ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ / Արտեմ ՍԱՐԳՍՅԱՆ

ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերջապես ընթերցողի սեղանին են «Հայոց լեզվի բարբառային բառարանի» յոթ հատորները: Բառարանը ներկայացնում է հայոց լեզվի 200-ից ավելի բարբառների ու խոսվածքների բառամթերքը՝ ոճական արտահայտություններով, կայուն կապակցություններով և դարձվածներով:
Բառարանի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բառարանագրության և բարբառագիտության բաժինների մի խումբ աշխատակիցներ (երախտաշատ հայագետներ Թամար Չիլինգարյանը, Աշխեն Հակոբյանը, Գասպար Գասպարյանը, Ահարոն Գրիգորյանը և ուրիշներ): Բառարանն արդյունք է տասնամյակներ տևած հայերենանպաստ արգասաբեր աշխատանքի: Բառարանի առաջաբանում թվարկված են կազմողների անունները: «Հայոց լեզվի բարբառային բառարանի» ավելի քան 400 տպագիր էջերը (2550 էջից) կազմել է հայերենագիտության մեծ երախտավոր Թամար Չիլինգարյանը: Այդ իրողությունը վավերացված է ինչպես բառարանի մուտքում, այնպես էլ առաջաբանում: Տիտղոսաթերթի վրա հեղինակների և խմբագիրների անունները չեն ներկայացված և տրվում են միայն 4-րդ էջում: Մի վրիպում ևս, համառոտ ներկայացվող հեղինակների ցանկում նշվում են միայն Գասպար Գասպարյանի, Ահարոն Գրիգորյանի, Աշխեն Հակոբյանի անունները, այնուհետև «և ուրիշներ» ձևակերպմամբ: Եթե աշխատանքի տպագրության պատրաստման 15 տարիների ընթացքում ուշադրություն դարձվեր այդ իրողությանը, մեկ անգամ ևս կշեշտվեր Թ. Չիլինգարյանի անունը, ինչպես նաև կավելացվեին խմբագրական աշխատանք կատարած բոլոր արժանավորների անունները՝ Ներսես Մկրտչյան, Վարագ Առաքելյան, Ամալյա Սարգսյան, Հմայակ Օհանյան, Ալբերտ Խաչատրյան, Փայլունիկ Սարգսյան և այլք:
Բառարանի հեղինակների վաստակը հստակորեն արձանագրված է հրատարակիչ և խմբագիր տողերիս գրողի տպագրած համառոտ ներածականում. «Իր տեսակի մեջ բացառիկ այս բառարանը արդյունքն է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բազում երախտավորների՝ հայերենագիտության համեստ ու անխոնջ մշակների տասնամյակներ շարունակ բծախնդրորեն կատարած պրպտումների, վիթխարի հավաքչական աշխատանքի, առանց չափազանցության՝ մայրենիին անմնացորդ նվիրումի»:
Եթե չլիներ լեզվի ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն Լ. Շ. Հովհաննիսյանի հորդորը՝ բառարանագրական հուշարձանների հրատարակման գործընթացը սկսել այս բառարանից, բառարանի ձեռագիր հաստափոր թղթապանակները հիրավի երկար ժամանակ կմնային գզրոցներում և, ցավոք, կտրվեին մոռացության: Կարծում ենք, ճիշտ վարվեցինք մեր հեղինակած և տակավին ձեռագիր վիճակում գտնվող բառարանագրական աշխատանքները՝ «Գրաբարի հաճախականական բառարան», «Արևմտահայերենի նոր բառարան» և այլն, թողնելով ապագայի փորձություններին և իրագործմանը, սիրահոժար նախընտրեցինք տպագրության պատրաստել սույն բառարանը:
Տակավին բառարանի առաջին հատորը տպագրության պատրաստելիս (շուրջ 15 տարի առաջ) բացահայտվեց, որ ոչ միայն բացթողումներ կային (պակասում էին մի շարք տառերով սկսվող բառահոդվածները), այլև առկա էին առանձին գավառաբարբառների բառամթերքի ոչ լրիվ քարտագրման և մատուցման դեպքեր:
Հավատարիմ մնալով հանդերձ առաջին հատորում ներկայացված սկզբունքներին (ըստ հնարավորին անաղարտ ներկայացնել այն, ինչ ավանդել են մեր լեզվի երախտավոր մշակները), 7-րդ հատորում ստիպված ենք եղել վերստին կազմել փ, ք, օ, ֆ տառերով բառահոդվածները, քանի որ համապատասխան թղթապանակներ չգտնվեցին…, իսկ դա 200 տպագիր էջից ավելին էր:
Վերջապես, ընթերցողների սեղանին դնելով մեր լեզվի բոլոր բարբառների և խոսվածքների հսկայական բառագանձն ամփոփող սույն եզակի շտեմարանը, միաժամանակ վերստին շեշտում ենք, որ բառարանում երկու տասնյակից ավելի հայերենագետների խմբագրումից հետո էլ նկատվում են բացթողումներ, որոշ վրիպումներ և այլն: Ճիշտ են ասել, որ «լավագույնը լավի թշնամին է…»: Վերստին ուզում ենք հիշեցնել, որ բառարան կազմողները, առաջին հերթին Թամար Չիլինգարյանը, Աշխեն Հակոբյանը և այլք, լեզվի ներքին նուրբ զգացողություն և ճաշակ են ունեցել, աչքի են ընկել գնահատելի բարեխղճությամբ:
Ավելորդ չէ շեշտել, որ բառարանի յոթ հատորներն էլ լույս են տեսել մեկենասության շնորհիվ, և, ցավոք, սահմանափակ տպաքանակով: Ուզում ենք հավատալ, որ ապագայում, հավելելով անհրաժեշտ նոր նյութերով, վերացնելով նկատած բացթողումները, մշակելով միասնական գիտական, բառարանագրական սկզբունքներ, հնարավոր կլինի պետական միջոցներով վերահրատարակել այս, իրոք, կոթողային և լրամշակված գործը որպես բարբառների և հայերենագիտության մնայուն հուշարձան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.