Ապրիլի 27-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Ափ մը մոխիր» և հայ ու գերմանացի դպրոցականների ստեղծագործությունների «Ուրացված-մոռացվա՞ծ» գերմաներեն գրքերի շնորհանդեսը: «Ափ մը մոխիր» խորագրով գիրքը, որտեղ ընդգրկված են եղեռնազոհ տասը հայ գրողների ստեղծագործությունները, որը հրատարակվել ՀԳՄ-ի, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ Բյոդեքեր» միության և Հալլեի «Մաշտոց» հայագիտական կենտրոնի կողմից: Թարգմանել են հայ և գերմանացի թարգմանիչները: Գրքի առաջաբանը գրել է գրականագետ Վազգեն Գաբրիելյանը: «Ուրացված-մոռացվա՞ծ» խորագրով ժողովածուում ամփոփվել են գերմանացի և հայ աշակերտների շարադրությունները Հայոց ցեղասպանության մասին: Ժողովածուն կազմել են Ֆրիդրիխ Բյոդեքեր գրական կազմակերպության ղեկավար Յուրգեն Յանկովսկին և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Գրքերը տպագրվել են Գերմանիայում:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ առաջին անգամ են եղեռնազոհ բանաստեղծները և արձակագիրները այլ լեզվով ամփոփվում մեկ ժողովածուում, և գնահատեց տողացի թարգմանությունների հեղինակների` Հրաչ Ստեփանյանի, Կառլեն Մատինյանի, Գայանե Գինոյանի, Կարինե Հովհաննիսյանի, Արմենուհի Աբգարյանի և ուրիշների, ինչպես նաև գեղարվեստական բարձրարժեք թարգմանությունների հեղինակների` Գերմանիայում ճանաչված գրողների աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ Գերմանիայում գրքի ստեղծման աշխատանքները կազմակերպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բյոդեքեր գրական միավորման ղեկավար Յուրգեն Յանկովսկին, իսկ Հայաստանում բանաստեղծների գործերը ընտրել, տողացիների և գերմանացիների հետ աշխատանքը կազմակերպել է ՀԳՄ-ն:
Անդրադառնալով գրքի առաջաբանին` Էդ. Միլիտոնյանն ընդգծեց, որ Վ. Գաբրիելյանը այնքան ճշգրիտ և խորն է ներկայացրել արևմտահայ գրողներին, որ այդ առաջաբանը կթարգմանվի և կընդգրկվի նաև առաջիկայում հրատարակվելիք եղեռնազոհ գրողների անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն անթոլոգիաներում: Նրա հավաստմամբ` այս ժողովածուի հիմնական նպատակը մեր ողբերգությունը, ցեղասպանության բուն էությունը աշխարհին ճանաչելի դարձնելն է: «Թուրքերը առաջինը սպանել են հայ մտավորականներին` նկատի առնելով մեր ուժը, ոգին: Մենք էլ աշխարհին պիտի ցույց տանք այդ ոգին` տարածելով մեր մեծերի գրականությունը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ «Ափ մը մոխիր» գրքի ներկայացումը մայիսի 10-ին լինելու է Մագդեբուրգի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Անդրադառնալով «Ուրացում-մոռացո՞ւմ» գրքին` ՀԳՄ նախագահը նշեց, որ 2013 թ. ուսումնական տարեսկզբին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բյոդեքեր գրական կազմակերպությունը և ՀԳՄ-ն ու ՀՀ Կրթության և վարչության նախարարությունը իրենց երկրների դպրոցականներին հանձնարարեցին գրել շարադրություն` «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» թեմայով: Լավագույն գործերը թարգմանվեցին և ուղարկվեցին Գերմանիա և այնտեղի ընտրված գործերի հետ ամփոփվեցին մի ժողովածուում` «Ուրացված-մոռացվա՞ծ» խորագրով: «Յուրաքանչյուր ցեղասպանություն համընդհանրական ողբ է ու ցավ աշխարհի համար»,- ասաց նա և Յ. Յանկովսկուն պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
Յուրգեն Յանկովսկին, որ Հայաստանում էր «Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակում, նշեց, որ իր համար մեծ պատիվ է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ գտնվել Հայաստանում և իր հարգանքի տուրքը մատուցել հայ ժողովրդին: Նրա հավաստմամբ` Էդ. Միլիտոնյանի հետ համատեղ մեծ աշխատանք է տարվել գրքերի լույսընծայման համար, հատկապես գնահատեց գրքի կազմողներ, բանաստեղծներ Հերմինե Նավասարդյանի և Տիգրան Գաբոյանի նվիրվածությունը գործին: Ապա անդրադառնալով ժողովածուներին` տեղեկացրեց, որ «Ափ մը մոխիր» գրքում ընդգրկված են եղեռնազոհ տասը բանաստեղծների` Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Երուխանի, Ռ. Սևակի և այլ հեղինակների լավագույն գործերը: «Սա ասես պանթեոն լինի` նվիրված զոհված գրողներին: Զետեղված են ոչ միայն նրանց լավագույն գործերը, այլև նկարներ, բնագրեր, որոնց միջոցով զգում ես նրանց ներկայությունը»,- ասաց նա և հավելեց, որ արժեքների փոխանակման փոխհամագործակցությունը ճիշտ ճանապարհի վրա է գտնվում: Անդրադառնալով 2-րդ` «Ուրացում-մոռացո՞ւմ» գրքին` նա նշեց, որ այդ ժողովածուում ընդգրկվել են հայ և գերմանացի դպրոցականներին առավել հետաքրքրական գրվածքները և աշակերտ-հեղինակներին նվիրեց այդ գրքերը:
Ելույթ ունեցավ նաև Ալան Ուայթհորնը:
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները կարդացին «Ափ մը մոխիր» գրքում ընդգրկված հեղինակների բանաստեղծությունները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