«Ստվերներից անդին»-ը բանաստեղծ Մանվել Միկոյանի վեցերորդ գիրքն է. տպագրվել է 2017-ին, 2018-ին՝ արժանացել «Վահան Թեքեյան» մրցանակի: Ինչպես նախորդ ժողովածուներում, այնպես էլ այստեղ նկատելի է թեմատիկ բազմազանություն, որը ոչ միայն չի խանգարում ասելիքի խորությունն ըստ հարկի ընկալելուն, այլև օգնում է համակողմանի պատկերացնելու բանաստեղծի աշխարհայացքը, իրականության և իրականության աբսուրդի ընկալման ու վերարտադրման թարմությունը՝ հագեցած քաղաքացիական և հրապարակախոսական պոեզիային բնորոշ լեզվամտածողությամբ, բանաստեղծության կառուցիկությամբ, մատուցման ձևի՝ երբեմն անսպասելի անցումներով, ու շեշտադրումներով հագեցած յուրատիպությամբ, ասելիքաշատ, թարմ, չկրկնվող, զուսպ պատկերայնությամբ, ազատ տաղաչափությամբ: Ժողովածուի բաժիններ են՝ «Դատարկվող քաղաքի մայրամուտը», «Ստվերներից անդին», «Նոր հիշողության ծննդավայր», կան նաև արձակ բանաստեղծություններ:
Առաջին բաժնում ներկայացվում է ապրած օրերի կենսագրությունը՝ նախահեղափոխական (2018) Հայաստանը՝ որպես տխուր ներկապնակ և կամ էլ կոլորիտային այնպիսի ամբողջականություն, որտեղ ցավալիորեն գերակշռող են գորշություն բուրող պատկերները. արտագաղթ չարիքի շունչն է, մտավորականի օճառաբույր կամ մոտավոր տեսակը, որտեղ համառորեն չեն լսում Տիրոջ հորդորաձայնը, թեպետ, երբ Աստված ստեղծել է մարդուն, նրան ստեղծել է կատարյալ՝ տեսնելու և լսելու համար բնության մեջ առհավետ ներկա գեղեցիկը:
Մանվել Միկոյանը գրում է՝ ինչպես մտածում է, և մտածում է՝ ինչպես գրում է, այն է՝ չի կեղծում ինքն իրեն. իսկ սա նախադրյալ է, որ ստեղծվի անճիգ, անկեղծ պոեզիա. անկեղծությունը և բացահայտ կամ որոշակիորեն քողարկված-համեմված հեգնանքը նրա բանաստեղծության հաջողության գրավականներից են:
Ասելիքի միկոյանական ամբողջականությունն ընկալելու համար որոշակի մտավոր պատրաստվածություն է հարկավոր, նաև ձևավորված գեղագիտական ճաշակ՝ հագեցած ոչ պոետական, առտնին խոսքով պոեզիա կարդալու հմտություններով, այսինքն՝ Միկոյանի պոեզիան որոշ առումով հասցեագրված է հասարակության էլիտար հատվածին, կամ ինքնին էլիտար պոեզիա է՝ հագեցած պարզ խոսքով բարդ ձևակերպումների, բարդ բանաձևումների առկայությամբ: Ինչպես գիտենք, արդի հայ պոեզիայում քաղաքացիական, հրապարակախոսական շեշտադրումներով բանաստեղծությունը հազվադեպ հանդիպող երևույթ չէ՝ ի հակակշիռ ավանդական, ընդունված տեսակետի, թե պոեզիան նուրբի, զգայունի բնագավառ է: Պոեզիայի քաղաքացիական գիծը հատկապես լավ զարգանում է Արտեմ Հարությունյանի, Հենրիկ Էդոյանի, Արմեն Շեկոյանի, Դավիթ Հովհաննեսի, Հովհաննես Գրիգորյանի, Հուսիկ Արայի և այլոց ստեղծագործություններում՝ նրանցից յուրաքանչյուրի մոտ ձեռք բերելով որակական նոր, չկրկնվող հատկանիշներ: Հեգնանքի բանաստեղծության սկզբնավորումը հետանկախական շրջանի հայ բանաստեղծության մեջ իրավացիորեն կապվում է Հովհաննես Գրիգորյանի անվան հետ1, սակայն թերևս պետք է շեշտադրել, որ Գրիգորյանի բանաստեղծության մեջ ոչ այնքան հեգնականն է, որքան հեգնանքի միջոցով և նրա օգնությամբ արտահայտված իրականության դրամատիզմը:
