փորձել է հաստատվել գրական աշխարհում՝ միանգամից հայտնվելով այդ աշխարհի կենտրոնում։

Ձեզ իրավացիորեն «Էրգրի տարեգիր» պատվանունով գիտենք։ Պապենական արմատներդ այնտեղ են՝ Էրգրում՝ Մշո Խաստուր գյուղում, որտեղից, քո հերթական ուխտագնացության ժամանակ, մի լիաբուռ հող բերեցիր՝ ի սրբազան հուշ նաև իմ խաստուրյան նախնիների, հող, որ խնկարկումով «ցողեցի» Էջմիածնի Ծաղկունք գյուղում՝ ծնողներիս շիրմաքարերին և իմ ծննդավայր Հնաբերդում ննջող ավագ եղբորս գերեզմանին։ Այո՛, Էրգրի տարեգիր, ում խոսքն ու նվիրումը «Գևորգ Չաուշի վերջին կռիվը», «Չաուշի վերջին պատգամը» պոեմներով, բանաստեղծական շարքերի պոեզիայում թեժացումով՝ արձակում նույնպես արարեց եզակի գրական նշխարքներ, այո՛, հենց Էրգրապատումի նշխարքներ մեզ պարգևեց՝ «Էրգիրը տեսա հորս աչքերով», «Ուխտագնացություն դեպի Էրգիր», «Արյան կանչի Էրգիր» գեղարվեստավավերապատումներ, «Կապույտ կանչ», «Գիրք վշտի և հպարտության», «Արծվապաշտ երկիր», «Սերը կակաչների հովտում» վեպեր: Վերջին երեքը երախտապարտ որդու ծնրադիր խոնարհում են Հայրենիքի երկրորդ կեսին՝ հերոսապատումի դրվագների քեզ բնորոշ լեզվաոճական, հայոց բառուբանի շքեղ ներկայացմամբ, գեղարվեստական հրապարակախոսության թեժ մթնոլորտով։

Իսկ այսօր արդեն ավելի քան երեք տասնյակ չափածո և արձակ գրքերով հաստատել ես քո մնայուն տեղը դարավերջի և նոր դարասկզբի մեր գրականության մայրուղում։ Գրքերիդ խորագրերն արդեն այդ առաքելության խոսուն վկայագրեր են՝ «Հավատ, հույս, սեր», «Հոգու թալիսմաններ», «Մայրաշշուկ», «Ծաղկած կարոտ», «Երկու ափ», «Այգապսակ», «Ծիրանավոր աղոթարան» և այսպես՝ ավելի քան 20 ժողովածու, բոլորն էլ «հայրենաշունչ ծնունդներ, որովհետև վերջին տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում դու թողել ես բարի ու լուսավոր հետագիծ՝ խոհափիլիսոփայական ներհուն տարերքով, քնարական-զգացողական նուրբ հյուսվածքով բանաստեղծություններ ու պոեմներ՝ սիրո, կարոտի, մայրության, հայրենի բնաշխարհի, ժամանակի ու մարդկային ցավերի, տագնապների, հուսո ու հավատի «կանչերով» սերունդների հետ խոսող «հոգու թալիսմաններ». այսպես էի բնորոշել քո պոեզիան դեռևս երկու տասնամյակ առաջ գրած գնահատանքի խոսքում։

Եվ հիմա հերթը «Իրիկնային տաղարան»-ինն է, որ ներառում է վերջին տարիների քո «աստղաշող» պոեզիայի «ոսկեհատիկ» բերքը (կարելի է և առանց չակերտների)։ Ի սկզբանե գրքի բնաբանն ազդարարում է, որ քո «բանաստեղծական հերթական ժողովածուն բաղկացած է վեց բաժնից՝ ներառելով բազմաբնույթ թեմաներ, նաև «տիեզերաթռիչք» քառյակ-ասուպների մի մեծ շարք՝ ժանրային եզակի երևույթ մեր պոեզիայում, խոհափիլիսոփայական տարաբնույթ ներհուն մտորումների մի «աստեղնաբույլ»։ Ավելի քան 150 այդ քառյակ-ասուպներից մեկ-երկուսը մեջբերում եմ իբրև ապացույց տարաթեմա այն իմաստախոս, հայրենաշունչ խոհերի, որ ընդհանրապես քո պոեզիայի ոգեղեն տարերքի էությունն են, «ոսկե միջուկը»։

Ապրելու համար՝ հացիվ չի եղել պարտքը պապերիս,//Հզոր են եղել, նաև՝ զորական, հոգու ավետիս,//Հազար աղետ է տեսել Նաիրին՝ երկիրը Հայոց,//Բայց հայն իր սրտում արև է պահել և հույսի Մասիս։

Կամ՝

Ուրիշ ոչ մի տեղ կապույտը ամպի//Այսքան աստղիկներ ներքև չի հեղել,//Ես ո՞ւր հեռանամ, երբ այս երկինքը//Իմ օրորոցի ծածկոցն է եղել…

Այսպիսի քանի՜ ասուպ է լուսավորում քո գրքի էջերը, և հոգեբուխ թրթիռները պարուրում են մեր հոգին նույնպես՝ կյանքի, սիրո և ատելության, բարու ու չարի, մարդու և ժամանակի մասին քո ներանձնական մտորումներով: Ալեբախումների բազում այսպիսի հուզավառ երկխոսություն «երկնավոր Տիրոջ» հետ, որ ավելի լայնախոհ շերտերով երևակվում է «Իրիկնային տաղարանի» բաժիններում, որոնցից ամեն մեկը մի առանձին, եզակի գրքի արժևորում ունի։ Եվ առաջինը մեզ դիմավորում ես «Սիրո իրիկնաշող լուսաբացներ»-ով.

