Թանկագի՛ն Գյուստավ.
Ձեր նամակն ինձ է հասել 200 տարի անց այն օրից, երբ հասցեագրել եք բազում մարդկանց՝ Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս, քանզի, բարեբախտաբար, նրանք պատմության ընթացքից են տեսել Ձեր փղոսկրյա աշտարակը, որտեղ՝ Կռուասեում, տքնել եք քսան տարեկանից ի վեր և այդ աշտարակից վայր նետել տասնյակ հազարավոր ճմռթած թղթեր, ավարտուն մի քանի հազար էջ, մինչև որ դրանք գրքերի տեսքով դրվել են գեղապաշտ ազգերի գրասերների սեղանին: Ինձ ուղղված նամակը նոր է տեղ հասել,- դե Ձեր ժամանակ փոստը բերում էին կառքերով, իսկ հետո՝ գնացքով, ապա՝ ինքնաթիռով, – վերջինիս նախօրինակը մորեխներն են, Դա Վինչին այն նախագծեց՝ ի պահ հաջորդ սերունդների: Իսկ հիմա Դուք երկու րոպեից կարող եք ստանալ իմ պատասխանը և գուցե մինչև արձագանքեք, մի հարյուր տարի էլ անցնի, երբ ես մեռած կլինեմ, իսկ Դուք՝ ո՛չ, քանզի Դուք անմահ եք, այսինքն՝ տաղանդավորված անմահությամբ: Ասում եմ՝ մի հարյուր տարի, քանի որ Ձեր մի պարբերությունը Դուք ավարտում եք տարիներով, ինչպես, օրինակ, իմ սիրելի «Սալամբո» պատմավեպի վրա աշխատելիս. երկու ամսում հիսուն գիրք կարդացել և գրել եք ընդամենը տասնհինգ էջ…,- մինչ Դուք մանկան սաղմնավորումը ձգում եք ինն ամսից էլ ավելի, վաղածիններով լցվում է ներկայիս աշխարհը՝ միանգամից մի քանի ձագ, ինչպես կատուներն են ցնկնում… Սա առևտուր է, և խառն է պետության մատը…
Դուք ճշմարիտ եք, պատմությունը կուլ է տալիս գրականությունը, իսկ նորագույն քաղաքականությունը՝ այդ հավերժ ջահել պոռնիկը, թե՛ պատմությունը և թե՛ գրականությունը:
Ձեր նամակն ինձ հասավ այն օրերին, երբ խաղասեղանին իմ ժողովրդի բախտն է՝ լինել և պահպանել պատմական հայրենի՞քը, թե՞ չլինել և կայսերական անհագուրդ ուժերին թողնել հազարամյակներով ժառանգածը… Լավ գիտեք, Շեքսպիրը մինչև հյուսիսից իջավ հարավ, որքա՜ն ժամանակ անցավ, և մեզ էլ ոգևորեց Համլետի հրաբխային մենախոսությամբ: Դեպի Արևելք ճամփորդելիս Դուք Թուրքիան տեսաք կեռ յաթաղանի տեսքով, և երիցս ճշգրիտ է Ձեր գրողական տեսողությունը,- Նապոլեոնի ուժերը բախվեցին թուրքերի նավերին՝ Եգիպտոսից Ֆրանսիա Միջերկրական ծովով ետդարձի՝ փախուստի ճամփին, սակայն Նապոլեոնը փրկվեց, քանզի հողը բռում էր ծնվել և բախտավոր աստղի տակ:
Հեռու ծովերում նա իր ծննդավայր Կորսիկան զգում էր՝ բուրմունքից: Մենք՝ մեր բնօրրանի հոտն ու բույրն առնում ենք սահմանային փշալարերի միջով, բայց արդեն աղտոտված՝ զավթողների կողմից և այն թունավորող արտանետումների, որոնք առաջանում են տարապատկան ռազմաարդյունաբերական համալիրներից: Ես ավելի քան համոզված եմ, որ նվաճողների ու նվաճվողների երևույթը Դուք Ձեր ապրած կյանքո՛վ եք նաև մեկնել, ինչի հետ շատերն են անհամաձայն թե՛ Ֆրանսիայում, թե՛ նույն երևույթը ճանաչած ժողովուրդները, նաև մենք՝ հայերս, ովքեր Աստծուց տված իրենց խաչմերուկում չզորեցին ցվերջ դիմակայել պարսիկներին, բյուզանդացիներին, արաբներին, թաթար-մոնղոլներին, մամլուկներին, սելջուկ թուրքերին և 200 տարի առաջ՝ ռուսներին, որ մուտք գործեցին Անդրկովկաս: Նվաճողներն իրենց բռնություններով և պատերազմական ռազմավարությամբ հար նման են իրար, իսկ ատելության և վայրագության ուժով՝ տարբեր…
Իրոք որ, 16-րդ և 17-րդ ամբողջ դարերը, Երեսնամյա պատերազմը և հազարավոր ճակատամարտեր ձգվեցին՝ մինչև ի մի եկան Հյուսիսն ու Հարավը, բողոքականներն ու կաթոլիկները: Եվ Շեքսպիսը հայտնագործվեց ֆրանկների երկրում, իսկ ֆրանկների դրամատուրգիան՝ թշնամական բեմերում: Եվրոպան պառակտված քրիստոնեական շունչ է նաև այժմ: Քրիստոնեական մեր ներկայությանը մեզ նվաճողները հակադրվել են նոր կրոնով՝ մահմեդականությամբ, ուղղափառ Ռուսիան էլ դավաճանել է եղբայրներին, և քաղաքականությունը՝ պլաստիկ վիրահատություններ տարած այդ հավերժական պոռնիկը, միշտ քրքջում է պատեհ-անպատեհ մեր ամենաողբերգական ժամերին… Ով կցվում է նրա հետ, վարակվում է ՍՊԻԴ-ով, որը և ուժասպառ է անում նրան տասնամյակներ անց՝ տանելով գերեզման: Սա նման է ետնապոլեոնյան խոլերային, որն անմեղ է, չնայած և բարոյական ներքին կառուցվածքից զուրկ, և չունի բարոյազրկման հետ ուղղակի և անուղղակի որևէ կապ, ինչպես շատ համաճարակներ, ինչպես մոլորակով բռնկված համավարակ COVID-ը մեր օրերում:
Թանկագի՛ն Գյուստավ, ինձ հիացնում է Ձեր խիզախությունը, հատկապես կայսեր ջախջախումից հետո, երբ այդքան գրավյալ տարածքներ ստիպված եղան ֆրանսիացիները ետ տալ հարևաններին: Դուք սփոփել եք պարտված Ֆրանսիային՝ գուցեև ելնելով Ձեր ռոմանտիկ-իրապաշտ բնույթից՝ բերելով չքնաղ Իտալիայի օրինակը. «Մի՞թե Իտալիային չեն հաղթել հարյուր անգամ, ընդ որում, բոլոր ժողովուրդները՝ հերուլները, հոները, օսթգոթերը, ֆրանկները, ալեմանները, նորմանները, իսպանացիները, սարակինոսները: Ամբողջ աշխարհն է եկել տրորելու նրա հողը, նրան ոտնատակ տալու, բայց որքա՜ն կարճատև է մնացել այնտեղ այդ ժողովուրդներից յուրաքանչյուրը: Ի՜նչ արագ էին մեռնում նրանք հարավային արևի տակ, այդ ազատ և պտղաբեր հողում, փառաբանված այդքան շատ քաջագործություններով, և առավել մեծ հպարտությամբ էին ցույց տալիս ավերակներն իրենց մեռյալ քաղաքների, քան մեր նոր ազգերը, որոնք ցույց են տալիս իրենց կենդանի քաղաքները: Քանզի նրա աճյունն իսկ մեծագույն է, նրա մոխիրը՝ փառավոր,- և մի՞թե ցանկացած մարդ չի ձգտի բանաստեղծի, գեղանկարչի հոգով այդ սուրբ հողն արվեստի, որտեղ քարերն անմահություն են ձեռք բերել, որտեղ ոսկերք իսկ ապագա ունեն…»: Իսկ գերմանացիներին գնահատում եք որպես միստիկական ազգ…
Զավթվածների հանդեպ դուք խղճով եք, պատրաստ՝ նրանց բարձրացնել առ արեգակնային լույսը, չէ՞ որ միշտ չի կրկնվում հրաշքը վերհառնումի:
Նրբավար լինեմ՝ սա մի՞թե խիզախում չէ,- էլ չհամեմատեմ իմ օրերի պոպուլիստ սնափառների հետ, ովքեր ընդարմացած՝ չեն տեսնում տառապանքի արցունքներն այն աշտարակներից, որոնց վրա բանջարանոցային խրտվիլակներ են օրորվում՝ ի պաշտպանություն մեծապետական քաղաքականության զազրելի խաբսերի:
Դուք ինձ ոգեպնդեցիք իմ այս ընկճված վիճակում, երբ Լեռնային Ղարաբաղում հրթիռակոծվում են ազգակիցներիս գյուղերը, քաղաքները, հիվանդանոցները, դպրոցներն ու խաղահրապարակները՝ ահաբեկիչների որոնման պատրվակով:
Սուրբ է այս հողը:
Նրա եկեղեցիներում դարեդար շարականներ են հղվել ի վեր, եկեղեցական երգեր՝ ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ում առաջինը մե՛նք ընդունեցինք պետականորեն, և այդ երաժշտությունը հիմք ընդունվեց Արևմուտքի գրիգորյանական եկեղեցիներում: Հիմա բռնագաղթի ավտոշարասյուները, ետևում թողած հնամյա իրենց բնօրրանը, հասնում են հայրենիքիս սահմաններին. սոսկալի է տագնապը հուսալքության, սուր և ոգի՝ անջատված են… Չեմ ուզում խռովված իմ հոգով պարծենալ ազգիս լուսակիր զավակների սքանչելի գործերով. այդ մասին այլազգի մեր հոգևոր եղբայրները քիչ չեն խոսել, ում թանկ է ճշմարտությունը, ազատությունը, խիղճը և գեղեցկությունն առհասարակ, իսկ զենքի եղբայրներ չկան…
Եթե փիլիսոփայության բարձրագույն նպատակը ազատությունն է, կրոններինը՝ խաղաղությունը, ապա բանաստեղծինը՝ այդ ազատությունն ու խաղաղությունը հուզելն է, ինչին հակված ենք բնէությամբ:
Թանկագի՛ն Գյուստավ, խնդրում եմ պատասխանեք ուշգիշերային այս նամակիս, որ գրեցի ոխերիմ դրկիցի ձեռքով մեր պատմական հողերը հրետակոծելուց և հրթիռահարելուց հետո, բնակչությանը խուճապի մատնող հսկայական նավթամբարի պայթեցումից հետո, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները լսելուց հետո, էթնիկ 90000-ից ավելի հայերից Ղարաբաղը զտելուց հետո և… ԼՂ Հանրապետության հայ նորաթուխ նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղը լուծարելու հրամանի մասին լուրը ապշահար լսելուց հետո, որովհետև անքնությունը չի թողնում կոպերս վրա բերեմ, և որքան էլ փորձում եմ գյուղավանի իմ տնից նայել աշնանամուտի մթամած այգիներին, միտքս ցատկում է Ձեր նամակից դեպի եղելություն և նորից՝ Ձեր խիզախ, սփսփող նամակը: Ես, ցավոք, չեմ կարող գրել փղոսկրե աշտարակում. գրում եմ՝ ելած արկերի, ռումբերի, հրթիռների աշտարակ և փակում եմ աչքերս այնտեղ, ինչպես Արարատյան հովտի իմ ընկեր-երկրապահն իր տանը՝ իշասմբակ կայսրությունից գողացած արկերի արկղի վրա:
Հուսամ՝ կարձագանքեք: Թեկուզ ես մեռած լինեմ:
Չէ՞ որ դուք անմահ եք:
Ձեր Շանթ Մկրտչյան
23.09.2023 թ.