Սկսվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 100-ամյակին ընդառաջ հանդիսությունները, որոնք շարունակվելու են ամբողջ տարին։ Մայիսի 11-ին բանասիրական բաժանմունքի ուսանողները եռուզեռի մեջ էին. Վ. Պարտիզունու անվ. հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմակերպել էր Մանկավարժականում դասավանդած գրականագետների և մեր գրականության երախտավորների մեծարում ուսանողական գիտաժողովի շրջանակում, որն ընդգծում է սերունդների շարունակական կապը տասնամյակների խորքով։ Ուսանողների գիտական հետաքրքրությունների կենտրոնում էին հարյուրամյա բուհին կենսագրություն պարգևած անցյալի դասախոսները՝ Վաչե Պարտիզունին, Արշալույս Բաբայանը, Հեկտոր Ռշտունին, Եղիշե Պետրոսյանը, Սևակ Արզումանյանը, ուրիշներ, նրանց կողքին՝ երբեմնի ուսանողներ, դիմագիծ կազմած գրողներ՝ բանաստեղծներ և արձակագիրներ, որոնք, ինչպես նշեց ներածական իր խոսքում ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, առաջինը Մանկավարժականի՛ց են ստացել ստեղծագործ խթանիչ նկարագիր, գրական ընկալումների, փառքի, տառապանքի դառնանուշ ճանապարհի ուղեգիր։
Հիրավի, գրական աշխարհի հետ շարունակական տրոփով է կապված հարյուրամյա բուհի գրականության ամբիոնը, և այդ կապը տասնյակ տարիների մեջ զորացրել են մեր գրականության երախտավոր շրջանավարտները։ Այսօր նրանց անունը հպարտություն է ներշնչում մեզ՝ ուսանողներիս, արձակի վարպետներ Հրանտ Մաթևոսյան, Մկրտիչ Սարգսյան, բանաստեղծներ Սուրեն Մուրադյան, Ռազմիկ Դավոյան, Հակոբ Մովսես, Լիպարիտ Սարգսյան, Երվանդ Պետրոսյան, Արմեն Շեկոյան, Արամայիս Սահակյան, գեղարվեստական մտքի ձևավորման անվերջանալի դարբնոց-շարքը համալրած նվիրական դեմքեր:
Ուսանողական գիտաժողովի մասնակիցները ծալք առ ծալք բացում էին գրական չափանիշի ընկալման ու մեկնության հին ու նոր սահմանները, սիրված բանաստեղծությունների արտասանությամբ ի ցույց էին դնում պատկերային մտածողության նոր հարստացուցիչ շերտեր։ Նախ, նրանք արժևորեցին ուսուցչապետ Վաչե Պարտիզունուն և նրա գործընկերներին (զեկուցող՝ 4-րդ լսարանի ուսանող Արևիկ Գոմցյան), որոնք դասախոսություններով և ուսանելի գրքերով ապահովել են Մուրացանի, Շիրվանզադեի, հատկապես Վահան Տերյանի մշտական ներկայությունը ինստիտուտ-համալսարանի լսարաններում, հիշատակեցին հայ վիպագրության և բանաստեղծության այն հարուստ ճանապարհը, որ բացահայտել են նրանք Րաֆֆու, Սիամանթոյի, Իսահակյանի, Զապել Եսայանի և այլոց ստեղծագործություններից։ Նրանք քաջ գիտեին, որ վաղվա գրողը հաճախ ծնվում է լսարանում, ունկնդրության ու պատկերի մեկնության շաղախից։ Ուսանողները վերարժևորեցին արձակագիր Մկրտիչ Սարգսյանի գրական հախուռն կյանքը կրակի տակ (զեկուցող՝ ամբիոնի հայցորդ Աննա Սարգսյան), ու դրանից է, որ առավել գնահատում էր խաղաղությունը։ Նրանք տեսան ու վերհանեցին հայ կնոջ տառապալից, անշուք իրականությունը ու Նանա իշխանուհու երազի կամուրջների հակադրությունը Հրանտ Մաթևոսյանի արձակի ծալքերում (զեկուցող՝ Նարե Հովհաննիսյան, 4-րդ լսարան), ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի աշակերտների կատարմամբ լսեցին Սուրեն Մուրադյանի մանկական լուսավոր երգերը և սերտեցին սերունդների հետ միշտ նորանալու գաղտնիքը բանաստեղծական պատկերներում, անցան նորերս կյանքից հեռացած Ռազմիկ Դավոյանի պոեզիայի էպիկական և քնարական հատկանիշներին (զեկուցող՝ Անի Անտոնյան, 4-րդ լսարան)։
Այդ օրը ուսանողների հյուրն էր ճանաչված բանաստեղծ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, Մանկավարժականի շրջանավարտ Հակոբ Մովսեսը, որի քերթողական ինքնատիպ, դեպի ներաշխարհ բացվող պատկերները ուսանողները դիտեցին իբրև ճամփորդության հնարավորություն և «յոթներորդ որսորդություն» (զեկուցող՝ Հայկանդուխտ Մարգարյան, մագիստրատուրայի երկրորդ լսարան), ինչպես կոչել է ինքը վերջին ժողովածուներից մեկը։ Հ. Մովսեսի երկխոսությունը ժամանակի և բանաստեղծության մասին էր. «Հանե՛ք լուսավորությունը, հանգցրե՛ք լույսը, և ինչ շքեղ իրեր էլ դրված լինեն, չեք տեսնի։ Երբ լույսը վառեք, դուք անգամ դատարկության գեղեցկությունը կարող եք նկատել»,- իր ելույթում նշեց ժամանակակից բանաստեղծը: Այդ լույսի պահպանման գործում Հակոբ Մովսեսը մեծագույն դերը տվեց մանկավարժական համալսարանին. լավ ուսուցիչը երկրի, պետականության հիմքն է,- պատգամեց բանաստեղծը: Ժամանակն արժևորել, գնահատել, բարձրաձայնել գրական արժեքը, սա է թերևս բանաստեղծության բարձր նպատակը:
Տաթև ԹԱՄՐԱԶՅԱՆ
ՀՊՄՀ, բանասիրական բաժանմունքի 3-րդ լսարան