Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու, դոցենտ

 

Երբ լուսաբացին ճանապարհ ընկնես,

 Լուսաստղը վերցրու իբրև թալիսման

Եվ լուսաստղի հետ մի բառ վերցրու՝ «Խիղճը» կամ «Սերը»…

Իսկ ավելի ճիշտ՝ «Խիղճը» և «Սերը»…

(Վահագն Դավթյան,

«100 բանաստեղծություն», Եր., 2022 թ.)

 

…Եվ Վահագն Դավթյանի կարոտները՝ այնպե՜ս մաքուր ու անպիղծ, այնպե՜ս ի խորոց սրտի, կապույտ կարոտները նրա՝ դեպի հայրենի՝ այլևս կորուսյալ եզերքը, ու պատկերները այդ տաք կարոտի. «…Մի կավե կտուր, մի չթե վերմակ, // Ինչ-որ խուլ մի ցավ»։

Դեռևս չորս տարեկանում թողնելով հարազատ ծննդավայրը՝ բախտակից-սերնդակիցների հետ նա գաղթում է։ Ահա թե ինչու հասուն տարիքում արդեն նրա կարոտներն ասես իրենից ավելի մեծ են ու առավել ընդգրկուն, խտացած պատկերներ, որ հոգու խորքում մնացել-ծովացել են՝ մի օր միա՛յն հային ճակատագրորեն բնորոշ այս անկրկնելի-ցավոտ զգացողությունը բանաստեղծական տողի՛ տեսքով հորդելու։ «Մեր բեռը կապած ու ձին բարձած էր, // Մեր դռան առաջ արցունք ու լաց էր»։ // «Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է»։

Կապույտ կարոտի և լույսի մասին. նրա գունապնակում հենց այս երկուսի համաձույլն է, որ թրթռում է ու կենդանի պահում հուշի մեն-մի ծվեն-պատառիկն անգամ։ Եվ մյուս բոլոր գույները՝ իրենց հոգում բառերը, գալիս են միայն հագենալու այս երանգներով՝ ներդաշնակ, թափանցիկ ու շնչող: Անգամ թախիծը նրա լուսե է, և ցավը կապույտ, և լույսը իհարկե, ամենակարող լույսը նրա տողերում. «Երազում եմ, որ իմ հոգում // Լո՜ւյսը լողա, որպես կարապ… // Ա՜խ, կուզեի, շատ կուզեի // Ապավինել միայն լույսին»։

Եվ գրողի ասելիքի բանալին՝ ակը վարար, հարահոս աղբյուրի. «Բոլոր բառերից ամենաշատը // «Կապույտն» եմ սիրում։ // Կապույտ աստղի պես // Հանգչում ես հեռվում, // Տո՛ւն իմ հայրենի…»։

Ապա ոսկեհյուս մի այլ շարք է բացվում՝ ծաղկումի, բնության կապույտ եզերքի, գյուղական հյուսածո երազի. հովվերգական էջեր են՝ հրաշքը լույս առավոտի։ Կրկին սերն առ հայրենին՝ լոկ որպես հարստություն։ Եվ բավ է անգամ նրա մեկ քառատողը՝ այս զգացողությունն ընդգծելու համար. «Լուսնկայի տակ տխրորեն թևող անտունիների, // Բեկված խաչքարի, փլված կամարի, խախտած սյուների, // Գարնան կանաչի ու ծաղկի վրա իջած ձյուների // Այս թախծությունը և խստությունը տվեցիր դու ինձ»։

«Եվ իմ տո՛ւնը հին, իմ տո՛ւնը խլված… Երբ արդարության // Ձեռքը բաց անի ճամփաներն այն փակ, ա՜խ, եղեք բարի, // Գնացե՛ք, գտե՛ք մամռած թախիծը դարավոր այդ տան // Ու սիրտս դրեք սեմի սուրբ քարին»։

Անշուշտ ուշագրավ են հեղինակի գործածած լեզվական միջոցները՝ խորհրդանշաններ որպես, որոնցով արտահայտում է թե՛ իր վերաբերմունքը, թե՛ գործածվող բառերի անհերքելի հստակ նշանակությունն ու կարևորությունը՝ «հող», «մայր», «սեր», «արյուն», «ցորյան», «ողկույզ», «հավատ», «երդում»։ Լեզուն, գրերը հայոց, հայրենիքը, հող հայրենին, երկիրն ու սրբազան այդ հողում ծվարած, արարող ժողովուրդը, խաչքարը, կապույտը և անտարակույս հույսը՝ մշտապես անմար. «Առավոտ կլինի… Մեր այգու յասամանը ցողոտ // Կսկսի իր կապույտ աստղերի շշուկով սոսափել, // Ես կուզեմ այդ թփերը շոյել սրբազան մի դողով // Եվ սակայն չեմ շոյի, որ աստղերը հանկարծ չթափեմ…»։

