«Խորաններիս // Ողջակիզված // Իմ հավատով // Ընդառաջ եմ // Գնում դեպի // Առավոտը»։ «Կենաց լույս». վերծանելի, ծանոթ ձեռագիր է, և ասելիքի խորքն է լավ տեսանելի, հույսի, հավատի, ասես բառաբախումի միջոցով ծնված պատկերները ծածկում են ամեն խավար ու մութ, և միայն լույսի ակնկալիքն է իրական, խորախորհուրդ և հիրավի որսալի։ Դերենցյան տողերը նրա մտքի, ապրումի բացումն են, արտացոլանքը՝ թղթի անաղարտությանը, որը, թվում է՝ արդեն իսկ լցված է սիրով առ կյանքը, մարդը առհասարակ, հավատով տոկուն ու հուշի պատառիկներով։ Ահա սա է հենքը, որի թելերով հյուսվում են բանաստեղծական տողերը, չեն կրկնվում. ինքնօրինակ են, պարզ, մաքրամաքուր։ Խոհի բանաստեղծություններ են՝ իրապես կենաց լույսի հատիկներ։
«Կյա՛նք՝ վանդակաձող՝ թռիչքին ընդդեմ». պետք է անցնել դժվարությունների, խութերի միջով, թաց աչքերով, ինչպես հեղինակն է ասում, թաց այտերով, բայց ասպետաբար. իրականության կնճռոտ դեմքի մասին, նյութականի ու հոգևորի, ցավի և ուրախության, և մնացյալի, որպես «կորստի ավար», հոգու կապանք-անլույս ստվերների ու ճահճի, բարձունքների ու վարսլաց խորխորատների մասին, որոնք մարդու ճանապարհին են, բայց «մոմը անգամ հաղթելու է գիշերին», ուրեմն՝ հույսը, կարոտն ու կարոտանքի ճիչը, երազը, հավատը, սերը և լույսը անբաժան. «Ես պտղունցներով // Լույս եմ ամբարել // Իմ գիշերներում…» և «Իմ արյան բոլոր // Գնդիկների մեջ // Կարոտանք է, սեր, // Ու լույս ցավեցնող…»։
«Ծերանում ես ինձ հետ, // Մինուճարի՜կ արև…»,- և կյանքի անսանձ օրեր, որ մեռնում են՝ ստիպելով հայտնվել անկասելի շրջապտույտի ակամա ընթացքի հորձանուտում. «Թխվեց օրս // Լավաշի պես, // Կեսը՝ վառված, // Ու կեսը՝ հում…»։
Ընդհանրապես գրքում ընդգծված օրինաչափություն կա, բնորոշ կառույց է. բանաստեղծության բուն ասելիքը ոչ թե խոսքի ավարտամասում է, այլ հենց սկզբում։ Նախ՝ ասես հավաքում է ոսպնյակում, ապա ցրում ճառագայթները։ Այսպես. «Մեղվանո՛ց աշխարհ, դառնությունից է մոմավանդակում անուշը մնում…»,- առաջին մի քանի տողերում խտացած ասելիքն է, որ աֆորիստիկ արժեք ունի, իսկ հաջորդիվ տողերը գեղարվեստորեն ծավալում-վերծանում են գրողի խոսքերով՝ «անհունի խորհուրդը խորին»։
«Բարձրանում է // Օրը խաչին // Ու կախում է // Գլուխը ցած // Չղջիկի պես…». ասես ժամ առ ժամ հատնում-մարում է հույսը, բայց և գրողը ոչ ոքի չի մեղադրում. չկա բողոք։ «Եվ ցա՜վը, ցա՜վը ամուր պահում եմ թարթիչներիս տակ…»,- ընդհակառակը, հաշտեցումի մի տեսակ է, որին հետևում է տերևաթափի զգացողությունը՝ անձնական դաշտի, անձնական ծառի. «Հանելո՜ւկ աշխարհ, // Դու նույնն ես մնում՝ // Քո հին ու նորով… // Փոխվողը ես եմ. // Ավելանում է // Մազերիս ձյունը…»։
Սեր ու կարոտ, և ժամանակը կարոտները ի վերջո տանում է վեր. ներքին սարսուռներից մինչև փոթորկուն զգացողություններ՝ ինքնաորոնումի, ինքնաճանաչման ու ինքնամաքրման մի ամբողջ տևական ուղի, որով անցնում է հեղինակը՝ ընդսմին ուղեկցելով նաև ընթերցողին։ «Հետ չդարձան ալիքները, // Հրմշտեցին իրար, անցան, // Տրորեցին երեքնուկներ, // Հետո ցավի արձան դարձան». մակընթացության ու տեղատվության հաջորդական պատկերներ են։
«Արյան պես հորդեց // Շշուկն աղոթքիս…». «Հավատքի տաղեր». ասես նարեկացիական՝ «ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ» սկզբունքով է հյուսված ամբողջ ժողովածուն, և բարեգութն Աստված է, որ ամբողջովին ներծծել, ձգել է իրեն պարզած ճյուղը երկնառաք՝ Բանը բանաստեղծական՝ Գոհության երգով՝ Տենչանվագ՝ գրողի իսկ բառերով, որոնք գրքում վերնագրային-անվանողական արժեքով են, միևնույն ժամանակ առանձին-առանձին աղոթքի մրմունջներ են՝ վերսլաց, մեղմ, անեղծ հավատով։ Մյուս կողմից էլ՝ ժողովածուն լի է մեղեդիներով, որ մե՛րթ «Հավատերգ» է, մե՛րթ «Երգ գոհության», մե՛րթ «Լուսանվագ» ու մե՛րթ էլ՝ «Աղոթքի ձայնը» պարզապես, և ասես բացազատվում է երևակայության դաշտը. թող որ յուրաքանչյուրն ինքը ընտրի աղոթքի սեփական մրմունջ-մեղեդին։
Ի դեպ, այս ժողովածուի սաղմերը արդեն իսկ երևում են նրան ժամանակագրորեն նախորդող՝ «Կենաց լույսի» հիմքում. մեկի ակունքը մյուսի սրտում է։ Ասել է՝ գրողը ամեն անգամ հայացքը վեր է ուղղում՝ հոգու աչքը բաց պահելու վստահությամբ։ Գիրքը առանձնանում է պատումի մեղեդայնությամբ, շքեղությամբ, լեզվաոճական հատկանիշներով, բառաշերտով, գեղարվեստորեն ոգեղեն պատկերներով, տաղաչափությամբ, կառուցվածքի առումով։ Իսկ ուրույն՝ աղոթքի կոլորիտային հևքը հնարավորության է տալիս անցնելու մտածումի, մտահոսքի մեկ այլ մակարդակ, որ խոր լինելով՝ նաև բարձրաթռիչք է, վսեմ ու անխոտոր ընթացքով միտված դեպի Արարիչը։ «Խնդրեցեք և կտրվի»՝ աստվածաշնչյան միտքը այս պարագայում անխոս գործում է, վկան իր՝ գրողի գոհության աղոթքն է։ Արարիչն է՝ հոգու ներդաշնակության երաշխավոր, «հույսի մատռվակ», «խղճի նշխար հաց» և մշտապես էլ՝ որպես լույսի, հոգո՛ւ լույսի փարոս ու ակունք մեծասքանչ։ Սա է ժողովածուի ողնաշարը։
«Ահա և ես՝ փոքրիկ հյուլե // Եզերքներում անպարագիծ, // Սլացքն անծիր հավերժության // Ուղղորդվում է իմ մեջ, ինձնի՛ց»,- և այն, որ մարդն ինքը Տիեզերքում ընդամենը փոքրիկ մի հյուլե է, չունի հակափաստարկ, նաև այն, որ իրենից՝ մարդուց է սկսվում լայնահուն ու անվերջ ուղին դեպի հավերժություն, սա էլ։ Իսկ ասվածը պարզապես իր գեղարվեստական արտացոլքն է գտնում գրքի մեկ այլ տաղում։ Մեծ հաշվով՝ արդյունքը մեկն է՝ անբեկանելի՛. «Հոգիս լվացվեց շողո՜վ մաքրության»։ Եվ. «Կանխի՛ր թռիչքը // Ա՛յն ոչնչության, // Որ Լույսն է հեղձել // Հեշտանքի բույրով»։
Բանաստեղծի խնդրանք-աղերսը մե՛րթ ընդհանրական, համամարդկային բնույթ է կրում, մե՛րթ՝ անձնական, մե՛րթ՝ մենավոր մեղսավորի և բոլոր դեպքերում՝ մաքրվելու և ինքնամաքրվելու հավատով ու հույսով՝ հանուն մաքուր խղճի պահպանության։ Եվ ամեն անգամ, երբ գրողը ստանում է արձագանքը աղոթքի մրմունջների, հանդարտություն ու անդորր է իջնում՝ ավարտ ազդարարող վարագույրի նման։ «Ծորա՛, օրհնություն, հոսի՛ր լույսի պես»։
Տպավորություն է, թե պահի շնորհով տրվել է տաղերի տեքստը, և գրողին հաջողվել է ժամանակին կաղապարների մեջ հունցել վերուստ եկող լույսը, լո՛ւյս հունցել առաջին հերթին, և նախ՝ ազգի համար. «Գինի՛ դարձրու ուղկույզներն հասուն, // Խաղաղությունը թող բացի սեղան…»։ Մեկ այլ դեպքում շնորհակալությամբ ընդունելով Տիրոջ պարգևները՝ նա պատրաստ է երախտագիտությունը հայտնելու՝ ի տրիտուր։ Եվ ուշագրավ ու տեղին է «Մենախոսություն Տիրոջ հետ» բանաստեղծության տող-խորագիրը։
«Աղոթքիս մեջ ինձ // Չփնտրեք իզուր. // Տարրալուծվել եմ // Բույրի մեջ խնկի»։
«Ի՛մ մեջ է լացել վերքոտ լեռներիդ խուլ հառաչանքը»։ Եվ սահուն անցում հաջորդ՝ «Մատյան հայրենյաց» ժողովածուին։ «Երգերս ծնվում են բառերից նրա լռության»,- հայրենիքի մասին է, և թե՛ ցավից գոռալուն, թե՛ լռությանն արձագանքողը պոետն է։ 2022-ին ծնված՝ հայրենիքին ձոնված ժողովածուն, որը թեկուզ հեռվից՝ օվկիանով բաժանված, բայց սիրող զավակի ծովացած գորովանքով՝ ոչ մի սահման չճանաչող նվիրյալի սիրով նախ՝ մարդու, ապա և՝ բանաստեղծի՝ որպես զավակի հառաչն է ցավոտ՝ առ հայրենին. «Սեգ լեռան բարձունքին քարացած աղոթք», կամ՝ «Օ՜, Հայրենի՛ք, ինչպե՞ս առնեմ քեզ իմ գրչի կտավի մեջ»։ Հետո նաև վերադարձի երգ է՝ կարոտած սիրով. «Քո սրտաչափ կածաններում // Հուշն եմ թողել իմ մանկության» կամ «Գնամ, իմ լեռներում հյուսեմ // Արեգնամերձ արծվի բույն»։
Օվկիանից այն կողմ նպատակը հասուն՝ պահել հոգում տաք սիրով փայփայած լեզուն և հոգածու ձեռքով՝ Բանաստեղծությամբ, հասու լինել հայրենի եզերքի թռիչքներին ու անկումներին, ճակատագրի խաղ՝ վայրիվերումներին։ Բայց կա լույսը՝ հավատի տեսքով՝ առ հայրենի հավերժող հողը։ Եվ սա է առաջին հերթին կարևորը. հեղինակը նույն սիրով կապված է հայրենի բախտ ու ճակատագրին, ինչպես ներսում՝ սեր-հայրենիքում արարողը։ «Քեզ հետ եմ ես, ի՛մ ժողովուրդ, // Հույսի մերան, լույսի թոնիր, // Ավշաքամված երա՜կ արյան, // Իմ չսպառվո՜ղ հավատի գիր». հայրենիքի բախտին քաջատեղյակ և հայրենի հողին նեցուկ է բանաստեղծը։
Ապա նույն շնչով ստեղծագործություններ են՝ ձոն հայոց լեզվին, հայ մայրերին, հայի տառապած ձեռքերին և այն ամենին, ինչով ապրում է նա՝ իբրև տրոփող արյուն, իբրև արարող պիրկ ավյուն։ «Խորանիստ լեռներ, լույս անպարագիծ, // Արդար այգաբաց, երկնակամար լուրթ, // Քարացած հարցմունք՝ ուղղված աշխարհին, // Կյանքին սիրահար մի բուռ ժողովուրդ…», և «Կբացվի գոց դուռն Ագռավաքարի, // Կազատվի՛ մութից Ծուռ Մհերը քո…»։
Անշուշտ, ժամանակի պահանջն է, որ վերջին շրջանում, իհարկե, միմյանցից անկախ, նույն կոչն են հնչեցնում մեր օրերի բանաստեղծները, և սա արդեն հույժ կարևոր է. վերևից է տրվում նշանը։ Ուշագրավ դիտանկյուն է ընտրել հեղինակը, որը հանդիպում է նաև նախորդ գրքում. հայի բախտին նայել ոչ ավելի, ոչ պակաս ճաքած հայելու միջով, հայի՝ ինքն իրեն նայող ներքին հայացքով, բայց մի օր բացվելու է ազգի խնկահոտ առավոտը, և հատկանշականը՝ խիստ լավատես է գրողը. «Երազե պարանով ձգվում ենք դեպի վեր… // Կախվում ենք խղճի մաշված փեշերից, // Հրեշտակախոտից նեկտար ենք քամում…»։
Ի տարբերություն նախորդ երկու ժողովածուների՝ այս գիրքը բաղկացած է գեղարվեստական շարքերից՝ խոսուն խորագրերով, որտեղ գրողը ամբողջից գալիս է դեպի մասը՝ տվյալ դեպքում՝ Արցախյան պատերազմ, և ցավից մինչև հավատ, հույսից մինչև պարտություն, սևազգեստ մայրերի հոգու ճիչից մինչև պայքարի կրակ ու ի վերջո հաղթանակի բոց, ցավից մինչև… ցավ ու հավատի կոչ. «Լավ է, երբ մենք ենք մեր բախտը կռում»։ Ու թեպետ դժնի օրեր են, «ինքնասպանվում է արդարությունը», միևնույնն է՝ «հայ ենք մենք հավերժագնաց». «Սաղմոս կհյուսվի, // Մեր տառապանքից, // Արշալույս կըմպենք // Մենք լի գավաթից…»։
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