Ալեքսանդր Մանթաշովի գրած վերջին նամակով եմ սկսում խոսքիս սկիզբը. «…Հայաստանը՝ սա է ձեր անմահության հանգրվանը, ձեր փառքը: Սա է Աստծո այն տունը, ուր ձեր մասին բարի հիշողությունը իր ամբողջ փայլով կպահպանվի Աստծո և մարդկանց առջև»: Հայոց մեծերը՝ Խորենացուց մինչև Րաֆֆի, Հայկ Ասատրյան, Գարեգին Նժդեհ, Թումանյան ու Չարենց, մինչև Սևակ ու Սիլվա Կապուտիկյան (կարելի է երկար շարունակել), իրենցից հետո եկող սերնդին շատ կոնկրետ ու բացահայտ քարտեզագրելով ազգի անցած ճանապարհն ու ներկան, նրան ազգային անսխալ տեսադաշտ են կտակել որպես ոսկե փաղանգի պահեստային գանձ: Այլ բան է, թե ովքեր են նրա կրողներն ու իրականացնողները և ում է վստահվում այդ հոգևոր գանձարանը: Բոլոր ժամանակներում ժամանակա-կիցներին թվացել է, որ Աստծու տված վերջին խելքը իրենցն է, մեծամտության, անտարբերության, անհասության, կապիտալի հանդեպ ունեցած մոլուցքի արդյունքում, հաճախ անտեսելով անցյալի մտածողների փորձն ու իմաստնությունը, սերունդը կանգնում է բազում փորձությունների առաջ՝ հաշվի չառնելով, որ պատմությունը մեզ ինքնագիտակցության մեծ ռեսուրս է թողել: Անցյալին չեմ ուզում անդրադառնալ, միայն մեկ փաստ եմ ուզում բերել մեր թարմ հիշողություններից: Եթե 1994 թ. կնքված զինադադարի փաստաթղթում հստակ ուրվագծվեր ազատագրված տարածքների պատմական կենսագրու-թյունը և Ադրբեջանին պարտադրվեր վերջնական կապիտուլյացիա, հաղթանակ տարած երկիրն այսօր չէր հայտնվի ամենօրյա հրետակոծությունների ու զոհերի մեջ: Քանի՜ ու քանի առիթ է եղել Արևմտյան Հայաստան տուրիստական ուղեգրով մեկնելու: Շատ եմ ցանկացել, սակայն ներքին մի ձայն միշտ բռնել է ձեռքս, ասելով՝ երբեք: Նախ՝ չեմ կարող տեսնել իմ և ձեր պապերի պղծված գերեզմանները, նրանց փլատակների աղաղակները լսել ի վիճակի չեմ, ես չեմ կարող «Քոչարի» պարել ողբացյալ Անիի ավերված բերդի պարսպի տակ… և ամենակարևորը՝ իմ և ձեր տված հազարավոր գումարներով Թուրքիան զինում է այն բանակին, որը պատրաստ է ցանկացած պահի հարվածել մեզ, որը 1993-94 թթ. մինչ օրս զենք է մատակարարում Ադրբեջանին: Իսկ մենք մեր կարոտներով զինում ենք քրդերին ու թուրքերին, մոռանալով միլիոնավոր զոհերի վրեժի աղերսները: Հաշվեք խնդրեմ, թե տարեկան քանի հայ է այցելում Արևմտյան Հայաստան, և կհասկանաք, թե որքանով եք աջակցում Թուրքիայի բանակին:
Անգլիայի վարչապետ Չերչիլը, խոսելով իր ժողովրդի սխալների մասին, ասել է. «Ես նրանց հարցնում եմ՝ ա՞ղբն եք նախընտրում, թե՞ պատերազմը, նրանք պատասխանում են՝ աղբը, դրանից հետո պատերազմն ինքն իրեն եկավ…»: Նույնը չէ՞ արդյոք հայերիս մոտ, ինչո՞ւ ենք աղբը նախընտրում և դժգոհում պատերազմների ավերից: Այստեղ է, որ պետք է հարցնել՝ ո՞ւր է մեր ազգային դիմադրության հազարամյա տեսադաշտը, որքա՞ն կարող ենք ուռենու նման արտասվել ու ճկվել… Այսօր հայերս կանգնած ենք ժողովրդագրական աղետի առաջ՝ գյուղեր են դատարկվում, դպրոցներ են փակվում, ի դեպ՝ Անի կենտրոնի վկայությամբ, աշակերտների թիվը անցած 10 տարում պակասել է 120 հազարով, մանկապարտեզների շենքերը դառնում են զվարճատեղիներ, կարծես մեր հրաշք հայրենիքում ժանտախտ է տարածվել, հեռանում են Լարսով, օդանավակայանով, ինչով պատահի, միայն թե գնան, հանուն մի կտոր հացի, հանուն… շատ ու շատ բաների: Հետո… մամուլը գրում է, որ 1990-ից մինչև օրս մեկ ու կես միլիոն մարդ է հեռացել երկրից: Անկախություն ձեռք բերեցինք, որ ժողովրդին սովի մատնենք, գցենք աշխարհի դռները, հաղթանակ տարանք, որ սպարապետ սպանենք կամ բանտենք բերդերում, այո՛, աղբն ենք նախընտրում, ինչո՞ւ… Հայոց բանակի մասին բազմաթիվ ներբողներ գրող անձս չի կարող վրդովմունքով չհարցնել պատերազմի մասնակցի կոչում ունեցող պաշտոն-յային՝ իր ընչաքաղցությամբ ինչպե՞ս է կարողացել 2 միլիարդ դրամի վնաս հասցնել Հայոց բանակին (mamul.am)£ Գողանալ Հայոց բանակի զինվորից, նույնն է թե՝ գողանալ Աստծուց… Ո՞ւր է հայի՝ Արարատին նայող հայացքը,
եթե այսպես երկիրը դատարկենք, կհայտնվենք ճիշտ Լոուրենս Արաբացու վկայությունների շարքում, այն է՝ Հայաստանն առանց հայերի: Որտե՞ղ ենք կորցրել հաղթանակ տարած մեր սքանչելի ժողովրդի ազգային տեսադաշտը, ո՞ւր է նրան առաջնորդող ազգային ոգին:
