2013 թ. ապրիլի 2-ին լրացավ հայտնի գրող Մարիետա Շահինյանի ծննդյան 125-ամյակը: Մենք ուշացանք նշելու այս տարեթիվը, ինչպես հաճախ ուշանում ենք… Երբեմն էլ մոռանում… Ու թեկուզ ուշացած, բայց «Գրական թերթիե ընթերցողներին ներկայացնում ենք հայտնի պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանի (1856-1920) հրապարակումը, որը վերաբերում է Մարիետա Շահինյան անձնավորությանը:
Այն տպագրված է «Արարատե ամսագրում 1917 թվականին:
Գոհար ԱՃԵՄՅԱՆ
Քաջերից շատ քչերին է վիճակուած ազատ լինել իրենց համար ժողովրդի մշակած բաւական ճիշտ ու սուր նկատողութիւն-վճռից, թէ «Քաջի անունը լսիր, իրեն մի տեսե: Այդ բախտաւոր քչերի թուից է եւ մեր իրականութեան մէջ դեռ մոլորակի նման երեւցած հայազգի գրող-բանաստեղծուհի Մարիէտտա Շահինեանը: Ռուս շրջանում ծնուած, դաստիարակուած, կրթուած, ռուս ժողովրդի լաւագոյն զաւակների ոգով սնուած մեր ազգակիցը, ինչպէս ինքն է ասում, հիւսիսում ստացած իւր իւրատեսակ հոգու վէրքի բուժման սպեղանին հայրենի հարաւի ջերմութեան մէջ է որոնում ու կարծես նրա յաւէտ որոնող ոգու համար հայրենի անպաճոյճ, աւեր օջախը իր իսկ ցանկալի հանգիստը, նոր ստեղծագործութիւնների առատ որոնման, ապրումի նիւթն է մատակարարում:
Լաւ մարդով եւ իւրատեսակ տաղանդաւոր գրողով ընդհանրապէս աղքատ, իսկ վերջերս արդէն գրեթէ խոպանացած հայ միջավայրում մեր նոր «քաջե-ի երեւալը անշուշտ հետաքրքրութիւն պէտք է առաջ բերէր, ոչ իբրեւ նորոյթ, այլ աւելի շատ ու շուտ իբրեւ յիշեալ երկու յատկութիւնները գեղարուեստօրէն ներդաշնակած, բնական հարազատութեամբ ու ճշտութեամբ իր մէջ մերած անձնաւորութիւն:
Իմ նպատակը չէ այդ բազմօրինակ հետաքրքրութեան ուսանելի անձի գրական գործունէութեան գնահատութիւնը տալ. նախ այն պատճառով, որ ռուս առաջնակարգ քննադատները արդէն իսկ իրենց հրճուանքի արժանավայել գնահատական խօսքն են ասել, երկրորդ, որ գրական երկերով Մարիէտտային գնահատելը նրա արժանիքի կիսատ գնահատումը, նրա տաղանդի կարելի է ասել դժգոյն երեւան հանելը կնշանակէր:
Հայ իրականութիւնը մեծ չափով նրան դեռ չի ճանաչում, որովհետեւ ռուս լեզուով, ռուս թերթերում գրող հայուհին միայն ռուս մամուլին հետեւող հայ ընթերցողների շրջան ունի: Նրա մեր իրականութեան անկապտելի սեփականութիւն դառնալը անհրաժեշտութիւն է եւ դրա համար մեր բանաստեղծուհին հայրենի կտուրի տակ իր բոյնը հիւսելու, հայ օջախում ծուխ անելու ջանքը չի խնայում, բայց եւ մեր կողմից անհրաժեշտ է ոչ խրախուսանք, ոչ աջակցութիւն. այդ ամենը նրա անդադրում աշխատող հոգում ինքնաբերաբար առաջ են գալիս ու կան, այլ միայն նրան հասկանալ ու ըմբռնել:
Բարոյական ապրումները, բարոյական տառապանքի, բարոյական ներքին կռուի, վարանման, սայթաքման ու կրկին բարձրացման աշխարհը յիրաւի մարդուն դարձնում է երգող, նկարող, գրող, խօսող, մի խօսքով իւր տառապանքը արուեստի այս կամ այն ձեւով արտաբերող: Այսօրինակ խառնուածքն է ահա ամենից առաջ ընդհանրապէս արուեստի մէջ ուսանելին ու նորոյթ բերողը:
Մեր գրական աշխարհում նման խառնուածքի գրող շատ հազուադէպ է ու Մարիէտտան այդ հազուադէպութեան մէջ հազուագիւտ է:
Նա այն անձնաւորութիւններից է, որոնց համար ռուս գրողը (Բելինսկին) ասել է «Телу невмогошу душаե: Ապագայ մարդու հոգին շատ է աստուածային, որ մարդկայնօրէն նրան հասկանալ կարելի լինէր, բայց կան եւ սքանչացման, ինքնամփոփման, վերացման մոմէնտներ եւ այդ այլակերպութեան տարօրինակ վայրկեանին կարելի է լինում աստուածային փառքի նշոյլ կարդալ հոգեղէնի լուսաւորուած հոգում: Այդ այլակերպման վայրկեաններով հարուստ հոգու համար յիրաւի Մարիէտտայի նիւթական պատեան մարմինը տկար է: Մարդու ու աշխարհի փոխյարաբերութիւններից առաջ եկած անթիւ, անհամար, միշտ նոր ձեւով, նոր եռանդով մանր ու խոշոր առեղծուածները նրա խիստ զգայուն հոգու աշխարհում լուծումներ են պահանջում ու նրա հոգեղէնը դեռ ի վիճակի չէ այդ առեղծուածի լուծման համար անհրաժեշտ լարումի ճիգը ունենալու եւ արտայայտութեան յարմար միջոցներ գտնելու: Զգալ, ապրել, ըմբռնել, տարուել վսեմով, դառնալ համամարդկային ու չկարողանալ դեռ արտայայտել, ահա նրա արուեստաւոր մարգարէ դառնալու համար անհրաժեշտ միջավայր ողբերգականը պատրաստ է:
Մարիէտտան երկրայինը երկնայինի հետ հաղորդակցելու ընտիր միջոց անօթներից է, իսկ այդ կնշանակէ, թէ յաւիտենականը անցաւորում ամփոփելու, կատարեալը անկատարի մէջ կերպարանաւորելու գերմարդկային աշխատանքը կատարել: Գիտէ՞ք ինչ կնշանակէ անօթ ընտրութեան լինել, հրամայականի ձայնը հրապարակում ու իր հոգու աշխարհում հնչելու պարտաւորութիւնն ունենալ: Այդ կնշանակէ անդադար ճիգեր գործ դնել նոր ձեւով, նոր բովանդակութեամբ հոգու պահանջը կատարել եւ միշտ էլ վրիպել: Ողբերգականն այն է, որ նման անձնաւորութիւնները գիտեն, որ իրենց բոլոր ճիգը ու ջանքը շատ է քիչ արտայայտելու այն, ինչ որ կայ իրենց մէջ, որ պատեան-մարմինը անզօր է անդադար բռնկում-ժայթքում ունեցող հրաբուխ հոգու լափող, լիզող բոցերը պարփակելու հոգու վառ արշալոյսերը դրսեւորելու:
Անշուշտ դեռ իւր հոգու ապրումները եւ դրանց արտայայտութեան միջոցները չունին այդ կատարելութիւնը, որոնք Մարիէտտային վերջ ի վերջոյ պիտի դարձնեն ոչ միայն մեր, այլեւ ընդհանուր իրականութեան ուսանելի, մնայուն արժէքը: Եւ այդ նրա համար, որ նա դեռ նոր է բացւում, որ նրա ունակութիւնների աշխարհը կերապարանաւորման, կաղապարուելու ճամբին են: Էականն այն է որ նրա հոգու աշխարհը հազուադէպ է օժտուած, որ նրա մէջ արդէն նկատւում են այնքան դժուարին, այնքան ծանր աշխատանք պահանջող բանականութեան, զգացմունքի ու կամքի համերաշխութիւնը, որ նա ունի ինքն իրեն ընդլայնելու, տիեզերքը ընդգրկելու, տիեզերք դառնալու եւ միաժամանակ տիեզերքը եզրաւորելու «եսե դարձնելու ընդունակութիւն:
Այս ունակութիւնն է, որ նրա մէջ բնականօրէն բարոյական-կրօնական լուսաւոր շրջանակում է դրուած:
Այնքան անմտօրէն, այնքան թեթեւօրէն կրօնի հարցը լուծող մեր հասարակութեան մէջ, երբ բազմակողմանի կրթուած, Եւրոպան շրջած, եւրոպականը ապրած ու մարսած մէկին ես տեսնում, որ իւր օժտուած հոգին արուեստօրէն դաստիարակած-կրթած ձեր առաջ է հանում կրօնի փիլիսոփայութեան լաւագոյն արտայայտութեամբ, բնականօրէն ուշադրութիւն ես դարձնում ու զարմանք-մխիթարանք ստանում:
Մարիէտտայի կրօնականութիւնը հասկանալի է, երբ ի նկատի ենք առնում նրա անսահմանը սահմանաւորելու եւ սահմանաւորը անսահման դարձնելու յաւիտենական, անլուծելի պահանջով բռնուած հոգին: Կրօնական- խորհրդաւորութիւնը (միստիկան) հասկանալիօրէն նրա համար գրաւիչ չէ:
Բանաստեղծ-փիլիսոփայ Մարիէտտան կրօնական է ու միստիկ եւ այդ նրա հոգու ամբողջանալու համար անհրաժեշտ է: Ահա ըստ իս Մարիէտտայի մարդի եւ բանաստեղծի զուգորդութեան հետաքրքրական կողմը:
Նա ամենից առաջ բարոյական արժէք է, ապա թէ այդ արժէքը գրական այս ու այն ձեւով գեղարուեստօրէն արտայայտող բանաստեղծ:
Նրա ողջ էութիւնը բռնուած է իւր բարոյական գիտակցութեամբ եւ որովհետեւ իւր գիտակցութիւնը աւելի ուժեղ է, թափով, քան իւր նիւթական կառուցուածքը կարող է տանել, ուստի նա միշտ ճնշուած է զգում իրեն, ընկճուած, որը համեստութեան ամենից գրաւիչ կերպարանքն է ստանում: Նա անվերջ է համեստ, ոչ նրա համար, որ այդ առաքինութիւն է, եւ գուցէ շատերի համար գրաւիչ, այլ պարզապէս նրա համար, որ իւր հոգուն մարմինը չի յաղթահարում, իւր ունակութինը դրսեւորելու համար զգայարանները անզօր են:
Եւ ահա մղկտալով, ջերմ կարեկցութեամբ, անվերջ զոհաբերելու պատրաստակամութեամբ մարդ նրա աչքերում կարդում է այդ անզօրութիւնը, այդ տկարութիւնը. ու Մարիէտտան դառնում է յիրաւի ուսանելի բարոյական արժէք:
Նրա բարոյական տաղանդ հոգին դեռ իւր լրիւ զարգացումը չունի եւ երբ դիմացինը ըմբռնում է նրան ու հասկանում, որ իր առաջ հոգու պայծառակերպութիւններ ունեցող արտասովոր մարդ է կանգնած եւ այդ մասին իրեն է յայտնում, նա շփոթւում, ընկճւում է է՛լ աւելի: Եւ այս նրա համար ողբերգական է: Մի բան, որ նրա լսելիքի գործարանի վրա ազդել է ու ծանրալուր է դարձել: Գուցէ ինքնամփոփման սուր պահանջը և դրսի ու իր ներսի խիստ հակադրութիւնը այս հոգու հետ եւ իր զգայարանները կերպարանաւորելու, իր ներքին պահանջին համապատասխան դարձնելու խնդրում առաջնակարգ դեր է կատարել:
Ուշագրաւ կողմերից մէկն էլ այն է, որ դեռ երիտասարդ հասակում նա կարողացել է ներդաշնակել իւր հոգու պահանջները արտայայտութեան ձեւերի հետ:
Կրօնական վսեմ ըմբռնման արտայայտութիւնը նրա երկիւղած, մեղմ վերաբերմունքի մէջ կգտնէք. բարոյական իւր պաշտամունքի, սրբութեան սրբոցի նրբին դրսեւորումը նրա բնականօրէն վարդապետողին վայել ուսուցանող ձայնում կլսէք. խօսելիս նա վարդապետող է եւ նրա ձայնում պարփակուած է նրա հոգին, ուր գերագոյնը ըմբռնելի է դարձել Մարիէտտային եւ միւս կողմից շրջապատի խեղճութիւնն է պարզել: Եւ ահա կարծես Մարիէտտան իւր ձայնի ելեւէջով մեզ ասում է մեղմ, խրատող, աշխարհի իմաստութիւնը ըմբռնած ալեւոր Նահապետի նման – Մարդը շատ է խեղճ, աշխարհը շատ աղքատ ու անկատար, կայ գերագոյնը, վսեմը, աշխատեցէք, ձգտեցէք անվերջ ու համոզուած եղէք, որ ձեզ ձեր դժուարին ճամբում մի ոյժ, մի ներքին անդրդուելի հաւատ կառաջնորդէ:
Այս նրա ձայնի ել եւ էջն է ասում, իսկ նրա աչքի արտայայտութիւնը – կարծես ձեզ ասում է – Ես դեռ խեղճ եմ ու տկար: Ես զգում ու ըմբռնում եմ վսեմների վսեմը, գեղեցիկների գեղեցկագոյնը, բայց անզօր եմ կրելու եւ արտայայտելու: Եւ նրա հայեացքը դառնում է աղօթողի, որի մէջ կայ հիացմունք, վերացում, աստիճանաբար անէացում:
Եւ այս ամենը նրա բարոյական ըմբռնման, կրօնական վսեմ հասկացութեան դեռ աղօտ, բայց բոցավառուելու ընդունակ հոգու արտայայտութիւններն են:
Այս է իմ տպաւորութիւնը այդ իւրատեսակ աշխատաւորից, որի մէջ իմ կարծիքով ամենից գնահատելին, ուսանելին ու արժէքաւորը նրա գրչի արտադրութիւնները չեն, այլ այդ գրչին, այդ լեզուին այդ հայեացքին գործի դնող, շնչաւորող այս ու այն ձեւով աշխատեցնող հոգին – նրա բարոյական-կրօնական ըմբռնումը:
Հակադրութիւնների սիրահար գրչի վարպետ, խօսքի արուեստաւոր, Մարիէտտան հաւանօրէն հակադրութիւններ սիրում է, որովհետեւ ինքը մեր իրականութեան համեմատութեամբ հակադրութիւն է ու ինքն իր մէջ մի հակադրութիւն:
Հակադրութիւնը բաղխման նախադուռն է, բաղխումը ծննդականութեան առիթը, և Մարիէտտան այդ առիթների մի անսահման զուլալ աղբիւրն է: Ստեղծագործութիւնների, կառուցումների վարպետութիւնը կատարելագործելով հանդերձ նրա կառուցուածքի մէջ մենք կուզենայինք եւ իւր հոգու բարոյական արժէքի տաքութիւնը, կրօնական ըմբռնման լոյսը տեսնել:
Հայ ժողովրդի զարթօնք ժամին Մարիէտտան շինարար աշխատանքի գնահատելի վարպետ արուեստաւորներից է լինելու: Ծանօթացէք եւ ուսումնասիրեցէք այդ արտակարգ հետաքրքիր անձնաւորութիւնը:
Տպագրվում է կրճատումներով