ՍԵՅՅԵԴ ՀՈՍԵՅՆ
ԹԱԲԱԹԱԲԱՅԻ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության
մշակույթի կենտրոնի խորհրդական
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակով, որը տեղի ունեցավ 43 տարի առաջ այս օրերին` վերջ դնելով Իրանում իշխող միապետական կարգերին, Իրանի հասարակության տարբեր ասպեկտներ ենթարկվեցին խորը և համապարփակ փոփոխությունների:
Իրանի հասարակությունը, որն այդ տարիներին ազգային և կրոնական վաղեմի ավանդույթների վրա խարսխված կառուցվածք ուներ, կրոնական ուսմունքների և բարոյական արժեքների վրա հիմնված Իսլամական հեղափոխության հաղթանակով որակական մի նոր ընթացք հաղորդեց երկրի ու հասարակական կյանքի բոլոր բնագավառների զարգացմանը։ Մի ճանապարհ, որը, հիմնված լինելով անկախության և սեփական ուժերի հանդեպ հավատի ու ինքնավստահության վրա, հակադրվում էր ներմուծված արևմտյան մոդեռնիզմի ուսմունքին` ընթացք, որը հատկապես Փահլավիների կառավարության վերջին տարիներին մեծ ազդեցություն թողեց Իրանի հասարակության հենասյուները հանդիսացող տարբեր տարրերի վրա։ Հետհեղափոխական Իրանում սոցիալական հիմնարար փոփոխություններից մեկը գիտական, մշակութային, սոցիալական և քաղաքական տարբեր ոլորտներում կանանց դերակատարության ու զբաղեցրած դիրքի բարձրացումն էր: Չնայած նրան, որ Իսլամական հեղափոխությանը նախորդող տարիներին կանայք կարծես թե ունեին որոշ ազատություններ, հատկապես արևմտյան և ներմուծված մշակույթը ընդօրինակելու հարցում, սակայն երկրի բոլոր ոլորտներում տիտապետող հայրիշխանական հայացքն ու վերաբերմունքը՝ իրանցի կանանց հասարակության կյանքում արժանի դեր ստանձնելու ու իրենց ողջ ներուժն ու աստվածատուր տաղանդներ դրսևորելու շոշափելի հնարավորություն չէր տալիս:
Իրանի Իսլամական հեղափոխությամբ Իրանի ողջ ժողովրդի մեջ վերածնվեց ազգային ինքնության, սեփական ուժերի հանդեպ հավատի ու ազգային ինքնավստահության ոգին։
Հեղափոխության հաղթանակով Իրանի ժողովուրդը սեփական աչքերով տեսավ ու գիտակցեց, որ դատարկ ձեռքերով և առանց որևէ օտար ուժի աջակցության, միայն իր միասնությամբ ու համերաշխությամբ և սեփական հաղթանակի հանդեպ հավատով ու ինքնավստահությամբ կարողացավ տապալել տարածաշրջանի ամենահզոր կառավարություններից մեկին՝ լոկ հավատալով ու ապավինելով իր բարձր հոգևոր ներուժին ու իշխանությանը, ուժ, որը սերում ու սնվում էր քաղաքակրթության բնօրրան հանդիսացող երկրի բազմադարյա պատմությունից: Եվ հավատի հենց այս ոգին էր, որ Իրանի և իրանցիների համար ապահովեց աճ և համակողմանի զարգացում բոլոր ոլորտներում, ինչից մեծապես շահեցին նաև իրանցի կանայք:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո լայնածավալ փոփոխությունների ենթարկված ոլորտներից մեկն էլ պարսից գրականության անծայրածիր օվկիանոսն էր, որն ինչպես Իրանի պատմության բոլոր էտապներում, այդպես էլ պատմական այս կարևոր շրջափուլում աչքի ընկավ իր առանձնահատուկ փայլով ու դերակատարությամբ: Իրանցիները միշտ հպարտացել են իրենց փառավոր գրականությամբ և այդ գրականության երկնակամարում փայլատակող այնպիսի աստղերով, ինչպիսիք են Ֆերդուսին, Խայյամը, Սաադին, Հաֆեզը և Ռումին:
Այսպիսով, կարող ենք վստահորեն փաստել, որ գրականությունը՝ իբրև Իրանի հարուստ մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկը, իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում իրանցիների կյանքում։
Իրանական դասական գրականությունը, շատ այլ երկրների նման, ըստ էության, առավելապես արական-մենաշնորհային բնույթ ուներ, և նշանավոր կին բանաստեղծների կամ գրողների առավել հազվադեպ էինք հանդիպում։ Սակայն, դեռևս Սահմանադրական հեղափոխությունից սկսած, Իրանում տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, կանայք աստիճանաբար սկսեցին մուտք գործել գրականություն և իրենց հետքը թողնել թե՛ պոեզիայի, թե՛ արձակի զարգացման վրա։ Թեև այս կանանց թիվը շատ չէր, սակայն բավարար էր իրանական գրականության մեջ կնոջ ներկայության տաբուին վերջ դնելու համար։
Այս շրջանի պոեզիայի ամենաակնառու կին դեմքերից, թերևս, կարելի է հիշել Փարվին Էթեսամիին, իսկ արձակագիրներից՝ Սիմին Դանեշվարին։ Իրանի ժամանակակից գրականության այս երկու ակնառու կանայք այսօր էլ շարունակում են մնալ ամենասիրվածները, իսկ նրանց ստեղծագործությունները՝ ունենալ ընթերցողների բազմահազարանոց լսարան։ Այսպիսով, Սահմանադրական հեղափոխությունից ի վեր՝ մինչ Իսլամական հեղափոխությանը նախորդող տարիները, տարեցտարի է՛լ ավելի ակտիվացավ կին գրողների, այդ թվում՝ բանաստեղծների և արձակագիրների ներկայությունն ու գործունեությունը: Այս շրջանի այնպիսի կին ստեղծագործողներ, ինչպիսիք են Ֆորուղ Ֆարոխզադը, Մահշիդ Ամիրշահին և Շահրնուշ Փարսիփուրը, իրենց ստեղծագործություններում արծարծած՝ կանանց հատուկ և տարբերվող աշխարհընկալմամբ, գրական ոճով և կնոջն առանցքային դարձնելու ձգտումով ուշադրության արժանի արժեքավոր գրական գոհարներ կերտեցին:
Իսլամական հեղափոխության հաղթանակով պայմանավորված՝ իրանցի գրողների աշխարհընկալման մեջ ու աշխարհայացքում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները հանգեցրին նրան, որ կին գրողները ևս սկսեցին նոր իրողությանը համարժեք գրական նոր տենդենցներով և մոտեցմամբ մուտք գործել գրական ասպարեզ և տարբերվող ու արդիական թեմաներով գործեր ստեղծել:
Քննության ենթարկելով այդ ստեղծագործությունները՝ նկատում ենք, որ դրանք մեծապես ազդված են այդ տարիներին երկրում տիրող մթնոլորտից և հատկապես Իրանի դեմ Իրաքի պարտադրած պատերազմի ապրումներից: Պարտադրված պատերազմի տարիների Իրանի հասարակությունում մթնոլորտը տարբերվող գույն, համ ու հոտ ստացավ, ուստի՝ պատերազմին, անձնազոհությանն ու նահատակությանն առնչվող թեմաները, ի լրումն իրանական գրականությունում տիրող հոգևոր և բարոյական սկզբունքների վրա հիմնված թեմաների, առավել հաճախ սկսեցին արձակ, չափածո, պիես ստեղծագործությունների առանցքը կազմել: Իրանում այս իրավիճակը շարունակվեց մինչև 1990-ականների կեսերը, սակայն պատերազմի ավարտով, որին հաջորդեց Իրանի ներքին և արտաքին կառուցողական ու պրագմատիկ քաղաքականության որդեգրման շրջափուլը, գրականության մեջ ձևավորվեցին նոր մոտեցումներ և հոսանքներ, որին իրենց գրական ստեղծագործություններով սկսեցին հետևել նաև իրանցի կին գրողներն ու բանաստեղծները։
1990-ականների վերջին և հատկապես 21-րդ դարի առաջին տասնամյակում տեղի ունեցած սոցիալական կարևոր փոփոխությունների ֆոնին` կին արձակագիրներն իրենց պատմվածքներում ձգտում էին արծարծել իրանցի կնոջ ինքնությանն ու ազգային հոգեկերտվածքին, հասարակությունում տեղին ու դերին առնչվող հարցեր, ինչպես նաև վերաբացահայտման այս դեգերումները համադրել՝ կնոջը կարելիների ու անկարելիների շղթաների շղարշով կաշկանդած հայրիշխանական հասարակության քննադատությամբ: Հենց այս ժամանակաշրջանում է, որ կին գրողների ստեղծագործություններում քանակական ու որակական կտրուկ աճի միտում է նկատվում, և նրանց պատմվածքները կամաց-կամաց վերածվում են արձակի անկախ ուղղության: Կին հայտնի արձակագիրների ավագ սերնդի կողքին, վերջին երկու տասնամյակում կտրուկ աճել է նոր սերնդի արձակագիրների և որակյալ ստեղծագործությունների թիվը:
Ըստ վերլուծաբանների` իննսունական թվականները թե՛ սոցիալական, թե՛ գրական առումով հասարակությունում իրանցի կանանց կայացման պատմության լուսավոր ժամանակաշրջան է համարվում, մի շրջան, երբ ամենից շատ ենք հանդիպում տարբեր ոլորտներում կանանց իրավունքների իրացման և հասարակության մեջ նրանց կայացման ու դիրքերի ամրապնդման համար ջանքեր գործադրող կին ակտիվիստներին, մի բան, որն իրանցի կին գրողների գործունեության վրա ևս անմիջական ազդեցություն ունի։ Հենց սրանով է պայմանավորված, որ այս տասնամյակում կանանց իրավունքները, նրանց դերն ու կշիռը՝ տարբեր քաղաքական ու հասարակական ասպարեզներում, առավել հաճախ է կին գրողների բանաստեղծությունների ու պատմվածքների սյուժետային առանցքը կազմում՝ զարկ տալով մնայուն գրական գործերի կտրուկ աճին։ Այս միտումը հանգեցրել է նրան, որ իրանցի կին գրողների վերոնշյալ խումբն իր ուրույն և կայուն տեղը գրավի պարսից գեղարվեստական գրականության սրտում, և իրենց նոր ստեղծագործությունների համար ընտրելով պատմվածքի նոր կաղապարներ՝ գրականության արահետով առավել ինքնավստահ ու համաքայլ երթով համընթաց ընթանան տղամարդ գրողներին:
Եթե նախահեղափոխական գեղարվեստական գրականության մեջ կինը հիմնականում ընկալվում և հանդիպում էր իբրև հայտնի վիպասանների պատմվածքների բացասական հերոս, ապա Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո գրական ասպարեզ մտած աշխատասեր ու ստեղծարար գրողների ջանքերով իրանցի կանայք, վերագտնելով իրենց իրական, բարձր արժեքն ու կերպարանքը պատմվածքներում, ընթերցասերներին սկսեցին ներկայացվել իրենց հատուկ՝ իրական, վեհ ու բարձր արժեքներով օժտված, և ինչպես լավագույնս կանանց բնութագրել է ԻԻՀ հիմնադիրը. «Տղամարդը երկնային արքայություն է համբարձվում կնոջ փեշից»։
Այս փուլում իրանական գրականությունում լավագույն արտացոլանքը գտավ նաև մեկ այլ՝ կանանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը աջակցելու թեման: Հայտնվելով պատմական այս շրջանում՝ ստեղծագործ կին արձակագիրները կենտրոնական կերպար դարձրեցին կնոջը՝ գրականության առանցքային թեմայի վերածելով նրան: Իսլամական հեղափոխությունից հետո կանայք փայլել են իրանական գրականության տարբեր ժանրերում՝ բազում արժեքավոր ստեղծագործություններ հանձնելով Իրանի քմահաճ, գրականասեր ընթերցողի դատին:
Ժամանակակից իրանական պոեզիայում, հատկապես վերջին երկու տասնամյակում, դեպի իրենց գրավելով բազմաթիվ ընթերցասերների ուշադրությունն ու սրտերը՝ առանձնահատուկ փայլով սկսեցին շողալ նշանավոր բանաստեղծուհիներ։
Չնայած Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող առաջին տարիներին պարսկական պոեզիայի դասական դպրոցի հետևորդ այնպիսի բանաստեղծուհու ստեղծագործություններում, ինչպիսին է Սեփիդեհ Քաշանին, առավել շեշտադրվում և ուշադրություն է դարձվում իսլամական թեմաներին` անձնազոհությանն ու նահատակությանը, բայց հենց այս տարիներին է նաև գրական երկնակամարում սկսում վառ փայլել Թահերեհ Սաֆարզադեհը, ով իր ավանգարդ հայացքներով ու մոտեցմամբ ընթերցողին ներկայանում է իբրև «Սպիտակ բանաստեղծության» ամենաուժեղ բանաստեղծուհիներից մեկը:
Ժամանակակից մեթոդների և մոտեցման այս միտումը շարունակվում է նաև հաջորդ տարիներին և աստիճանաբար դառնում է գերիշխող իրանցի բանաստեղծուհիների պոեզիայում՝ ի հայտ բերելով ականավոր նոր դեմքերի և սեփական ուրույն ոճն ունեցող բանաստեղծուհիների, որոնցից կարելի է առանձնացնել Սեդիղեհ Վասմաղիին, Չիսթա Յասրաբիին, Էրֆան Նազարահարիին և Շիվա Արասթույին: Գեղարվեստական գրականության մեջ, հատկապես 1990-ականների կեսերից, հանդիպում ենք կին գրողների նոր ալիքի, ովքեր աստիճանաբար հատուկ գրական հոսանք են ստեղծում պարսից գրականությունում և պարզ ու հասու լեզվով պատմում են իրանցի կնոջ մասին՝ նրան պատկերելով իր բոլոր խնդիրներով, առօրյա բոլոր մտահոգություններով ու հոգսերով:
Գուցե հայ ընթերցողների համար հետաքրքիր կլինի իմանալ, որ գրականության այս տեսակի առաջամարտիկ իրանահայ հայտնի կին գրողը Զոյա Փիրզադն է, ով իր՝ «Ես մարում եմ ճրագները» գրական գլուխգործոցով Իրանի կանանց գրականություն է ներմուծել գրական նոր ժանր, որը հասցրել է գտնել նաև շատ հետևորդներ։ Իհարկե, դրանց շարքում երբեմն հանդիպում են նաև մակերեսային և գրական արժեք չներկայացնող կրկնօրինակումներ:
Այս ժանրից զատ, որը տարիներ շարունակ վերածվել էր իրանցի կին գրողների ստեղծագործություններում գերիշխող ժանրի, իրանցի կին գրողների շրջանում ձևավորվեց բողոքի ու քննդատության գրականությունը, որը, մերօրյա Իրանի քաղաքական ու սոցիալական խնդիրները համապարփակ վերլուծության ենթարկելով, քննադատում է հասարակությունում հանդիպող Իսլամական հեղափոխության հիմնական գաղափարներին հավատարիմ չմնալու և դրանց ուշադրություն չդարձնելու արատավոր երևույթները:
Մերօրյա Իրանում այս ժանրով ստեղծագործողներից ոմանք ունեն ընթերցողների մեծ բանակ, իսկ ամենահաջողներից և ամենաշատը ընթերցվողներից է համարվում Բելղեիս Սոլեիմանին:
Բանահյուսությանը մոտ կանգնած ու հասարակական տարբեր խավերի համակրանքը վայելող գրականության ասպարեզում ևս կին գրողները մեծ հաջողություններ են գրանցել, որոնցից ամենահայտնին Ֆաթթանեհ Հաջ Սեյյեդ Ջավադին է, ում «Արևածագի զարթխումը-խումարը» Իրանի ժամանակակից գրականության ամենավաճառվող պատմվածքներից է համարվում:
Ամփոփելով կարելի է փաստել, որ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իրանցի կանայք, քաջ գիտակցելով ու ճիշտ ըմբռնելով հասարակությունում առկա իրողությունները, մշակութային և սոցիալական այլ ոլորտներին զուգահեռ, գրականության մեջ ևս ուշադրություն դարձնելով սոցիալական և մշակութային զարգացման հարցում կնոջ կարևոր և կառուցողական դերին, մեծ և արդյունավետ քայլեր ձեռնարկեցին՝ մշակույթի անծայրածիր դաշտում իրենց համատարած ներկայությունը ապահովելու՝ փորձ անելով իրենց տաղանդի ու գրչի ուժով ներկայացնել և գտնել կնոջը հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Դասական, ավանդական պոեզիայից մինչև պոեզիայի ամենաժամանակակից ու ավանգարդ մեթոդները և խոհափիլիսոփայական լուրջ թեմաներ արծարծող, խորն ու ժամանակակից գեղարվեստական գրականությունից մինչև լայն լսարան ունեցող և մեծ ժողովրդականություն վայելող բանահյուսության մոտեցող մատչելի գրականությունում, արժանի տեղ զբաղեցնելու ճանապարհին, կանայք սեփական ներուժի ինքնաբացահայտման մեծ ուղի են անցել, ինչն էլ հանգեցրել է այն պարզ ճշմարտության գիտակցմանը, որ կանայք ոչ թե կիսաբացակա և լուսանցքում մնացած ենթակա սեռ են, այլ տղամարդկանց կողքին՝ համարժեք ու համընթաց, Իրանի հասարակության ճակատագրի որոշիչ բաղադրիչը և ազդեցիկ մասը: Եվ հենց Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակն է անուրանալի դեր խաղացել իրանցի կանանց սեփական արժեքի վեհության ըմբռնման գործում:
Թարգմանիչ՝
Արմինա ՍԱՐԳՍՅԱՆ