Հայրենիքի հանդեպ սերը դարձել է հացի խնդիր, այսինքն՝ վերջանում է հայրենիքը, գործում է «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, որի պատճառով միշտ հայրենիք ենք կորցրել: Ներսի և դրսի հայի թշնամին նման պայմաններում տիրում է երկրի հարստությանը, ընդերքին, օդին, ջրին, կապին, էլեկտրաէներգիային ու գազին, այսինքն՝ ազգը սնուցող երակներին: Պետությունը նման պարագայում դառնում է օտար տերերի գերին, իսկ ժողովուրդը՝ պետության: Ահա թե ովքեր են դառնում քո երկրի աներևույթ տերերը…
Գարեգին Նժդեհը շատ խորքային է ասել. «Հայրենիքը պետք է սիրել, անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և ձեր քաղաքական համոզմունքներից…»: Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք սիրում մեր հայրենիքը, բայց այդ հայրենիքը պետք է հարգի իր քաղաքացու իրավունքները, որպեսզի չպակասի իր հանդեպ ունեցած ազգանվեր ու գիտակցական սերը: Մեր հասարակությունն այսօր բաժանվել է երկու շերտի՝ արտոնյալների և ոչ արտոնյալների, մի մասին ամեն ինչ է թույլատրվում, մյուս մասին՝ ոչինչ: Ժողովրդի արդարության բերանը ոչ թե փակ է, այլ՝ խցանված: Իրանի նախագահ Ռոհանին ինչո՞ւ պատժեց իր եղբորը, նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ. որպեսզի պատասխան տան բոլոր նրանք, ովքեր ձեռք կբարձրացնեն ազգային ունեցվածքի վրա: Այս ճանապարհով են հայրենա-սիրություն դաստիարակում: Հայրենա-սիրության դաստիարակությունը ազգային ինքնապաշտպանական այն հիմնաքարն է, այն ժառանգական հրովարտակը՝ ուղղված սերունդներին, որն ապահովում է ներկա սերնդի տեսադաշտը որպես վաղվա օրվա էթնիկ տարածք, լեզու, գեն, բանակ և պետություն:
Երիցս ճիշտ է եղել Անդրանիկ զորավարը, ասելով. «Ամեն հայ, եթե միմիայն իրեն ապրելու մասին չմտածեր, մեր աղետներու մեծ մասը պակաս կըլլար»: Անդրանիկի պայքարի օրհասական օրերի մեջ էլ շատ մեծահարուստ արևմտահայեր, զենք գնելու և զորավարին թև ու թիկունք լինելու փոխարեն, փողերն հավաքած եվրոպաները թռան: Նույնը այսօր է կատարվում՝ մի կողմում օլիմպիական շքեղություններ են, մյուս կողմում՝ արդեն վեց միլիարդի հասնող արտաքին պարտքը ծով նետվող մահապարտի նման կախված է մեր ժողովրդի պարանոցից, այն դեպքում, երբ ժողովրդի ծանր ողբերգության վրա հարստացած միլիարդատեր արտոնյալները, արտաքին պարտքը հերոսաբար մարե-լու փոխարեն, միլիարդավոր դոլարներ են ծախսում միայն իրենց տղայական հաճույքների վրա: Եթե Զորավարը ողջ լիներ, ի՞նչ էր ասելու այս անգամ…
Ազգային տեսադաշտի անհրաժեշտությունը մեր ազգային անվտանգությունն է: Այս վտանգավոր բացը այսօր մեզ գուժում է համահայկական աղետի մասին, այն է՝ օրեցօր հայաթափվող Հայաստանը վաղը, մյուս օրը իր նշխար հողակտորի վրա սեղմվելով, գնում է գաղութացման նոր ու անդառնալի կորստի, մեր դժվարությամբ ձեռք բերած անկախ պետականության կորստի: Արտոնյալով և ոչ արտոնյալով, ազգովի, պետք է դուրս գանք այս ծանր թմբիրից, որովհետև Հայաստանի կորուստը նաև Սփյուռքի կորուստ է…
Զգոն լինենք, պահենք մեր ժողովրդին, փայփայենք նրա զավակներին, որպեսզի արտագաղթի հեղեղը չողողի հայոց հողի նոր որբությունը: Խոսքս ավարտում եմ մեր ժամանակների տաղանդավոր մտավորականի, արձակագիր Վանո Սիրադեղյանի տողերով. «Գերագույն ազգային գաղափարը ունեցած երկիրը շենացնելն է»:
ՀԳ. 1. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` եթե 2008 թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա 2016 թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Այսինքն՝ 9 տարվա ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 207 հազարով, ինչը նշանակում է, որ երկրում նույնքան պակասել է որևէ արտադրանք տվող, որևէ արտադրանք սպառող և, վերջապես, հարկ վճարող քաղաքացիների թիվը…
2. Պաշտոնական թվերով՝ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 8700 մարդ: 6.5 տոկոսով պակասել են ծնունդները, միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է ընդամենը 2.7 տոկոսով, զբաղվածության ցուցանիշներն էապես չեն բարելավվել…
Հետևություն անելը թողնում եմ ընթերցողին: