Ապրիլի 14-ին լրացավ քսաներեք տարի առաջ երկրային կյանքն ավարտած, Հայոց Մեծ եղեռնի նախօրեին ծնված Համո Սահյան մարդու, մտածողի ու բանաստեղծի 101 տարին: Ի թիվս այլոց, գնացել էի Երևանի Կոմիտասի անվան այգի, ուր Պանթեոնն է, հայոց մեծերի հավաքատեղին: Հուշաքարերից մեկը Համո Սահյանինն է, խոնարհ է, տապանաքար հիշեցնող, ձախի հարևաններն են Սերգեյ Փարաջանովն ու Արամ Խաչատրյանը, աջինը` Մհեր Մկրտչյանն ու Հրանտ Մաթևոսյանը: Սա առանձնապես նշում եմ, որովհետև Սահյանն ինքը կյանքում կարևորություն էր տալիս նման բաներին. ծաղրողի աթոռին չէր նստի, ամբարիշտների ժողովներին չէր մասնակցի, անարդարների հետ ճամփա չէր գնա, հացի սեղան չէր նստի, չէր ուզենա, որ ամեն մարդ իրեն տեսներ, և ոչ էլ կուզենար ինքը տեսներ: Սիրում էր իր առանձնությունը: Ահավասիկ, այստեղ, այս տուն կոչվածում իրեն հաճո մարդկանց հետ է: Քարին ծննդյան և մահվան տարեթվերն են, մեջտեղում մի գիծ է դրված, իբր այդ գիծն էլ կյանքն է. կյանքը խորհրդանշողը:
Կանգնում, նայում, կարդում և մտածում եմ՝ քարը և թվերը վկայություններ են մարմնավոր կյանքի, չափ ու սահմանի մեջ են, մինչդեռ, այս պարագային, հոգևոր Համո Սահյանը չափից ու սահմանից դուրս է, ասել է թե` սկիզբ է առնում իր ծննդից առաջ և շարունակվում մահ կոչվածից հետո էլ: Ի դեպ, ի՞նչ է մահը, կա՞ նման բան, իհարկե` ոչ: Մահը ոչ այլ ինչ է, եթե ոչ կյանքի բացակայություն: Եվ քանի որ Համո Սահյան էությունը կա, աստվաշնչյան լեզվով ասած. բան-բանաստեղծությունը մարմին է առել մեր մեջ, ապրում է կյանքով ու կենդանությամբ լի, այլևս մահն «ո՞ւմ շունն է»: Չակերտների մեջ առածը բանաստեղծի խոսքն է: Այդպես, չէր ընդունում մահը, հավատում էր, որ ինքը հայ ժողովրդի հավիտենական երթի մեջ լինելու է, գրում-պատգամում էր. «Ինձ բացակա չդնեք»: Այնպես որ, ի թիվս այլոց, ես այցի էի գնացել հավերժ կենդանի բանաստեղծին, ով շարունակում էր կարոտել ու կարոտով խոսել. «Մեր տան պատից մի քար լիներ, նստեի վրան»: Շարունակում էր քաջալերել իրեն և ամենքիս. «Հայաստան ասելիս թևերս բացվում են»:
Շատերը չէ, որ հավաքվել, եկել էին, քչերն էին ներկա: Ուրախալի էր, բանաստեղծի որդին` Նաիրի Սահյանը, ստանձնելով «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի պարտականությունները, եկել էր միասնաբար ծննդյան օր նշելու և հարգանքի տուրք մատուցելու: Տեսեք, հայր և որդի զարմանալի նմանությամբ են, գրեթե միևնույն պատկերով են, միմյանց մեջ են, միմյանց լրացնող, ամբողջացնող, շարունակող: Շատ կարևոր է, որդին սիրում է հորը աստվածային սիրով, որդին հոր հետ կապված է մի ներքին հավիտենական կապով: Այստեղ, այս կապով, կարծես միաձուլվում են հայրը և մեծ բանաստեղծը: Նաիրին խոսեց իր ծրագրերից, ասաց, որ շուտով հրատարակելու է Համո Սահյանի «Նամականին»:
Սահյանի հոգևոր ժառանգությանն անդրադարձավ բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Գասպարյանը: Նա մասնավորապես նշեց. «Սահյանագիտություն ասածը գրականագիտության ճյուղ է, ինչպես թումանյանագիտությունն ու բակունցագիտությունը: Սահյանն իր խոսքի ներքին բնաշխարհիկ տարերքով հանդիպեց Թումանյանին, հարազատացնողը ոչ թե լեզուն էր, այլ բնաշխարհը: Սահյանը դարձավ թումանյանական ավանդույթների նորոգված ներկայացուցիչը` երբեք չփորձելով նմանվել նրան: Գնաց ստեղծագործական այն ճանապարհով, որ տանում էր դեպի մայր բնություն, որ մարդու իրական կյանքն է: Տեղական բնաշխարհի օրինակով նա ստեղծեց աշխարհի իր մանրակերտը: Բնությունը սոսկ միջավայր է, որտեղ ինքն արտահայտվում է և որի օրինաչափություններով ստեղծում է իր գեղարվեստական համակարգը: Հոգու բանաստեղծ է, մերձավորի կերպարանք առած նենգավորի դարանակալ վտանգներով լեցուն այս չար ու չոր աշխարհում հոգու ձայնին, վստահելի մեկին կարոտում ես: …Սահյանը լուսավոր օրհներգի է վերածում մահը` իրեն տեսնելով հավերժական ժամանակի շրջապտույտի մեջ»:
Իրենց սրտի խոսքն ասացին նաև Համո Սահյանի` Սիսյանում դրված արձանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը և բանաստեղծի քույրը` Պայծառիկը:
Առիթ էր, և մենք շրջում էինք Պանթեոնում, կանգնում հայոց հավատի հսկաների շիրիմների առջև: Ժամանակը ոչ թե հեռացնում, այլ մերձեցնում է մեզ, ժամանակը, մեր մեծերին առավել մերձեցնելով, առավել զորացնում է մեզ: Պանթեոն գնալ, նշանակում է հայտնվել մեծերի ներկայության մեջ, ոչ միայն նրանց, ովքեր այնտեղ ամփոփված են, այլև հայոց բոլոր բեկորների հետ, որ աշխարհացրիվ են: Այստեղ, հոգիների հաղորդակցմամբ, դադարում է սրտի չսիրելը, այստեղ ատելությունը տեղի է տալիս, կերպարանափոխվում, դառնում է սեր: Լսելի են դառնում հավիտենության հնչյունները: Լսելի է դառնում հավիտենական կյանքի խոսքը: Այս ամենի հետ հողի խորքից հնչում է մի խուլ ձայն, որ աղաղակ է հիշեցնում, արյան աղաղակ: Աստված ինքն ասաց Կայենին. «Քո եղբոր արյունը աղաղակում է»: Ոչ միայն Աբելի, այլև բոլոր անմեղ զոհերի արյունն աղաղակելու է բոլոր ժամանակներում: Հողին թափված արյունն աղաղակելու է, որովհետև հոգին, որ կյանքն է, արյան մեջ է: Ապրիլի 24-ը, որ մեր մեջ է, մեր արյան մեջ, մեզ միավորեց, խոնարհության բերեց: Զորացման և հարության օր էր: Լռության օր էլ էր, սակայն մենք կարող ենք այդ լռությամբ քայլել դեպի Ծիծեռնակաբերդի սուրբ կրակը, մինչդեռ արյուն-հոգիները այստեղ, այնտեղ, ամենուր, աշխարհի չորս ծագերում աղաղակելու են: Իսկ թե ի՞նչ են աղաղակելու, հայտնի է աշխարհին, հայտնի է Աստծուն: Մնում է, որ նրանք, ովքեր այդ աղաղակները լսում և չլսելու են տալիս, արթնության գան, զղջան, նախնյաց մեղքը խոստովանեն աշխարհին և փրկվեն: Այլապես Աստված մարդու ձեռքով կրակի խուրձեր է թափելու նրանց գլխին:
14. 04. 2015 թ. Երևան