Վերջերս Երևանում էր հայտնի գրականագետ, թարգմանչուհի Աննա Մարիա Մատտարը:
«Վիքիմեդիա–Հայաստան» ԳՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ հիմնադիր գիտական գրադարանի գիտական ղեկավար, տեխն. գիտ. թեկնածու Տիգրան Զարգարյանը գրում է. «Իմ լավ բարեկամ և գործընկեր, գրականագետ, թարգմանչուհի Աննա Մարիա Մատտարը Լեյդենի համալսարանի գրադարանում հայտնաբերել է հայերեն հնատիպ մի նոր վերնագիր՝ Յոհակիմ Շրոդերի հեղինակած «Արամեան լեզուին գանձ» գրքի 1709թ. հրատարակությունը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Աննա Մարիա Մատտարին, ով գրքի թվային տարբերակը սիրով տրամադրել է ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիր գրադարանին: Մաղթում ենք Աննա Մարիա Մատտարին ստեղծագործական նոր նվաճումներ»: Մատտարը նաև Հաագայի թագավորական գրադարանում հայտնաբերել է 1714թ. հունվարի 1-ին Ամստերդամում տպագրված շրջաբերական նամակ՝ հայկական եկեղեցի հիմնելու թույլտվության խնդրանքով: Այդ առթիվ Մատենադարանի «Բանբեր» հանդեսը հոդված է լույս ընծայել՝ Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմ. գիտ. դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի հեղինակությամբ: Տիկին Մատտարը հոլանդերեն է թարգմանել Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթը», Հովհ. Թումանյանի հեքիաթները, Վահե Արսենի բանաստեղծությունների ժողովածուն: Անգլերենից թարգմանել է «Հայ գրատպության սփյուռքը», Աննա Ֆրանկի օրագիրը, Հարրի Մյուլիշի «Երկնքի բացահայտումը», քսաներորդ դարի լավագույն հոլանդական վեպը համարվող «Ասպետական Վեպ» լայնածավալ (900 էջ) գիրքը, մանկական «Ծիվ», «Նամակ թագավորին» և այլ գրքեր: Ամստերդամի հայկական եկեղեցու հարևանությամբ ստեղծվող հայկական գրադարանի գործնական ղեկավարությունն է իրականացնում: Իր այս հերթական այցին Երևան, նա Լեյդենի համալսարանից, որպես նվիրատվություն, հինգ արկղ գիրք է բերել Պետական համալսարանի համար (հոգեբանական, քաղաքագիտական և այլն): Այս այցին թարգմանության համար իր հետ Հոլանդիա է տանում Ներսես Խառատյանի վեց դետեկտիվ վեպերը և արձակ ստեղծագործությունների «Թռիչք ժամանակից դուրս» ընտրանին, որոնք այնուհետև կտրամադրվեն Ամստերդամի հայկական գրադարանին: