ԷՊԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ըստ լայն ճանաչում գտած գրականագետ Միխայիլ Բախտինի` «Ժամանակի և տարածության փոխկապվածությունը գեղարվեստական գրականության մեջ մենք պիտի անվանենք քրոնոտոպ»:1
Միևնույն ժամանակ նա խոստովանում է, որ այս տերմինի կիրառությունը` փոխաբերական իմաստով գալիս է Էյնշտեյնի կողմից առաջադրված հարաբերականության տեսությունից: Սա քրոնոտոպի, այսպես կոչված, չորրորդ չափումն է, որի մեջ ժամանակը սեղմվում է` դառնում էպիկական կամ գեղարվեստական ժամանակ: Մեր ընթերցողներին նախապես պիտի հիշեցնեմ, որ գրականության և արվեստի մեջ գեղարվեստական ժամանակը և տարածությունը ֆիզիկական երևույթներ չեն: Իր հերթին գրականագետ Ն. Կ. Գեյը գրել է. «Մեր ժամանակներում կերպարի, պատկերի ժամանակային ըմբռնումը սերտորեն կապված է գեղարվեստական գրականության մեջ առկա ժամանակի և տարածության խնդիրների հետ: Դրանք դառնում են յուրօրինակ տարածություն և միջոց` դեպքերի ծավալման և կերպարի ինքնակայացման համար»:2
Այս մասին առաջին անգամ խոսել է Լեսինգը իր հայտնի «Լաոկոոնի» 3 մեջ:
Այս հոդվածը շարադրելիս իմ մեջ այն միտքը հղացավ, թե որտեղի՞ց են գալիս ժամանակ և տարածություն գեղագիտական չափորոշիչները գրականության և արվեստի մեջ, ո՞րն է դրանց պատմական ակունքը: Առանց փնտրտուքի կանգ առա Արիստոտելի «Պոետիկայի» վրա` նկատի ունենալով այն իրողությունը, որ վերջինս հին Հունաստանի գրականության և արվեստի հավաքական փորձի ամփոփումն է, այդ ամենի իմաստավորման տեսությունը: Սկսեցի հետևել «Պոետիկայում» առկա տերմիններին, որոնք այսօր էլ կիրառվում են ժամանակակից գրականագիտության մեջ: Դրանք են` առասպելը, էպոսը, ողբերգությունը, կատակերգությունը, դրաման, պոեմը, ֆաբուլան, սյուժեն, կոմպոզիցիան, հանգը, վանկը, ռիթմիկան, բանաստեղծության չափը, ոճը, յամբը, անապեստը, քորեյը և այլն: Մնացած տերմինները չեմ նշում, որովհետև դրանք այլևս չեն կիրառվում: Բացառություն է կազմում միմեսիսը: Վերջինիս մասին գերմանացի գրականագետ Էրիխ Ավերբախը գրել է մի կոթողային աշխատություն, որը վերնագրված է հենց այդ տերմինով, ինչը նշանակում է վերարտադրություն: Այն լույս է տեսել Մոսկվայում «Պրոգրես» հրատարակչության կողմից 1976 թ.:
Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ վերը նշված տերմինաբանական հասկացությունների մեջ այս կամ այն չափով քրոնոտոպի առկայությունը ներկա է, մասնավորապես` ժանրերում:
Դժվար է պատկերացնել ժանրը առանց տարածության և ժամանակի: Նույնը կարելի է ասել ֆաբուլայի, կոմպոզիցիայի, սյուժեի մասին:
Ժամանակը և տարածությունը ժանրաստեղծիչ կարևոր միջոցներ են: Բայց և այնպես վերջիններս ինձ մինչև վերջ չբավարարեցին: Սկսեցի Արիստոտելի մյուս դատողությունների մեջ փնտրել ժամանակ և տարածություն հասկացությունները: Առաջինը, որին ես հանդիպեցի, հետևյալն էր` առանց ժամանակի չկա պատմություն: Բայց այստեղ խոսքը ֆիզիկական ժամանակի մասին է, ուստի այն շրջանցեցի և սկսեցի ուշադրություն դարձնել հաջորդ ձևակերպումներին:
1. «Ֆաբուլան պետք է լինի ոչ այնքան երկար, որ մեր հիշողությունը չկարողանա պահել» (էջ 162):
2. «Դրամաների մեջ էպիզոդները լինում են կարճ, իսկ էպոսում` ձգված» (նույն տեղում):
3. «Հեղինակը երկարացնելով պիեսի ժամանակը` հակառակ նրա բովանդակության, խախտվում է ներկայացվող անցքերի բնական ընթացքը» (էջ 161):
4. Պիեսի ծավալը բավական է, եթե նրա շրջանակների մեջ կարող են տեղավորվել այնքան անհրաժեշտ և հավանական փաստերը (նույն տեղում):
5. «Բայց որպեսզի գլխի երկարությունը ընթերցողին չձանձրացնի, խոսենք միայն տեղի և ժամանակի մասին» (էջ 161):
6. «Հարկավոր է կարճ գրել, որ գործը հաճելի լինի» (էջ 102):
7. «Պիեսի ծավալը պետք է բխի սյուժեի էությունից» (էջ 161):
8. «Հեղինակը կոնկուրսների ժամանակ երկարացնելով պիեսը, հակառակ նրա բովանդակության, հաճախ խախտված է լինում այն դեպքում, երբ անցքերի ընթացքը իրապես ձգձգված է» (էջ 166):
9. «Պերիպետիան առաջ է գալիս, երբ անցքերը հանկարծակի հակառակ ընթացք են ստանում» (նույն տեղում):
Ընդգծված ձևակերպումները «Պոետիկայում» շատ են, բայց ոչ մեկը դրանց ուշադրություն չի դարձրել: Մինչդեռ այդ արտահայտությունները, ձևակերպումները խոսում են կա՛մ ժամանակի, կա՛մ տարածության մասին: Դրանք բոլորը քրոնոտոպիկ նշանակություն ունեն, թեև Արիստոտելը այս տերմինը չի օգտագործում:

ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻՆ*
ԺԱՄԱՆԱԿ
Եթե հայ գրականագիտության մեջ որոշ արձագանքներ են եղել էպիկական կամ գեղարվեստական ժամանակի և տարածության մասին, ավանտյուրային ժամանակի առիթով մեզանում առաջին անգամ է խոսվում ներկա հոդվածում:
Կուզեի իմ ընթերցողներին նախապես հիշեցնել, որ ներկայացվող հոդվածի այս երկրորդ մասը ես գրել եմ` հենվելով անվանի գիտնական Միխայիլ Բախտինի հունարենից թարգմանված նյութերի վրա և ինչ-որ տեղ օգտագործել եմ նաև նրա վերլուծական մոտեցումները:
Միխայիլ Բախտինը վերը նշված աշխատության մեջ համակողմանիորեն կանգ է առել հին հունական ավանտյուրային վեպերի վրա, որոնցում սյուժեի զարգացումները ամենուրեք հենվում են պատահականությունների վրա: Դրանք են` Գելիոդորի «Եթովպիկան», Ախիլլա Տատիայի «Խերեյը և Կալլիրոան», «Լևկիսրան և Կլիտոֆոնտը», Քսենոֆոնտ Էֆիոպացու, ինչպես նաև Լոնգի մի շարք գործեր: Սրանցում, ինչպես նկատում է Բախտինը, հիշյալ գործերում նրբորեն մշակված են բոլոր այն կառուցվածքային և բովանդակային խնդիրները, որոնցում արտացոլվում է ավանտյուրային ժամանակը: Այս վեպերի սյուժեները ընդհանուր նմանություն ունեն ժամանակի բյուզանդական վիպամտածողության հետ: Եվ որպեսզի ընթերցողին հնարավորին չափով պարզ լինի ավանտյուրային ժամանակ հասկացողությունը, Բախտինը թարգմանաբար մեջբերում է Տատիայի գործից մի հատված, որի մեջ սյուժետային զարգացումները հենվում են պատահականությունների վրա: Այսպես` պատանին և աղջիկը ամուսնական տարիքում են, նրանց ծագումը անհայտ է, վերջիններս օժտված են բացառիկ գեղեցկությամբ ու իմաստությամբ: Ինչ-ինչ անհամաձայնությունների պատճառով նրանց ամուսնությունը տեղի չի ունենում: Անհայտ պատճառներով նրանք կորցնում են իրար: Երկար ճանապարհ անցնելու ընթացքում հայտնվում են ծովային մրրիկների մեջ, ենթարկվում նավաբեկության և պատահաբար փրկվում: Բայց նրանց տանջանքները դրանցով չեն ավարտվում: Նրանք կեղծ մեղադրանքների պատճառով դատապարտվում և նետվում են բանտ: Ինչ-ինչ ծանոթ մարդկանց կողմից ազատվում են բանտից, կրկին հայտնվում դեգերումների մեջ: Նրանց կյանքի սյուժեն ծավալվում է ամենուրեք: Հայտնվում են Հունաստանում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Եթովպիայում և ուրիշ այլ տեղերում: Այդ ամենը նրանցից երկար տարիներ են պահանջում, բայց զարմանալիորեն վերջում մնում են նույնքան երիտասարդ, նույնքան գեղեցիկ, ինչպիսին եղել էին սկզբում: Ահա այս մեջբերված փոքրիկ օրինակը խոսում է հենց ավանտյուրային ժամանակի մասին: Անտիկ շրջանի վիպասանների համար այս ամենը կոնցեպտուալ նշանակություն ուներ: Դա «հաստատելու» համար Բախտինը լուրջ թե անլուրջ օրինակ է բերում Վոլտերի «Կանդիդից»: Վոլտերը փորձում է իր այս գործը կառուցել ավանտյուրային ժամանակի օրենքներով: Նրա վեպի հերոսները նույնպես երկար ճանապարհներ են անցնում, հայտնվում աշխարհագրական տարբեր տեղերում: Կանդիդը և նրա սիրեցյալը` գեղեցկուհի Կանգունդան, վերջում դառնում են զառամյալներ: Պարզվում է, որ Վոլտերի գրողական նոր տրամաբանությունը ոչ մի կերպ չի ենթարկվել անտիկ շրջանի վիպասանների մտածողության եղանակին, նրանց յուրահատուկ գեղարվեստական մտածողությանը:
Այդ փորձարարական ստեղծագործությունը Վոլտերի համար դառնում է փորձանք: Դրա պատճառը այն է, որ նա հաշվի չի առել մի կարևոր պայման, դա այն է, որ ավանտյուրային վեպերում հերոսների աշխարհը ժամանակային իմաստով անփոփոխ է:
Ավանտյուրային վեպերի իրադարձային շղթայում ամենուրեք գործում են ժամանակային հանկարծը, ժամանակային անսպասելիությունը, որ ավանտյուրային տարածաժամանակայնության կոնտեքստում այդ անակնկալները մշտապես ներկա են: Ի դեպ, այս անսպասելիությունը, հանկարծակելիությունը կիրառվում են նաև Ե դարի հայ պատմագրության մեջ: Չերկարացնելու համար բերեմ մեր պատմիչներից մեկական օրինակ:
«Երբ Պարթևը այս լսեց, հիշեց այն երդումը, որ տվել էր պարսից արքային: Պահլավի մեջ չար միտք առաջացավ. իր հարազատ եղբոր հետ թագավորին մի կողմ տանելով, իբրև թե զբոսանքի կամ նրա հետ խորհուրդ անելու նպատակով, հանկարծ անսպասելիորեն պողպատե սուրը բարձրացրեց և եղբոր հետ թագավորին դիվահար անելով` գետնին տապալեցին»: (Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Եր., 1983, էջ 31)
«Հանկարծ փայտը ինքն իրեն կրակ առավ ու սկսեց վառվել»: (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Եր., 1947, էջ 156):
«Երբ ես երկար նայում էի այս երևույթին ու հիացման մեջ էի, հանկարծ կինը երեք զավակ ծնեց` կատարյալ դյուցազուններ հասակով և էությամբ»: (Մովսես Խորենացի, Եր., 1961, էջ 127)
«Եվ մինչ Խոսրովը զբաղված էր մերիներ տնկելով, հանկարծ լուր հասավ նրան Հեր և Զարավանդ գավառից, թե պարսից զորքերը պատրաստվել են քեզ վրա գալու»: (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Եր., 1989, էջ 33)
Ավանտյուրային վեպերում հաճախ է կիրառվում նաև անսպասելի հանդիպման, ճանաչման և չճանաչման մոտիվներ:
Հանդիպման մոտիվը, անշուշտ, լայն կիրառություն ունի ոչ միայն ավանտյուրային վեպերում, այլև նորօրյա հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Սրանք սովորական դրսևորումներ են, բայց ահա ավանտյուրային գրականության մեջ վերջիններիս կիրառությունը ծայրահեղացված է: Դրանք ավանտյուրային վեպերում դեպքերի փոփոխության կարևոր միջոցներ են, որոնք կիրառվում են նաև դիցաբանական, հոգևոր և կրոնական Սուրբգրային աղբյուրների մեջ: Տարբերությունը այն է, որ վերոհիշյալ աղբյուրներում վերջիններս գիտակցված են, մինչդեռ ավանտյուրային գրականության մեջ դրանք ենթագիտակցական են: Հունական ավանտյուրային գրականության մեջ անհրաժեշտ է համարվում, այսպես կոչված` վերացական տարածությունները: Դրանցում զավթողականությունը (էքսպանսիան) պարտադիր պայման է: Վերջիններիս մեջ, ինչպես Բախտինն է կարծում, հերոսների համար աշխարհը անճանաչելի է` օտար է: Հերոսները շատ դեպքերում այդ աշխարհներում առաջին անգամ են հայտնվում, որ իրենց համար անճանաչելի աշխարհ է: Հերոսների համար այդ աշխարհների կարգերը, բարքերը անծանոթ են, անըմբռնելի, այդ պատճառով էլ նմանատիպ վեպերի մեջ դրսևորված ժամանակն ու տարածությունը համարժեք չեն, իրար չեն համընկնում, ինչպես էպիկական ժամանակի և տարածության պարագայում: Ավանտյուրային վեպերում իռացիոնալ ժամանակներ են, որոնք հերոսներին կանգնեցնում են անորոշության առջև, զրկում հստակ կողմնորոշվելու հնարավորությունից:
——————————
1. М.Г. Бахтин, Вопросы литературы и эстетики, Москва. «Художественная литератураե, 1975.
2. Н.К. Гей, Время и пространство в структуре произведения, Москва, 1998.
3. Лессинг, «Лаокоонե, Москва, 1957.
* Հայերենում` արկածային, արկածախնդրային:
4. Ազատ Եղիազարյան, Էպիկական ժամանակը և տարածությունը, տես` Գրական ստեղծագործության կոլեկտիվ ժողովածուն, Երևան, 1983, էջ 206:
5. Զավեն Ավետիսյան, Գեղարվեստական ժամանակը և տարածությունը հայ պատմավեպում, Եր., 1986, էջ 181:
6. Զավեն Ավետիսյան, Գրականության տեսության բուհական դասագիրք, Գեղարվեստական ժամանակ և տարածություն, Եր., 1998, էջ 144:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։