Մանվել Միկոյանի ստեղծագործության մեջ, մեր դիտարկմամբ, այդ առանձնացնող հատկանիշը նուրբ, քողարկված և կամ էլ երբեմն բացահայտ արտահայտվող հեգնանքն է: Նրա բոմժերը միլիարդատեր են, իսկ դիետիկ ագռավների և մյուս իրական ու անիրական կերպարների, մասնավորաբար՝ մշակութային մոլագարի մասին մեկ անգամ չէ, որ լսել է Միկոյանի ընթերցողը: Հիմքում դրանք իհարկե ունեն իրական նախատիպեր (հաճախ՝ լոկալ բնույթի), բայց Միկոյանի գրչի տակ դարձել են ընդհանրական հավաքական կերպարներ. այդպիսիք կան բոլոր ժամանակներում և բոլոր միջավայրերում:
Բազմիցս շեշտվել է, որ Միկոյանի մտածողությունն ինքնատիպ է. լուծումները հաճախ անակնկալ են, և դրանք բանաստեղծության համար ստեղծում են նովելային վերջաբանի տրամաբանություն. ընթերցողը սպասում է մի բան, ականատես է լինում բոլորովին այլ ավարտի. կյանքը բացահայտվում է տարբեր դիտանկյուններից ու տարբեր հարթություններում: Ինչպես նկատում է գրականագետ Նորայր Ղազարյանը, ով Միկոյանի բանաստեղծությունները համարում է հոգեբանական մենախոսություններ, ժողովածուն որոշակիորեն դիմորոշում է արդի հայ պոեզիան. «Մ. Միկոյանի պոեզիայի առանձնահատկություններից մեկը կյանքին համարժեք արձագանքելու ընդունակությունն է: Նա սոցիալական դիտարկումները միահյուսում է կյանքի խորքային զննություններին և փիլիսոփայական ածանցումներին»2:
Նոր օրերի հերոսի կերպարը «մարդ- ստվեր» որակումն է ստանում Միկոյանի համանուն բանաստեղծության մեջ: Սեփական դիմագիծը պահել-չպահելու խնդիր է դրված, որը օրերի լղոզված շնչառության մեջ փորձում է ներկայացնել գոյատևելու տխուր մի բանաձև: Ստեղծվում է մարդ-ստվեր երկվությունը, որտեղ մարդն ասոցացվում է մաքուրի, ստվերը՝ չարի կամ անմաքուր մղումների հետ: Դժվար է մաքուր մնալ, դժվար է մարդ մնալ ստվերների գերակայության մթնոլորտի խեղդող առկայության դեպքում, թեպետ սա չնչին արդարացում է կամ էլ արդարացում չէ ընդհանրապես: Այստեղ է մտավորականի մոտավորական դառնալու չարիքի արմատը նաև, այստեղ է մխիթարանքը, թե ստվերները բազմաթիվ են: Այստեղ երկրի տերերին հաճոյանալու մոլուցքն է, թեպետ այդ հաճոյանալուց «տերերն» առանձնապես ոգևորություն չեն ապրում. նրանց բաժին հայրենիքն ապօրինաբար սեփականաշնորհված դրախտավայր է, որտեղ չնչին գոյերը, չնայած սարսափելի պահանջված լինելուն, իրականում մնում են աննկատ: Մեջբերենք.
Նա քայլում է փողոցով՝//մտազբաղ ու սևեռված,//անպատասխան հարցերի//ու տագնապների ալիքը//չտեղավորելով հոգու ներսում,//իսկ ստվերը հետևում է իրեն,//հետապնդում համառորեն,//քանզի այդպես է կամենում//իր համար ոչինչ չարժեցող արևը://Հետո տագնապների ալիքը//դուրս է հորդում իրենից,//խառնվում ստվերին,//որը խտանում է՝//դանդաղեցնելով նրա քայլերը://Ստվերը մոտենում է, ձուլվում մարդուն,//ով այդպես էլ «չկողմնորոշվեց»//ՄԱՐԴ մնալ-չմնալու,//խիղճն աղբամանը նետել-չնետելու//լաբիրինթոսում՝//մնալով իր խղճմտանքի//և թշվառության գերին://Ստվերն ամբողջովին//կլանում է մարդուն,//ով աստիճանաբար կորցնում է//հստակ ուրվագծերը//ու միանում իր նման//բազմաթիվ մարդ-ստվերներին://Իսկ երկրի տերերը//շարունակում են//դրախտավայր դարձնել// Հայրենիքը…//միայն ու միայն իրենց համար (9-10):
Թեման յուրովի զարգացում է ապրում շարքի հաջորդող բանաստեղծություններում. ժամանակի ու միջավայրի հստակ գծագրված պատկերն է թանձրացող ճահիճը, և օրինաչափ է, որ ճահճացող միջավայրում գորտերի կռկռոցներն էլ հաճախանում են (11): Կռկռոցը հստակ հասցեատեր ունի, իսկ գույժն ընկալելի է ընտրյալ քչերին, քանի որ ամենուր «սերտիֆիկացված սրիկաներ» են, որոնց համար երեսին նետված մերկ ճշմարտությունները կռկռոցներից չտարբերվող ու ձանձրալի են (12):
Մարդու մարդկայնացման հավատն է ամբարված թեկուզ թաքուն, աննշմար հույսի մեջ՝ ձևակերպված որպես պարադոքսալ ճշմարտություն, թե՝ Ես իջնում եմ երկինք, որպեսզի երկիրն ավելի բարձրանա (13):
Պղտորված հասարակության գորշ զանգվածն են մոտավորականները. մտավորական-մոտավորական աննշան, վրիպակային թվացող տարբերությունը թվում է՝ արդարացվում է վերևներին պետք լինելու անձանձիր մոլուցքով և կամ էլ սփոփանքով: Ընթերցվող երգիծանքը դառնության համ ունի.
Նրանք սարսափում են դեմքերից,//մանավանդ այն դեմքերից,//որոնք ունեն հայացք ու//ցայտուն դիմագիծ://Նրանց մոտավոր դեմքեր են պետք,//մոտավոր դիմագծեր՝//կեղծ ու մոտավոր ժպիտներով՝//պատրաստակամ և քծնանքի//պզուկներով տարբերակված (14):
Միկոյանի բանաստեղծության մեջ սյուրռեալիզմին բնորոշ հնարքներով ուրվագծվում են դատարկվող քաղաքի մայրամուտները, փողոցով քայլող հատուկենտ մարդիկ, հսկա շենքերի պատուհաններից նշմարվող հատուկենտ լույսեր ու սատանայի՝ երբևիցե չընթերցված քմծիծաղը՝ դատարկ տների պատուհաններին դրոշմված (16): Աստծուն հղվելիք մրմունջների մեջ ազգի ճակատագիր է ակնարկվում. «Չսիրեցիր մեզ, Աստված»: Բայց և առավել ճշմարիտ է, որ
Մենք չսիրեցինք,//մենք մեզ չսիրեցինք… (17):
Մեկ անգամ չէ, որ Մ. Միկոյանը գծագրում է միջավայրը՝ բնորոշ աղտեղություններով ու հիվանդություններով: Հասարակության համար քաղցկեղի պես են միլիարդատեր բոմժերը՝ ազգություն, հավատ, մարդկային որակ ու նկարագիր չունեցող, և սրանց համար ամեն ինչի չափանիշը դրամն է, որովհետև «այն, ինչ հնարավոր չէ անել փողով, արվում է շա՜տ փողով» (18). սա իրականության ճշմարտացի պատկերն է. ուրվանկարվում են մեծապատիվ մուրացկանների մերօրյա անալոգները՝ միլիարդատեր բոմժեր, ովքեր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, բարեգործի դիմակ են հագնում, մոմավառություն են կազմակերպում եկեղեցիներում՝ անընդհատ բռնաբարվող հայրենիքի համար:
Հայկական ազգային նկարագրին բնորոշ՝ հայրենի եզերքից օտարվելու հատկանիշի՝ օրեցօր ահագնացող արտագաղթ չարիքի պոետական պատկերումները բազմաթիվ են հայ գրականության մեջ: Դրանից անմասն չէ նաև Մ. Միկոյանը. նա տագնապում է, որովհետև
Կտրում են դեռ մեր ծառի ճյուղերը,//պատվաստում հեռվում՝ օտար հողի մեջ,//օտար ջրերով սնված ծառերին,//ասում՝ թող արագ աճի մեր ծառը,//թող արև տեսնի ու վեր բարձրանա (22):
Բանաստեղծի տագնապները հոգեմաշ-հոգեցունց են, որովհետև ակնհայտ է այն ցավեցնող-սթափեցնող արձանագրումը, թե ներսից են դավադիր ու դավաճան ծառ կտրող ձեռքերը: Տնքացող հայ կենսածառի խուլ մրմունջներն ու բարձրաձայն լացը Մ. Միկոյանն էլ փոխանցում է գալիքին՝ հարցականվող հավատով, թե՝
– Ո՞վ է կտրելու ձեռքն այդ «ամուր»,//որ մի օր հանկարծ մեր Կենսածառը//չտապալվի խուլ հողմերից դաժան: (22):
Պատրանքազերծ պոետի զգացողությունները մարմնավորվում են որպես իր ապրած ժամանակի ու միջավայրի հստակ վավերագրումներ: Դրանցից մեկն էլ «Մարտիրոսված հայ քաջերին» բանաստեղծությունն է. Ձեր վերջին շնչից երկնառաք//ծաղիկներ ծաղկեցին լեռներում (23):
Գրքի «Ստվերներից անդին» բաժնում Միկոյանը գաղտնազերծում է իր՝ բանաստեղծություն գրելու արվեստը.
Ես բանաստեղծություն չեմ գրում,//գրի եմ առնում թելադրվածը,//որն անցնում է ուղեղիս//և հոգուս միջով//և շարվում թղթին (27):
Բաժնի «Հրաժեշտ անցյալին» բանաստեղծությունն ուրվանկարում է մարդու կյանքի երեք հասակները՝ մանկություն, պատանեկություն, հասունություն՝ երեքն էլ հավասարապես թանկ ու սիրելի. մանկությունը հարազատի պես նայում է, թեպետ չի ճանաչում, պատանին հորդորում է գնալ ու հետ չգալ այլևս, իսկ հասունությունը ծնում է խառնիխուռն պատկերներ՝ շարունակվող հոգսաշատ կյանքի ու ժամանակի հորձանուտում. արձանագրվողը միտքն է, թե մենք հեռանում ենք անցյալից՝ նրան անընդհատ մոտենալով՝ էլիոթյան տրամաբանությամբ3(30):
Մ. Միկոյանի ստեղծագործությանը նվիրված «Աշխարհը փշրված հայելիների անդրադարձում» հոդվածում4 ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը նկատում է. «Միկոյանի յուրաքանչյուր բանաստեղծություն ավելի տեսիլային միավոր է, քան տրամաբանական, ուր գաղափարը սուզված է փիլիսոփայական ժամանակի մեջ: Դա «անգաղափար» գրականության ձևույթն է, որտեղ գործում է «արվեստ արվեստի համար» գեղագիտական սկզբունքը, և երևույթը ձգտում է տիեզերական կեցության: Կարող է իմ այս մեկնությունը չափազանցություն թվալ մի բանաստեղծի վերաբերյալ, ով տակավին չի քննաբանվել ժամանակակից պոեզիայի գեղագիտական չափանիշներով»:
