Մայիսի 17-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակներին նվիրված հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Գագիկ Դավթյանի հայրենիքի` Սյունյաց աշխարհի գեղեցիկ բնությունը թույլ չի տա բանաստեղծություն չգրել, ընդգծեց, որ բանաստեղծը նա է, ով նկարագրում է այն, ինչ տեսնում է, իր հոգին ու այդ ամենը իրար խառնած համաձուլվածք է ստեղծում: Նրա հավաստմամբ, եթե Գ. Դավթյանը ապրելով Ղափանում, հայաստանյան գրողների դեսպանն էր այնտեղ, ապա գալով Երևան՝ դարձավ Հայաստանի դեսպանը տարբեր երկրներում` Վրաստանում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սերբիայում՝ վերջին տարիներին զբաղվելով բուռն թարգմանչական գործունեությամբ և բազմաթիվ գրքեր դնելով մեր ընթերցողների սեղանին: «Թարգմանիչները ծիածաններ են ստեղծում, տասնապատիկ գույների ծիածան է այսպիսի թարգմանական գրականություն ստեղծելը»,- ամփոփեց նա:
ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրին փաստեց, որ Վրաստանում շատ լավ են ճանաչում Գ. Դավթյանին: «Գագիկ Դավթյանը շատ լավ գիտի, որ հայ-վրացական հարաբերություններում փոխադարձ սերը, փոխադարձ հարգանքն ու միմյանց սատարելը այլընտրանք չունեն: Վրաստանում բարձր են գնահատում նրա գործունեությունը, որ նպաստում է ՀՀ-ում վրացական մշակույթի ավելի լավ ճանաչմանը և վրաց ու հայ ժողովուրդների մերձեցման և բարեկամացման գործին»,- ասաց Ն. Ափցիաուրին:
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի բաժնի վարիչ Մելինե Եղոյանը շնորհավորեց Գ. Դավթյանին և ընթերցեց դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու խոսքը, որտեղ մասնավորապես նշված էր, որ Գ. Դավթյանի թարգմանությունները զարմացնում են ընթերցողին բնագրին հավատարմությամբ ու ճշգրտությամբ, իսկ նրա նախաձեռնությամբ «Որպես ձեռքսեղմում» լեհական անթոլոգիայի ստեղծումն ու հրատարակումը լուրջ նպաստ է երկու ժողովուրդների հոգևոր մերձեցման, ինչպես նաև լեհական պոեզիան տարածելու և հայ-լեհական բարեկամությունն ամուր պահելու ճանապարհին:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը գրական դիմանկարով հանգամանորեն ներկայացրեց Գ. Դավթյանի ստեղծագործությունը՝ ընդգծելով, որ նրա ձեռագիրը տարբերվում է արդի բանաստեղծության համապատկերում, քանզի քնարերգություն է ստեղծում` պահպանելով բարի ավանդույթները` դրանց զուգակցելով նոր մտայնություններ ու բանաստեղծական իրացումներ:
«Նա շատ լավ գիտի անվերջ սկզբի գաղտնիքը, միշտ ավարտում է մի բան ու գալիս նախնական կետին` ոգեշնչվելու և զրոյից նորից սկսելու ամեն ինչ»,- ասաց Շանթ Մկրտչյանը՝ ծանրակշիռ համարելով Գ. Դավթյանի վաստակը և՛ բանաստեղծության, և՛ թարգմանության աշխարհում:
Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ Գ. Դավթյանը կարողացել է իսկապես բարեկամության կամուրջ դառնալ տարբեր ազգերի հետ, և՛ մեր իրականության մեջ, և՛ նրա սահմաններից դուրս գեղեցիկ պահել հայոց ներկայությունը: «Մեր մեջ բանաստեղծությունն անընդհատ թռվռում է, ծաղկում, մեզ մնում է ընդամենը հոգու այն կողմից մյուս կողմը վազել, բռնել, մատուցել իրար ու հավատալ, որ ապրեցնելու ենք այն սերունդը, որը գալիս է: Ոգեղեն արժեքների մեջ եմ տեսնում շարունակությունը»,- ամփոփեց նա:
Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան նաև Արևշատ Ավագյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, նկարիչ Ժիրայր Աղավելյանը, վրացական Իվերիա համայնքի ղեկավար Սվետլանա Նամղևաձեն, Կապանի թատրոնի գլխավոր ռեժիսոր Կամո Արզումանյանը, Կապանի Շիրվանզադեի անվան պետ. դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը և ուրիշներ: Ֆելիքս Բախչինյանը Գ. Դավթյանին պարգևատրեց «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով: Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ երգչուհի Արմինե Մաթևոսյանը: Նարեկ Մարգարյանն ու Աննա Գարեգինյանը ներկայացրին Գագիկ Դավթյանի բանաստեղծություններից: