Թուրք բռնապետն իր տարերքի մեջ է, Եվրոպայի հետ հարաբերություններում դիվանագիտական բառապաշարը հարստացնելով առավել հանդուգն սպառնալիքներով ու սադրանքներով, բարձրաձայնելով, որ եթե Եվրոպան շարունակի նույն կերպ վարվել Թուրքիայի հետ՝ «Արևմուտքի ոչ մի բնակիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցով»: Անգամ դաշնակից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին քննադատելիս, Էրդողանը դժվարանում է իր ամբարտավանությունը զսպել. «Դու դուռ ես փակում Թուրքիայի նախագահի, նախարարների առջև: Ասում ես, որ Նիդեռլանդների կողքին ես, որոնք իրենց հեծյալ ոստիկաններին քշում են իմ քաղաքացու վրա: Եթե եվրոպացիները մեր առջև դիմակավորված են դուրս գալիս՝ մենք էլ նրանց հետ որոշել ենք վարվել այնպես, ինչպես ավազակների հետ են վարվում»: Թուրք-եվրոպական հարաբերությունները վատթարացել են, երբ, ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեով պայմանավորված, եվրոպական մի շարք երկրներ թուրք պաշտոնյաներին թույլ չտվեցին իրենց երկրներում քարոզչություն իրականացնել: Թեև Թուրքիայում գործող օրենքներով արտերկրում ընտրական քարոզչությունն արգելվում է, Էրդողանը Եվրամիությունից հենց սա է պահանջում՝ հավատարիմ օրենքներն իրեն հարմարեցնելու և անտեսելու սեփական վարքագծին: Բռնապետին, ում իր երկրում ամեն ինչ կարելի է, նյարդայնացնում է այլոց դիմադրությունը: Եվ վրեժխնդիր Էրդողանը դիմում է նրանց «պատժելու» թուրքական, քանիցս փորձված, ռազմավարությանը՝ Եվրոպայում բնակվող թուրքերին կոչ անելով 3-ի փոխարեն 5-ական երեխա ունենալ, ընդլայնել իրենց ներկայությունը եվրոպական մայրցամաքում: «Նոր բիզնես նախագծեր հիմնեք, ձեր երեխաներին տեղավորեք լավագույն դպրոցներում, արեք այնպես, որ ձեր ընտանիքն ապրի լավագույն թաղամասերում, վարեք լավագույն մեքենաները, ապրեք ամենագեղեցիկ տներում»-, և այս ամենը նրա համար, որ «թուրքերը Եվրոպայի ապագան են: Դա լավագույն պատասխանն է այն վուլգարությանը, անտագոնիզմին և անարդարությանը, որ նրանք արեցին ձեր հանդեպ»,- ասել է նա, ընդգծելով, որ Եվրոպան այժմ նրանց հայրենիքն է, և նրանք պետք է զարգանան այնտեղ: Այս ռազմավարությանը ամենածանոթն ու առնչվածը հայերն են: Խորհրդային տարիներին ազերի մոլլաները, իրենց ավագ եղբոր խորհրդատվությամբ, շրջում էին Հայաստանի ադրբեջանաբնակ տարածքներով, նույնպես քարոզելով ավելի շատ երեխաներ ունենալ, նպատակը՝ հօգուտ իրենց փոխել Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Այսօր նույնը փորձում են իրականացնել Ջավախքում: Եվրոպան առայժմ լուրջ չի ընդունում սպառնալիքը, թեև առանձին երկրներ փորձում են ընդդիմանալ, ազդել Թուրքիայի վրա, հնարավորինս հեռու պահել նրան Եվրոպայից: Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասլեբորնի կարծիքով, Անկարայի կողմից ԵՄ-ի հասցեին հնչեցված վիրավորանքները, ինչպես նաև հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո տեղի ունեցող ներքաղաքական բռնաճնշումները վկայում են, որ ներկայում ոչինչ չի կարող նպաստել այդ երկրի՝ ԵՄ անդամ դառնալուն: Գերմանական Sudkurier պարբերականն էլ գրում է, որ «Էրդողանի ամենամոլի պաշտպաններն անգամ հասկացել են, թե նացիզմի մասին խոսակցություններն ինչ վնաս կարող են հասցնել իրենց երկրին: Սակայն պետք է հիշել, որ եթե անգամ Էրդողանը փոխի իր մարտավարությունը՝ նրա նպատակները նույնն են մնալու: Հանրաքվեից հետո այս կոնֆլիկտին կարող են հետևել նորերը»: Թուրքական diken.com.tr կայքի սյունակագիր Լևեթ Գյուլթեկինը, գնահատելով երկրի ներքաղաքական վիճակը, անդրադարձել է Էրդողանի քաղաքականությանն ու Թուրքիայում դրա անդառնալի հետևանքներին: Ըստ նրա. «Էրդողանի կուսակցությունը սկզբում ապավինեց «ընդդիմադիր ժողովրդավարությանը», հետո պտտվեցին ու էլի ետ եկան մի բանի, որն ամենալավն էին սերտել՝ իսլամականությանը: Սակայն առկա խնդիրների համատեքստում իսլամականությամբ առաջ գնալու ճանապարհ չգտան»: Այնուհետև Գյուլթեկինը գրում է. «Երբ իսլամականության գաղափարը սպառեց իրեն՝ նրանք իշխանությունը պահելու համար սկսեցին այլ տարբերակներ փնտրել»: Լրագրողը նշում է, որ դրա լուծումն ԱԶԿ-ականները գտան խարիզմատիկ, անպարտելի առաջնորդի կերպար ստեղծելու մեջ, որի հռետորաբանությունը հիմնված կլիներ հզոր ու մեծացող Թուրքիայի ու «աշխարհի կեղտոտ խաղերի դեմն առնելու» հայտարարությունների վրա: Եվ իսլամականությանը փոխարինելու եկավ էրդողանիզմը: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Էրդողանի ամբարտավանությունն ու անկառավարելիությունը, երևույթների գնահատման իրական արժեքների անտեսումը: Գերմանական մի այլ՝ Schwabische Zeitung պարբերականը գրում է, որ «Իր երկրի հզորության մասին հայտարարությունները գուցե տպավորում են թուրքերին, սակայն միջազգային հանրության աչքում ծիծաղելի վիճակի մեջ են դնում Էրդողանին»: Ծիծաղելին՝ ծիծաղելի, սակայն վտանգն ավելի քան իրական է: Ըստ ԱՄՆ-ի Գորդեն Քոնվելի աստվածաբանական դպրոցին կից քրիստոնեության ուսումնասիրության գլոբալ կենտրոնի՝ 2050 թ. Եվրոպայում քրիստոնյաների թիվը 554 միլիոնից կնվազի, կազմելով 494.9 միլիոն, իսկ գուշակել մուսուլմանների թիվը, հաշվի առնելով նաև ներգաղթյալների չդադարող հոսքը, առայժմ ոչ մեկն ի վիճակի չէ կանխատեսել:
Կարդալ նաեւ․․․
ԱՌԱՎՈՏՅԱՆ՝ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՓՈՂԵՐԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՎՈՏՅԱՆ՝ ՓՈՂԵՐԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Միգրացիոն ճգնաժամը շարունակում է ալեկոծել բարեկեցիկ, անվտանգ ու ժողովրդավար Եվրոպայի…
2022 թ. դեկտեմբերի 5-ից Լաչինի միջանցքը փակ է, Արցախը՝ շրջափակված…
«Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը»։ Ջիլ Մորտիմեր,…
Վանո Սիրադեղյան
…Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու…