«Ի ՍԿԶԲԱՆԷ»-Ի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ՝ ՎԵՐՋՆ ԷՐ, Ի ՎԵՐՋՈ… / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Գոհար ԳալստյանԵրբ խոսքը դուրս էր մղվել և բռնաբարող լեզուն՝ աղավաղելով, խեղ շրթունքների արանքից դժկամորեն արտաբերում էր հայերենը` ասես միաժամանակ զզվանք ու սպառնալիք հանդեպ իմ լեզվի, իմ երկրում բառերը ևս գաղթեցին…
Այս անգամ գուցե առաջինը հենց սրա՛ պատճառով մարդիկ հեռացան:
Իմ երկրի գլխավոր խոսափողից գաղթել էր բառը, և հաճախաբար սայթաքում էր պետական լեզուն, իսկ հիասթափված ու գլուխների ճարը մի կերպ տեսած հեռացողների քարավանները՝ առաջ ու ետ ընկնելով, հրհրում էին միմյանց ճանապարհներին, քանի որ հոգևոր թալանից անբաժան՝ դրանից էլ առաջ, նյութական թալան էր եղել, և հաջող բաժին փախցրած արմունկներ բանեցնողները ևս հեռանում էին իմ երկրից…
Նրանք բոլորն էլ, իրենց ապահով տեղն արագորեն ապահովելու համար ուրիշ արևի տակ, մղվում էին դուրս՝ մեկ այլ իրականության, այլ չափումի մեջ տեղավորվելու, ուր մեկի համար ուրացումի չափը կեցության կարգավիճակ էր, մյուսի ագահությունը՝ բանկային նոր հաշվից թալանը հանելու հեռանկար, երրորդի սխալ հաշվարկը՝ անհաշվետու արկածախնդրություն, չորրորդի երազանքը՝ կուլ տված արցունքներ, լավագույն դեպքում՝ հարմարվողականություն… Բայց հարմարվողականությունն առկա էր, իհարկե, նաև հինգերորդ հաջողակի՝ ըստ նպատակի լավագույնս իրացված անհատականության, վեցերորդ՝ միայն դրսում իր մեջ շորթելու ձիրքը բացահայտած խաչագողի, յոթերորդ՝ համառությամբ ինքն իրեն պահպանող ու ետդարձի հնարը դժվարությամբ վաստակող մտափոխի, ութերորդ՝ երկրից հանված հարստությունը գաղթած բառի հետ մեկտեղ՝ որպես փրկագնված ինքնություն դրսում փնտրող, հանուն գաղափարի վտարանդի դարձած սկզբունքայինի կյանքում…
Եվ այս բոլորից անկախ, բոլորի հետ և բոլորից բացի՝ բառն էր գաղթել, իսկ սա չէր նշանակում, թե հենց գաղթող մարդն ու գաղթած բառը դրսում մի օր պարտադիր պիտի իրար հանդիպեին, ինչպես որ չէր բացառվում, թե այդպես կլիներ, կամ՝ գաղթած բառը գտնող մարդն ինքը ևս պատասխանատվություն կունենար երկրի և երկրում մնացածների կյանքի փոփոխության համար…
Մինչդեռ, գլխավոր խոսափողից ու բարձր ամբիոններից գաղթած բառը հենց այդ օրերում ապրում էր ո՛չ թե երկրից դուրս, այլ իմ երկրի ամենալուսեղեն տիրույթներում, միայն թե՝ ոչ միանշանակ բացահայտված. այն արտա-բերվում էր և ներ-բերվում լավագույն տեքստերի մեջ՝ ապրելու, իր ճշգրիտ տեղում գրված՝ որպես կենսատու պտուղը բարեսեր տնտեսի ձեռքով աշնանային շեն այգուց մեկիկ-մեկիկ հավաքված և մառաններում դասդասված, որ միշտ տեղին ու հանգամանքին վայել չափով դուրս բերվի ու կուշտ անի նախ քաղցածի աչքը, սովը փարատի, հոգին ու մարմինը սնուցի, մե՛կ որպես բաժին հատիկ առ հատիկ, մե՛կ շռայլորեն՝ լույս արևի պես, մե՛կ թաքնածածուկ՝ պահած վերջինը ամենափոքրին բաժին հանելու խանդաղատանքով, մե՛կ գինի դարձած, իմատասերի քիմքին՝ կում առ կում…
Շշուկով անգամ արտաբերված բառը օդի մեջ՝ անպիղծ շրթունքներից հնչում էր որպես զորակցություն իմ երկրի իրական սյուներին, որպես օրհնանք իմ զինվորին, որպես աղոթք ընկածի հոգու, որպես մխիթարություն կորուստ ունեցողի, որպես սրտի խոստովանություն սիրելիի, որպես աներկբա հավատամք, որպես դյութող ելևէջ՝ մարդկային կոկորդ-նվագարանի, որպես նեցուկը դժվար ապրողաց…
Խոսքերը, որ կծու հեգնանքի համեմատ ամենօրյա ցինիզմով արտաբերվում էին՝ ինքնագոհության ու անպատկառության շատ կոնկրետ շեշտեր ստանալով ծամածռվող բերանից, մատնելով մատնում էին մանրամասնորեն մշակված և իրագործված հրեշավոր ծրագիրը, որի արյան գինը շահած լինելու սառը հաշվարկից՝ անսքող բավարարվածությամբ և անգամ՝ գոհ, արդեն անպատժելիության փուլում հայտնվելու սեփական հաղթանակի գիտակցումից արբած, նենգաժպիտ ու քինոտ, խրախճանում էր գաղթող բառերի երկրում խոսքաբանող նախագահը, որ Ֆորբսի ցուցակում իր հանրահայտ վարկանիշի ուռճանալուն համեմատ, ավելի ու ավելի անպատկառ կերպարանք էր ստանում:
Մեկը չկա՝ ասում էր, տղամարդ լինի ու հակադարձի իրեն. սատանան իր արյունոտ գործերը տղամարդու գործ էր համարել ու ինքն իրեն, անշուշտ, տղամարդ էր կարծում՝ իշխանությունը որպես երկրի ամենայն ինչը բռնաբարելու գործիք բանեցնելով…
Այնինչ, ճշմարտությունը՝ անբառ էլ մնար, պարզ էր հայտնապես:
Ու թեև բառը չէր կարող չըմբոստանալ, չէր կարող չասվել, չգրվել, չաղաղակել՝ անգամ խուլի ականջին լսելի, բառն, այսուհանդերձ, չկարողացավ հնչյուն առնել իմ երկրի գլխավոր խոսափողի մեջ, որից դարձյալ՝ վրեժխնդիր ու նենգամիտ խոսքաբանվում էր անթաքույց հրահանգ՝ այս անգամ արդեն գարունն իմ երկրում արյան ծովի մեջ դիմավորելու…
Ճշմարտությունը՝ բառը կորցրած, ողբում էր, այնինչ, սուտը արշավելով վրա էր քշում՝ բռի մեջ խեղդելու, արգելափակելու համար արդեն ամեն քայլ: Թե հեռանալու ժամանակը ժամկետով գոնե մոտ էր՝ այս անգամ արյունոտ նախագահի նենգամիտ կերպարն արդեն ենթարկվել էր կլոնավորման՝ թմրած ու թմրախտավոր, բայց հատկապես խոսքի արտաբերման կերպով նախորդի հետ նույնանման, որի առաջին և երկրորդ հրահանգը՝ իր եղբոր և եղբոր կեսի շահերից էր, իսկ հաջորդ ամեն քայլը՝ արդեն ինքնուրույն վերակլոնավորման անխախտ ավանդույթ ձևավորելու հաշվարկով:
Իմ երկրից բառն՝ ասվելու հետ էլ հիմա գաղթում էր և՝ ավելի ու ավելի ահագնորեն, իսկ գլխավոր խոսափողը նույնիսկ չէր էլ փորձում հերքել այս փաստը՝ ձայնի իր տաղտկալի երանգով ու անպատկառ ստերի անտրամաբանությամբ է՛լ ավելի հրահրելով անկարելի կորուստը՝ թշնամու համար միայն երանելի-իմ երբեմնի ծաղկուն երկրի զրկումն ու ամայացումը մարդուց, մնացող մարդու հոգուց, բառից, ծառից, սար ու քարից, ապագայի հեռանկարից՝ մարդ ու բնություն վտանգելով, տնտեսությունը քայքայելով՝ դրսի օվշորներին վստահված մեր պետական գանձարանի թալանված գանձերից, օտարին շնորհված մեր ռեսուրսներից, մեր հոշոտվող բնությունից, պարբերաբար այրվող ու հեկտար առ հեկտար սեփականացվող մեր անտառներից ու արգելոցներից, էնտեղ ապրած մրջյունից ու մեղվից մինչև արջ ու արծիվ, եղնիկից մինչև հովազ համատարած ոչնչացնելով… Էլ ծայր ու սահման չկար, էլ բառ չէր մնացել՝ անունը տալու կատարվածի ու իմ երկրում կատարվողի: Ու թեև գաղթած բառը իմ երկրի ամենալուսեղեն տիրույթներում շարունակել և շարունակում էր ապրել, ապրելով՝ տևել, տևելով մնում էր ապրված, այս անգամ ամենալուսեղեն անկյունն անգամ վտանգված էր օտարվելու ինքն իրենից, քանի որ բառը դադարում էր արձագանքել… Եկել էր բառն անձնապես արտասանելու և արտասանված բառը փշալարերով արգելափակողին ի պատասխան՝ բառին արձագանք տալու, փշալարերից վնասված ձեռքի մեջ բռնած բարձրախոսը ձեռքին՝ ժողովրդի մոտ գնալու, իր բառն ու ժողովրդի ականջը ներդաշնակեցնելու, և արդեն փշալարերից վնասված ձեռքի մեջ բռնած խոսափողը՝ վերադարձող բառի միջոցով, երկրի գլխավոր խոսափող դարձնելու ժամանակը:
Եվ հիմա, երբ իմ երկրի գլխավոր խոսափողից գաղթած բառը վերադարձել է՝ վստահաբար հնչելու այդ նույն խոսափողից, երբ այն արդեն ճշգրիտ ու տրամաբանված երանգով ազնվագույն խոստումի շեշտեր է հաստատում հենց իմ երկրի գլխավոր խոսափողի մեջ և՝ անմիջապես էլ դառնում գործ՝ գո՛րծ կոչվելու արժանի, երբ նույն բառն՝ արդեն հարազատ հնչերանգով ո՛չ միայն իմ երկրի խոսափողից է հնչում, այլև պարբերաբար այցելում է անհատապես ամենքիս՝ յուրաքանչյուրիս հետ հարազատ ձայնով խոսելու, երբ գտնված հնչերանգի ու իրական բառի տևական ծարավն ունեցող մեր ունկերում բառը նույնանում է մեր մտածումների և մեր հոգու վաղուց փնտրած իղձերի հետ՝ մերժելով ագահամիտն ու ազգակործանը, ահա ա՛յս իրողության, ա՛յս հավատի օրերում, բառն իմ երկիր վերադարձնողի ազատաշունչ, ազգախնամ ջանքերով՝ իմ երկիրն առաջին քայլերն է անում առաջին դեմքի՝ մեր վարչապետի բառին հավատարիմ, վստահելի բառին համեմատ՝ վստա՛հ, գրագետ ու ազնիվ քայլերով մեր ներկան սրբագրելու և մեր ամեն հաջորդ օրն ավելի արժանավոր ու արժանապատիվ դարձնելու ճանապարհով՝ Աստծու հովանավորությունը վայելող իմ երկրում, այլևս՝ ընդմի՛շտ, «Ի ՍԿԶԲԱՆԷ»-ի վերադարձը գիտակցողի հավատով և այն ամուր պահելու հաստատակամությամբ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։