Տեսիլայինը մի դեպքում դրսևորվում է որպես անցյալից վերհուշ, մի այլ դեպքում՝ որպես ապագայի կանխատեսում, իսկ մի երրորդ դեպքում իր մեջ համատեղում է սինեսթեզիային բնորոշ հատկանիշներ՝ տեսանելի դարձնելով ձայների ու բույրերի համանվագը, լսելի դարձնելով գույները: Այսպես՝
Մենք չենք լսում//ահազանգերը ժամանակի,//փակում ենք մեր ականջները//կամ խլացնում այդ ձայները//«խիստ անհրաժեշտ»//առօրյա դեգերումների//բազմագույն աղմուկում,//որպեսզի լիարժեք վայելենք//երկրային կյանքի//անսահմանության պատրանքը://Խուսափում ենք նայել հայելուն,//որպեսզի չտեսնենք//մեղավոր մեր աչքերը,//կնճռոտվող մեր հայացքը՝//իր մեջ ամփոփող մոխիրները//ժամանակի ահազանգերի://Անցած օրերի փոշոտ տեսաժապավենը//թաքցնում ենք այնպիսի մի տեղ,//որ չգտնենք երբևէ,//չգումարենք կրկնվող դատարկությունը,//որը կվերածվի անդունդի (45):
Սկզբի և վերջի միջև ընկած՝ յուրաքանչյուրիս համար վերջավոր, ժամանակի մեջ՝ փիլիսոփայորեն անվերջ կյանք-տարածությունը մարմին է առնում իբրև բանաստեղծություն, պատկեր, խոհ ու զգացմունք: Այսպես. «Իրականության ափերին / չես հասնի երբեք, / եթե փխրուն են ու դյուրաբեկ / մակույկներդ երևակայության» (31), «Ես միշտ լսում եմ անկման ձայները» (33), «Մի՛ շրջիր օրվա էջը, / ձեռքդ կայրվի» (36), «Դատարկ են բոլոր հայելիները …. / միայն շշուկներ են լսվում հեռուներից» (37), «Այնքան արագ է օրը ավարտվում, /որ չեմ հասցնում լսել ձայները իմ կարոտների» (44), «Օրերը կարծես հիվանդ են քաղցկեղով, /մահանում են հերթով՝ միայնակ ու լքված» (50), «Լռության շեղբերը թափանցում են աչքերիս մեջ» (59), «Ես չեմ կարողանում տանել աղմուկը, /բայց սարսափում եմ լռությունից» (94), «Ես նույնպես հանգիստ էի, / քանզի դու մաքրել էիր իմ հիշողությունը՝ /թողնելով միայն քեզ, քո պատկերը, /որն իմ կողմնացույցն էր դարձել» (103), «Դու ուշանում ես… / Ես մրսում եմ ամռան տապին» (105), «լսելով քո ձայնը՝ / ես կմոռանամ/անդունդների խորությունը» (115), «Խիղճդ չի՞ տանջում, / որ քո պատճառով / ես դալտոնիկ եմ» (123) և բազմաթիվ այլ:
«Նոր հիշողության ծննդավայր» շարքում անշղարշ հոգին է՝ սիրո, իր և Նե-ի հաշտ ու խռով, համարձակ ու վարանոտ, ժպտացող ու ալեկոծվող հարաբերությունների իմաստավորմամբ: «Արձակ բանաստեղծություններ» բաժնում չկաղապարված մտորումներ են, հիշողություն, սպասման տագնապներ, նյութեղենի ու աննյութեղենի հարաբերակցությունը, և այս բոլորի մեջ իր հաստատուն տեղն ունեցող տեսիլայինը:
Այսպիսով, Միկոյանի պոեզիայում արծարծվում են ամենատարբեր իրավիճակներ ու հոգեվիճակներ. դատարկվող քաղաքի համաժամանակյա տագնապներն են, մարդկային արատները, թուլություններն ու առավելությունները. իսկ ներկայացվող վիճակներն ընթերցվում են նախ իբրև անձնական, ապա և՝ համընդհանուր մտահոգություններ:
————–
1. Տե՛ս Ժ. Քալանթարյան, Ուրվագծեր արդի հայ գրականության, Ե., 2006, էջ 63:
2. Ն. Ղազարյան, Բեկումների, անդրադարձների ռիթմով, «Հայաստանի Հանրապետություն», 4 ապրիլի, 2018, էջ 5:
3. Տե՛ս Թ. Էլիոթ, Մեռյալ երկիրը, Ե., 1991, էջ 115:
4. Տե՛ս «Լոռու մարզ», թիվ 25, 6 ապրիլի, 2016, էջ 3: