ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հարգարժան պրն Փաշինյան,
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարցականի տակ է դրել պատկան կառույցի կողմից ֆինանսավորվող մանկական ամսագրերի և թերթերի աջակցությունը, որոնք տպագրության դաշտ են նախ գրողների համար, միտված են զարգացնելու երեխաների աշխարհայացքը, ոգեղենիկ սնունդ են և ստեղծագործող երեխաներին տպագրելու պարարտ հող:
Կապելով անցյալը ներկային՝ վաղվա աչքերի մեջ նայող երեխաները չեն կարող զրկվել մշակութային նման սնունդից, և այդ ողնաշարը, որի ավիշը կանաչ է, չպիտի ամայանա:
Պարոն վարչապետ,
Մի քանի օր առաջ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է մանկական մամուլի՝ «Կանչի», «Ծիծեռնակի», «Աղբյուրի», «Լուսապսակի», «Փերիի», «Խատուտիկի», «Խաբարբզիկի» խմբագիրներին: Սակայն ոչ մի բարենպաստ առաջարկ, համագործակցության եզր չի արձանագրվել: Չնայած մամուլում, համացանցում հաճախակի խոսվել, քննադատվել է երևույթը, բայց ոչ մի արդյունք չկա: Նախարարի առաջարկն է՝ գլխատել տպագիր մամուլը և մտնել թվային դաշտ: Այսօր երեխաները ոչ միայն պատրաստ չեն դրան, այլև համաշխարհային մակարդակով սոցիալական հարթակները հակացուցված են նրանց՝ մատաղ սերնդի մտավոր ու ֆիզիկական առողջությունը խաթարելու վտանգավորության հիմնավորմամբ:
25 տարի մեծ դժվարությամբ է գոյատևում մանկական մամուլը, երբ փակ են դպրոցների դռները նրանց առջև. չկա բաժանորդագրություն, իսկ Հայփոստն ու հարակից կազմակերպությունները 300 հազար դրամ են պահանջում համագործակցության համար… Կրթության նախարարությունը, աջակցելու և վիճակը բարելավելու փոխարեն, որ մամուլը հասանելի լինի մարզերին ևս, զրկում է պետական աջակցությունից: Նշվեց, որ և՛ գրողները, և՛ պատկան մամուլը օժանդակել ու ողջունել են Ապրիլյան հեղափոխությունը՝ հույս տածելով դրական փոփոխությունների:
ՀԳՄ նախագահությունը քննարկեց վերոնշյալ հարցը, իր դժգոհությունն արտահայտեց ԿԳ նախարարության կողմից նշված վերաբերմունքի նկատմամբ:
Պետք է ընդգծել նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունը, ի հակադրություն ՀՀ ԿԳ նախարարության, աջակցում է գրական մամուլին:
Պարոն վարչապետ,
Խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի հարցը դրական լուծում ստանա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։