ՍՐԲԱԶԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ / Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իմ կենսագրությունը, գրական անցած երկար ճանապարհը հարուստ, խոսուն, նշանակալից է վերելքներով ու վայրէջքներով, հրաշքներով ու թախծոտ պահերով, վարդերով ու փշերով, բանաստեղծական պոռթկումներով ու միապաղաղությամբ, վառ երևակայությամբ ու ձանձրալի տեղատվությամբ, ճամփորդական կախարդանքով ու նստակյացի մենակությամբ, շողարձակ առավոտներով ու սահմռկեցուցիչ գիշերներով, բացառիկ հաջողություններով ու փորձանքներով, մի խոսքով, այն ամենով, ինչ բաժին է ընկնում մարդկային էակին, գրողին, արվեստագետին:
Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում իմ հրատարակած բազում գրքերով, իմ սուրբ ընտանիքով, դուստրերով, թոռնիկներով, ծոռներով և բազմալեզու հազարավոր, միլիոնավոր փոքր ու մեծ ընթերցողներով: Ես հարուստ եմ իմ կենսագրությամբ, հպարտ եմ, որ իմ ոգեշնչման չափանիշն ու աղբյուրը ծննդավայրս է՝ Լոռին, իմ Ակներ գյուղը, Դեբեդը, Լալվարը, Կայան բերդը, խորունկ ձորերը, սեգ սարերը, Լոռվա պարզամիտ ու շիտակ մարդիկ, հանճարեղ Թումանյանի հեքիաթային հրաշք աշխարհը:
Ուրախ եմ, որ ծնվել եմ 20-րդ դարում, շարունակում եմ ապրել 21-րդ դարում, երկու հասարակարգ եմ տեսել, և իմ կյանքը խաչվում է երկու դարի փոթորկուն իրադարձությունների, երևելի, հետաքրքիր մարդկանց հետ:
Չարի ու բարու բախմանը դեմ առ դեմ հանդիպել եմ տակավին 3-4 տարեկան հասակում, երբ առաջին անգամ լսել եմ Պերրոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթը: Կարմիր գլխարկը փոքր հասակից ինձ զգուշացրել է, որ հեռու մնամ գայլերից, զգուշանամ չար արարածներից:
Որքան էլ փորձանքների, անհաջողությունների մեջ եմ ընկել, չեմ հուսահատվել, միշտ լավատեսորեն եմ նայել վաղվա օրվան, ելք եմ գտել, որովհետև ինձ ոգեշնչել է Գրիմ եղբայրների Մոխրոտիկի կերպարը, հավատացել եմ ճակատագրին, բախտին ու հասել եմ իմ նպատակին, երազանքին:
Իմ համակրանքը միշտ եղել է խեղճի, անօգնականի, կարիքավորի կողմը: Նոր տարվա գիշերը Անդերսենի երազկոտ աղջնակի հետ լուցկու հատիկներ եմ վառել, հյուսել ամանորյա հեքիաթը, իսկ առավոտյան ինձ գտել են «աղքատիկ շորերի մեջ սառած, երազները գրկած»:
Ես Վիլհելմ Հաուֆի «Փոքրիկ Մուքը» հեքիաթի սուրհանդակի արագավազ կոշիկներով ամենավճռական պահին փախել եմ դաժան թագավորից ու չար պալատականներից և խորամանկությամբ նրանց պատժել եմ էշի հավերժական ու անճոռնի ականջներով, երկար քթերով:
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ իմ կյանքը նվիրաբերել եմ մանուկներին, նոր սերնդին, Դյումա Հոր խոսքերով՝ ամենաերջանիկներից եմ, ով երջանկացրել է ուրիշներին:
Ինձ սփոփում, ուժ է տալիս սերը՝ ամենաբազմազան իմաստով. արև, աշխատանք, Երևան, ծաղիկ, աղջիկ, գիրք, պոեզիա, նպատակ, երազանք, հավատ, հավաքական Հայաստան:
Սիրո համար ենք ծնվում մենք,
Ապրում սիրո համար,
Սիրո համար ծերանում ենք,
Մեռնում սիրո համար:
Ամենազորեղ զենքը երգիծանքն է: Նրանով են կռվում բոլոր տեսակի ստորությունների, արատների դեմ:
Տարիների փորձով համոզվել եմ, որ մռայլ ու դաժան մարդիկ չունեն ո՛չ գեղեցիկ մանկություն, ո՛չ սիրո հուշ, ո՛չ էլ կարոտելու, թախծելու զգացում: Հումորը, երգիծանքը կենսախինդ մարդկանց մենաշնորհն է: Եթե մարդն օժտված է բարձր առաքինությամբ, անհատականությամբ, նա համարձակորեն ծիծաղում է իր արատների վրա և ուրիշներին ծիծաղելու տեղ չի թողնում: Այդպիսի «ինքնամերկացնող» երգիծաբաններ են գաբրովցիները, գյումրեցիները:
Երջանկությունը ո՛չ ծառի վրա է աճում, ո՛չ էլ խանութում են վաճառում: Որտեղ տխրություն չկա, այնտեղ երջանկություն է: Ամեն ինչից դժգոհ, չար մարդը շուտ է ծերանում: Երջանիկ ես զգում քեզ, երբ շրջապատդ երջանիկ է, երբ քո ուրախությունը կիսում ես ուրիշների հետ: Մարդու երջանկությունը պայմանավորված է ընտանիքով: Ես երջանիկ եմ իմ գրական ճակատագրով, իմ ընտանիքով: Բոլորիս համար որպես բանաձև են հնչում Լև Տոլստոյի խոսքերը, որով նա սկսում է իր «Աննա Կարենինա» վեպը. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»: Նա, ով չի գոհանում թագավորական կալվածքներով ու տարածքներով, դժբախտ է, ով գոհանում է մի ժպիտով, մի մանուշակի փնջով, երջանիկ է,- սա է իմ բանաձևը երջանկության մասին:
Ահա՛ իմ կարգախոսը, դավանանքը.
– Կորչե՛ն ատելությունը, տգիտությունը, չարությունը, կեղծիքը, ստորությունը:
– Կեցցե՛ն սերը, գեղեցիկը, բարությունը, արդարությունը, մարդը:
Իմ կարգախոսին թև ու հնչեղություն է տալիս Վիլյամ Սարոյանի իմաստուն ասույթը. «Սերը անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»:
Մարդը պիտի այնքան իմաստալից ու նպատակային ապրի, որ արժանանա Մարկ Տվենի ոգեշնչմանը. «Եկեք այնպես ապրենք, որ մահվան համար նույնիսկ դագաղագործն ափսոսա»: Ես իմ կյանքի մայրամուտին բազում ցանկություններից մեկը խրատի, խորհրդի ձևով ուղղորդում եմ իմ ընթերցողին, նոր սերնդին որպես բաղձանք:
Դատապարտելով 20-րդ դարում, 100 տարի առաջ երիտթուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանության ոճիրը՝ մեր նոր սերունդը պահանջատիրոջ, խիզախ զինվորի նման պիտի աշխարհաճանաչման հասցնի Եղեռնի պատմական իրողությունը, շիրազյան կարոտով, վստահությամբ, սևակյան ըմբոստությամբ ազատագրի մեր կորցրած տարածքները, հատուցում պահանջի և Արարատի գագաթին ծածանի Հայոց պետական դրոշը:
Այդ սրբազան մտահոգությամբ եմ գրել ներքոհիշյալ բանաստեղծությունը.

ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ Ու ՄԵՐ ՔԱՐՏԵԶԸ
Անպարփակ է ու հարուստ պատմությունը
մեր հայոց՝
Սխրանքներով, մեծերով, տարածքներով
անսահման,
Աշխարհացունց գործերով, կոթողներով ոսկեզօծ՝
Վկաները հավերժող մեր դարավոր պատմության:
Մեր քարտեզը հայկական մի սրտաչափ թաշկինակ,
Ինչպե՞ս պահի ուսերին պատմությունն
այդ վիթխարի,
Պատմությունն ու քարտեզը անհարիր,
աններդաշնակ,
Ասես նզովք են կարդում այս անարդար աշխարհին:

Հայոց լճերն օտար հողում
Խեղդվում են ու արցունք ցողում՝
Ուրմիո լիճ ու Փարվանա,
Գայլատու լիճ, Ծովք ու Վանա…
Երկնից իջած լույս մանանա՝
Քարտեզին լիճն է Սևանա:
Գերված սարերը մեր բազում՝
Մասիս, Անդոկ, Սիփան, Սասուն,
Նեմրութ, Թոնդրակ, Մուսա, Արտոս,
Բզնունյաց ու Խութի, Առնոս,
Տավրոս, Մնձուր ու Պոնտական,
Մարութա սար, Պար Հայկական,
Իսկ քարտեզին խեղճ, բզկտված,
Մի Լալվար է, մի Արագած:

Օտար հողում ճչում են խենթ
Տիգրիս, Եփրատ, Կարս, Մեղրագետ,
Իսկ քարտեզի վրա ճչան՝
Դեբեդ, Արաքս ու Հրազդան:

Երևանը քաղցրահնչուն
Կարոտով լի գիրկն է կանչում,
Որ քարտեզի վրա բազմեն
Վան ու Կարին, Անի, Բասեն,
Բիթլիս, Դվին, Տիգրանակերտ,
Շիրակավան, Բաղեշ, Խարբերդ,
Ադանա, Կարս ու Արաբկիր,
Բագարան, Մուշ ու Արմավիր:

Հայաստանում մեր քարաշատ՝
Արարատյան, Շիրակի դաշտ,
Բայց թոշնում են շան բերանին
Մշո դաշտը, Արածանին,
Կարնո, Տարոն ու Ալաշկերտ,
Երզնկա դաշտ ու Մանազկերտ,
Էրզրումի ու Ծաղկունյաց,
Խնուսի դաշտ ու Ռշտունյաց:

Գառնի, Գեղարդ ու Զվարթնոց,
Էջմիածինը հավատազօծ
Հնչեցնում են զանգերն արդար,
Որ տնքում են հողում օտար
Տեկոր, Անի ու Նարեկա,
Երերույք ու Ղարս, Վարագա,
Ախթամար ու Առաքելոց՝
Տաճարները մեր սուրբ հայոց:
Մեծ եղեռնից հազիվ փրկված,
Աշխարհով մեկ ցրիվ եկած,
Անբույն, ծարավ թռչունի պես
Հայերն հասան Լոս Անջելես,
Բաղդադ, Սիդնեյ, Մարսել, Փարիզ,
Հալեպ, Բեյրութ, Աթենք, Թավրիզ,
Դարձան պանդուխտ, օտարական,
Իսկ քարտեզի վրա չկան:

Անպարփակ է ու հարուստ պատմությունը
մեր հայոց՝
Սխրանքներով, մեծերով, տարածքներով սրբազան,
Աշխարհացունց գործերով, տաճարներով ոսկեզօծ՝
Վկաները հավերժող մեր դարավոր պատմության:
Մեր քարտեզը հայկական մի սրտաչափ թաշկինակ,
Ինչպե՞ս պահի ուսերին պատմությունն
այդ վիթխարի,
Պատմությունն ու քարտեզը անհարիր,
աններդաշնակ,
Ասես նզովք են կարդում այս անարդար աշխարհին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։