Մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի մահվան 43-րդ տարելիցն էր: Յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին կազմակերպվում է ուխտագնացություն բանաստեղծի ծննդավայր` Զանգակատուն: Արարատի մարզում Պ. Սևակի հետ կապված ցանկացած միջոցառում իրադարձություն է, առավել ևս հոբելյանական տարում: Հունվարի 26-ին լրացավ բանաստեղծի ծննդյան 90-ամյակը, ինչը պատեհ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու մեծ դասականի կյանքն ու գրական ժառանգությունը: Եվս մեկ անգամ գրական և ոչ գրական հանրությունը հավաստեց ու հավաստիքն առավ այն իրողության, որ ժամանակի պարտադրած ոչ մի խոչընդոտ և ոչ մի քաղաքական ու սոցիալական արգելք չի կարող մոռացնել տալ Պարույր Սևակ մշակութային երևույթին: Այս անգամ նույնպես պարբերաբար նշվող հունիսի 17-ը, որ բանաստեղծության տոն է, իրականացվեց ավանդույթի համաձայն: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցները, փոխմարզպետ Ի. Շադյանը, Արտաշատի քաղաքապետ Գ. Մուրադյանը և այլք, մասնակից եղան մեծ հանդիսավորությամբ նշվող միջոցառմանը: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանի ուղեկցությամբ բանաստեղծի ծննդավայր ուխտագնաց պատվիրակության մեջ էին Ղ. Սիրունյանը, Գ. Դավթյանը, Ա. Վարդանյանը և ուրիշներ: Հանդիսությունից առաջ, ինչպես միշտ, ներկաներն իրենց խոնարհումը բերեցին մեծ բանաստեղծի հիշատակի առջև` «վթարի վայրում»: Այնուհետև այցելություն եղավ Պ. Սևակի տուն-թանգարան: Ոգու փոխշփման ու պոեզիայի հանդեպ անսահման հավատի օր էր` անցյալում նմանատիպ հանդիսությունների հրաշալի խտացմամբ: Հնչեցին բանաստեղծություններ, երգ և երաժշտություն: Եզրափակիչ խոսքով հանդես եկան պատվավոր հյուրերը` ՀԳՄ նախագահ Է. Միլիտոնյանը, մարզպետ Ռ. Աբրահամյանը, ով հիշելով «Մեծն Սևակին», կարևորեց գրականության դերը առհասարակ հասարակական կյանքում և պատրաստակամություն հայտնեց նպաստելու մարզում գրական-մշակութային ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:
«Պարույր Սևակ»
արարատյան մասնաճյուղ