ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Համաժողովրդական տոն էր, ցնծություն: Հայոց բանակի կազմավորման, հաղթանակի, ազգային արժանապատվության ու հպարտության տոնը: Վաղ առավոտյան շքերթային համազգեստներով, փառքի պատվանշաններով բանակայինները բարձրանում էին Եռաբլուր, նախ շնորհավորում էին հանուն հաղթանակի իրենց կյանքը նվիրաբերած մարտընկերներին, ապա Հայաստանի ու Արցախի զույգ հանրապետությունների մայրաքաղաքներում տողանցում էին զինվորական շքերթի կուռ շարքերը, ցուցադրում իրենց ուժը, կամքը, հայրենանվիրումը…
Ինչո՞ւ այսքան կարճ ժամանակում այս ամենն անցյալ դարձավ: Որովհետև խոցեցինք հայ զինվորի ամենանվիրական զգացմունքը՝ հայրենասիրության ոգին, հավատացնել փորձեցինք, որ Արցախը հայրենիք չէ, Շուշին դժգույն քաղաք է, լեռնային լճի համար պատերազմելն անիմաստ է: Ապա մի քանի բեմականացված պատերազմներով ներշնչեցինք, որ թշնամին հզոր է, ինքը թույլ է ու անզոր: Հետո, երբ ոսոխը լկտիացած նախ բռնազավթեց, ապա և հայաթափեց Արցախը, ընդհուպ Հայաստանի սահմանները ներխուժեց, օտար երկրների դռներն ընկանք, պաշտպանություն մուրացինք: Եթե հայ զինվորն իր երկիրը չպաշտպանի, օտարը կպաշտպանի՞:
Ուստի, որպեսզի վերականգնվի մեր պետականության ամենամեծ նվաճումը՝ ազգային բանակի նախկին զորությունն ու փառքը, պիտի վերականգնենք հայ զինվորի հայրենասիրության ոգին՝ ա՛յն ոգին, որը պատմական ու արդարացի հաղթանակ տարավ ահեղ բռնատենչության դեմ: Պիտի հավաստիացնենք, որ իրն են Հայաստանն ու Արցախը, Արագածն ու Արարատը, Սևանա լիճն ու Վանա լիճը:
Թշնամուն հաղթելու համար նախ ինքներս մեզ պիտի հաղթենք:
Ինչպես 1994-ին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։