Թվում է՝ անդարձ են գնացել//Սիրո օրերս՝ կարոտ ու թախիծ,//Հիմա աշունքիս դուռն են բացել,//Ավա՜ղ, ուշացած գարնան արևից…

Ի՞նչ «անդարձ գնալ», երբ քո «սիրո տաղարանում» հիշողության ամենազոր ուժով, «աստղալույս երազ-հեքիաթի» տեսլականով, «աչքերում ամփոփված կարոտի ցավով», անցյալի չմարող կրակներից բոցավառվող իսկական հրավառություն է, սեր՝

Երազող հոգու առաջին պատրանք,//Գույների նարոտ՝ աչքուն թալիսման,//Ճակատագրին ժպտացող սուրբ վանք,//Աղոթախորան՝ մոմերով վառման։

Գրքի առաջին մի քանի տասնյակ էջերում ներառված ցանկացած սիրային երգ իր ինքնատիպ ասելիքն ունի՝ շաղախված բնաշխարհի ծաղկանկար գույներով, լուսաբեր ձայներով, սիրո, մոռացության, ցավի, կարոտի, վերադարձի հավատից անբաժան։

Հաջորդ բաժնում՝ («Մտորումներ տարիների բարձունքից») ավելի խորունկ և առավել լայնախոհ, իմաստնացած հայացքով ես դու քննում «աշխարհիս լավն ու վատը», «տարիների բարձունքից» ավելի տեսանելի ու հոգեմոտ է ներկայանում այն ամենը, ինչը ապրել ես, արարել, իմաստավորել անդարձ անցածը, բայց միշտ հիշելի, անմոռանալի լուսապատկերներով, «տիեզերքի հույս-Ավետարան» Արևով, որով, հե՛նց որով աշխարհը դառնում է «լույսի Տաղարան»։

Դո՛ւ, կյանքով ու ճակատագրով, սրտով ու հոգով, Երկիր Հայաստանին և «կորուսյալ Էրգրին» երկու ձեռքերով փարված հայրենախո՛ս բանաստեղծ, քեզ բնորոշ վեհաշունչ, «ոսկեհուր» բառերով գրքում խնկարկել ես քո նվիրական «Հավերժասլաց երկիր Հայաստանը»՝ իր «կիսված սրտով», այն կողմում՝ պանդուխտ Մասիս, երազային Անի, գիշերային Վան, Կարսի Բերդ, «չարենցավառ ոգի», այս կողմում՝ մարտնչող Արցախ, Արագածի ձյունակերտ գագաթներ, թումանյանական Դսեղ և… «Զրույց Աստծո հետ» հուզիչ երկխոսություն այն նվիրական մաղթանքով, որ «վերին բարձունքից // Խղճիդ ծովերում հավերժ-հրաշքի, // Էրգրակարոտ հույսով վառեիր, // Սասունից Մասիս այս մոլորակի // Մեղքերը մի օր քեզնով քավեիր»։ Ազգային-համամարդկային այս խոհն իշխող է այս փոքրիկ պոեմում և ամբողջ շարքում: Իսկ տեսլականը երկու կեսի բաժանված սրտի միավորվել են Արարատ-Արագած մայր լեռների գրկում՝ հազար ու մի շքեղաշուք պատկերախոսքերի, խորհրդանշական թանկ ու նվիրական վայրերի խնկարկումի, բնության «միջնորդավորված» տեսիլքների, նույնիսկ «միամիտ քամու» անձնավորված պատկերով.

Որքա՛ն էլ ուզես՝ փչիր դու քամի,//Ինձ մի՛ հարցրու՝ թշնամի ունե՞ս, //Երբ Ծովասարից հասնես սուրբ Անի, //Խռոված կգաս՝ դուռս կթակես, //Չես էլ զարմանա, որ դարձար մրրիկ՝ //Կապ ընկած լեզուդ, գիտեմ, կբացես, //Որ Էրգրում Հայոց՝ վիշտն է փոթորիկ… //Այդ մասին գուցե աշխարհին պատմես, //Բայց իմ ականջին մի՛ փչիր, քամի՛, //Ես ու դու գիտե՛նք՝ ո՞վ է թշնամին…

Եղբա՛յր, քո երևակայությունն այս պարագայում նույնպես չափ ու սահման չունի, և ընթերցողին նույնպես սևեռուն ջանք է հարկավոր՝ այս ամենը իմաստավորելու համար: Ինչպես արդեն հաստատագրել եմ, հայոց առանց այն էլ հարուստ բառուբանին միաձուլված քո հրաբուխ խոսքը լավայի կրակե լեզվակներով անսպառ դուրս է հորդում, սփռվում շուրջն ի վար, պարուրում սիրտ ու հոգի, իսկ ներսում այրող ցավն է վառվում, Էրգրի կարոտի անողոք ցավը:

Եվ չորրորդ բաժին՝ սիրո ու ցավի մի հուշամատյան՝ «Հայոց հույսին պսակված արծիվ-սլացքն է ձեր մեջ» խորագրով «հանուն Արցախի իրենց կյանքը տված սուրբ հերոսների անմահ հիշատակին». «թախծամորմոք երգեր», «աստղերից առաքված սիրո նամակներ», հերոսներ, ում առաջ նույնիսկ «լուսաբացն է ծունկի իջել», «Հայոց աշխարհի սրբացած քաջեր», որ հանուն հայրենյաց խիզախորեն մարտնչեցին և ընկան «խորան խրամատներում»։ Արցախյան հերոսամարտի, հայ քաջազուն զինվորի մասին շատ երգեր են գրվել, բայց չեմ կարող չխոստովանել, որ ուրի՜շ են քո «աստղաշշուկ», «մայրաձայն», «երկնառաք աղոթք» հիշեցնող երգերը, որոնց «հոգու երակներում» եռում-զորեղանում է Աստծո և Մոր, Աստծո և Աշխարհի, Աստծո և Մարդ արարածի հետ քո հուզախռով երկխոսությունը, որ «Մայրամրմունջ ավետարան» ծավալուն պոեմ-ռեքվիեմի ոգեղեն խոսք ու խոհով եզրափակում է հինգերորդ՝ Վարսենիկ մերիկին նվիրված «Մայրական» բաժինը, որ առանց իսկ երկմտելու, ինչո՞ւ չէ, կարելի է դասել հայ պոեզիայում Աստվածամորը նվիրված ընտրանի երգերի շարքում։

Բաց նամակում ես հպանցիկ ակնարկեցի մայրենիի լեզվագանձարանում քո ներմուծած նոր, շքեղաշուք, պատկերավոր բառերի, խոսքաշեն մակդիր-էպիտետների, ընդհանրապես խոսքի կառուցման քո եզակի տաղանդի մասին։ Ես չգիտեմ հայ որևէ այլ բանաստեղծի, ում քնարերգության մեջ «ծաղկել» է նորաշունչ-նորաստեղծ «մայրենաշշունջ» բառերի մի ամբողջ «աստղաբույլ»։ Եթե կուզես, դա առանձին ուսումնասիրության նյութ է, քանզի լեզվաոճական հյուսվածքի այդ երևույթը բնորոշ է ոչ միայն «Իրիկնային տաղարան»-ին, այլև քո բոլոր չափածո և արձակ ստեղծագործություններին։ Քո մտքի ո՞ր խորանում են ծնվում այդ բառերը և սփռվում այսպիսի բառաշխարհ՝ մայրամատուռ, աստղահուր, լուսնաերազ, շուշանաշուք, աղոթախորան, ժայռամատյան, այգաշունչ, աստղածիր… Այսպես՝ հարյուր-հազարներով։ Եվ նաև շքեղ մակդիր-էպիտետների, համեմատությունների, խոսքի պատկերավորմամբ ասելիքը ոճավորելու «աստղաշուք» այսպիսի փայլ. խաս իրիկուն, խռոված լույս, ծվարած մութ, հոգու ճրագ, լուսե պատարագ, վշտամոլոր կակաչ, թոնրածխոտ հացիկ, օձաբերան դավ, ծովածուփ սեր, բարձին լացող երազ… Այսպես՝ հազարավոր դարձվածքներ, այսպես՝ մայրենիի ռաֆայելսահակյանական հայոց մի նոր բառարան։

Բայց այսպես ո՞ւր ես գնում, եղբա՛յր, այսպես ես էլ թե գնամ՝ բաց նամակը վերջ չի ունենա։ Թեպետ ես ընդամենը «սահեցի-անցա» քո «Իրիկնային տաղարան» աղոթագրքի էջերով, բայց ինձ հանգիստ չի տալիս «անվերջ վերադարձի» զգացումը, պարտադրված ժամանակավոր բաժանումը այն ոգեղեն աշխարհից, որ բոլորիս պարգևել ես Դու՝ արմավիրցի երևելի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ռաֆայել Սահակյան։

Ահա «հոգու մագաղաթից» հնչո՜ւմ, հնչում է քո Անձի և Գրի հավատավոր խոսքը Բացվող օրվա ճանապարհին.

Հոգուս մագաղաթը գարնան արահետ է,//Իմ մանկության ձորում՝ ճերմակ վրան,//Թե չլինեմ՝ բախտը նրանց առհավետ է,//Ինչպես հույս ու խաչի ծաղկած ավետարան։

 

Քո հավատարիմ ընթերցող

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։