ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՀՈՒՇԵՐԸ` ՍԵՐԲԵՐԵՆ

baben

 

 

Հայոց մեծ եղեռնի կարևոր և անհերքելի վկայությունները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Արժեքավոր են այդ տարիներին Օսմանյան կայսրությունում տարբեր առաքելություններ իրականացրած օտարերկրացիների հուշերը: Եվ, սակայն, դրանցից առանձնանում և մեծ հետա­քրքրություն են ներկայացնում 1913-1916թթ. Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը, որոնք անգլերենով լույս են տեսել 1918 թվականին, իսկ մեկ տարի անց Ենովք Արմենի հայերեն թարգմանությամբ նաև Պոլսում: Եվ, ահա, այդ թարգմանությունից ուղիղ 100 տարի անց` 2019-ի դեկտեմբերի վերջին, Մորգենթաուի գիրքը անվանի թարգմանիչներ Դեյան  Ացովիչի և Սլաջանա Մարինկովիչի ջանքերով լույս տեսավ Սերբիայում:

Մեզ համար մեծարժեք այս գրքի թարգ­­մանության ծնունդը ամենևին էլ պատահական չէ: Ահա թե ինչպես է ծնվել գիրքը հրատարակելու գաղափարը: Մեկ տարի առաջ բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ և Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին Սերբիայից զանգահարել է իր գրչընկեր Դեյան Ացովիչը և տեղեկացրել, որ առիթ է ունեցել անգլերենով կարդալու Հենրի Մորգենթաուի գիրքը Հայոց ցեղասպանության մասին և ցանկություն է հայտնել թարգմանել սերբերեն:

– Երբ կարդացի գիրքը, սահմռկեցուցիչ ու ահասարսուռ զգացողություն պարուրեց ինձ,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ացովիչը,- պարզ դարձավ, թե աննախադեպ ինչ ոճիր է իրագործվել հայ ժողովրդի նկատմամբ: Եվ, բացի այդ, ցանկացա սերբ ժողովրդին ներկայացնել դեսպան Մորգենթաուի հուշերը, քանի որ սերբերից զատ հազիվ թե մեկ այլ ժողովուրդ խորությամբ ընկալի Հայոց ցեղասպանության ողջ դաժանությունը:

Պատասխանը, անշուշտ, անսպասելի չէր Բաբկեն Սիմոնյանի համար: Նա քաջատեղյակ է Սերբիայի պատմությանը, գիտե, որ սերբ ժողովուրդը շուրջ հինգ հարյուր տարի իր ուսերին է կրել օսմանյան լուծը, և գուցե դրա համար է, որ սերբերն այդքան զգայուն են հայոց տառապանքների հանդեպ ու կիսում են նրանց անդարմանելի ցավը:

Գիրքը անգլերենից թարգմանելու Դեյան Ացովիչի նախաձեռնությունը ոգևորում է Սիմոնյանին: Ացովիչն իր հայ բարեկամին առաջարկում է գրքի խմբագրական աշխատանքից զատ նաև առաջաբան գրել: Բաբկեն Սիմոնյանը սիրով համաձայնում է: «Մորգենթաուն և հայերը». այսպես է կոչվում առաջաբանը, որտեղ հեղինակը պատմական նյութը համեմում է Մորգենթաուի դիվանագիտական առաքելության առավել կարևոր շերտերին` դրանով ստեղծելով փայլուն դիվանագետի կերպարը:

Առաջաբանից զատ, Սիմոնյանը անձնանունների և տեղանունների խմբագրական ճշգրտումներ է կատարել: Մորգենթաուի գիրքը, կարելի է ասել, լույս է տեսել հրատարակչական բարձր մակարդակով:

Շուրջ վեց ամիս տևած ստեղծագործական համագործակցությունը ցանկալի ու արգասավոր արդյունք է տվել: Կատարվել է որակյալ թարգմանություն, անթերի խմբագրական աշխատանք, գրվել է հրաշալի առաջաբան: Ստեղծագործական համագործակցությունից գոհ են և՛ թարգմանիչները, և՛ Բաբկեն Սիմոնյանը: Գիրքն արդեն ներկայացվել է սերբ ընթերցողին: Այս բացառիկ հրատարակությունը սերբերին առավել, քան հասկանալի ու ընկալելի է դարձնում հայ ժողովրդի` աշխարհին պատմական անարդարությունը ներկայացնելու տասնամյակների պայքարի խորհուրդը: Լավ են հասկանում, որովհետև իրենք էլ հայրենիքի թանկ մասունք  են կորցրել` սերբական միջնադարյան պետության բնօրրանը` Կոսովոն: Թե՛ հայերը և թե՛ սերբերը նույն դահիճի յաթաղանի զոհն են եղել, մարտիրոսվել, բայց կրկին հառնել ու գոյատևել են:

Անվարան պիտի ասել, որ Մորգենթաուի գիրքը խթան է հանդիսանալու հայ-սերբական դարավոր դաշինքն ավելի ամուր դարձնելուն: Մեզ` հայերիս, հզոր ու հոգեհարազատ դաշնակիցներ են պետք, իսկ բախտակից սերբերը միշտ էլ առանձնացել են իրենց հայասիրությամբ և այսօր էլ շարունակում են հայանպաստ առաքելությունը, այսպիսի հրաշալի գրքեր են հրատարակում` աշխարհին ցույց տալով, որ կա իրենց ճակատագիրը կիսող մեկ այլ ժողովուրդ:

Գրական-մշակութային այս բնույթի առաքելություններով է ամուր մնում ժողովրդի պատմական հիշողությունը: Այս կերպ են կամուրջներ ստեղծվում մեր բազմաչարչար, բայց մարտնչող ոգի ունեցող ժողովուրդների միջև:

Նշենք նաև, որ շուրջ 400 էջանոց գրքում ամփոփված է անձնանունների և տեղանունների ցանկ, տեղ են գտել են նաև Հայոց մեծ եղեռնի դաժանությունները պատկերող լուսանկարներ:

Վաստակաշատ գրողը, թարգմանիչը և սերբագետը համոզված է, որ այս հրատարակությունը հարատև կդարձնի հայ-սերբական բարեկամությունը: Մորգենթաուի հայանպաստ առաքելությանը վերաբերող իր առաջաբանը Բաբկեն Սիմոնյանն ավարտել է հետևյալ նախադասությամբ. «Անունդ անմոռաց է, գործդ` անմահ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։