Հունիսի 28-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում հերթական վարդատոնն էր՝ նարեկացիական «Գոհար վարդի» անմահությամբ ու բուրմունքով:
Գրիգոր Նարեկացին հայերիս կողմից վաղուց է սրբացվել, և այսօր ուրախությամբ ենք շեշտում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը:
Նարեկյան վարդատոնն այս անգամ էլ սկսվեց մեծ գրողի անունը կրող համալսարանի բակում՝ Նարեկացու արձանի մոտ՝ վարդաթերթերի հեղեղով ու վարդերի ընծայմամբ:
Հանդիսությանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի գրական ընտանիքի անդամներ, ուսանողներ, լրագրողներ, ստեփանակերտցիներ: Ողջունելով ներկաներին՝ ԱՀ գրողների միության վարչության նախագահ, համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը նշեց, որ այս վարդատոնը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս, Նարեկացուն հաղորդակցվելով, ճանաչել ինքներս մեզ: «Նարեկացու յուրաքանչյուր բառն ունի անթիվ դռներ, որոնցից ամեն մեկն էլ մեզ համար ելք է: Այսօր ծաղիկներ խոնարհեցինք նրա հուշարձանին այնպես, ասես այդ ծաղիկները հանգրվանեցին Վասպուրական աշխարհի Նարեկա վանքում գտնվող նրա շիրմաքարին»,- ասաց Վ. Հակոբյանը:
Նարեկացու հուշարձանի մոտ, պսակադրությունից անմիջապես հետո, Վ. Հակոբյանը ԱԳՄ նախագահությամբ մրցանակներ ու դիպլոմներ հանձնեց 2017 թ. լավագույնը ճանաչված գրքերի հեղինակներին:
Վարդատոնը շարունակվեց համալսարանի «Արևմտահայերենի, հայագիտության Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան գիտահետազոտական կենտրոնում» ելույթներով, ասմունքով, երգով:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր գոհությունը հայտնեց, որ Արցախում Նարեկյան նման վարդատոն է անցկացվում ամեն տարի… «Նարեկացին մարգարեաբար գրել է, թե ինչպես ապագայում իր աղոթքը պիտի այլ լեզուներում տարածվի ու քարոզվի: Առաջին անգամ թարգմանվել է 18-րդ դարում և առ այսօր էլ անմար է հետաքրքրությունը նրա ստեղծագործության հանդեպ: «Գանձասար» կենտրոնը նախաձեռնել է Նարեկացուն ներկայացնել ևս 12 լեզուներով` չինարեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն, իսպաներեն, գերմաներեն…: Եվ պատահական չէ, որ նա հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
«Ինչ խոսք, Աստվածաշնչից հետո հայերիս համար ամենասիրված գիրքը «Նարեկն» է, որ դնում ենք հիվանդի բարձի տակ՝ իբրև հրաշագործ դեղ»,- ասաց թեմի առաջնորդը:
«Հինգ տարեկանից Նարեկացին վանական է եղել, աշխարհիկ կյանքով չի ապրել, աղոթել է, գրել, ճգնել: Այդ ապաշխարության էությունն է, որ հրաշագործ է: Ուրախ եմ, որ Արցախում նաև Գրիգոր Նարեկացի եկեղեցի ունենք` Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մոտ: Պետք է վերականգնենք ու վերաօծենք, որ նաև դրանով միշտ մեզ հետ լինի Նարեկացու տիեզերական զորությունը»,- ասաց Պարգև սրբազանը:
Նարեկյան վարդատոնին հնչեցին բազմաթիվ ելույթներ: Միջոցառման հանդիսավար, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բան. գիտ. թեկնածու Ամալյա Գրիգորյանը ներկայացրեց Նարեկացու կյանքի ու կենսագրության հետաքրքիր էջերը: Բանախոսը մեջբերեց կաթոլիկ եկեղեցու կարդինալներից մեկի Նարեկացուն տրված գնահատականը. «Նա իր կյանքով և վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը»:
Մանկավարժական գիտ. թեկնածու, պրոֆեսոր Արկադի Թովմասյանն իր խոսքում անդրադարձավ Նարեկացու ստեղծագործության հոգեբանական շերտերին. «Հոգեբանությունը մարդերգություն է, իսկ Նարեկացու ողջ ստեղծագործությունը հենց մարդերգություն է` աստվածերգության սուրբ խորանի առջև»,- ասաց նա:
Բան. գիտ. թեկնածու Ռենա Մովսիսյանը խոսեց «Աստծուն բնութագրող մակդիրների իմաստային խմբավորումը Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում» թեմայի շուրջ: «Շքեղ, ճոխ մակդիրներով և պատկերավորման տարողունակ միջոցներով Նարեկացին կերտում է աստվածային էության ու մարդկային իրականության համեմատական պատկերը՝ դրանով իսկ իր լեզուն հասցնելով կատարելության»,- ասաց նա:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, խոսելով Նարեկացու թողած գրական բազմաշերտ ու բազմաբնույթ ժառանգության մասին, նկատեց, որ 10-րդ դարից այս կողմ, Նարեկացու հայտնությունից հետո ժամանակն ունի իր նարեկացիական ընթացքը: Նա շեշտեց անվանի նարեկագետների գործերը, որոնցից յուրաքանչյուրը ներկայանում է որպես ուրույն մեկնություն:
Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին նաև Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոսներ Սոնա Համբարձումյանին (Բնական իրավունքների և ազատությունների խնդիրը «Մատյան ողբերգության» պոեմում), Ելենա Գրիգորյանին («Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության առանձնահատկությունները), Ալիկ Սարգսյանին (Գրիգոր Նարեկացին և Թոնդրակյան շարժումը):
Վարդատոնին հնչած ելույթներն ընդմիջվում էին հոգևոր և ժողովրդական երգերով, որոնք կատարեց համալսարանի շրջանավարտ, այժմ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Աննա Իզմայիլյանը: Ուսանողներ Անգելինան, Անուշը և Սուսաննան հանդես եկան մեծ գրողի տաղերի և այլ գործերի ասմունքով:
Նարեկյան վարդատոնն ամփոփելով՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ արդեն ամենամյա դարձած տոնն իր շարունակականությունը կունենա տարվա ընթացքում, ավելին՝ գալիք ուսումնականից սկսած՝ համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսումնական ծրագրերում կներառվեն Նարեկացուն նվիրված դասաժամեր: Ուսանողները ծրագրել են առաջիկայում ուխտագնացություն կատարել Արցախի Դրախտիկ գյուղի մոտ գտնվող Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Եկող տարիների Նարեկյան վարդատոնին միջազգային բնույթ կհաղորդենք՝ Արցախ հրավիրելով մայր Հայաստանի և արտերկրի մի շարք գրողների ու գրականագետների:
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