Եվ իհարկե, մայրերգություն։ Շարք՝ մոր հիշատակին. «…ես՝ ոչինչ, Խիղճը պիտի որբանա»՝ կառուցված հենց այս տող-ողնաշարի սկզբունքով։ «Մա՛յր, ես դեռ կյանքում ոչ մի երգ չունեմ քո մասին գրած, // Ես չեմ կամեցել երկյուղած սերս փոխարկել բառի…»։ Ափսոսանքի, կարոտի, ցավի, կորստի մի ամբողջ խառնարան, թե «արցունքն ու խիղճն են իրար խառնված հոգուս մեջ տնքում»։ Եվ էլի կապույտ ու էլի լույս՝ նաև մայրերգության մեջ։

Իսկ սե՞րը, «չթե մի պարզ զգեստ հագած» սերը։ Սիրտ-հրաշք։ Հպարտ, խոնարհ, քնքուշ, անմատչելի և ցանկալի… Օրհնություն ու բողոք, որ տանում են ինքնամաքրումի՝ անպայման «մի լուսեղեն տանջանքով»։ «Քո գալուց հետո // Ես տառապանքի կշիռն զգացի, // Խռովքը խանդի, շիկնանքը շանթի, // Տեսա մերկության ցոլանքը մաքուր, // Ես լո՜ւյսը տեսա… // Ես աստվածներին դարձա հավասար։ // Օրհնյա՜լ լինես դու…»։ Նա է՝ էակը սիրելի, նա, որ «Անպաշտպան է որպես խիղճ, որպես սեր ու գութ, // Ու գեղեցիկ, գեղեցիկ, որպես թախծություն…»։

Ինչ էլ ասելու լինենք, միևնույնն է՝ բառ ու բանի մաքրությամբ իսկ այսօր և առմիշտ Վահագն Դավթյանի բոլոր տողերը այնքա՜ն սպասված, հարազատ, կարևոր ու արժևորված են։ Դավթյանական նրա լույսը ծփում է ամբողջ գրքի հորձանքում ու այդ անսահմանության սահմաններից էլ անդին, և սա է այսօրվա համար կարևորը, սա է գրողի բոլոր գործերին բնորոշ արդիականությունը՝ վերժամանակյա, համամարդկային և հայեցի այնքան։

Արդ, վկան ասվածի՝ Արցախ՝ բոլոր ժամանակների և մեր օրերի համար. «Իսկ դու դեռ զարկ, Արցա՛խ, // Զա՛րկ իմ զարմանալիդ, // Չկա ուրիշ հնար և ուրիշ ճար չկա, // Զա՛րկ դեռ ու հավատա, որ արշալույսն այդ մեծ // Սրի ծայրին է քո, // Իսկ քո հողը մի բուռ՝ // Քո քարակոփ ու կուռ բռունցքի մեջ…»։

Կարելի է նրա ամբողջ պոեզիան բերանացի, գոց ասել, կարելի է թերթել էջերը քո իսկ, կամ որ նույնն է՝ հայի անցյալի՝ կարոտներ, սեր, սպասում, կորստի ու ցավի լուռ խտացում, բայց անպայման լույսով և անտարակույս կապո՛ւյտ լույսով լիացած։ Միևնույնն է, նրա մտքի նորանոր էջումները բացահայտելու մի մեծ հավատով է թերթվում համընդգրկուն, ամփոփ այս ժողովածուն։

«Բառը դողում է // ու դառնում երդում, // Հավքը դողում է // ու դառնում թռիչք, // Կինը դողում է // ու դառնում մեղսանք… // Դրանք, երևի, // Ամենավերին վայրկյաններդ են, կյանք…»։

***

…«Երբ լուսաբացին ճանապարհ ընկնես, // Լուսաստղը վերցրու իբրև թալիսման // Եվ լուսաստղի հետ մի բառ վերցրու՝ // «Խիղճը» կամ «Սերը»… Իսկ ավելի ճիշտ՝ // «Խիղճը» և «Սերը»։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։